Ստեփանակերտցի 17-ամյա Նարե Առուշանյանն իր լուսանկարչական աշխատանքների առաջին ցուցադրությունը ունեցավ Երեւանում: Նա շուրջ 150 հազար արցախցիների հետ մահվան սպառնալիքի տակ հարկադրված է եղել լքել հազարամյա իր պապական բնօրրանը:
Երեւանում Նարեն ուսումը շարունակում է Ավետիսյան դպրոցում: Տնօրեն Մելանյա Գեղամյանը Նարեի մասին ասաց. «Երբ Նարեն եկավ, շատ տխուր էին նրա աչուկները: Այդպես էլ 40-ից ավելի աշակերտները շատ-շատ տխուր էին: Ու յուրաքանչյուրի ցավը խոսում էր նրանց աչքերով: Դպրոցին շատ մեծ ուժ, ջանք ու եռանդ էր պետք, որպեսզի այս երեխաներին ապացուցեինք, որ իրենք իրենց տանն են, եւ մենք իրենց շատ սիրում ենք:
Նարեն իրեն շատ շուտ գտավ դպրոցում, որովհետեւ շատ մարդամոտ է, շատ ընկերասեր, շատ բաներով անցած: Եվ ամենակարեւորը՝ օգնության սիրտ ունի: Տենչում է, որ կարողանա շատ օգտակար գտնվել իր հայրենիքին: Հայրենիքից դուրս, հայրենիքը կորցրած, բայց այդ գաղափարին երբեք չհամակերպվող է Նարեն»:
Ինքը՝ Նարեն, ասում է. «Ես հանկարծ զգացի, որ սկսում ենք մոռանալ Արցախի մասին, սկսում ենք մոռանալ շատ-շատ բաների մասին՝ ով ենք եղել մենք, ինչի համար պետք է պայքարենք մենք: Որոշեցի, որ երկու տարի արդեն անցել է ու այս ցուցահանդեսով պիտի արցախցիներին համախմբել, հրավիրել իմ հասակակիցներին, որ ցուցահանդեսի ընթացքում միասին հիշենք Արցախը, խոսենք Արցախի մասին ու չմոռանանք մեր Արցախը: Պետք է անենք ամեն ինչ, որ այսպիսի բան էլ չլինի, պետք է անենք ամեն ինչ, որ Արցախը հետ բերենք: Ու դա պիտի բոլորիս համար առաջին հերթի պարտքը դառնա»:
17-ամյա Նարե Առուշանյանի արտահայտած մտքերը ավելի շատ բնութագրական են հասուն տարիքի մարդկանց: Aravot.am-ի հարցին, թե ինքը երբ հասցրեց այսքան հասունանալ, պատասխանեց. «Երեւի 2020 թվականի պատերազմից հետո: Արդեն սկսեցի այլ կերպ նայել կյանքին: Եվ այդ ժամանակվանից սկսեցի հասկանալ, թե ինչ եմ ուզում անել, ոնց եմ ուզում անել: Երկրորդ անգամ, որ շատ կտրուկ հասունացա, թերեւս 2023 թվականի պատերազմն էր: Այդ ժամանակ երեւի շատ մեծ ցավից սկսեցի ավելի շատ հասունանալ»:
Նարեն մտադիր է սովորել ամերիկյան թոփ համալսարաններից մեկում: «Երբ խոսում եմ դուրս գալու մասին, նպատակս չի մնալ դրսում: Դա նրա համար է, որ գնամ, սովորեմ, հետ գամ, այդ ամենն օգտագործեմ այստեղ: Դրսում իմ սովորելը կօգնի, որ այստեղ ավելի գրագետ լինեմ իմ աշխատանքի մեջ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test