Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երբ երեխան հասարակ բառերը տառասխալով է գրում, գիրք չի կարդում, ի՞նչ էսսե պետք է գրի hraparak.am hraparak.am

time

Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզի 9-րդ դասարանն ավարտող աշակերտներն առաջին անգամ «Հայոց պատմություն» եւ «Գրականություն» առարկաներից քննություն են հանձնել միասնական էսսեի ձեւաչափով: Հաշվի առնելով, որ այս տարի Տավուշի մարզում նոր չափորոշիչով ուսումնառություն անցած աշակերտներն արդեն ավարտական դասարաններում են, քննությունների ձեւաչափերը փոխվել են նոր չափորոշչի տրամաբանությանը համապատասխան։

Տավուշցի 9-րդ դասարանցիներին, որոնք նախօրեին հանձնել են «Գրականություն» եւ «Պատմություն» առարկաների ինտեգրված փորձնական (պիլոտային) քննություն, տրված են եղել գրականությունից եւ պատմությունից տեքստերի հատվածներ՝ հիմնականում նույն ժամանակաշրջանի իրադարձությունների վերաբերյալ, եւ պետք էր դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ գրել էսսե՝ ըստ չափանիշների ու վերլուծական կարողությունների:

Այս ձեւաչափով քննությունը հաջորդ տարի եւս կանցկացվի միայն Տավուշի մարզում՝ կրկին փորձնական: Վերլուծությունների արդյունքում պարզ կդառնա՝ ինչ խնդիրներ կան, ինչը փոխելու կարիք կա, եւ միայն 2026-2027 ուստարում կներդրվի մյուս դպրոցներում եւս։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, անդրադառնալով քննություն հանձնելու՝ միասնական էսսեի ձեւաչափին, դրա առավելություններին ու բացթողումներին, նկատում է․ «Եթե վերցնենք իդեալական իրավիճակ, ապա, իհարկե, էսսեն, հատկապես՝ միջառարկայական, համարվում է գիտելիքների, հմտության, մտածողության ստուգման լավագույն մակարդակ, որովհետեւ բարձրագույն մակարդակն այն է, թե մարդն ինչպես է կարողանում իր մտքերն արտահայտել։ Այդ իմաստով էսսեն, այն էլ՝ միջառարկայական, գիտելիքների ստուգման բարձրակարգ ձեւ է։ Այս առումով ես որեւէ առարկություն չունեմ։ Իմ մտահոգությունն այն է, որ նմանատիպ մակարդակի հասնելու համար երեխաները պետք է ունենան շատ լուրջ բազային գիտելիքներ, որովհետեւ թե՛ Ֆինլանդիայի, թե՛ մյուս երկրների փորձը ցույց տվեց, որ աշխատանքի եւ գնահատման նմանատիպ մեթոդները շատ ավելի լավ են ուժեղ պատրաստված երեխաների համար։ Այսինքն՝ եթե երեխան գիրք չի կարդում, գրագիտության մակարդակը ցածր է, ապա նա այս տեսակի առաջադրանքներ ուղղակի չի կարող կատարել»։

