Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանի կառավարությունը սկսում է նախընտրական կաշառք բաժանելու գործընթացը 168.am 168.am

time
Փաշինյանի կառավարությունը սկսում է նախընտրական կաշառք բաժանելու գործընթացը

ՀՀ կառավարությունը օգոստոսի 21-ին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշեց ՀՀ 2025թ. պետական բյուջեով նախատեսված «Գյուղատնտեսության խթանման ծրագրի» շրջանակներում նախատեսել նոր՝ «Գյուղացիական տնտեսավարողներին տրամադրվող աջակցություն» միջոցառում և դրան հատկացնել 428.5 մլն դրամ։ Գումարը հատկացվելու է «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» (269.0 մլն դրամ) և «Այլ նպաստներ բյուջեից» (159.5 մլն դրամ) հոդվածներով։ Բացի այն, որ նախագիծը ներառված էր օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում, նաև որոշման 2-5-րդ կետերը հույժ գաղտնի են։

Աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից կատարված ծախսերի միանվագ փոխհատուցման ձևով։ Սակայն պարզ չէ, թե կոնկրետ որ տնտեսավարողներին է վերաբերում այս ծրագիրը, և կոնկրետ որ ծախսերն են ենթակա լինելու փոխհատուցման։

Ի դեպ, աջակցությունը տրամադրվելու է 7 մարզպետարանների և ՏԿԵ նախարարության միջոցով։ Մարզերի միջև բաշխումն իրականացվելու է հետևյալ չափաքանակներով՝

Փաշինյանի կառավարությունը սկսում է նախընտրական կաշառք բաժանելու գործընթացը

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 428.5 մլն դրամ գումարը, պարզվում է, գոյանալու է էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող մի շարք կարևոր միջոցառումների համար նախատեսված, բայց չօգտագործված միջոցներից վերաբաշխում կատարելու տարբերակով։ Մասնավորապես՝ 250.0 մլն դրամ վերցվելու է «Ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի ««Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակներում աջակցության տրամադրում» միջոցառման բյուջեից, 124.5 մլն դրամ՝ «Անասնաբուժական ծառայություններ» ծրագրի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» միջոցառման բյուջեից, և 54.0 մլն դրամ՝ «Գիտելիքահենք, նորարարական տնտեսությանը և փոքր ու միջին ձեռնարկատիրությանը աջակցություն ծրագրի» «Մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով շահառուներին պետական աջակցություն» միջոցառման բյուջեից։ Սա էլ իր հերթին է մտահոգիչ, քանի որ, օրինակ, «Ներդրումների և արտահանման խթանման» ծրագիրը մշակվել էր ՀՀ տնտեսության այսօրվա ամենախնդրահարույց ու խոր անկում ապրող ոլորտների խթանման նպատակով, իսկ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» միջոցառման արդիականության մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։

Ուշագրավ է նաև նախագծի ամփոփաթերթում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից զետեղված կարծիքը, համաձայն որի՝ քանի որ ՀՀ կառավարության 2021–2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման հաշվետվության ներկայացման շրջանակում ՀՀ վարչապետի մոտ կայացած քննարկումների արդյունքում որոշվել է «Գիտելիքահենք, նորարարական տնտեսությանը և փոքր ու միջին ձեռնարկատիրությանը աջակցություն ծրագրի» «Մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով շահառուներին պետական աջակցություն» միջոցառումը չիրականացնել, միջոցառման համար նախատեսված 100.0 մլն դրամի՝ որոշմամբ չվերաբաշխվող մասը (շուրջ 45.9 մլն դրամը) նպատակահարմար է ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ՝ հաշվի առնելով վերջին բյուջետային քննարկումների արդյունքները, համաձայն որոնց՝ պետք է սահմանափակվեն 2025թ. բյուջետային վերաբաշխումները՝ դրանք ՊՆ կարիքներին ուղղելու նպատակով: Առաջարկությունը, սակայն, որոշման նախագիծը հեղինակած ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից չի ընդունվել այն պատճառաբանությամբ, որ գումարի մնացած (չվերաբաշխվող) մասը նախատեսվում է նվազեցնել և հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող նոր ծրագրերին:

Աջակցության ծրագրի շահառուների ցանկի ու փոխհատուցման ենթակա ծախսերի նկարագրության բացակայությունը, որոնք ենթադրաբար կառավարությունը վարպետորեն «քողարկել է» հույժ գաղտնի 2-5-րդ կետերի ներքո, տարակուսանք է առաջացնում միջոցառման իրական նպատակների վերաբերյալ։ Հաշվի առնելով ներքաղաքական վերջին զարգացումները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների չգնալու մասին հայտարարությունները՝ շատ հավանական է, որ այս ու հետագայում նմանօրինակ այլ ծրագրերի միջոցով Փաշինյանը փորձ է անում դրական դինամիկա հաղորդել իր՝ անդադար անկում ապրող վարկանիշին։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ նախագիծը հեղինակած ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս ՔՊ-ական Գևորգ Պապոյանի, անտեսել է ՀՀ ֆինանսների նախարարության կարծիքը։

Այս ծրագիրը կարելի է, թերևս, որակել որպես պետության բյուջեից տրվող «նախընտրական կաշառք», որի նպատակն է 2026թ. հերթական ընտրություններին Փաշինյանին ու իր քաղաքական ուժին ապահովել ձայների անհրաժեշտ քանակով։ Այլապես, եթե ծրագիրն իրոք հանրօգուտ նշանակություն ունենար, քաջածանոթ լինելով Փաշինյանի ու ՔՊ-ական թիմի բոլոր անդամների հռետորաբանությանը, հարցը ոչ մի պարագայում չէր լինի չզեկուցվողների շարքում, իսկ երեկվանից վերջիններիս սոցիալական էջերում մեկը մյուսի հետևից կհայտնվեին պոպուլիստական ոճի հրապարակումները, թե՝ տեսեք, մենք ինչ լավ բան ենք անում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test