Ներկայացնում ենք «168 Ժամ»-ի (168.am) բացառիկ հարցազրույցը Կոլումբիայի համալսարանի աշխարհահռչակ պրոֆեսոր, տնտեսագետ, միջազգային քաղաքականության վերլուծաբան, նորարարական կրթության առաջամարտիկ, կայուն զարգացման համաշխարհային առաջնորդ, բեսթսելլերների հեղինակ Ջեֆրի Դ. Սաքսի (Jeffrey David Sachs) հետ:
Ռազմիկ Մարտիրոսյան.- Բարև Ձեզ, բարի գալուստ «168 ժամ»: Ես Ռազմիկ Մարտիրոսյանն եմ և այսօր պատիվ ունեմ զրուցելու աշխարհահռչակ տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի հետ։ Պրոֆեսոր Սաքս, շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար:
ՋԵՖՐԻ ՍԱՔՍ.- Շատ հաճելի է Ձեզ հյուրընկալվել: Շնորհակալություն։
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ.- Իմ առաջին հարցը վերաբերում է Վաշինգտոնում ստորագրված Հռչակագրին, որը ստորագրել էին Թրամփը, Փաշինյանը և Ալիևը։ Ի՞նչ նշանակություն ունի դա, և ի՞նչ կարող ենք ակնկալել ԱՄՆ-ից անվտանգության հարցում։
ՋԵՖՐԻ ՍԱՔՍ.- Դե, խաղաղությունը լավ բան է։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ հարաբերությունները լավ բան են։ Սակայն Միացյալ Նահանգների դերն այստեղ, իհարկե, խնդրահարույց է։ Խնդրահարույց է, որովհետև ԱՄՆ-ը տարածաշրջանի մաս չէ, Հարավային Կովկասի մաս չէ։ Եվ, հետևաբար՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից այս խաղաղության ստորագրումը Հայաստանի հարևան երկրների շրջանում առաջացրեց տարակուսանք։ Դրա համար էլ դա որոշ չափով անակնկալ էր։
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ.- Կբերի՞ արդյոք դա խաղաղություն մեր տարածաշրջանին։ Ի՞նչ եք կարծում, ընդամենը Հռչակագիր ստորագրելը բավարա՞ր է։
ՋԵՖՐԻ ՍԱՔՍ.- Ինքնին հռչակագրերը խաղաղություն չեն բերում։ Խաղաղություն է բերում հարևանների միջև համագործակցությունը։ Իսկ մտահոգիչն այն է, բնականաբար, որ Հարավային Կովկասը շատ բարդ տարածաշրջան է։ Տարածաշրջանում մի շարք ուժեր կան։ Իհարկե, Հարավային Կովկասի երկրները փոքր են իրենց բնակչությամբ և շրջապատված են շատ ավելի մեծ ու հզոր պետություններով, և այժմ Միացյալ Նահանգները ևս փորձում են ներգրավվել այդտեղ։ Բացի այդ, կարծես Ադրբեջանը նույնպես ներգրավվեց Իսրայելի և Իրանի միջև վերջին պատերազմի մեջ։ Ուստի, մեծ մտահոգություն կա, որ Հարավային Կովկասը դառնում է մեծ տերությունների համար հենակետ, և եթե դա այդպես շարունակվի, ապա դա չի նպաստի խաղաղությանը։
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ.- Պրոֆեսոր, ի՞նչ է նշանակում՝ հայկական տարածքն արտապատվիրակել կամ վարձակալությամբ տալ որևէ մեկին։ Ինչպե՞ս են դա անելու։
ՋԵՖՐԻ ՍԱՔՍ.- Երբ խոսքը նման հայտարարությունների մասին է, ամեն ինչ շատ մշուշոտ է երևում։ Բայց բավականին շոկային է, երբ մի երկիր իր տարածքը տալիս է 99 տարվա վարձակալությամբ, հատկապես՝ արտաքին մի ուժի, որը հարևանների համար մեծ անվտանգային մտահոգություն է առաջացնում, մասնավորապես՝ Ռուսաստանի և Իրանի համար։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանն ԱՄՆ-ին է տալու բացառիկ իրավունքներ՝ վերահսկելու Հայաստանի մի մասն 99 տարով։ Դա, անկեղծ ասած, շոկային է։ Կարծում եմ՝ դա շատ վտանգավոր գաղափար է։
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ.- Հայաստանում քննարկումներ են գնում, թե ո՞վ է վերահսկելու այն։
