Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Լրտես» ճանաչվելուց երկու տարի առաջ. Զապել Եսայանի անտիպ նամակները Վահան Թեքեյանին mediamax.am mediamax.am

time
«Լրտես» ճանաչվելուց երկու տարի առաջ. Զապել Եսայանի անտիպ նամակները Վահան Թեքեյանին

1977 թվականին լույս տեսած Զապել Եսայանի (1878-1943) նամակների ժողովածուն կազմել է գրականագետ Արփիկ Ավետիսյանը՝ տատիկս: Գրքի վերջին՝ 175-րդ նամակը, գրված Երևանից 1935 թվականին, հասցեագրված է Հակոբ Օշականին. «Գրողներու, արտիստներու և այլ կարգի մարդոց համար Խորհրդային իրականությունը, առանց չափազանցության, երկրային դրախտ է: Մենք ամենքս երես առած մարդիկ ենք. մեր նյութական և այլ խնդիրները առարկա են կառավարական հոգածության: … Չի կարծեք բնավ, որ պրոպականտի նպատակներով է որ կը գրեմ այս տողերը. ես կը կարծեմ, թե երկուսս ալ բավականին հին ծանոթներ և բարեկամներ ենք և բավականին հասունացած մարդիկ ենք թեթևամտությամբ վարվելու համար այսքան լուրջ խնդիրներու մեջ: …Սոսկումով կը հիշեմ իմ արտասահմանյան կյանքս, ուր ամեն կարգի նյութական և այլ դժվարություններու հետ ինքզինքս կզգայի կաշկանդված և այնպիսի օրերու, երբ չէի գիտեր , թե ինչպե՞ս տանս վարձքը պիտի վճարեմ կամ իմ առօրյա ծախքերս դիմավորեմ: Թշվառականներ կային, որ կը գրեին, թե կաշառված եմ…Բայց թողնունք այս բոլորը: Այժմ բավական հարուստ եմ մանավանդ բարոյապես՝ լայնասրտությամբ հիշելու համար այն թունավոր մթնոլորտը, ուրկե վերջապես դուրս եկա» ( Զապել Եսայան, Նամակներ, Երևան, 1977, էջ 307-308): Զապել Եսայանը Խորհրդային Միության հրավերով Հայաստան էր տեղափոխվել 1933-ին, Երևանի պետական համալսարանում գրականություն էր դասավանդում: 1937թ․հունիսի 27-ին ձերբակալվել է` որպես օտարերկրյա լրտես:

Զապել Եսայանի հետ նույն խցում գտնվող դատապարտյալ Աշխեն Սիմոնյանի վկայությունն է. «1937-ին ինձ բանտարկեցին, բերեցին ներկայիս ՊԱԿ-ի շենքը: Ասացին, որ ձերբակալված եմ, և իջեցրին բանտախուց: Այնտեղից տարան քաղաքային բանտ, հետո նորից բերին ՆԳԺԿ-ի բանտը: Մի անգամ էլ, երբ բերեցին հարցաքննության, ՆԳԺԿ-ի բանտախցում հանդիպեցի Զապել Եսայանին: Գիտեի, որ անվանի գրող է: Տիկին Զապելին անընդհատ կանչում էին հարցաքննության: Վերադառնալուց հետո ծիծաղում էր, դառն հումորով ասում. «Այնպիսի անհեթեթ հարցեր են տալիս, որ զարմանում եմ, թե ինչպե՞ս են հորինում»: Մի անգամ էլ նրան տարան հարցաքննության, բայց վերադարձավ երկու օրից միայն: Ոտքերը սարսափելի այտուցված էին: Երկու օր նստեցրել էին մի բարձր տեղ և ստիպել ոտքերը կախ գցել: Այսպես տանջել էին, պահանջելով ստորագրել, որ լրտես է: Հերոսաբար դիմացել էր: Այնպիսի վիճակում էր, որ չէր կարողանում անգամ նստել»: Ինչու՞ է Զապել Եսայանի նամականու վերջին նամակը 1935 թվականին, երբ Զապել Եսայանի մահվան տարեթիվ է համարվում 1943-ը (մահվան ստույգ հանգամանքներն անհայտ են, որպես մահվան տարեթիվ նշվում է նաև 1939-ը, սակայն որպես հիմնական վարկած ընդունվում է թոռան վկայությունը. ըստ այդմ՝ նամականու վերջին նամակներից մեկը թվագրված է 1943 թ.