Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կառավարությունը պաշտպանում է արտոնյալ գործարարի՝ ի վնաս սպառողների. առջևում ընտրություններ են 168.am 168.am

time
Կառավարությունը պաշտպանում է արտոնյալ գործարարի՝ ի վնաս սպառողների. առջևում ընտրություններ են

Օրերս կայացած կառավարության նիստում գործադիրը որոշեց ամրանների ներմուծման վրա պետական տուրք կիրառել։ Սրանով, տեղական արտադրողին աջակցելու անվան տակ, կառավարությունն արհեստականորեն բարձր է պահում այդ ապրանքի գինը, որպեսզի որոշ տեղական բիզնեսներ իրենց լավ զգան։ Ոչինչ, որ դրանից տուժում է սպառողն ու քաղաքացին, ով ստիպված է լինում անհամեմատ ավելի բարձր գին վճարել մի ապրանքի համար, որը կարող էր գնել շատ ավելի ցածր գնով։

Առաջին անգամ չէ, որ տեղական արտադրողին պաշտպանելու անվան տակ, կառավարությունը գնում է սպառողների շահերը ոտնահարելու ճանապարհով։ Պարբերաբար ցեմենտի ներմուծման վրա են պետական տուրք կիրառում ու ստիպում անհամեմատ ավելի բարձր գին վճարել։ Ցեմենտի արտադրությունը «պաշտպանեցին», այս տարվա առաջին կեսին ունենք արտադրության ծավալների գրեթե 18 տոկոսանոց կրճատում, անցած տարի էլ ցեմենտի արտադրությունը կրճատվել էր 7.3 տոկոսով, հիմա անցել են պողպատե ամրանների արտադրությանը։ Որոշել են երրորդ երկրներից իրականացվող ներմուծումների վրա պետական տուրք դնել։ Յուրաքանչյուր տոննայի դիմաց՝ 29 հազար դրամի չափով։

Դա նշանակում է, որ պետտուրքի կիրառումից հետո այդ ապրանքների ներմուծման գներն ավտոմատ բարձրանում են առնվազն 29 հազար դրամով։

Չեն իջնելու նաև տեղական արտադրության ամրանների գները։ Եթե ներմուծման վրա մաքսատուրք չկիրառելու պարագայում տեղական արտադրողները կարող էին գոնե մտածել սեփական արտադրության ծախսերը կրճատելու, տեխնիկական վերազինում իրականացնելու միջոցով գները նվազեցնելու ու մրցունակություն ապահովելու մասին, հիմա հանգիստ պահպանելու են բարձր գները։ Եվ այդ բարձր գների արդյունքում առաջացող հավելյալ գումարները վճարելու են քաղաքացիներն ու սպառողները։

Ինչպես ցեմենտի, այնպես էլ ամրանների ներմուծման վրա պետական տուրք սահմանելով՝ թանկացնում են նաև շինարարությունն ու անշարժ գույքի շուկան, որից տուժողը կրկին լինելու է քաղաքացին ու սպառողը։

Սրանով կառավարությունը փորձում է ցույց տալ, թե պաշտապանում է տեղական արտադրողին։ Այնինչ՝ իրականում ոտնահարում է սպառողների շահերը։

Իհարկե, տեղական արտադրողի պաշտպանությունը չափազանց կարևոր է։ Բայց դա չպիտի արվի ի վնաս սպառողների։ Կան տեղական արտադրողին պաշտպանելու բազմաթիվ այլ տարբերակներ։ Ասենք՝ հարկային արտոնությունների տրամադրումը կամ տեխնիկական վերազինման ու արտադրության արդիականացման նպատակով ֆինանսական օժանդակության տրամադրումը, պետական սուբսիդավորման միջոցով՝ մրցունակության բարձրացմանն ուղղված այլ միջոցների կիրառումը։

Սրանք շատ ավելի արդյունավետ գործիքներ են տեղական բիզնեսներին օժանդակելու ու պաշտպանելու համար, քան ներմուծման նկատմամբ տուրքերի կիրառումը։

Տեղական արտադրողի մրցունակությունը բարձրացնելու փոխարեն, արհեստական միջամտություններով թանկացնում են ներմուծումը, որպեսզի սպառողների հաշվին որոշ տեղական արտադրողներ կարողանան իրենց լավ զգալ։ Սա, թերևս, տեղական արտադրողին պաշտպանելու վատագույն տարբերակն է, բայց կառավարությունը համառորեն շարունակում է գնալ այդ արատավոր ճանապարհով։

