Իրանը ցանկանում է ՀՀ–ի հետ հարաբերությունները հասցնել ռազմավարական մակարդակի. Փեզեշքիան
sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է ՀՀ–ի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի։ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո այս հայտարարությունն արեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մեծ կամք ունենք զարգացնելու համագործակցության մակարդակը հատկապես տնտեսական ոլորտում։ Երկու երկրները բոլոր ոլորտներում, այդ թվում` տրանսպորտի, էներգետիկայի, էլեկտրաէներգիայի և ինժեներատեխնիկական ծառայությունների, մշակույթի, բժշկության և դեղագործության ոլորտներում հիանալի համագործակցություն ունեն։ Ունեն ընդհանուր շահեր Պարսից ծոց–Սև ծով միջանցքի ակտիվացման հարցում, և տարանցիկ երկաթուղային, ցամաքային և ծովային ճանապարհի զարգացումը, և, օգտագործելով երկու երկրների պոտենցիալը, ինչպես նաև սահմանային շուկաների, առևտրի զարգացումը, ազատ առևտրի գոտիների ստեղծումը, դրանք համարվում են մեր երկու երկրների համագործակցության ոլորտները, որոնց շուրջ կառուցողական երկխոսություն ենք ունեցել»,– ասաց Իրանի նախագահը։
Փեզեշքիանն ընդգծեց, որ պաշտոնական այցի շրջանակում քննարկման առանցքային հարցերից է եղել նաև սահմանային անվտանգության, զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցը։
Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է
նեղ կազմով հանդիպումը։ Այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։