-ով) : Թե՛ Արփիկ Ավետիսյանը, թե՛ գրքի առաջաբանի հեղինակ գրականագետ Սևակ Արզումանյանն իրենց խոսքում որևէ հիշատակություն չեն անում 1935-ից հետո Եսայանի ձերբակալության մասին: Ենթադրում ենք՝ 1977 թ.-ին ստալինյան շրջանի զոհերի մասին հրապարակային խոսքը դեռևս տաբու էր: Նամակների ժողովածուն լիակատար համարել չի կարելի, քանի որ կազմողը այդպես էլ գրել է. «Մեր ձեռքի տակ եղած ոչ բոլոր նամակներն են տեղ գտել սույն հատորում (էջ 8 )»: Ի՞նչ պատճառով կարող էին «ձեռքի տակ եղած» նամակները տեղ չգտնել ժողովածուում, դժվարանում ենք ասել: Կարող ենք եզրակացնել, որ որոշ նամակներ Սփյուռքի խմբագրատներից Խորհրդային Հայաստան են հասել գրքի հրատարակությունից հետո: Այդ մասին վկայում է Փարիզի Նուպարյան մատենադարանի տնօրեն Արտաշես Գարտաշյանի նամակներից մեկը «համեստափայլ տիկին Արփիկ Ավետիսյանին», որը տատիկիս անձնական արխիվում է. «Այսօր ստացա Ձեր 16 հոկտ. 1970 թուակի նամակը, և ցավով տեղեկացայ թէ չեք ստացել Զապէլ Եսաեանի վերաբերեալ նամակներուն եւ նկարներուն ֆօթօ-պատճէնները» (նոյեմբերի 20, 1970): Տատիկիս արխիվում Զապել Եսայանի երկու նամակ կա՝ ուղղված Վահան Թեքեյանին, որոնք ընդգրկված չեն ժողովածուում: Նամակների բնագրերը, ենթադրաբար, պիտի լինեին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվում, որտեղ պահվում են թե՛ Թեքեյանի, թե՛ Եսայանի արխիվները: Նամակների բնօրինակները չկային ո՛չ մեկի, ո՛չ մյուսի արխիվում: Հավանական է, որ տատիկս նամակները վերծանել է ոչ թե բնագրերից, այլ լուսապատճեն տարբերակներից, իսկ բնագրերը, ենթադրում ենք, Սփյուռքի որևէ արխիվում են: Մյուս վարկածը, որ Վահան Թեքեյանին ուղղված այս երկու նամակներում եղած որոշակի զգուշավորությունը կարող էր հատորյակում չընդգրկելու պատճառը լինել: Որքանո՞վ են տատիկիս վերծանած նամակներն ամբողջությամբ պահպանել բնօրինակի լեզուն՝ արևմտահայերենը, չենք կարող ասել: Հրատարակված հատորյակում նամակներն արևելահայերենով են՝ արևմտահայերենի փոքր «չափաբաժնով»: ***13 դեկտ., 1934, ԵրևանՍիրելի պարոն Թեքեյան, Ստացա վերջապես ձեր magnifique գիրքը, «Սեր» քերթուածքներու հատորը, որուն համար մեծապես շնորհակալ եմ (1): Շատոնց կուզեի ձեզ գրել, բայց ձեր որոշ հասցեն (նույնիսկ գտնված երկիրը) որոշ չի գիտնալով, հետաձգեցի: Հիմակ ալ չեմ գիտեր ուր եք: Լսեցի, որ Կիպրոս պիտի երթաք կամ արդեն գացեր եք. թերևս դեռ Եգիպտոս եք: Ամէն պարագային այս նամակս կը ղրկեմ Գալճյանին (2)՝ խնդրելով անկէ, որ ձեզ հասցնե: Թերևս այդպես ալ լավագույնն է մեր հետագա թղթակցութեան համար ինչ-որ կը կարծեմ, թե կլըլլա կանոնավորապես, լավագույն է, որ ինձ տաք միջնորդ հասցե մը Բարիզի մէջ: Այս զգուշութեան միջոցին կը մտածեմ ձեզ համար, ոչ թե ինձ համար: Իսկ եթե ձեզ համար ալ անպատեհութիւն չի կայ, կը խնդրեմ, որ ինձ հաղորդեք ձեր անձնական հասցեն: Մեծ հաճույքով և գեղարվեստական բարձր վայելքով կարդացի և կրկին կարդացի ձեր բանաստեղծութիւնները, որոնցմե մեկ մասը ինձ ծանոթ էին արդեն: Ես ուրախ եմ ձեզ հայտնելու, որ ես մենակ չէի այդ հիացումին մեջ: Այստեղ շատերուն համար, մանավանդ ռուսերեն կարդացող կարգ մը մարդոց համար դուք եղաք հայտնութիւն մը: Պետք է ըսել, որ իմ բանաստեղծ երիտասարդ ընկերներս արդեն ձեզ կը ճանչնային և բարձրորեն կը գնահատեին ձեր բարձր տաղանդը: Հայ լեզվով բանաստեղծութիւններու նոր հատոր մը պիտի հրատարակվի ռուսերեն լեզվով: Բառացի թարգմանութիւնները կը կատարեն մեր թարգմանիչներ, բայց վերջնական ձեւակերպումները հանձնված է ռուս առաջնակարգ բանաստեղծներուն: Ձեզմէ ընտրած են մոտ քսան բանաստեղծութիւն, եւ վստահ եմ, որ շնորհիվ ռուսերեն հրատարակութեան ձեր բանաստեղծական տաղանդը կը դառնա միջազգային արժեք, որուն այնքան արժանի եք: Հույս ունիմ, որ իմ նամակս անվտանգ կը հասնի ձեր ձեռքը, և ինձ կը գրեք երկարորեն ձեր մասին: Ինչպե՞ս է ձեր առողջութիւնը, ի՞նչ են ձեր ծրագիրները, ինչու՞ չեք փորձեր գոնե իբրև tourist գալ այստեղ: Վստահ եմ, որ կը գտնեք ջերմ ընդունելութիւն: Ես ձեզ կարող եմ նույն իսկ առաջարկել հետեւյալը: Եթե դուք միջոցը գտնեք գալ մինչև սահմանագլուխ, Մոսկվայի կամ Բաթումի ճամբով, որը որ ձեզ համար ամենահարմարն է, և ինձ նախապես իմացնեք այդ մասին, դուք այլեւս ոևէ ծախ<ս> չեք ունենա ընելիք սահմանագլխեն սկսյալ, ուր առաջուց ձեզ պետք եղած դրամը փոխադրուած կըլլա և կամ ուր ձեզ դիմավորող կըլլա: Ես այս կարող եմ ձեզ ըսել որոշակի և եթե արդեն վստահ չըլլայի, նման առաջարկութիւուն չէի ըներ:Գալով ինձ, ես շատ գոհ եմ և երջանիկ շատ մը տեսակետներով: Ազատվեցա արտասահմանեան ճահճախուտեն և ազատվեցա նյութական առավել կամ նվազ զսպված հոգերեն: Ամեն կերպերով պաշպանված կզգամ ինքզինքս և անդորր հոգիով և մտքի պայծառութիւնով նվիրված իմ գրական աշխատանքներուն: Ավարտեցի և տպագրութեան հանձուած է «Սիլիհտարի պարտեզները» (3), ուր ամփոփած եմ իմ մանկական հիշողութիւնները գեղարվեստական գրականութեան միջոցներով (ոչ թե պարզ հիշողութիւններ): Այս միջոցին կը պատրաստեմ ուրիշ վեպ մը՝ «Պառպա Խաչիկ» (4) տիտղոսով, պոլսական կյանքե, ոը կընդգրկե նախապատերազմյան, պատերազմի և ետ պատերազմի շրջանները: Ձեռքիս տակն է նաև հիշողություններու Բ-րդ (2-րդ-խմբ.) հատորը, որը սակայն պիտի գրեմ իբրև հիշողություններ՝ առանց անոնց տալու այն romance ձևը, որը շատ կը հարմարեր մանկական հիշողութիւններուն: Ինձ կը թվի, որ այս երկերով կազատագրվիմ իմ հին նյութերես ու վերջապես ի վիճակի կլլամ գրելու Խորհ. Հայաստանի ներկա իրականութիւնեն: Այն մտապատկերը, որ ունիմ, դժվար է իրականացնել, որովհետև նյութս իմ կարողութիւններես մեծ է, չափազանց լեցուն բազմատեսակ երեսներով և որոնց մեկ համադրութիւնը պետք է կատարել: Վերջապես պետք է փորձել: Յաճախ կը մտածեմ այդ վեպի մասին և իմ բոլոր ժամերս լեցուն են այն հրճվանքով, որ կատարման ընթացքի մեջ եղող երկը մեզ կը ներշնչե: Չեմ գիտեր, թե առիթ կունենաս տեսնելու Օշականը(5): Եթե այո, իմ սիրալիր բարևները հաղորդե իրեն և ըսե, որ մեծ հետարքրութեամբ սկսա կարդալ «Մնացորդացը», բայց որ ընդհատվեցավ իմ ճամբորդութեան հետևանքով: Արդեոք կարելի՞ է ստանալ եթե առանձին հատորներով լույս տեսած են և կամ եթե պրակներով կան: Չափազանց գոհ կըլլայի: Ավելի մանրամասն կը գրեմ ձեզ, երբ ձեզմե նամակ ստանամ և ձեր հասցեն և կամ միջնորդ հասցե մը: Սպասելով այդ հաճելի պահին ՝ կը ղրկեմ իմ լավագույն զգացումներս և սիրալիր բարևներ: Ձերդ Զապել ԵսայանԻմ հասցեն է Գրողներու տուն12 սեպտ., 1935, ԵրևանՍիրելի պարոն ԹեքեյանԻ պատասխան իմ հեռագրի, ստացա ձեր 23 օգոստ. թվի նամակը: Չեմ կարող հասկանալ, թե ի՞նչպես իմ վերջին նամակս կորած է, որովհետև մինչեւ մեր սահմանը ոևէ նամակ չի կորսվիր: Վերջապես եղածը եղած է և քանի որ այդ դժբախտ նամակեն անկախաբար, դուք ուրիշ պատճառ ունիք այս տարի չի կարենալ ճամփորդել, այդ կորուստը մեծ բան չէ (7): Ինչ կարող եմ ձեզ հավաստիացնել, այն է, որ մեծ սիրով և հարգանքով ձեզ կընդունինք այստեղ երբ կարենաք գալ: Կը գնահատեն և կը սիրեն ձեր բանաստեղծական տաղանդը (իմ խոսքը չեմ ըներ, որովհետև այդ դուք գիտեք) և մեծ հրճվանքով անդրադարձա, որ իր բոլոր մանրամասնութիւններուն մեջ ձեր բանաստեղծութիւնները կը գնահատեն իրենց ճշմարիտ և բարձր արժանիքներուն մեջ և ոչ թե մղուած կողմնակի հանգամանքներե: Եւ այդ ցույց կուտա, թե վերջի տարիներուն մեջ ինչքան մեր գրական հասարակայնության ճաշակը և ըմբռնումը զարգացած է: Կը սիրեն նաև ձեր հպարտութիւնը և անձնական արժանաւորութեան բարձր զգացումը ու զարմանալի կերպով, հեռուեն, ձեր տողերու ընդմեջեն ճիշտ կը գնահատին ձեր նկարագրի գիծերը: Վերջապես, ջերմորեն կը յուսամ, որ հառաջիկա տարի կարող կըլլաք կատարել ծրագրուած ճամբորդութիւնը և անձամբ առիթ կունենաք հաստատելու, թե իմ գրածներու մեջ ոչինչ չկա չափազանց,-այլ ընդհակառակը,- այն տաք և հաճելի մթնոլորտի մասին, որու մեջ ապրելու սահմանուած ենք և ուր այդ միշտ երանութեամբ կը մտաբերեմ- կը յուսամ, թե աչքերս կը փակեմ ընդմիշտ, շրջապատուած ամբողջ ժողովրդի որդիական և եղբայրական թրթռուն զգացումներով: Բայց առայժմ դեռ աչքերս փակելու դիտաւորութիւն չունիմ. ընդհակառակը, մեծ մեծ բացած եմ աչքերս և գրեթե պատանեկական եռանդով կաշխատիմ, կուսումնասիրեմ և կաշխատիմ համոզված ըլլալով, որ այստեղ է, բարեհարմար պայմաններուն մեջ և հարազատ միջավայրի մեջ, որ պիտի տամ իմ հիմնական երկը: Շատ մեծածավալ ծրագիրներ ունիմ, զորս մտքովս շատ լավ կընդգրկեմ և որոնց գործադրութիւնը սակայն, միայն ժամանակի խնդիր չէ: Քառասուն տարիե ի վեր գրական ասպարեզի մեջ եմ, բայց միայն այս վերջի երկու տարիներու ընթացքին է, որ հնարավորութիւն ունեցա ինքնամփոփվելու, ու կշռելու և չափելու իմ ներքին հնարավորութիւններս, քննելու այնքան իմ գրական ուժերս, որքան թերութիւններս, և ըմբռնելու, թե ի՞նչ կարող եմ, ի՞նչ տեղ կարող եմ գրավել մեր գրականութեան մեջ, ոչ միայն ներկային, այլ և գալիք ժամանակներու մեջ:Առողջութիւնս լավ է, տրամադրութիւնս՝ սքանչելի, երկու զաւակներս նի ինձ մոտ են (8), որոնք իրենց կագին գոհ են և լավ տրամադրված, ներկան և ապագան ապահոված