Միացյալ Նահանգների նախագահն առևտրային պատերազմ է հայտարարել ամբողջ աշխարհին։ Գրեթե բոլոր գործընկեր երկրների հետ համատարած բարձրացնում է ներմուծման մաքսատուրքերը՝ ակնկալելով մի կողմից՝ պաշտպանել ներքին տնտեսությունը, մյուս կողմից՝ լցնել պետական բյուջեն։
Չնայած Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության վերաբերյալ վերջերս՝ հունվարին ստորագրված փաստաթղթին՝ հայտարարված առևտրային պատերազմից զերծ չի մնացել նաև Հայաստանը։ Բայց այդ հարվածից Հայաստանը, ըստ ամենայնի, «չոր» դուրս կգա։ Ոչ թե այն պատճառով, որ Միացյալ Նահանգներ մեր ապրանքների արտահանման նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը չեն բարձրացել կամ քիչ են բարձրացել, այլ որովհետև կորցնելու բան գրեթե չեն թողել։
Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբն ամերիկյան շուկա հայկական ապրանքների արտահանումն այն մակարդակի են հասցրել, որ եթե անգամ ընդհանրապես զրոյանա, Հայաստանը մեծ կորուստներ չի ունենա։ Այ այդքան չնչին է մեր արտահանումը Միացյալ Նահանգների հետ։
Օրինակ՝ 2024թ. կազմել էր ընդամենը 59 մլն դոլար, 2023թ. էլ՝ հազիվ 48 մլն դոլար։
Սա մեր արտահանման ընդամենը 0,5-0,6 տոկոսն է։
Տնտեսությունից հասկացող ու չհասկացող պաշտոնյաներին թողնես՝ արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի վերաբերյալ ժամերով ճառեր կասեն, այնինչ՝ վերջին տարիներին տնտեսությունն այն օրի են հասցրել, որ Միացյալ Նահանգներ մեր ապրանքների արտահանումը ոչ մի ցենտով ոչ միայն չի ավելացել, այլև նվազել է։ Մինչև «հեղափոխականների» իշխանության գալը Հայաստանից ավելի շատ ապրանքներ էին մատակարարվում ԱՄՆ, քան հիմա։ 7 տարում որևէ առաջընթաց չի եղել։
Անցած տարի արտահանումը Միացյալ Նահանգներ կազմեց ընդամենը 59 մլն դոլար, այն դեպքում, երբ 2017թ., քանի դեռ Փաշինյանի ասած՝ նախկին «թալանչիներն» էին իշխանության ու Հայաստանի տնտեսությունը հեղափոխական տեմպերով չէր զարգանում, արտահանվել էր 66 մլն դոլարի ապրանք։
Տնտեսության աննախադեպ աճերից են խոսում, բայց հայկական ապրանքների արտահանումը նվազել է, այդ թվում՝ ամերիկյան շուկայում։ 2017թ. Միացյալ Նահանգների բաժինը Հայաստանի արտահանման մեջ 3 տոկոս էր, հիմա՝ 0,5 տոկոս՝ 6 անգամով կրճատվել է։
Ու հիմա, երբ Հայաստանը, լինելով ռազմավարական գործընկեր, հայտնվել է ԱՄՆ մաքսային նորացված քաղաքականության հարվածի տակ, շուտով սա էլ կարող է դադարել։
Հատկապես որ, Միացյալ Նահանգներից խիստ զգուշացումներ են հնչում այն երկրների նկատմամբ, ովքեր էներգակիրներ, մասնավորապես՝ գազ, նավթ, միջուկային վառելիք են ներկրում Ռուսաստանից։ Այդ երկրներից ներմուծումներ կատարելու պարագայում ԱՄՆ-ը սպառնում է ընդհուպ 500 տոկոս մաքսատուրք սահմանել։
Հայաստանը կարող է ընկնել այս մաքսատուրքերի տակ, իսկ դա նշանակում է, որ այդ պարագայում ամերիկյան շուկան ընդհանրապես կփակվի հայկական արտահանումների համար։