ՋԵՖՐԻ ՍԱՔՍ.- Գաղափարն այն է, որ ԱՄՆ-ն է վերահսկելու, ինչը զարմանալի է թե՛ Հայաստանի անվտանգության տեսանկյունից, քանի որ ԱՄՆ-ը կարող է Հայաստանին ներքաշել տարբեր խնդիրների մեջ, և թե՛ Իրանի տեսանկյունից, քանի որ սա Իրանի սահմանին է։ Իսկ ԱՄՆ-ը, անկեղծ ասած, որևէ պաշտպանություն Հայաստանին Իրանի դեմ չի կարող ապահովել։ ԱՄՆ-ը հազարավոր կիլոմետրեր հեռու է, մինչդեռ Իրանը հենց Հայաստանի սահմանին է։ Այդ պատճառով, իմ կարծիքով, սա շատ տարօրինակ և անխոհեմ միտք է:
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ.- Արդյո՞ք Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը, երբ իր տարածքի մի մասը տալիս է այլ՝ երրորդ երկրի։
ՋԵՖՐԻ ՍԱՔՍ.- Հայաստանն իր ապագան գրավադրում է՝ կապելով այն Միացյալ Նահանգների վարքագծին՝ չափազանց անկայուն տարածաշրջանում՝ գիտակցելով, որ Միացյալ Նահանգները, օրինակ, արդեն պատերազմել է Իրանի դեմ։ Մտածեք Իրանի տեսանկյունից․ Հայաստանն այդպիսով ասում է ԱՄՆ–ին՝ մենք գիտենք, որ դուք պատերազմի մեջ եք Իրանի հետ, մենք գիտենք, որ ձեր դաշնակից Իսրայելը պատերազմի մեջ է Իրանի հետ, մենք գիտենք, որ Ադրբեջանն Իսրայելի դաշնակիցն է, բայց խնդրեմ, վերցրեք այս հողը հենց Իրանի սահմանին։ Եվ ասում են՝ խնդիր չկա։ Դա իրականում Հայաստանի ներքաշումն է պատերազմի մեջ։
Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչի մասին է մտածում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, բայց սա շատ սադրիչ և վտանգավոր քայլ է։ Եթե աշխարհաքաղաքական տեսանկյունից նայենք, սա Հայաստանի ներգրավումն է Իսրայելի և Իրանի պատերազմում։ Իսկ դա իրո՞ք այն է, ինչ ուզում է Հայաստանը։ Չէ՞ որ ավելի լավ կլիներ ունենալ հանգիստ ու խաղաղ հարաբերություններ, քան ինքնակամ մտնել ընթացող պատերազմի մեջ։ Ես դա չեմ հասկանում։
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ.- Հայաստանի կառավարությունը միայն ասում է, որ սա խաղաղություն կբերի, և վերջ:
ՋԵՖՐԻ ՍԱՔՍ.- Գուցե արժե հարց բարձրացնել՝ իսկ արդյո՞ք Միացյալ Նահանգները խաղաղություն բերեց Ուկրաինային։ Վերջին 11 տարիների ընթացքում, երբ ԱՄՆ-ը խառնվեց Ուկրաինայի գործերին, խաղաղություն չբերեց, այլ բերեց պատերազմ։ Գիտե՞ք, երկրի համար լավագույն կանոնը հարևանների հետ նորմալ հարաբերություններ ունենալն է։ Քո երկրի անվտանգությունը կախված դարձնել մի երկրից, որը գտնվում է աշխարհի մյուս կողմում և պատերազմում է քո հարևանի հետ, դա բերելու է ոչ թե խաղաղություն, այլ աղետ: Հենց դրա համար էլ սա այնքան տարօրինակ գաղափար է։
Պատկերացրեք իրավիճակն Իրանի տեսանկյունից․ հենց որ նրանք տեսան այս հայտարարությունը, անմիջապես ասացին՝ «Սա երբեք թույլ չի տրվի»։ Իսկ երբ նրանք դա ասում են, դա արդեն պետք է հուշի Հայաստանի ժողովրդին, որ սա վտանգավոր խաղ է: Ի՞նչ խաղաթուղթ է սա։ Ինչո՞ւ ենք մենք այդպիսի խաղաթուղթ դնում։ Արդյո՞ք մենք իսկապես ուզում ենք ակամայից դառնալ Իսրայել-Իրան հակամարտության մասնակից։ Դա Հայաստանի գործը չէ, բայց հենց Իսրայել-Իրան հակամարտության մեջ է Հայաստանը ներքաշվում այս Միջանցքով։ Եթե այդ ծրագիրն իրապես առաջ մղվի, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է առաջ գնալ՝ առանց լուրջ խնդիրներ առաջացնելու:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարգելի հետևորդներ, շնորհակալություն, որ դիտեցիք այս հարցազրույցը։ Մի մոռացեք բաժանորդագրվել յութուբյան մեր ալիքին՝ https://www.youtube.com/@168amofficial
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test