է, և մեծբախտավորութիւն ունեցա մեծ մայրիկ դառնալու, ունենալով թոռնուհի (Հրանտին երեխան), որուն սիրուն դեմքին վրա մշտնջենական ժպիտը, կարծեմ, ամեն անգամ գերագույն երջանկութեան խոստում մըն է (9) : Միակ բանը, ուրկե կնեղվինք, բնակարանային պայմանները, լուծվեցավ ինձ համար: Ստացա բնակարան մը նոր շինվող շենքի մը մեջ (բարեգործականի կառուցածը), իր բոլոր հարմարութիւններով և ուր հույս ունիմ ձեզ կը հյուրասիրեմ առաջիկա տարի, երբ Հայաստան այցելեք: Եվ արդեն հիմակուց կերեւակայեմ մեր խոսակցութիւնները, պատշգամին վրայ, մեր դեմ ունենալով հավերժական Արարատը: Էֆ, կյանքը այնքան ալ վատ չէ, միայն թե այսպես տեւե որքան կարելի է երկար: Այժմ պտղավոր աշուն է, մինչև գրեթե հունվար ամիսը կունենանք շողշողուն արեգակ, առատութիւն և նոր նոր բարձունքներ գրավելու ոգեւորութիւնը: Ժողովուրդը հանգիստ է և ուրախ. կին այր ճերմակ հագնված են. քաղաքի երեւույթը բոլորովին փոխուած է: Շուտով լույս կը տեսնե իմ մանկութեան յիշողութիւնները «Սիլիհտարի պարտեզները» անունով: Ձեզ և Օշականին մեկ մեկ օրինակ կը ղրկեմ: Կը յուսամ, որ իմ շատախոսութիւններուս փոխարեն ինձ կը գրեք՝ երկար խոսելով ձեր կյանքին ու գործերու մասին: Ձերդ սիրով ու հարգանքով՝ Զապել Լիլիթ Ավագյան***Ծանոթագրություններ1. Խոսքը 1933 թ.-ին , Փարիզում հրատարակված Թեքեյանի բանաստեղծությունների «Սէր» ժողովածուի մասին է: 2. Չկարողացանաք պարզել՝ խոսքը ո՞ր Գալճյանի մասին է; Ենթադրաբար՝ բանաստեղծ, մանկավարժ, Ներսիսյան դպրոցի շրջանավարտ Աբրահամ Գալճյանի մասին է: 3. Զապել Եսայանի ինքնակենսագրական վեպն է, որը երկու անգամ հրատարակվել է նրա կենդանության օրոք, 1935-ին՝ Երևանում, 1939-ին՝ Կահիրեում: 4. Խոսքը Զապել Եսայանի «Բարպա Խաչիկ» վեպի մասին է, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966:5.Խոսքը Հակոբ Օշականի մասին է: 6. Հակոբ Օշականի եռահատոր վիպաշարն է: Լույս է տեսել Կահիրեում` 1-ին և 2-րդ հատորները՝ 1932-ին, 3-րդ հատորը՝ 1934-ին: 7. 1934-1935 Թեքեյանն աշխատում է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում: 1935-ի ամռանը ցանկանում էր գալ Հայաստան և անգամ կյանքի վերջին տարիներին հաստատվել Խորհրդային Հայաստանում: 8. Զապել Եսայանի դուստրը՝ Սոֆին, և որդին՝ Հրանտը, եկել էին Խորհրդային Հայաստան: Սոֆին աշխատում էր Հանրային գրադարանում՝ որպես եվրոպական գրականության բաժնի վարիչ: Հրանտը քիմիկոս էր: 9. Հրանտ Եսայանը (1910-1982) ու նրա կինը՝ Բերկրուհին, երկու զավակ ունեին՝ Սոնան և Վահրիկը: Սոնան վաղ մահացավ: Վաղ մահացան նաև Բերկրուհին և Վահրիկը: Վերջինիս ֆիզիկայի բնագավառի աստղ էին համարում: Հրանտ Եսայանը զբաղվում էր սինթետիկ կաուչուկի ստացման տեխնոլոգիայի հարցերով, մի քանի գյուտերի հեղինակ էր: Սոֆի Եսայանը կյանքի վերջին տարիներին աշխատում էր ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտում, զբաղվում էր մոր գրական ժառանգության վերականգնման, հրատարակման գործերով:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test