Մաքսատուրքերի անգամ այն 10 տոկոս բարձրացումը, որի տակ հայտնվել է Հայաստանը, բավական է, որպեսզի հայկական ապրանքներն ամերիկյան շուկայում կորցնեն մրցունակությունը, ինչը երբեք էլ բարձր չի եղել։ Մաքսատուրքերի բարձրացումը կհանգեցնի դրանց գների աճին, ու կարող է այնպես ստացվել, որ եղած մի քանի տասնյակ միլիոնի արտահանումն էլ կրճատվի։ Գների բարձրացումը կազդի պահանջարկի վրա։ Առանց այդ էլ՝ հայկական ապրանքների պահանջարկը դրսում մեծ չէ։ Դրանք մրցունակ չեն զարգացած երկրների շուկաներում։
Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի վարչախմբի իրականացրած տնտեսական ու հատկապես արժութային քաղաքականությունն ավելի է թուլացրել այլ երկրների շուկաներում հայկական ապրանքների մրցունակությունը։ Դա ակնհայտ է Միացյալ Նահանգների հետ առևտրային հարաբերությունների պարագայում, բայց միայն Միացյալ Նահանգներին չի վերաբերում։ Բազմաթիվ երկրների հետ Հայաստանի արտահանման ծավալները կրճատվել են։ Ներքին արտադրության վրա հիմնված ընդհանուր արտահանումն է նվազել։ Ամրապնդված դրամը, առավել ևս՝ դրսի շուկաներում, մեծապես ազդել է հայկական արտահանման մրցունակության վրա։
Սրա հետ չպետք է խառնել վերջին տարիների արտահանման հսկայական աճերը, որոնք Հայաստանի տնտեսության հետ բացարձակապես կապ չունեին։ Հայաստանի տնտեսության հետ կապ ունեցող ապրանքների արտահանման առումով արտաքին շուկաներում տեղաշարժեր չկան։
Ազգային արժույթի 25 տոկոսանոց արժևորումն այս ամենի մեջ թողել է իր հետքը։ Դրանից տուժել է տնտեսությունը։ Այսօր էլ դրամի ամրապնդումը կործանում է մեր տնտեսությունը, բայց իշխանությունները հետևողականորեն նույն գիծն են առաջ տանում։ Պատահական չէ, որ ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև եվրոպական երկրների շուկաներում է կրճատվել հայկական ապրանքների արտահանումը։
Անցած տարի ԵՄ արտահանումը Հայաստանից կազմեց ընդամենը 611 մլն դոլար։ Սա ավելի քիչ է, քան մինչև 2018 թվականը՝ այս չարաբաստիկ «հեղափոխականների» իշխանության գալը։
2017թ. Եվրամիության երկրներ Հայաստանից արտահանումը կազմել էր 633 մլն դոլար, 2018թ. էլ՝ 683 միլիոն։ Այն ժամանակ ԵՄ երկրների մասնաբաժինը Հայաստանի արտահանման մեջ անցնում էր 28 տոկոսից, 2024թ. կազմել է հազիվ 4,7 տոկոսը, գրեթե 6 անգամով կրճատվել է։
Այսպես են զարգացրել Հայաստանի տնտեսությունը, բարձրացրել արտահանման կարողություններն ու մրցունակությունը։ Ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ՝ ԵՄ երկրների շուկաներում հայկական ապրանքների մատակարարումներն ընդլայնվելու փոխարեն՝ նվազել են։
Սա է եղել համաշխարհային շուկաները նվաճելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ժամանակին արած հայտարարությունների ու իրականացրած տնտեսական քաղաքականության արդյունքը։ Եկել է նաև եղած շուկաները կորցնելու ժամանակը։ Մաքսատուրքերի բարձրացումը թուլացնելու է հայկական ապրանքների դիրքերն ամերիկյան շուկայում։ Այն մի քանի տասնյակ միլիոն դոլարի արտահանումները, որոնք դեռ կան, շուտով դրանցից էլ կարող ենք զրկվել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test