ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն միլիարդավոր դրամների շրջանառություն կա անհատ տաքսիների՝ էլեկտրոնային հարթակներով:
«Մենք տեսնում ենք էլեկտրոնային հարթակներից օգտվողների քանակը: Անհատ տաքսիները, առաջին 10 օրերին եմ հետաքրքրվել, մոտ 30 գրանցում ունեին, հիմա կթարմացնենք և պարբերաբար կտեղեկացնենք»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ խոսելով սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքից, ըստ որի՝ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի բնորոշմամբ՝ այս ամենը բուտաֆորիա է՝ չկան տաքսի ծառայություններ, կան օնլայն 2-3 ընկերություններ, և վերջ։
«Եթե տաքսի ծառայությունը լիցենզիա չի ստացել, ինչի՞ հիման վրա է վճարումներ անում։ Տաքսու լիզենցիա չեն տվել, ոչ մեկը չի հանել, այդ վճարումներն ո՞վ է արել՝ միայն օնլայն տաքսի ծառայությունները, չէ՞։ Հետևաբար՝ ինչի՞ հիման վրա են այդ գումարը գանձում, այս ամեն ինչն անօրինական է։ Հայտարարությունները, թե շրջանառությունից գոհ են և այլն, ձևական բնույթ է կրում, իրենք գոհ են միայն օնլայն ընկերություններից, որոնք իրավունք չունեն աշխատելու։
Դեռևս 2015 թվականին, 9 տարի առաջ տաքսի ծառայություններն ավելի շատ գումար էին վճարում բյուջե, քան հիմա, թող գլուխ չգովեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահագն Սահակյանը։
Ըստ մեր զրուցակցի, մի քանի տաքսի ծառայություններ կան, հիմա այնպես են ուզում անել, որպեսզի նրանց ինտեգրեն «Յանդեքս» օնլայն տաքսի ծառայությունում, ու վերջ։ Արդյունքում ստացվելու է, որ ՀՀ-ում ամբողջ տաքսի ծառայությունն իրականացնելու է մի ընկերություն, որը տարբեր տեղեկություններով՝ ադրբեջանական է, որն էլ ոլորտը վերահսկելու է։
«Սա ուղղակի տաքսի չէ, մեր բոլորի կոորդինատներն ունի։
Տևական ժամանակ է՝ կոկորդս եմ պատռում, ասում եմ՝ սա միակ ոլորտն էր, նաև հանրային սննդի ոլորտը, որոնք մնացել էին ազատական, հիմա սրանք էլ են դարձնում մենաշնորհային։
Մինչև 2015 թվականը ՀՀ-ում 1100 տաքսի ընկերություն է գործել, դրա 90 տոկոսը գրանցված է եղել, «Յանդեքս» տաքսի ծառայության ներմուծումից հետո 1100 տաքսի ծառայություն փակվել է։ Փոխարենը՝ դաշտ բերեցին մեկին, ով առանց որևէ մեկին որևէ բան հարցնելու, ինչպես ուզում՝ այնպես էլ աշխատում է։ Հիմա այս մեկ տաքսի ծառայությունն ինչ գնի ու որակի ծառայություն առաջարկի քաղաքացիներին, նրանք ստիպված պետք է օգտվեն։
Իրենց պետք է, որ ինչ-որ մեկն այդ ամենից փայ ունենա, և տարբեր խոսակցություններ կան, որ «Յանդեքսը» բաժնեմաս է տվել ՀՀ ամենաբարձր պաշտոնին նստած անձին։
Քանի մեր երկրի ղեկավարությունն ազգային չէ, ի՞նչ տաքսի ծառայության մասին է խոսքը։ Ասում են՝ մարդիկ զբաղվում են քաղաքականությամբ, բա ի՞նչ անեն»,- եզրափակեց Վահագն Սահակյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test