Ս․ Խաչատրյանն ասում է՝ հաճախ տարբեր առիթներով խնդրել է աշակերտներին, որ կես կամ մեկ էջի սահմաններում ինչ-որ հանձնարարություն կատարեն, բայց ականատես է եղել գրագիտության մակարդակի սարսափելի անկման։ «Անհավանական սխալներ են թույլ տալիս աշակերտները, այն աստիճան, որ մի 10-20 տարի առաջ մեր մտքով չէր անցնի, որ հայերենով գրելիս կարելի է այդպիսի սխալ անել, իսկ դա էլ պայմանավորված է նրանով, որ հիմա երեխաները շատ քիչ են կարդում, շատ քիչ են սովորում, եւ այս տեսակ առաջադրանքն «Այբ»-ի, «Քվանտ»-ի կամ «Շիրակացու» դպրոցների երեխաների համար շատ լավ է, բայց ես չգիտեմ՝ օրինակ, սովորական դպրոցի երեխան, որ հասարակ բառերը տառասխալով է գրում, գիրք չի կարդում, ի՞նչ էսսե պետք է գրի։ Սա է իմ մտահոգությունը։ Հիմա քննություններ են ընթանում, ու բոլորս գիտենք, որ արդյունքների մասով մեծ մասամբ այդ թվանշանները կեղծ են, այսինքն՝ երեխաները ստանում են դրական թվանշան, բայց բոլորս էլ գիտենք, որ եթե այդ երեխային մաթեմատիկայի խնդիր տանք, չի կարողանա լուծել։ Սա նորություն չեմ ասում, եւ անգամ կրթության պետական տեսչության ստուգումներն են ցույց տալիս, որ 40-50 տոկոս անբավարար թվանշաններ ենք ստանում։ Հիմա այդպիսի երեխաների համար էսսե գրելն ուղղակի անհավանական է։ Ես պատկերացնում եմ, թե այդ երեխաներն ինչ տառասխալներ են արել, ոնց են գրել, որովհետեւ էսսե գրելու համար դու բավականին գրքեր պետք է կարդացած լինես, մտահորիզոնդ պետք է լայն լինի, գրելու հմտություններ ունենաս։ Իսկ հիմա երեխաները ո՛չ կարդում են, ո՛չ էլ գրում, ըստ այդմ՝ ի՞նչ էսսե պետք է գրեն։ Իհարկե, սա բոլորին չի վերաբերում, եւ աշակերտների 20-30 տոկոսի համար սա շատ լավ է, բայց մեծամասնության համար սա հերթական դժվար առաջադրանքն է, որ իրենք չեն հաղթահարելու»,- ընդգծում է Ս․ Խաչատրյանը։

Համաձայն ԿԶՆԱԿ-ի, էսսեի գնահատման չափանիշները հստակեցված են, եւ աշակերտներն էսսեն պետք է գրեն դրանց համապատասխան: Ըստ այդմ, կարեւորվելու են ստեղծագործականությունը, նյութի իմացությունը, խաչվող հասկացությունների ինտեգրման կապը, աշակերտի դիրքորոշումը եւ այլն: Խնդրահարույց չե՞ն գնահատման չափանիշները, քանի որ կոնկրետ չեն եւ ցանկացած դեպքում լինելու են սուբյեկտիվ։ «Մենք գիտենք, որ էսսեի գնահատումը սուբյեկտիվ է, եւ դա էր պատճառը, որ ընդունելության քննություններից այն հանեցին, առաջ մենք ունեինք շարադրություն, փոխադրություն, բայց ինչո՞ւ հանեցին․ որովհետեւ ինչքան էլ չափանիշները գրես, այդ աշխատանքների գնահատումը միշտ ունի սուբյեկտիվ մոտեցում, որովհետեւ ինչ-որ մի միտք ես կարող եմ համարել շատ կրեատիվ, մի ուրիշ մարդ համարի, որ այդ միտքը, օրինակ, շատ վտանգավոր միտք է։ Այսինքն՝ այդ սուբյեկտիվությունը միշտ կա»,- ասում է Ս․ Խաչատրյանն ու թերահավատորեն արձագանքում, որ հաջորդիվ կարող են լինել դժգոհություններ, քանի որ, ըստ նրա, երեխաներին առանց այն էլ այսօր դպրոցներում շատ բարձր են գնահատում, հատկապես որ դա ոչ թե ընդունելության քննություն է, այլ՝ 9-րդ դասարանի, եւ դժվար թե ուզենան աշակերտներին միտումնավոր ցածր նշանակել։ «Ճիշտ հակառակը՝ կարող է մի 2 բառ էլ ուսուցիչն իր կողմից ավելացնի, որ այդ երեխան բարձր ստանա»,- նկատում է փորձագետը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test