«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Աննա Մանուկյանն է:
-Գրեթե ամեն օր` լույսը դեռ չբացված, սև դիմակներով մարդիկ խուզարկություններ են իրականացնում տարբեր ընդդիմադիր գործիչների բնակարաններում, ինչ-որ իրեր են փնտրում, զենքեր և այլն, ձերբակալում են, կալանավորում: Այսօր տեղեկացանք, որ անգամ երկու-երեք տարի առաջ սրբազաններից մեկի էջում նրան իր զորակցությունը հայտնած քաղաքացու են իրավապահները հրավիրել հարցաքննության, թե` ինչ ես նկատի ունեցել, որ գրել ես. «Սրբազան, ես քո կողքին եմ»: Հոգեբանական տեսանկյունից այս պրոցեսներն ի՞նչ ազդեցություն են թողնում քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի վրա: Չե՞ն կաշկանդում հանրությանը:
- Սա բավականին խորքային թեմա է: Ամեն ինչից զատ պետք է ասել, որ մեզանում իրար նկատմամբ հարգանքը խիստ նվազել է: Հարգանք հավատքի նկատմամբ, հարգանք քաղաքացու, ազատ խոսքի նկատմամբ, հարգանք հայրենիքի և առհասարակ` հարգանք քաղաքականության նկատմամբ: Ցանկացած քարկոծում, իսկ մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում հենց քարկոծումների, ազդում է մեր` բոլորիս կյանքի որակի վրա: Մենք բոլորս ապրում ենք մի փոքր երկրում, սիրում ենք այդ երկիրը և բոլորս ունենք իրավունք հայտնելու մեր սեփական կարծիքը: Լռությունը հաճախ վախի արդյունք է: Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է հարգենք մեր Կաթողիկոսին: Նա մեր եկեղեցու պահպանության, մեր ազգային արժեքների պաշտպանության երաշխավորներից մեկն է, ուստի եկեղեցականների, հատկապես` կաթողիկոսի նկատմամբ պարտավոր ենք հարգանքով վերաբերվել: Քրիստոնեության հիմնական օրենքներից մեկն այն է, որ եթե քո եղբայրը մեղսագործություններ է արել, ապա դու պետք է լուռ ծածկես դրանք: Չի կարելի մարդկանց սխալները հրապարակավ մատնացույց անել, խայտառակել մարդկանց և ասել, որ ես քրիստոնյա եմ, դրա համար եմ այդ քայլերին դիմում: Քաոտիկ վիճակները տանում են փակուղի, մենք այժմ ականատես ենք հենց այդպիսի իրավիճակի: Հայաստանում ամենուր քաոս է: Ես համաձայն եմ, որ ամեն մարդ պետք է ազատ արտահայտվի, իր տեսակետները հնչեցնի, սակայն մեզանում հայհոյանքը դարձել է տարածված երևույթ: Դա շատ սխալ է: Ինչ վերաբերում է լուսադեմին, սև ավտոմեքենաներով, դիմակներով մարդկանց տները խուզարկելուն, ապա դա արվում է վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով: Սակայն եթե հարցին նայում ենք հոգեբանական տեսանկյունից, այստեղ կա հոգևորականների հանդեպ հարգանքը նվազեցնելու միտում: Օրեր առաջ Մայր Աթոռը շրջապատված էր ոստիկաններով, դա աննախադեպ երևույթ էր: Սակայն ինչպես փորձ է արվում նվազեցնել հոգևորականների հանդեպ հարգանքը, այդպես էլ նվազում է ոստիկանների, իրավապահների հանդեպ հարգանքը: Մարդիկ տեսնելով, թե ինչպես են ուժայինները գործում, սկսում են վախենալ, սակայն հարգանքը նվազում է այստեղ: Պետական գործիչները, ոստիկանները, քննիչները, դատավորները պետք է սիրո և վստահության խորհրդանիշ լինեն: Համենայն դեպս շատ ու շատ քաղաքակիրթ երկրներում այդպես է: Սակայն մարդկանց ահաբեկելով խուզարկելը, վախի մթնոլորտ ստեղծելը միմիայն ստեղծում է վախ, անտարբերություն, օտարացում` արժեքներից և այլն: Հայ ժողովրդի մեծ մասը սիրում է եկեղեցին: Անգամ դեպքեր գիտեմ, որ որոշ կրոնական կազմակերպության ներկայացուցիչներ, մեծ հարգանք ունեն Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Յուրաքանչյուր բացասական երևույթ, որ ստեղծվում է եկեղեցու շուրջ, խիստ մտահոգիչ է: Չեմ կարծում, թե այն ինչ-որ մեկի համար կարող է դառնալ լավ կարիերայի նախադեպ:
- Ի՞նչ եք կարծում` Հայաստանի վարչապետն ի՞նչ հոգեբանական վիճակում է: Նա սկսել է հայհոյել և բացահայտ բամբասկոտությամբ է զբաղվում: Նա սթա՞փ է:
- Հայհոյանքներն անհարիր են, հատկապես քաղաքական գործիչների պարագայում: Մենք միշտ տարբերվել ենք ուրիշ ազգերից չհայհոյելու ունակությամբ: Հայհոյանքը հոգեբանորեն չկամեցողության նշան է: Երբ մարդուն հայհոյում ես, կարծես նրա վատն ես ցանկանում: Այն ոչ մի բանական մարդու հարիր չէ, վարչապետն առավել ևս պետք է լավ օրինակ լինի բոլորի համար: Նրան տրված է բարձր պաշտոն, նա ունի երեխաներ: Ես հույս ունեմ, որ վերջապես այս գաղջ մթնոլորտին վերջ կդրվի: Ինչ վերաբերում է Փաշինյանի սթափ լինելուն, ապա մինչև անձամբ նրա հետ շփում չունենամ, չեմ կարող հստակ ասել: Գոնե մի քանի անգամ պետք է նրա հետ զրույց ունենամ, որպեսզի հստակ ասեմ, թե ինչ վիճակում է նա:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test