Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հայ-ադրբեջանական և հայ-ամերիկյան նախնական համաձայնությունների ընդարձակ և համակողմանի վերլուծություն է հրապարակել: Եթե ամփոփ ասվի, ապա նա «վաշինգտոնյան համաձայնությունները» Հայաստանի դիվանագիտական ձեռքբերում է գնահատում կամ առնվազն ձախողում, առավել ևս ֆիասկո չի համարում:
Փաշինյանի քաղաքական հակառակորդների և ընդդիմախոսների հիմնական թեզն այն է, որ նա «էյֆորիայի մեջ է և հանրությանը մատնում է անհիմն ոգևորությունների»: Լիպարիտյան վերլուծությունն առնվազն հիմնական մասով այդ «մեղադրանքը» հանում է:
Եվ ահա այս իրավիճակում, երբ Երևան է այցելել «Թրամփի կամրջի» նախագծով մտահոգ երկրի՝ Իրանի, նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայ-իրանական բանակցությունների շուրջ ստեղծված է շոշափելիորեն դրական ֆոն և ակնկալվում է, որ Թեհրանը բարձր մակարդակով կընդունի Սյունիքի հարավում հաղորդուղիների բացման ծրագրից իր համար օգտակարությունը, Հայաստանի առաջին նախագահը հեղինակային հոդված է հրապարակում, որտեղ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Հայաստանում ապաստան գտած հարյուր հազար արցախցիների արդարացի պահանջներին կշտամբանքներով, վիրավորանքներով և, երբեմն, գռեհիկ արտահայտություններով պատասխանելու մեջ:
Նա հիշեցնում է Ադրբեջանից բռնագաղթած հայերի խնդիրների լուծման իր կառավարության փորձը, երբ գործի գլուխ կանգնեց Վլադիմիր Մովսիսյանը: Որ Մովսիսյանն իրոք հանրային մեծ հեղինակություն էր վայելում և ահռելի աշխատանք է կատարել, ոչ ոք չի համարձակվի նույնիսկ կասկածի տակ առնել:
Բայց դա բոլորովին այլ ժամանակ էր, Խորհրդային Միությունը դեռ կար, Հայաստանի արդյունաբերական խոշոր ձեռնարկություններն ունեին հանրակացարաններ, գյուղական շրջաններում պետությունը տնօրինում էր Հայաստանից հեռացած ադրբեջանցիների տները:
Այդուհանդերձ, եթե դիմենք վիճակագրական ստույգ աղբյուրներին, ապա կհամոզվենք, որ Սումգայիթից, Կիրովաբադից և Բաքվից նախ ոչ բոլոր հայերն են Հայաստան տեղափոխվել, իսկ եկածներից շատերն էլ արդեն Երևանից են արտագաղթել: Փաստ է նաև, որ Երևանում այսօր էլ Բաքվից բռնագաղթած մարդիկ կան, որ բնակարան չունեն, թեև երեսունհինգ տարի է անցել, և Հայաստանում հինգ իշխանություն է փոխվել:
Տպավորություն է, որ առաջին նախագահն այդ հոդվածը չէր գրի, եթե չհրապարակվեր Ժիրայր Լիպարիտյանի վերլուծությունը: Չէ՞ որ Լիպարիտյանը նրա գաղափարակցի համարում ունի: Եվ քաղաքական, վերլուծաբանական հանրության համար հարց է ծագում՝ եթե Լիպարիտյանը Վաշինգտոնի հանդիպումները Նիկոլ Փաշինյանի ֆիասկո չի համարում, Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատն ինչո՞ւ դա «սողացող կապիտուլյացիա» է գնահատում: Սա շատ էական հարց է, բայց բռնագաղթված արցախցիների սոցիալական խնդիրների հետ ոչ մի կապ չունի:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test