Հայաստան ժամանած Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար, շվեյցարաբնակ Սարգիս Շահինյանի հետ զրուցել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի, Եկեղեցուց ժողովրդի սպասելիքների եւ ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի նշանակության մասին։
– Պարոն Շահինյան, Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական ֆեյսբուքյան գրառումների արդյունքում նկատելի է Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ համախմբումը։ Վարչապետի քննադատների մի մասը մի շարք հիմնախնդիրների լուծումը պատկերացնում է Եկեղեցու միջոցով։ Դուք նույնպես քննադատում եք վարչապետին։ Ըստ Ձեզ՝ Եկեղեցին կարողություն ունի՞ զբաղվել քաղաքական որոշ հարցերով, օրինակ՝ անվտանգության կամ Արցախի հետ կապված հարցերով։
– Սկսեմ Եկեղեցին քննադատող Փաշինյանի գրառումներից։ Սա Փաշինյանի քննադատությունը չէ։ Միեւնույն է, թե ով սա կաներ։ Եթե եկեղեցական ինստիտուտի դեմ այս տեսակ գրոհ ուղղվեր ցանկացած այլ անձի կողմից, նա արժանանալու էր այս ուշադրությանն ու քննադատությանը, այդ թվում՝ իմ կողմից։
Ինչ վերաբերում է Եկեղեցուն, համախմբման Ձեր նշած մտքի հետ համաձայն եմ։ Սա, մի տեսակ, քաղաքականացնում է Եկեղեցու դերը, բայց եթե նայենք բանավեճի բնույթին, մենք կտեսնենք, որ Եկեղեցու դեմ ելույթները հակասահմանադրական են։
Ինչ վերաբերում է Եկեղեցուն եւ քաղաքականությանը, Եկեղեցին երբեք չպետք է քաղաքականացվի։ Այսինքն՝ Եկեղեցին պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներին ներգրավվելուց։ Պետք չէ այդ ծուղակի մեջ մտնել, քանի որ ոմանք փորձում են Եկեղեցուն ներքաշել քաղաքականության մեջ։ Եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը սա հասկանա, մեծ հաջողության հասած կլինենք։
Ինչ վերաբերում է մարդկանց համախմբմանը, ճիշտ նկատեցիք՝ համախմբում կա։ Կարեւորագույն արդյունքն այն է, որ տեխնոկրատներ հավաքվեցին այս խնդրի շուրջ։ Առաջինը դիվանապետը խոսեց, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խոսեց, բայց նրանցից հետո խոսեցին նաեւ անձինք, որոնք թե՛ Սահմանադրությունից, թե՛ միջազգային իրավունքից, թե՛ մարդու իրավունքներից, թե՛ քրեական իրավունքից քաջատեղյակ են։ Նրանց խոսքը շատ առարկայական է, որովհետեւ, կրկնեմ, անկախ նրանից, թե ով կիրականացներ այս գրոհը, նա արժանանալու էր, կամ պետք է արժանանար, դիմադրության։
Այնպես պատահեց, որ այդ գրոհն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ պարզ է, որ ինքը պետք է ընդունի այս քննադատությունը։ Իսկ հետեւանքները նրա համար կարող են լինել թե՛ իրավական, թե՛ քաղաքական։
– Հստակեցնեմ հարցս։ Խոսքը ոչ թե ամենօրյա քաղաքականության մասին է, այլ լրջագույն խնդիրների։ Մեր Եկեղեցին ունի՞ այդ կարողությունն ու հնարավորությունը, որպեսզի ինչ-որ կերպ փորձի նպաստել, ասենք՝ անվտանգային մարտահրավերների հանգուցալուծմանը կամ հայության՝ Արցախ վերադարձի իրավունքի իրացմանը, թե՞ սրանք պետք է վերապահել պետությանը։
– Պետության գործն է՝ լուծել հասարակության հետ կապված խնդիրները։ Դա Եկեղեցու գործը չէ։ Եկեղեցու գործը ժողովրդի հոգեւոր առաջնորդությունն է։ Դա, իհարկե, միայն Հայաստանի ժողովուրդը չէ։ Դա ամբողջ հայ ժողովուրդն է։ Մեծ սխալ է, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եկեղեցուն կոչում են Հայաստանյայց եկեղեցի եւ ոչ Հայ եկեղեցի։
