Հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2 անչափահաս տղաներ գիշերը 1-ի սահմաններում գնացել են իրենց ձիուն բերելու ու անհետացել շփման գծի մոտից։
«Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով, հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- հունիսի 6-ին՝ 12:00-ի սահմաններում, տեղեկությունը հաստատվեց ԱԱԾ-ի կողմից:
Ավելի ուշ Քննչական կոմիտեում առևանգման հոդվածով քրեական վարույթ նախաձեռնվեց:
Ավելի ուշ՝ արդեն ուշ երեկոյան, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարություն տարածեց, որ տղաներն արդեն վերադարձել են, ու շատերը հասկացան, որ դա տեղի է ունեցել ԱԱԾ-ի ջանքերով։ Բայց քանի որ այդ օրը գինու փառատոն էր, ու Նիկոլ Փաշինյանը ստիպված էր պատասխանել անհարմար հարցերի, մասնավորապես՝ Ադրբեջանի ու ադրբեջանցիների Կուրբան բայրամը շնորհավորելու վերաբերյալ, ԱԱԾ-ն ինքնաբուխ կամ հրահանգով որոշեց փրկել շեֆի դեմքը։
«Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայտնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հունիսի 7-ի առավոտյան գրել էր ԱԱԾ-ն։
Մինչդեռ Տեղ գյուղի բնակիչների խոսքով՝ ֆիքսված է, որ ադրբեջանցիները դիրքում քաշքշել են տղաներին, ապա նրանց նստեցրել մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ։
Ու թե ինչո՞ւ է հիմա ԱԱԾ-ն թաքցնում իրականությունը, դժվար չէ կռահել։ Պետք է ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանի կառուցողական գործընկեր Ալիևը երեխա առևանգող չէ, ավելին` Սյունիքում այնքան խաղաղ է, իսկ քթիդ տակ եղած թշնամին՝ այնքան բարի, որ իրենք ուր, մարդ առևանգելն ուր… Մոլորվել են։
Ավելին, Տեղի մեր աղբյուրները փոխանցում են, որ տղաների՝ Հայաստան վերադարձնելուց անմիջապես հետո նրանց և նրանց ծնողներին ԱԱԾ-ն տարել է՝ «զրույցի»:
Արդյունքում՝ անգամ տղաների ծնողներն էին հետագա հարցազրույցներում ասել, որ նրանք չեն առևանգվել, այլ մոլորվել են:
«Մի ողջ օր, ավելի ճիշտ՝ մի ամբողջ ցերեկ տևեց սպասումները։ Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Գնացել էին ձիուն փնտրելու, մառախուղ է եղել, մեր տարածքում մոլորվել են, սպասել են, մինչև մառախուղը ցրվի, կողմնորոշվել են ու եկել տուն»,- ասել էր 18 տարին դեռ չլրացած Կարեն Ջհանգիրյանի հայրը՝ Արմեն Ջհանգիրյանը՝ «Փաստինֆոյի» հետ զրույցում։
«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- նշվում էր հունիսի 6-ին՝ դեպքից ժամեր անց ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ։
Եվ եթե հավատանք Կարեն Ջհանգիրյանի հոր խոսքերին, որ տղաները սպասել են՝ մառախուղը ցրվի, վերադառնան, ստացվում է՝ տղաները «մոլորվել են» գիշերը 1:20, մի ողջ առավոտ ու ցերեկ մառախուղը չի ցրվել, ուշ երեկոյան, երբ արդեն մութ էր, նոր մառախուղը ցրվեց, ու տղաները տուն եկան:
Իրականում տղաները վերադարձվել են հենց ԱԱԾ-ի անմիջական ջանքերով, և շատ տխուր է, որ այդ կառույցը Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկելու համար ստում է ու այդ սուտը պարտադրում ասել նաև տուժողներին: Գոնե նորմալ «ինստրուկտաժ» անեին:
Առավել ցավալի է, որ ազգային անվտանգության մասին հոգ տանելու օրենսդրական պարտավորություն ունեցող կառույցը տուրք է տալիս Նիկոլ Փաշինյանի կացնային քարոզչությանն ու ինքն էլ դառնում հանցակից՝ հետագա բոլոր աղետների պատասխանատվությունը հավասարապես կիսելով նրա հետ: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանը, որքան կարողացավ, այնքան ավիրեց այդ կառույցը՝ նրանից վերցնելով բազմաթիվ գործառույթներ ու դրանք ներառելով կամ Քննչական կոմիտեի, կամ անձամբ իր ենթակայության տակ: Առավել ցցուն օրինակ է ֆիկտիվ կառույցի՝ Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը, որի անունը կա, ամանում չկա:
Ի դեպ, իր առաջին հաղորդագրության մեջ ԱԱԾ-ն ինքն էր ընդունել, որ տղաներն առևանգվել են, բայց թե ինչ պատահեց, երբ առևանգված անչափահասներ ունեցող երկրի ղեկավարը շնորհավորեց առևանգողի Կուրբան բայրամը, տեսանք բոլորս…
Բայց քանի որ բոլորին է հրահանգված թելել Փաշինյանի թելը ու մի միլիմետր անգամ չշեղվել նրա գծից, այսօր էլ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է ասել՝ «փաստորեն տղաներն Ադրբեջան չէին անցել»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test