Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սխալ էր Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ժառանգության ցանկից ասեղնագործությունը հանելը. Լուսինե Մխիթարյան news.am news.am

time

NEWS.am-ի գիտահանրամատչելի՝ «Բա իմացա՞ր» ալիքի «Հայկական արհեստների վերածնունդ» խորագիրը կրող հարցազրույցների շարքի հերթական հյուրը ասեղնագործուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական վարպետ Լուսինե Մխիթարյանն է, ով մեծ գործ է անում հնուց եկած ասեղնագործության ավանդույթները, հնարքներն ու եղանակները պահպանելու, զարգացնելու և դրանք սերունդներին փոխանցելու ուղղությամբ: Լուսինեն հայկական ասեղնագործության վերաբերյալ գրքերի, այդ թվում՝ «Մարաշի ասեղնագործության գաղտնիքները», «Հայկական ասեղնագործ ժանյակ», «Շեղանկյունաձև ասղամաններ»-ի հեղինակն է:

Լուսինե, արդյոք հաջողվե՞լ է մասնագետներին հավաքել, ի մի բերել և հրապարակել հայկական ասեղնագործության վերաբերյալ համապարփակ գիտահանրամատչելի նյութեր, ինչը թույլ կտա սկսնակ ասեղնագործողներին և այս արհեստով հետաքրքրվողներին ծանոթանալ հայկական ասեղնագործության ավանդույթներին, եղանակներին, սովորել ինքնուրույն ասեղնագործել:

Հայկական ասեղնագործության վերաբերյալ նյութերը շատ են, պարզապես շատ մարդիկ ծանոթ չեն այդ նյութերին: Առհասարակ, հայկական ասեղնագործության գրքերի մասին խոսելիս պետք է հիշել ազգագրագետ, արվեստագիտության թեկնածու Սերիկ Դավթյանին, ով ուսուցանում և տարածում էր հայկական ասեղնագործության մշակույթը: Նա առաջինն էր, ով համակարգեց հայկական ասեղնագործության վերաբերյալ հսկայական նյութերը, բաժանեց դպրոցների, ուղղությունների, հրապարակեց պահպանված ձեռագործների անվանումները, որից մենք այսօր օգտվում ենք: Նա հավաքագրել է ժողովրդական ասեղնագործության բազմաթիվ նմուշներ, հնարքներ և դրանք զետեղել է գրքերում։ Սերիկ Դավթյանի շնորհիվ է, որ այսօր բազմաթիվ կարատեսակների անուններ, այդ թվում՝ Մարաշի ասեղնագործություն, Վանի կար, Սվազի կար և այլն, հասել են մեզ: Սկսնակներին խորհուրդ կտամ ծանոթանալ Սերիկ Դավթյանի գրքերին, որոնք լույս են տեսել դեռևս Խորհրդային ժամանակաշրջանում:

Մենք ասում ենք, որ հայկական ասեղնագործությունը հարուստ ժառանգություն ունի, սակայն որքանո՞վ է այսօր այն աշխարհում ճանաչելի: Գաղտնիք չէ, որ մեր հարևաններից, մասնավորապես Թուրքիան, վերցրել է հայկական ասեղնագործության նմուշներ, նախշեր և դրանք վերագրել է իր ժողովրդին: Առհասարակ, ի՞նչ պետք է անել հայկական ասեղնագործության միջազգայնացման, հանրահռչակման, տարածման ուղղությամբ։

Այս հարցում իմ մոտեցումը մի փոքր ուրիշ է: Այն ամենին, ինչին դիպչում ենք, ասում ենք՝ բա աշխարհը չիմանա՞ սրա մասին: Եկեք այս հարցում հստակ հիմնաքարեր դնենք. առաջին հերթին ասեղնագործության տարածումը պետք է մեզ՝ հայերիս, այսինքն մեզ է պետք մեր ժանյակը, որպեսզի մեր կարատեսակները շարունակվեն: Օրինակ՝ Վանի կլոր ժանյակը դուք կարող եք հանդիպել Հայաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, Եգիպտոսում, Ռուսաստանում, Պարսկաստանում, Թուրքիայում, այնտեղ որտեղ հայեր են ապրել և ապրում: Երկրորդ հիմնաքարն այն է, որ, իսկապես մենք պետք է պահպանենք այն, ինչ որ եղել է, որովհետև այս արվեստը դժվար արվեստ է: Հայերը երբեք հեշտ բան չեն արել, և ընդհանրապես բոլորին, նաև իմ աշակերտներին սովորեցնում եմ, որ լավ բաները միշտ լինում են դժվար, և մեր բոլոր կարատեսակները դժվար են, այսինքն մեր խնդիրն է պահպանել այն, ինչը ստեղծել են մեր նախնիները, ոչ թե վազել միայն պարզի և հեշտի հետևից: Այսօր Թուրքիայում ներկայացված կարատեսակների մի մասը համարվում է թուրքական, բայց դրանք իրականում ստեղծել են հայերը, հույները և բոլոր այն ազգերը, ովքեր որ ապրել են Օսմանյան կայսրության տարածքում։ Ինչ վերաբերում է հայկական ասեղնագործ ժանյակին, այն այդպես էլ ճանաչվում է նույնիսկ Թուրքիայում, այսինքն քանի որ մենք դա ունենք, պահել ենք, դրան չեն կարողանում դիպչել: Չեն կարողանում դիպչել նաև Մարաշի ասեղնագործությանը՝ դարձյալ շնորհիվ նրա, որ հայկական մշակույթում սիրիահայ մեր վարպետների շնորհիվ պահպանվել և սերնդե սերունդ փոխանցվել է ասեղնագործության այս տեսակը:

Նախորդ տարի ասեղնագործությունը հանվեց Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկից և ներառվեց կենսունակ արժեքների ցանկում: Ձեր կարծիքով՝ ասեղնագործությունը՝ մասնավորապես Մարաշի ասեղնագործությունն այսօր իսկապե՞ս կենսունակ արհեստ է:

Հայ ժողովուրդը ասեղնագործությունը կենսունակ է պահել միշտ: Դրա հետ կապված մի հետաքրքիր, բայցև սարսռեցնող փաստ պատմեմ: Ցեղասպանությունից հետո որբանոցներում, երբ արևմտյան միսիոներ կանայք փրկում էին հայ որբերի կյանքերը, բուժում, վիրակապեր դնում վերքերին, հայ որբերը այդ վիրակապերի թելերը միջից հանում ու դրանով ժանյակ էին գործում, այսինքն, անգամ նման իրավիճակում, հայկական ասեղնագործությունը կենսունակ էր: Կարծում եմ, սխալ էր ասեղնագործությունը հանել անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկից, քանի որ կան շատ կարատեսակներ, որոնք դեռ կենսունակ չեն: Այսինքն մի կարատեսակը կենսունակ է, մի քանիսը՝ ոչ: Օրինակ, երբ շատերը սկսեցին հետաքրքրվել Մարաշի կարատեսակով, այն տարածվեց. ստեղծվեցին նոր խմբեր, նոր վարպետներ, սկսեց կիրառվել հագուստների վրա, նորաձևության և դիզայնի մեջ և այլն, սակայն դեռ կան կարատեսակներ, որոնցով դեռ ոչ ոք չի զբաղվում, անգամ հայկական ժանյակների տեսակներ կան, որոնք կարող վարպետներ չկան Հայաստանում, կամ կան կարատեսակներ, որոնք միայն մի վարպետ է անում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ դիտեք NEWS.am-ի «Բա իմացար» ալիքում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test