Եկեղեցին ի վիճակի չէ անվտանգության խնդիրներ լուծել։ Սա մեկ։ Երկրորդ, Եկեղեցին ի վիճակի չէ արցախցիների վերադարձի խնդիրը լուծել։ Երրորդ, Եկեղեցին ի վիճակի չէ իրավական խնդիրներ լուծել։
Այս խնդիրներով պետք է զբաղվեն միմիայն պետական պաշտոնյաները։
– Այստեղ Փաշինյանի ընդդիմադիրները կարձագանքեն՝ քանի որ պետությունը չի զբաղվում Արցախի հարցով, միակ ինստիտուտը, որը կարող է գործել այդ ուղղությամբ, Եկեղեցին է։
– Ոչ, դա փախուստ է։ Դա ի՞նչ ասելու բան է։ Եթե իշխող վարչախումբը չի զբաղվում հարցով, ուրեմն ուրիշը՞ պետք է անի։ Վարչախումբը ի վիճակի չէ զբաղվել այդ հարցով, ինչի համար էլ վարչախումբը, վարչախմբի գլուխը, նախաձեռնել է այս հակաեկեղեցական գրոհը։
Եթե վարչախումբը որեւէ հարցով որոշում է չզբաղվել, այդ հարցը կորցնում է իր իրավական նշանակությունը։
Եթե ընդդիմությունը պնդում է, որ այս խնդրով վարչախումբը չի զբաղվում եւ, ուրեմն, Եկեղեցին պետք է զբաղվի, ապա ինքը՝ ընդդիմությունն ինչո՞վ պետք է զբաղվի։ Սա բացասաբար է ազդելու հենց ընդդիմության վրա, որովհետեւ կասվի՝ ընդդիմությո՛ւն, իսկ դու ուր ե՞ս, ի՞նչ ես անում։ Իմպիչմե՞նտ ես կազմակերպում։
– Հավանաբար, Եկեղեցու առողջացման մասին խոսակցությունները մշտապես եղել են։ Եթե ուսումնասիրենք առաքելական այլ եկեղեցիներ, օրինակ՝ Ռուսական, Վրացական, Կաթոլիկ եկեղեցիները, այնտեղ նույնպես մեղադրանքներ հնչում են՝ Կաթոլիկ եկեղեցում հատկապես։ Այնտեղ խմորումներն այն աստիճանի էին հասել, որ Բենեդիկտոս XVI-ը թողեց Գահը։ Հնարավո՞ր է, որ մենք թյուրըմբռնում ունենք, որ եկեղեցականները սուրբ են, բայց չէ որ նրանք էլ են մարդ, հետեւաբար սխալական են եւ ապահովագրված չեն զանազան գայթակղություններից։
– Բենեդիկտոս XVI-ը մեղադրանքների պատճառով չի հրաժարվել գահակալությունից։ Նա ամուր էր։ Մի՛ կարծեք, որ նա չէր կարող խնդրին կտրուկ պատասխան տալ։ Նա առողջական խնդիր ուներ։ Նա եզակի Պապ էր, քանի որ զգալով թուլությունը՝ նա հետ քաշվեց։
Ձեզ հետ ես լիովին համաձայն եմ։ Ինչպես որ այլ եկեղեցիներում կան մեղադրանքներ, այդ նույնը կա Հայկական եկեղեցում։ Սրբությունը տատանվում է, ու մենք այս տեսակ գրոհների զոհն ենք դառնում։ Բարձրանում է կասկածը։ Խնդիրները սեղանի վրա ճիշտ չեն դրվում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այլև Գերագույն հոգեւոր խորհրդի կողմից։
Սա խոսում է այն մասին, որ Հայ առաքելական եկեղեցին չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել հասարակության հետ։ Հասարակությունը վազել է, առաջ է գնացել, իսկ Եկեղեցին կապ չի պահել հասարակության հետ։ Եկեղեցու դարդն այն է, որ 1.700 տարի առաջվա քարոզը շարունակի, եւ վերջ։
Ինչպես ասացիք, նրանք էլ մարդ են։ Նրանք էլ են մեղքի ենթակա։ Ոչ միայն ենթակա են։ Նրանք մեղքեր գործում են։ Ավել մի՛ խոսեցրեք ինձ։
Բայց նույնիսկ այս պայմաններում, վարչապետը իրավունք չունի անել այն, ինչ անում է։ Ո՛չ նա ունի այդ իրավունքը, ո՛չ իր կինը։ Այդ բառամթերքը նրանք օգտագործելու իրավունք չունեն։
