ՀԷՑ-ում չգիտեն, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարել է, թե դեռ մայիսին է հանձնարարել համապատասխան մարմիններին` ՀԷՑ-ի ազգայնացման խնդրով զբաղվել: ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը «Հրապարակ»-ին ասաց՝ որեւէ տեղեկություն չունի այդ մասին, իսկ ՀԷՑ-ը, ըստ անհրաժեշտության, հանդես կգա հայտարարությամբ, եթե դրա կարիքը լինի:
Թեեւ տեւական ժամանակ է՝ ՔՊ-ականները փորձում էին ՀԷՑ-ի դեմ եփվող օպերացիայի համար հիմքեր ստեղծել՝ պարբերաբար քննադատելով ընկերության աշխատանքը, ու մամուլն ավելի վաղ էր գրել այն մասին, որ Փաշինանը մտադիր է այն խլել Սամվել Կարապետյանից, միայն նախօեին ՀԷՑ-ը հայտվեց նրա ուղիղ թիրախում , այն բանից հետո, երբ Եկեղեցուն սատարող հայտարարության համար ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին Փաշինյանի ուղիղ ցուցումով ձերբակալեցին:
Իր համար նոր թիրախ գտած Փաշինյանը նախ Ֆեյսբուքում գրեց. «Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի։ Դա տեղի կունենա արագ։ Իմ հանձնարարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»: Ապա ԱԺ-ում ճեպազրույցով հայտարարեց, թե դեռ մայիսին էր այս մասին հանձնարարություն տվել, թե գնում էր մարզեր, տեսնում՝ հոսանք չկա… Արդեն խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը շարունակեց սպառնալիքները, բերեց ԶՊՄԿ-ի օրինակը, պնդեց՝ «հեսա շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն»։
Իրավաբաններն արդեն Սահմանադրությանն ու օրենքներին հղումներով ահազանգում են՝ ՀԷՑ-ի ազգայնացում ասելով, Փաշինյանը տապալում է Հայաստանում տնտեսական կարգը, խոսում ապօրինի միջամտության մասին ու հարվածում ներդրումային միջավայրին:
«ՀԷՑ-ը հանդիսանում է Հայաստանի բնական մոնոպոլիա հանդիսացող բաշխիչ ցանցի օպերատորը եւ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը պահպանել է այդ մենաշնորհային դիրքը նույնիսկ շուկայի ազատականացումից հետո: Այն բնական մոնոպոլիա է, եւ պետությունը սահմանում եւ կարգավորում է բնական մոնոպոլիայի խաղի կանոնները՝ որոշում է սակագները, նորմատիվները, մեթոդաբանությունն է հաստատում եւ այլն: Այսինքն, այս ոլորտը գործում է պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ, եւ ՀԾԿՀ-ն կոչված է կարգավորել ու կառավարել այս ոլորտը՝ ապահովել ՀԷՑ-ի եւ սպառողի շահերի ներդաշնակությունը: ՀԾԿՀ-ն է զբաղվում ՀԷՑ-ի ոլորտի կարգավորմամբ, ոչ թե` կառավարությունը: Հատուկ մեր օրենսդրությամբ սահմանված է, որ այդ հանձնաժողովն ինքնավար սահմանադրական մարմին է, որի անդամներին նշանակում է ԱԺ-ն, եւ նրանք հաշվետու են օրենսդիրին եւ ոչ թե կառավարությանը, ուստի, կառավարությունը, վարչապետը իրավունք չունեն միջամտել ՀԾԿՀ կարգավորման տիրույթին, իրավունք չունեն որոշում կայացնել՝ ՀԷՑ-ը սխա՞լ է աշխատել, թե՞ ճիշտ, դա կառավարության տիրույթը չէ»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում Փաշինյանի սպառնալիքները` ուղղված ՀԷՑ-ին, այսպես է մեկնաբանում տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Սա հարցի ֆորմալ կողմն է, իսկ գետնի վրա, ինչպես բացատրում է մեր զրուցակիցը, ՀԷՑ-ի գործունեությունը բավականին բարդ է, այն պարունակում է նորագույն ինժեներական լուծումներ պարունակող համակարգ, որը պարբերաբար պետք է թարմացվի, վերանայվի, որտեղ պարբերաբար պետք է ներդրումներ կատարվեն, ու համակարգը պետք է համապատասխանեցվի միջազգային ստանդարտներին: Վերջին տարիներին, Պարսյանի խոսքով, ՀԷՑ-ը շուրջ 253 միլիարդ դրամի