Օրերս Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նշանակալի իրադարձություններից մեկն Ալիևի և վարչապետ Բերնեմի կողմից «Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրի ստորագրումն էր:
Փաստաթուղթը պաշտոնապես ամրագրել է համագործակցությունը պաշտպանության, անվտանգության, առևտրի, ներդրումների, կրթության և տեխնոլոգիաների ոլորտներում, բացի այդ՝ նախանշել է Ադրբեջանի աճող, եթե ոչ՝ գլխավոր դերը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում բրիտանական քաղաքականության մեջ: Ընդ որում, կողմերը նշել են, որ իրենց հարաբերությունները նախկինում էլ փաստացի կրել են ռազմավարական բնույթ: Այժմ այդ գործընկերությունը «ստացել է վերջնական՝ ավելի ամուր իրավական հիմք»:
Որոշ ոլորտային փորձագետներ չեն բացառում նաև Կասպից ծովի ափեր՝ Ադրբեջան, բրիտանական ռազմական խորհրդականների (կամ նույնիսկ զորակազմի) ուղարկման հեռանկարը՝ British Petroleum ընկերության բրիտանական սեփականությունը պահպանելու համար: Դեռևս «վաղ» Հեյդար Ալիևի ժամանակներից, որը խաղադրույք էր կատարել արևմտյան նավթագազային կորպորացիաների հետ համագործակցության վրա, ընկերությունն ամրապնդել է իր դիրքերն Ադրբեջանի միջազգային օպերացիոն ընկերություն (ԱՄՕԿ) նավթային կոնսորցիումում (30,57% մասնաբաժին)՝ հանդիսանալով նավթարդյունահանման գլխավոր օպերատորը, ներառյալ՝ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղային կոնսորցիումը (30,105%): Բացի այդ, British Petroleum -ն մինչ օրս Բաքվից ոչ հեռու տնօրինում է Սանգաչալի խոշոր նավթաընդունման տերմինալը:
Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ «բրիտանական նավթային հսկայի մասնակցությունը «Դարի պայմանագրին» (1994 թ.) և Ադրբեջանի հետագա էներգետիկ նախագծերին ապահովել է Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ՝ գրեթե անժամկետ տնտեսական շահն Ադրբեջանում: Իսկ 2016 թվականին կողմերը սկսել են կանոնավոր արտաքին քաղաքական երկխոսություն, որն ընդգրկել է տարածաշրջանային անվտանգությունն ու միջազգային քաղաքականությունը:
Ի դեպ, վերը նշված «Դարի պայմանագիրը» երկարաձգվել է 2017 թվականին՝ մինչև 2050 թվականը ներառյալ, ինչով ապահովվել է այդ տիրույթում բրիտանական հնարավոր կամ արդեն ծրագրված ռազմաքաղաքական ներկայության ժամանակահատվածը:
Լիարժեք ռազմավարական գործընկերության անցնելու մտադրության մասին կողմերը հրապարակայնորեն հայտարարել էին 2025 թվականի օգոստոսին՝ Եվրոպայի հարցերով բրիտանացի նախարար Սթիվեն Դաութիի Բաքու կատարած այցի ժամանակ: 2025 թ. հոկտեմբերին բրիտանական կառավարությունը ծանուցել էր խորհրդարանին Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու որոշման մասին: Իսկ մեկ տարի անց՝ 2026 թվականի հոկտեմբերի 6-ին, արդեն Նորին Մեծության Համագործակցության հարցերով նախարար Անաս Սարվարը հայտնել է Բաքվի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի տեքստը համաձայնեցնելու մասին:
Համապատասխանաբար, Դուբլինի հանդիպումն ավարտին է հասցրել դրա ձևակերպումն արդեն պետությունների ղեկավարների մակարդակով: Ռազմավարական գործընկերության հարցերի շուրջ կանոնավոր երկխոսությունը կպահպանվի միջկառավարական հատուկ հանձնաժողովի շրջանակներում: Ձեռք բերված հաջողությունները գնահատելու համար այն կգումարվի առնվազն տարին մեկ անգամ, կամ նույնիսկ ավելի հաճախ:
Հատկանշական է, որ Լոնդոնն Ադրբեջանի հետ կապերի ամրապնդումն ուղղակիորեն կապում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հայտնի հանդիպման հետ: Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը Լոնդոնում համագործակցության ընդլայնման հիմք են համարում: Միաժամանակ Մեծ Բրիտանիան հայտարարել է երկու հարևան կովկասյան պետությունների նկատմամբ զենքի էմբարգոյի վերացման մասին՝ պահպանելով մատակարարումների անհատական լիցենզավորումը:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ «Թրամփի ճանապարհի» հետ կապված օրակարգը լրացուցիչ հնարավորություններ է բացում Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի տնտեսական և ռազմաքաղաքական ներկայության համար: Առավել ևս դա ակնհայտ է, քանի որ փաստաթուղթը նախատեսում է և ռազմական կադրերի համատեղ պատրաստում, և պաշտպանական ձեռնարկությունների համագործակցության զարգացում (ներառյալ՝ համապատասխան օբյեկտները բրիտանական անդրծովյան տարածքներում):
Հռչակագրում առանձին տեղ է զբաղեցնում Ռուսաստանը շրջանցող հայտնի «Միջին» միջանցքի (նույն ինքը՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու) աջակցությունը, որի անբաժանելի մասը նախատեսվում է դարձնել նաև Հայաստանի Սյունիքի մարզում հիշատակված «Թրամփի ճանապարհը»:
Այս գործընկերության գործնական ուղղությունները քննարկվել են ս.թ. հոկտեմբերի 6-ին Բաքվում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստում, երբ բրիտանական Xlinks կորպորացիայի մասնակցությամբ հուշագրեր են ստորագրվել Կենտրոնական Ասիա-Ադրբեջան «կանաչ» էներգետիկ միջանցքի վերաբերյալ: Բաքուն նաև բրիտանական ընկերություններին և UK Export Finance արտահանման-վարկային գործակալությանն առաջարկել է մասնակցել նույն միջանցքի ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերին, ինչը դրական արձագանք է գտել:
Համաձայնեցվել են նաև բրիտանական ընկերությունների մասնակցությունը տվյալների մշակման կենտրոնների ստեղծմանը, համագործակցությունն արհեստական ինտելեկտի և կիբեռանվտանգության ոլորտներում: Անշուշտ, այս ամենը կարող է ունենալ (և կունենա) երկակի նշանակություն, այլ ոչ թե զուտ քաղաքացիական: Կողմերը նաև մտադիր են ընդլայնել կապերը համալսարանների և հետազոտական կազմակերպությունների միջև:
Ընդհանուր առմամբ, ընդունված 2026-2027 թթ. ռազմավարական գործընկերության սկզբնական պլանը, կողմերի պաշտոնական տվյալներով, ներառում է ավելի քան 60 միջոցառում՝ 10 ուղղություններով: Այսպիսով, Բրիտանական կայսրության ժառանգներն Անդրկովկասում և Կասպից ծովում իրենց երկարաժամկետ շահերն ուղղակիորեն կապում են Ադրբեջանի հետ՝ որպես «Արևելք-Արևմուտք» գծով Ռուսաստանը և Իրանը շրջանցող տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների առանցքային օղակի:
ԱԼԵՔՍԵՅ ԲԱԼԻԵՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test