168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի զրուցակիցը ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահարուհի, պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանն է։
– Ուսումնասիրելով Ձեր կենսագրությունը՝ հետաքրքիր մանրամասներ բացահայտեցի: Պարզվում է՝ տարբեր նախասիրություններ եք ունեցել՝ սկսած աստղագիտությունից, հոգեբանությունից, վերջացրած իրավաբանությամբ և լեզվաբանությամբ։ Ինչպե՞ս պատահեց, որ քանոնը հոբբիից դարձավ կյանքի մասնագիտություն։
– Երևի երաժշտությունն ավելի ուժեղ գտնվեց, ու կյանքս կապեցի արվեստի հետ, որի համար չեմ փոշմանել։ Քանի որ փոքր տարիքում ծնողներն են որոշում, թե որտե՞ղ տանել սովորելու, տարան երաժշտության դասերի, և մեկ տարի «Պիոներ» պալատում առանց գործիքի սովորելուց հետո ընդունվեցի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց՝ 3-րդ դասարան, ու երկու տարում ավարտեցի ուսումը, և դա համընկավ իմ 8-րդ դասարանի հետ, որ պետք է որոշեի՝ շարունակե՞լ դպրոցը, թե՞ գնալ երաժշտության ուղղությամբ։ Ընթացքում, քանի որ հաջողություններ էի գրանցել, մրցանակակիր էի դարձել, հետաքրքիր մտքեր ունեի՝ քանոնն ավելի զարգացնելու, փոխելու հետ կապված, ընդունվեցի երաժշտական ուսումնարան։
– Ձեր այս ճանապարհի կառուցման գործում ներդրում է ունեցել հայրիկը։
– Հայրս ուզում էր, որ երաժիշտ դառնամ։ Ինքն էլ երիտասարդ տարիներին նվագել էր քամանչա։ Եղբայրս՝ Արտաշես Լեյլոյանն է միշտ կողքիս եղել։ Ժողգործիքների առաջին նվագախումբն ինքը կազմեց։ Այն ժամանակ ոչ մեկն աշխատավարձի հետևից չէր ընկնում, գալիս էին, որ համախմբվեին, ստեղծեին ժողովրդական նվագախումբ։ Ցավոք, կյանքից շուտ հեռացավ եղբայրս։
– Կա՞ դիտողություն կամ խորհուրդ, որը եղել է Ձեր եղբոր կողմից և միշտ հիշում եք։
– Իհարկե։ Եթե չլիներ՝ աճ չէր լինի։ Եթե մի բան ուզում էր, որ ես նվագեի, ասում էր՝ այ, մեր կուրսում այսինչ մարդն այնքան լավ է նվագում այդ գործը։ Ես էլ մտածում էի՝ եթե ուրիշը կարող է, ես ինչո՞ւ չեմ կարող։ Ու այդ գործերը նվագել ստացվում էր։
– Այսինքն, Ձեր նախանձը շարժել է։
– Ընդհանրապես նախանձ չեմ։ Ոչ մեկի կյանքում չեմ նախանձել։ Նույնիսկ պատվիցս ցածր եմ համարում նախանձել ինչ-որ մեկին։ Եթե կա մեկ դժվարություն՝ ես պետք է հաղթահարեմ, երբեք չեմ նվնվում։ Այդպես զարգանում է քո տեխնիկան։ Հետագայում մտածեցի նոր դասագիրք ստեղծել։ Եղբորս հետ դասական դժվար գործերի փոխադրություններն էինք անում, նվագում էր՝ տեսնելու՝ քանոնով կստացվի՞, թե՞ ոչ։ Հետագայում ինձ համար սովորական դարձան տարբեր գործիքներից քանոնի համար փոխադրությունները։
Հիմա ուրախ եմ, որ շատ քանոնահարներ ունենք․ տարբեր որակի և մակարդակի, բայց պահանջն ու հետաքրքրությունը շատ է։
– Հասկացա, որ Դուք չեք նախանձել, բայց Ձեզ նախաձե՞լ են։
– Հա, բայց դա ինձ երբեք չի հետաքրքրել։ Շատ բաներ են եղել, բայց դրանց մասին չարժե խոսել։ Միշտ ունեցել եմ անելիքներ, ինչպե՞ս կարող էի ընկնել ինչ-որ մանր բաների մեջ։ Տարիներ շարունակ ու մինչ օրս շնորհակալություն եմ հայտնում այդ մարդկանց, որովհետև եթե չլիներ նրանց վերաբերմունքը, հաստատ շատ բան չէի անի։ Դա ոնց որ խթան էր։ Դու անում ես, ինքը պատասխանը ստանում է, էլ ի՞նչ կարիք կար ինչ-որ մի բան լսելուց հետո մի հատ էլ պատասխան ուղարկեի։ Ինչո՞վ կտարբերվեի իրենցից։