ներդրում է իրականացրել, որը թույլ է տվել արդիականացնել համակարգը, ընդլայնել ցանը, կորուստները կրճատել, իսկ վերջին 5-6 տարիներին այդ ներդրումների, վարչարարության ու նորագույն հաշվիչ սարքերի ներդրման շնորհիվ կորուստները 6-7 տոկոսով են կրճատվել: Հաջորդ տասնամյակի համար ՀԷՑ-ը նոր ներդրումային ծրագիր է ներկայացրել՝ 250 միլիարդ դրամի չափով: Այս ներդրումների մի մասն իրականացվել է սեփականատերերի միջոցներով, մի մասը՝ Հայաստանի ու Հայաստանից դուրս գործող վարկային ինստիտուտներից լրացուցիչ միջոցներ ներգրավելով: Բացի այս, Պարսյանի խոսքով, ընկերությունը 3 տրանշով դոլարային պարտատոմսեր թողարկեց, որոնց միջոցներն ուղղվեցին ծրագրերի ֆինանսավորմանը, որով, ըստ էության, ՀԷՑ-ը լրացուցիչ պարտք ստանձնեց, որը, իհարկե, պետք է սպասարկվի: «Հրապարակ»-ի զրուցակիցն այս ամենը մանրամասնում է՝ ցույց տալու համար, որ ազգայնացման մասին խոսելիս իշխանությունը նաեւ այս հանգամանքը պետք է գիտակցի ու նկատի ունենա: Բայց, սրանից բացի, ՀԷՑ-ի մասին խոսելիս պետք է նկատի ունենանք, որ այն օտարերկրյա ներդրում է համարվում:
«Ազգայնացման հիմք չի կարող ծառայել հաշվիչ սարքի տեղադրումն ուշացնելն ու դրա համար 10 միլիոն տուգանքը: Դեռ անցած տարվանից տեղեկատվություն կար, որ կառավարությունը ցանկանում է ՀԷՑ-ի բաժնետոմսերի մի մասի վերահսկիչը դառնալ, ինչպես եղավ Քաջարանի կոմբինատի, Վիվասելի, Ամուլսարի դեպքում: Այդ տեղեկատվությունը կար, եւ դրանով էր պայմանավորվում էկոնոմիկայի փոխնախարար Հակոբ Վարդանյանի ու ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի ազատումը, այսինքն` դեռ անցած տարվանից այս պրոցեսը կար, ուղղակի այն պայթեց հիմա՝ պայմանավորված ՀԷՑ-ի իրական սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտարարությամբ: ՀԷՑ-ի գրանցված սեփականատերը հանդիսանում է կիպրական ընկերությունը, որի սեփականատերը կապված է «Տաշիր» ընկերության հետ, եւ սա հանդիսանում է օտերերկրյա ներդրում: Ընկերությունը ՀԷՑ-ի բաժնետոմսերը ձեռք բերեց «Էլեկտրիկ Երեւանի» ակցիաներից հետո: Եթե կառավարությունը քայլեր է ձեռնարկում՞ ազգայնացման հետ կապված, պետք է հաշվի առնի, որ գործելու է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը, Կիպրոսի եւ այլ երկրների հետ փոխադարձ ներդրումների ճանաչման եւ պաշտպանության մասին օրենսդրությունը, որը բացառում է ՀՀ կառավարության կողմից որեւէ ընկերության կամայական ազգայնացում՝ առանց փոխհատուցման, առանց վնասի գնահատման հիմնավոր քայլերի»,- ասում է Պարսյանը՝ մեկնաբանելով ընկերությունն ազգայնացնելու մասին Փաշինյանի հայտարարությունը:
Որեւէ ընկերության ազգայնացման հիմքերը հիշատակված օրենքով են սահմանված, այդ դեպքերը բացառիկ են, հակառակ պարագայում, այն, ինչ ասում է Փաշինյանը, դիտվելու է որպես ապօրինություն, եւ ՀԷՑ-ը շատ հեշտությամբ կարողանալու է միջազգային արբիտրաժային դատարանում հաղթել ու մեծ փոխհատուցում ստանալ Հայաստանից:
«Ութ հազարից ավելի աշխատող ունի ՀԷՑ-ը, եւ կարծում եմ` այս հանգամանքը կարող է քաղաքական-ընտրական գործընթացների վրա որոշակի ազդեցություն թողնել: Բացի այս, ՀԷՑ-ը ցանց է ամբողջ Հայաստանով, նրա աշխատակիցներն ունեն տեղեկատվություն կոնկրետ բնակավայրերում մարդկանց, նրանց շարժի մասին, ֆինանսական վիճակի մասին, այսինքն` այդ ցանցին տիրապետողը կարող է բավականին լուրջ տեղեկատվություն հավաքագրել, որը կարող է օգտագործել ընտրությունների ժամանակ»,- բացատրում է Սուրեն Պարսյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test