Ամենասարսափելին այն է, որ Փաշինյանը սպառնաց մարդկանց՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւս։ Անշուշտ, Փաշինյանը շատ բան գիտի եկեղեցականների մասին։ Ներքին հետախուզական ծառայությունները նրա տրամադրության տակ են, բայց նա ըստ Սահմանադրության՝ իրավունք չունի նման քայլ կատարել։ Սպառնալով՝ Փաշինյանը ենթակա է իրավական հետապնդման եւ դատապարտման։
– Ձեր վերջին հարցազրույցներից մեկում օրինակելի եք համարում Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը Մայր Աթոռ։ Դուք նաեւ մեջբերում եք Հակոբ Ավետիքյանի «Ձիու քայլը» հոդվածը։ Նույն հարցազրույցի վերջում, Դուք խոսում եք իրատեսական, առողջ քաղաքական ուժի անհրաժեշտության մասին։ Այդպիսին է իրեն փորձում ներկայացնել Տեր-Պետրոսյանի Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը։
– Վստահ չեմ, որ Տեր-Պետրոսյանը Վեհափառի մոտ գնաց Հայ Ազգային Կոնգրեսի անունից։
– Ինձ հետաքրքիր է՝ Դուք Լեւոն Տեր-Պետրոսյանին, իր թիմին կամ Հայ Ազգային Կոնգրեսին համարո՞ւմ եք այդ առողջ, իրատեսական ուժը, որի ընտրության դեպքում Հայաստանի ապագան կարող է ավելի բարեկեցիկ դառնալ։
– Հայ Ազգային Կոնգրեսը թողնենք մի կողմ։ Ինչ խոսք, Հայ Ազգային Կոնգրեսում կան անձինք, որոնք առողջ են։ Նման մարդիկ կան ցանկացած կուսակցության մեջ։
Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի այցին եւ դրա առողջ հետեւանքներին, դրա մասին է վկայում հունիսի 16-ին կայացած «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» խորագրով քննարկումը։ Չմտածե՛ք, թե դա ուղղակի հանդիպում էր։ Իրականությունն այն է, որ տեխնոկրատները հավաքվեցին կլոր սեղանի շուրջ։ Հայ առաքելական եկեղեցուն հաջողվեց նրանց հավաքել, բայց սա երկնքից չեկավ։
Ես, իհարկե, փաստ չունեմ պնդելու համար, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է շշնջացել Կաթողիկոսի ականջին՝ նման հավաք կազմակերպելու մասին, բայց չեմ կարծում, որ դա հեռու է իրականությունից։
Տեր-Պետրոսյանը որոշեց գնալ Կաթողիկոսի մոտ՝ մի կողմ դնելով 2008-ի մարտի 1-ը։ Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը դուռը չբացեց Գարեգին Բ-ի առջեւ։ Մի կողմ դնելով իր էգոն եւ առաջնորդվելով պետականամետ տրամաբանությամբ՝ նա արեց մի շատ կարեւոր քայլ։ Սա չտեսնելու համար պետք է կույր լինել։
Ես շատ գոհ եմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կազմակերպեց տեխնոկրատների հավաքը։ Հենց այդ պատճառով են ՔՊ-ականները կատաղել Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա։
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանն ավելի լավ վիճակում հայտնվի, եթե նախագահ Տեր-Պետրոսյանը ավելի ակտիվորեն մասնակցի քաղաքական գործընթացներին կամ իշխանության հայտ ներկայացնի։
– Ասեմ հետեւյալը։ Իտալիայի նախկին բոլոր նախագահները ցկյանս սենատորներ են։ Ցկյանս սենատորներ են դառնում միայն նախկին նախագահներն ու հատուկ կարեւորություն ունեցող մի քանի անձինք։ Սա նրա համար է, որ մեծ փորձառություն հավաքած անձանց խոսքը լսելի մնա։
Կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետությունում լինի մի ինստիտուտ, օրինակ՝ օրենսդիրի մաս, մի կոնսիլիում, որը կլսվեր, որը ծանրակշռություն կունենար, որը կկարողանար խրատել, եւ խրատ տվողին էլ լսող կլիներ։ Սրա պակասը շատ է զգացվում։
Եթե կարճ պատասխանեմ Ձեր հարցին՝ այո։
Զրուցեց Արսեն ԱՅՎԱԶՅԱՆԸ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test