– Ներկայացրել եք դասական բարդ գործեր, այդ ժամանակ չկայի՞ն թերահավատներ, չէի՞ն ասում՝ դու չես կարող։
– Ոչ թե ասում էին՝ չես կարող, այլ, երբ դասական գործերի մասնագետները լսում էին՝ չէին պատկերացնում, թե ո՞նց կարելի է քանոնով նվագել Պագանինի, Սարասատե։ Սարասատեի «Գնչուական մեղեդիները» վիրտուոզ ստեղծագործություն է ջութակի համար։
– Կարծես բարդություններ շատ եք սիրում, այդպես եղել է բուհ ընդունվելիս։ Նախքան քննությունները գնացել եք Աֆրիկա՝ համերգի, մալարիայով եք վարակվել, այդ վիճակում գնացել քննության, ինչպե՞ս։
– Ե՛վ քննության, և՛ մրցույթի եմ մասնակցել այդ վիճակում՝ չիմանալով, որ մալարիայով հիվանդ եմ։ Մեր խմբից ոչ ոք չէր վարակվել՝ բացի ինձնից ու իմ դաշնակահարից։ Հետաքրքիրն այն էր, որ իրենք անընդհատ գալիս, ասում էին, թե իրենց կծել են, իսկ ես չէի զգացել։ Երևի հենց այդ մեկ հատը, որը վարակիչ էր, ինձ է կծել։ Զգում էի, որ տաքությունս բարձրանում է, մի քանի օր փորձում էի մրսածության դեմ բուժվել, ու չէի հրաժարվելու մրցույթից, որ չասեին՝ մեկ անգամ մրցանակակիր է դարձել, հիմա վախենում է գնա։ Ասացի՝ դեղ կխմեմ, կգնամ։ Մրցույթը Վորոնեժում էր լինելու։ Երբ հասանք Մոսկվա՝ դաշնակահարս ասաց՝ արի հետ դառնանք, կարող է ճամփին մեռնես, ես ի՞նչ անեմ։ Հետաքրքիր էր, որ ժյուրին ասել էր՝ առաջին տեղը տալիս ենք հային, նրանից հետո ում, ինչ ուզում եք՝ բաժանեք։
Որ վերադարձա՝ էլի վատացա։ Տաքությունս մինչև 40 աստիճան բարձրանում էր։
Քանի որ դեղ էի խմել՝ ականջներս մի քիչ վատ էին լսում։ Զանգեցին, ասացին, որ Կոնսերվատորիայում մեր բաժինը բացվել է, և գործերը տալու համար մնացել էր 2 օր։ Գործերս տարա։ Ես պատրաստ էի, որովհետև դրա մեջ էի։
– Ներկայիս երիտասարդները լինեին ու նման հաջողությունների հասած լինեին, կասեին՝ էլ բուհն ինչի՞ս է պետք։ Որքանո՞վ էր կարևոր պրոֆեսիոնալ մասնագիտական կրթություն ստանալը։
– Եթե մարդն ինքն իրենից գոհ է, ուրեմն վերջանում է։ Ամբողջ կյանքում ես ինձնից գոհ չեմ եղել։ Լավ երաժիշտներին խնդրում էի, որ լսեին այն, ինչ նվագում էի, կամ կարծիք հայտնեին համերգից հետո։ Ասում էին՝ շատ լավ է, պատասխանում էի, որ դա ինձ պետք չէ, ասեք, թե ո՞ր պահն էր վատ։ Միշտ փնտրում էի այն, ինչ վատ է, որ դա ուղղեմ։ Ես էլ կարող եմ հասկանալ, թե ինչն է լավ։
– Տարբեր նվագախմբերի, երաժիշտների հետ եք ելույթ ունեցել՝ թուրք, արաբ, պարսիկ և այլն։ Վեճ չի՞ եղել, թե քանոնն, ի վերջո, ո՞ր ազգին է պատկանում։
– Բացարձակ չի եղել և ասեմ՝ ինչու։ Առաջինը՝ ես ներկայացնում եմ հայկական քանոն։ Ոչ արաբական խաղիկներն եմ անում, որը մերը չէ, ոչ իրենց ստեղծագործություններն եմ վերցնում։ Երբեք նման խոսակցություն չի եղել, որովհետև իրենք լսել են լրիվ ուրիշ քանոն և ուզել են միշտ լինի իրենց շարքում հայկական քանոնը, որը տարբերվում է մյուսներից։
– Ինչո՞վ է տարբերվում հայկական քանոնը և արդյո՞ք նախահայրը համարվում է սանթուրը։
– Սանթուրը, քնարը․․. Դե, նման պատմություններ կան։ Տարբերվում է իր լադային հնչողությամբ, կատարման ձևերով։ Գործիքի դիապազոնը, տեսքը նույնն է, ուղղակի իրենց մոտ քառորդ տոները շատ են, մեզ մոտ տոն, կիսատոն է։ Տեմպերացված է մեր գործիքը։ Իրենք տեսնում էին, որ նվագում եմ դասական, հայկական ֆոլկլոր և հոգևոր երաժշտություն։