Ենթադրենք, դրանով տեղական արտադրողին պաշտպանեցին ներքին շուկայում, իսկ ի՞նչ են անելու արտաքին շուկաներում։

Դրանով մի բան էլ վատություն են անում տեղական արտադրողին. ջերմոցային պայմաններ են ստեղծում, որպեսզի տեղական արտադրողը մտածի ոչ թե արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորություններ ստեղծելու մասին, այլ կոնսերվացնի իր գործունեությունը միայն ներքին շուկայում։

Այսպիսի պրիմիտիվ մոտեցումներով էլ ուզում են տնտեսություն ու տեղական արտադրություն զարգացնել, արտաքին շուկաներ դուրս գալ ու մրցակցել այլ արտադրողների հետ։ Ավել ինչ պետք է սպասել, եթե ներդրումներ ներգրավելու երկրի էկոնոմիկայի նախարարի հույսը ջենիֆերլոպեսների համերգներն են։

Մեկ այլ հարց է, թե ինչո՞ւ հանկարծ հիմա որոշեցին ամրանների ներմուծման վրա պետական տուրք սահմանել։ Այդ խնդիրը նախկինում էլ կար, բայց մինչև հիմա կառավարության մտքով կարծես նման բան չէր անցում։

Տեղական արտադրողին հիշեցին միայն այն բանից հետո, երբ այստեղ հայտնվեց իշխանություններին սերտաճած, սրա-նրա բիզնեսի վրա աչք ունեցող, օլիգարխիկ հակումներով վերջերս հայտնի դարձած Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող «Ջի Թի Բի սթիլ» մետաղների արտադրության գործարանը։

Հիշեցնենք, որ պարբերաբար շրջանառվող լուրերի համաձայն, Գրիգոր Տեր-Ղազարյանը հավակնում է նաև գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի կառավարմանը կամ ակտիվների ձեռքբերմանը։ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի նշանակումից 1 օր անց նա 2 գերթանկարժեք «Lamborghini»-ներով ցուցադրաբար ժամանեց ՀԷՑ և հանդիպեց կառավարության կառավարչին։ Թե ո՞րն էր այդ այցի իրական նպատակը, այդպես էլ գաղտնի մնաց։

Ինչևէ, վերադառնանք «Ջի Թի Բի սթիլին». Սա այն մետաղաձուլական գործարանն է, որը սկզբում կառուցվում էր Երասխում։ Բայց քանի որ պետական մակարդակով ու տարբեր երկրների դրոշներ պարզելով՝ չկարողացան ապահովել դրա անվտանգությունն ադրբեջանական զինված ուժերի հարձակումներից, որոշեցին տեղափոխել Արարատ համայնք։

Գործարանի բացումը տեղի ունեցավ այս տարվա մարտին, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Բացումից մի քանի ամիս հետո, կառավարությունը որոշեց ամրանների ներմուծման վրա 29 հազար դրամի պետական տուրք դնել։

Թե որքանո՞վ է կառավարության այս նախաձեռնությունը կապված հենց Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող ամրաններ արտադրող «Ջի Թի Բի սթիլ» ընկերության գործունեության հետ, թող որոշեն ընթեցողները։ Բայց մինչ այդ էլ իշխանությունները պակաս առատաձեռն չէին այս ընկերության ու իր սեփականատիրոջ նկատմամբ։

Մետաղաձուլական գործարանը տեղափոխելուց հետո, ոչ միայն անհատույց հողատարածք, այլև 3,5 մլրդ դրամի կամ 9 մլն դոլարի բյուջետային վարկ տրամադրեցին՝ 4 տարով, երրորդ տարվանից մարման ժամկետով։

Ի սկզբանե՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող ընկերությունը հավակնում էր արտադրած ամրանները վաճառել ոչ միայն Հայաստանում, այլև դրսի շուկաներում։ Բայց դատելով նրանից, որ առանց պրոտեկցիոնիզմի անգամ հայաստանյան շուկայում մրցակցության խնդիր ունեն, պարզապես ավելորդ է խոսել դրսի շուկաներ գրավելու մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test