Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ 437 նորածնի վաճառք՝ 25 հազար և ավելի դոլարի դիմաց: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում 2023թ. մարտի 22-ին ասել էր ՀՀ Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սամվել Հակոբյանը։ 2019թ. սկանդալից հետո թերևս 2023 թ. մարտի 22-ին դատախազ Սամվել Հակոբյանի հայտարարությունը ոչ պակաս սահմռկեցուցիչ էր, եթե չլիներ 1 փաստ. մինչ այսօր չկա գեթ մեկ մեղադրյալ, կա միայն զարհուրելի հայտարարություն՝ 437 նորածինների վաճառք։
Ի՜նչ սարսափելի հոգեվիճակ պետք է ունենա մարդը, որ հանգիստ երեխային անվանի վաճառած, բայց չունենա գեթ մեկ մեղադրյալ։
Չկա՞ մեղադրյալ, թե՞ եթե դեպի Իտալիա չի որդեգրումը, ուրեմն կարելի է զարհուրելի հայտարարությամբ սահմանափակվել: Կրկնում ենք, սա, իհարկե, իտալական որդեգրումների մասին չէ, բայց ամեն ինչ սկսվեց հենց իտալական որդեգրումներից, որովհետև թիրախում իրականում Իտալիան էր:
Հիմա՝ ավելի մանրամասն:
2018թ. գունավոր հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը «ժողջանին» խոստացավ հաց ու տեսարաններ: Հացը չկար, տեսարաններ՝ լիքը: Այդ ժամանակաշրջանում էր, որ նա իրավապահ մարմիններից ու իր կառավարության անդամներից սկսեց պահանջել սենսացիոն մասկի-շոուներ, «բացահայտումներ» և հորինված բեմադրություններ: Գունավոր հեղափոխությունների ժանրը դա էր պահանջում:
168.am-ը դեռ մեկ տարի առաջ՝ 2024թ. փետրվարի 22-ին անդրադարձավ, այսպես կոչված, «ապօրինի որդեգրումների» գործին, որն արդեն 6 տարի դոփում է տեղում, և որևէ մեկը չգիտի՝ ինչպես դուրս գա մեծ աղմուկ ապահոված, իշխանությանը դիվիդենտ բերած, բայց անհեռանկար գործի տակից:
Մենք կրկին փորձեցինք հասկանալ այս գործի ճակատագիրը, գրավոր հարցումներ ուղարկեցինք տարբեր գերատեսչությունների, և քանի որ մեր եզրահանգումների ծավալը բավականին մեծ է, այն կներկայացնենք 2 մասով:
Եվ այսպես՝ Մաս 1
2019 թ. հանրության անդորրը խախտվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շարունակական հրապարակումներից առ այն, որ օտարերկրյա որդեգրման գործընթացներում վերջինիս կողմից բացահայտվել են խախտումներ: Դրան հետևեց իրենց երեխաներին պահանջող մայրերի շարժումը, և երեխաների վաճառքի թեման ամիսներ շարունակ դարձել էր հանրության կողմից քննարկվող արդիական թեմաներից մեկը: Մայրերը ողբում էին՝ շիրիմները խոսում են, սակայն դրանք այդպես էլ չխոսեցին. արտաշիրմման արդյունքներն այլ բան էին ասում. երեխաները չեն վաճառվել:
Հիշենք նաև 2019 թ. հունվարի 10-ի ՀՀ կառավարության նիստը, որի ընթացքում փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից հայտարարվել էր երեխաների և նրանց օրգանների վաճառքի մասին: Առաջին հայացքից զարհուրելի նորություն էր, բայց երբ մի կողմ ենք դնում հուզական տարրը, ապա նկատում ենք կցկտուր, ոչինչ չասող, առանց հիմնավորման մի զրույց՝ «բեսեդկայում խոսող ընկերների միջև»: Փոխվարչապետն ինքն է իր կողմից հնչեցված նորությունն անվանում «օդում կախված լուր», որը ներկայացնելիս նաև ինքն իրեն մերժում է և կասկածում իր իսկ կողմից ասվածի իսկության մեջ:
Խոստովանենք, որ այդ լուրերը բավականին լարված էին պահում հասարակությանը, առավել ևս, որ դրանք մատուցվում էին «դրամատիկ» երաժշտության ուղեկցությամբ: Բոլորը սպասում էին, թե երբ պետք է «կախեն» ու «քառատեն» երեխաներին և նրանց օրգանները մասնատող սատանաներին, սոցիալական հարթակներում հայհոյանքների և անեծքների պակաս չկար: Հասարակության նման արձագանքը, մոտեցումը տրամաբանական էր, և հասկանալի էր, որ մեր քաղաքացիների համար անընդունելի էր երեխաներին վաճառելու, նրանց անօրինական որդեգրելու գաղափարը:
Այդ ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ ԱԱԾ-ի հայտարարությունը հերթական շոու ծրագիրն էր, հասարակությանը շեղելու և զբաղեցնելու միջոց: Նման եզրահանգման 168.am-ը հանգել է լրագրողական հետաքննություն իրականացնելու, ՀՀ օրենսդրությունը և իրավիճակը վերլուծելու, գործի ընթացքին հետևելու արդյունքում: Մենք ծավալուն հարցումներ ենք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, Արդարադատության նախարարություն, ՀՀ Քննչական կոմիտե, Սոցապ նախարարություն և մեր եզրահանգումները կատարել նաև ըստ ստացված պատասխանների:
Ինչպե՞ս սկսվեց, կամ թավշյա աղետի առաջին փուչիկը
Եվ այսպես՝ 2019 թ. նոյեմբերի 14-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ անօրինական որդեգրումները «բացահայտվել են», իսկ մեղավոր անձինք՝ ձերբակալվել:
Նկատենք՝ «բացահայտել»՝ նշանակում է գործը քննվել և ուսումնասիրվել է, որի արդյունքում ապացուցվել է որոշ անձանց մեղավորությունը: Հետաքրքիրն այն է, որ գործը հարուցվել է հոկտեմբերի 26-ին, իսկ հանցագործության բացահայտված լինելու մասին հայտարարվեց 20 օր հետո: Փաստորեն 20 օրվա ընթացքում հնարավոր է բացահայտել մի խումբ անձանց կողմից կատարված հանցագործություն:
Իրականում այդքան կարճ ժամանակում պարզապես հնարավոր չէր բացահայտել նման կարգի բարդ սխեմա, եթե այն իրապես առկա է: Անգամ, եթե որևէ ապացույց հնարավոր լիներ ձեռք բերել, ապա ԱԱԾ-ի հայտարարությունից հետո այն պարզապես կոչնչացվեր ենթադրյալ հանցագործների կողմից: Այնպես որ, բացահայտվելն ու երկու թուղթ իրար կարելը տրամագծորեն տարբեր բաներ են: Փաստը մնում է փաստ, որ գործի նախաքննությունն ավարտվում է և դատարան է ներկայացվում միայն 2022 թ., և այդ զարհուրելի մեղադրանքի պարագայում որևէ անձ ներկա պահին ձերբակալված չէ:
Հուսանք՝ մեր զգայուն հանրությունը հասկանում է, որ եթե իրավապահ մարմիններն իրապես փաստեր ունենային «ապօրինի որդեգրումների» առանցքային դերակատարներին (իսկ նրանց թիվը մեկ տասնյակից ավելի է.- Գ.Ս.) ձերբակալելու, ապա նման հնարավորությունը բաց չէր թողնվի, իսկ ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) կողմից հաղթանակած երաժշտությամբ այդ մասին կհայտարարվեր: Հանցագործության բացահայտման մասին անլուրջ հայտարարություններով հանրության ուշադրությունն իրենց ապաշնորհ կառավարումից շեղելու հետ մեկտեղ՝ ՀՀ իրավապահ համակարգը մոռացել է նույնքան ակտիվորեն ու պաթոսով հանրությանը տեղեկացնել, որ բոլոր մեղադրանքներն ու ձևական «ձերբակալություններն» անհիմն են համարվել դատական համակարգի կողմից: Բացի այդ, այսպես կոչված, «հանցավոր խմբի» որոշ անդամներ արդեն իսկ դիմել են Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, անհիմն ձերբակալությունների համար:
«Դեգերող» գործի ոդիսականը
Ըստ էության ԱԱԾ-ն արդեն իսկ գործի քննության արդյունքում հասկացել է, որ գործում ոչ մի հանցակազմ չկա, և խայտառակ չլինելու համար գործը բարդել է Քննչական կոմիտեի վրա:
Քննչական կոմիտեն մեծ եռանդով գործի քննությունը սկսելուց հետո նույնպես հասկացել է, որ խճճվում է, բայց որպեսզի իր վրա չվերցնի հանցագործության բացակայության հայտարարությունը, ափալ-թափալ Գլխավոր դատախազության հետ միասին գործը բարդել են դատարանի վրա: Այդ գործից հնարավորինս արագ պրծնելու ցանկությունն այնքան մեծ էր, որ ամբողջ գործը կարծես թե կազմված լինի սուրճի բաժակը նայելու տարբերակով՝ գուշակությամբ:
Դատարանը, ցավոք, չի կարող ոչ մեկի վրա բարդել, և ժողովրդի լեզվով ասած՝ թեման մնացել է դատարանի վրա:
Փաստն այն է, որ, եթե իրոք հանցագործություն է տեղի ունեցել, ապա շղթայաբար մեղադրանք առաջադրվելու էր նաև Ոստիկանության, Կառավարության աշխատակիցներին, որոնք անհասկանալի կերպով գործին ներգրավված չեն, մինչդեռ առանց վերջիններիս թույլտվության և մասնակցության որդեգրում պարզապես տեղի չէր ունենա, և «հանցագործությունն» ավարտին չէր հասցվի:
Դատախազությունը և դատարանը թերևս իրենց հույսը դրել են այս գործի վաղեմության ժամկետն անցնելու վրա: Հուսանք՝ չեն հերքի, որ որոշ մեղադրյալներ արդեն իսկ դիմել են գործն իրենց մասով կարճելու համար՝ վաղեմության ժամկետը անցնելու հիմքով, մնացածին մնացել է՝ մինչև 4 տարի համբերեն:
Ի դեպ, դատարանում գործը քննվում է արդեն 3 տարի, և այս ընթացքում դատարանը դեռևս չի անցել դատաքննության փուլ, այսինքն, ըստ էության բան չի արվել: Պարզվել է նաև, որ մեղադրանքում նշվում են 2016-2018 թթ. ընթացքում Իտալիա որդեգրված ոչ բոլոր երեխաները:
Ստացվում է, որ նույն օրենքով ու կարգով, իտալական նույն կազմակերպության և նրա ներկայացուցչի մասնակցությամբ երեխաների մի մասը վաճառվել է, իսկ մյուս երեխաները չեն վաճառվել: Մինչդեռ տարօրինակ զուգադիպությամբ՝ բոլորի համար իտալացիները վճարել են եվրոների միևնույն քանակը:
Ընտրովի մոտեցումը հիմնավորվում է Քննչական կոմիտեի և Դատախազության անփույթ աշխատանքով կամ որոշ որդեգրումների դիտավորյալ անտեսմամբ, որը չի փաստում նրանց՝ արդարադատությանը հասնելու նպատակը: Հետաքրքիր է՝ այդ մասին ի՞նչ բացատրություն ունի Դատախազությունը: Որքանով պարզ դարձավ, Դատախազությունը դիտավորյալ գործից հանել է Իտալիայի բարձր պաշտոնյաների կողմից որդեգրված երեխաների անունները: Դե, երևի թե նրանց կարելի էր «երեխա գնել», մյուսներին՝ ոչ: Իսկ միգուցե մեր արդար և ժողովրդավարության բաստիոն Կառավարությունը վախեցե՞լ է հարված ստանալ Իտալիայից:
Հետաքննության արդյունքում 168.am-ը մի շարք այլ բացահայտումներ է արել, որոնք չեն բարձրաձայնվում կառավարության կամ իրավապահ մարմինների կողմից:
Ի՞նչ իրավիճակ է հիմա որդեգրման ոլորտում, որդեգրվո՞ւմ են արդյոք երեխաներ
Առաջին ուշագրավ բացահայտումն այն է, որ քրեական գործը հարուցելուց հետո ՀՀ կառավարությունը շարունակել է համագործակցել իտալական նույն կազմակերպությունների և ներկայացուցիչների հետ, որոնք իբրև թե երեխա են վաճառել: ՀՀ կառավարության նիստերին պաշտոնապես քննարկվել են երեխաների որդեգրման գործերը, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ թույլատրվել է երեխաների որդեգրումն Իտալիա:
Հետաքրքիրն այն է, որ 2019 թ. առ այսօր օրենսդրական որևէ փոփոխություն չի կատարվել, և ՀՀ կառավարությունը գործել է նույն ընթացակարգով, որով ղեկավարվում էր դեռևս 2010 թվականից: Այդ դեպքում չի հասկացվում՝ եթե 2016-2018 թթ. Իտալիա կատարած որդեգրումներն անվանվել են երեխաների վաճառք, ապա ինչպե՞ս ստացվեց, որ դրանից հետո կատարված որդեգրումներն օրինական են:
Եթե իրոք հանցագործություն է տեղի ունեցել, ապա նվազագույնը, ինչ կառավարությունը պետք է աներ, դադարեցներ որդեգրումները, այն էլ՝ Իտալիա: Նույն Արտաքին գործերի (ԱԳՆ) նախարար դարձած փոխվարչապետը, նաև Նիկոլ Փաշինյանը պետք է շահագրգռված լինեին համագործակցությունը դադարեցնելու մեջ՝ այդ մասին հայտնելով Իտալիայի գործընկերներին:
Բայց արի ու տես, որ կառավարությունը քրեական գործ հարուցված լինելու պարագայում թույլատրել է՝ երեխաները որդեգրվեն Իտալիա նույն անձանց ներգրավվածությամբ, որոնք մեղադրվում են երեխա վաճառելու մեջ:
Դա բավական է հասկանալու համար, որ երեխաների վաճառքի մասին ամպագոռգոռ հայտարարությունները սին են, և իրականում որևէ հանցագործություն չկա:
Ի դեպ, ինչպես հասկանում ենք, նույն կերպ երեխաները որդեգրվել և շարունակում են որդեգրվել ԱՄՆ, բայց ԱՄՆ որդեգրումների մասին Քննչական կոմիտեն որևէ հրապարակում չի անում: Մինչդեռ ցանկացած երկիր որդեգրելիս ղեկավարվում են նույն օրենսդրությամբ և կարգերով:
Իտալիայի կառավարության դիրքորոշումը
Իտալիա որդեգրումները շարունակվեցին, մինչև հենց Իտալիայի կառավարությունը ինքը հայտարարեց, որ կասեցնում է համագործակցությունը Հայաստանի հետ: Ինչպես պարզեցինք, Իտալիայի կառավարությունը, այդպես էլ չստանալով պարզաբանում քրեական գործի նպատակի մասին, խեղկատակ չլինելու ու խեղկատակների հետ գործ չունենալու համար հայտարարեց՝ ԲԱՎԱԿԱ՛Ն Է, կշարունակենք աշխատել, մինչև Հայաստանն ինքը չհասկանա, թե ինչ է ուզում: Հայաստանը դարձավ անհուսալի գործընկեր: Իտալիայի կառավարությունը նույնպես չէր ընկալում՝ ինչպես կարելի է շարունակել համագործակցել, եթե գործընթացում առկա են հանցավոր տարրեր:
Եվ իրականում զավեշտալի և միևնույն ժամանակ ամոթալի իրավիճակ է՝ ՀՀ կառավարությունը շարունակում է որդեգրումները, իսկ դրան զուգահեռ՝ Գլխավոր դատախազությունը որդեգրումները դատարանում անվանում է երեխաների վաճառք, և դա՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և հսկող դատախազ Սամվել Հակոբյանի անմիջական գլխավորությամբ:
Ինչո՞ւ գլխավոր դատախազը չի կասեցնում որդեգրումները
Ով՝ ով, բայց Աննա Վարդապետյանը պետք է որ տիրապետեր իրավիճակին, քանի որ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում հենց ինքն է համակարգել միջազգային որդեգրումները: Հանցավոր չէ՞ Աննա Վարդապետյանի անգործությունը, որ չի միջնորդել կառավարությանը դադարեցնել որդեգրումները, մինչև գոնե դատարանում գործի ավարտը, որը, ի դեպ, նրա պարտավորությունն է: Նման պարտականություն է ենթադրում միջազգային որդեգրումները կարգավորող Հաագայի 1993թ. կոնվենցիայի 33-րդ հոդվածը:
Նույնը վերաբերում է ԱԱԾ-ին և ՀՀ քննչական կոմիտեին: «Հանցագործություն է եղել», 6 տարի քննում եք, 10 հոգուց ավել մեղադրյալ եք ներգրավել, էդ նույն մարդիկ ինչո՞ւ են կրկին ներգրավված որդեգրումների գործընթացում:
Իրավիճակն իսկապես սյուռ է, և դա փաստում է պաշտոնավարող անձանց ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին: Արարատ Միրզոյանի «օդում կախված լուրերով» իրավապահ մարմինները գործը նկարել, մնացել են տակը, մի կերպ բրթել են դատախազություն, հետո՝ դատարան, որպեսզի ամեն ինչ մնա դատարանի վրա, քանի որ ըստ էության ոչ մի հանցակազմ անցած տարիների ընթացքում հնարավոր չի եղել բացահայտել: Եվ ոչ մեկի «դուխը» չի բավականացրել ընդունել սխալ գործ հարուցելու փաստը: Իսկ, եթե անգամ ենթադրենք, որ երեխաները վաճառվել են, ապա միջազգային որդեգրումները չդադարեցնելը նույնպես հանցագործություն է և չի վկայում կառավարության պրոֆեսիոնալիզմի մասին:
Միևնույն երկրում, միևնույն հարցի շուրջ տարբեր հիմնարկներ իրարից անտեղյակ խաղ են անում՝ «շունը տիրոջը չի ճանաչում» իրավիճակին համապատասխան: Այսինքն՝ կամ կառավարությունն է անտեսում դատախազությանը, կամ դատախազությունը՝ կառավարությանը, կամ բոլորի համար միևնույն է, թե ինչ է կատարվում:
Էլ ավելի հետաքրքիր էր, երբ 168.am-ը պարզեց, որ Աննա Վարդապետյանն Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում ոչ միայն համակարգել է միջազգային որդեգրումները, այլ հանդիսացել է համապատասխան աշխատանքային խմբի նախագահ:
(Շարունակելի)
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test