Քանոնի դիապազոնը փոխվել է։ Իմ ժամանակ 24 ձայն էր, հետո դարձավ 25։ Հիմա արդեն 27 ձայն է։
Ասեմ, որ ես էլ ստեղծեցի խրոմատիկ քանոն։ Այսինքն, դիապազոնն ամբողջովին պահվում էր, մանդալներն էին վերացվում։ Ուզում էի, որ դասավանդվեր Կոնսերվատորիայում։ Դա անվանում էի 21-րդ դարի հեղափոխություն։ Մի օր երևի մեկը կանի։ Առաջին խրոմատիկ քանոնը ստեղծվել, պատրաստվել է Ապրես Վանոյանի կողմից և գնել է Լորիս Ճգնավորյանն ու տարել Պարսկաստան։
– Ինչո՞ւ զարգացում չապրեց, հիասթափվեցի՞ք։
– Ոչ թե հիասթափվեցի, այլ իմ ծրագիրը պետք է տեղափոխեի դրա վրա։ Սակայն, քանի որ զբաղված էի և՛ մանկավարժական և՛ համերգային աշխատանքով, ժամանակ չգտա, որ տեղափոխեի։ Քանի որ մանդալները չկային՝ ձեռքդ ավելի ազատ կլիներ նվագելիս։
Հետո ևս մեկ քանոն ստեղծեց Արա Գևորգյանը՝ բաս-քանոնը։
– Կա՞ն այլ գաղափարներ, որոնք կրկին կիսատ եք թողել։
– Այսօր այնքան խնդիրներ կան մեր կյանքում, որ ոչ թե դրանց, այլ եղածը պահելու մասին ես մտածում, մնա այն և օգտագործվի մեր ազգի կողմից։
– Մի տեսակ լավ չէ՝ հույսը դնում եք ուրիշների վրա, որ Ձեր գաղափարը կյանքի կոչեն։ Բա որ չկոչեն։
– Չէ, կկոչեն։ Ժամանակի հետ անպայման կգա այն մեկը, որը կուզենա նոր բան անել ու դրանից կօգտվի։
– Երբ բեմում չեք, նոր համերգների, գրքերի մասին չեք մտածում, կա՞ երաժշտություն, որ ինքնաբերաբար մատները նվագում են։
– Հիմնականում համերգային ինչ ծրագիր էլ որ կազմում եմ, բոլորն էլ սիրված են իմ կողմից։
– Հայ քանոնահարներին հետևո՞ւմ եք և կա՞ն քայլեր, որ իրենք ավելի համարձակ են կատարում, քան Դուք՝ ժամանակին։
– Իհարկե, ես դասավանդում եմ և ունեմ հիանալի ուսանողներ։ Բայց ուրիշ խնդիր կա։ Կան կատարողներ, որոնք շատ նյարդային են նվագում։ Դա այնքան ցավալի է լսելը։ Երբ լսում ես, մտածում ես՝ ինչի՞ համար է այս նյարդային կատարումը… գործիքի լարերը պոկելով կամ ինչ-որ ավելորդ ձայներով, ֆալշերով․․․։ Կուզեի, որ մի քիչ խորանային ճաշակի մեջ, շատ լսեին տարբեր ազգերի, ինչպես նաև հայերի կատարումները, որպեսզի հասկանային ճիշտն ու սխալը, իրենք իրենց վրա աշխատեին։
Այն, ինչ նկատի ունեք՝ համարձակություն չէ։ Համարձակություն կլիներ այն, որ ինչ-որ մի բան ստեղծեին ու ասեիր՝ ի՜նչ հետաքրքիր է, այս մեկը ես չէի մտածել։
– Նկատում եմ, որ շատ երեխաներ հաճախում են երաժշտական դպրոցներ, մասնակցում քանոնի դասերի, բայց նրանցից քանի՞սն են հասնում Կոնսերվատորիա։
– Շատ լավ է, որ երաժշտական դպրոց են գնում, իսկ թե ովքեր հետագայում կընտրեն այդ գործիքը՝ այնքան էլ կարևոր չէ։ Այնքան հաճելի է, որ մի տեղ մտնում ես, ասում են՝ գիտե՞ք, ես էլ եմ հաճախել քանոնի դասերի։ Այնքան հաճելի է, որ սիրով է հիշում, թեկուզև հետո այլ մասնագիտություն է ընտրել։ Գալիս է ժամանակ, որ մարդը զգում է, թե որ ոլորտում կարող է դրսևորել իրեն։
– Կարո՞ղ ենք ասել, որ հիմա ավելի պահանջված երաժշտական գործիք է քանոնը, քան տարիներ առաջ։
– Մեր ժամանակ էլ էին քանոն շատ նվագում, հիմա էլ։ Գործիքը պետք է անընդհատ զարգացնես, նորություն, հետաքրքրություն տաս։
– Կա՞ երաժշտական գործիք, որի հետ քանոնը համատեղելի է, և գործիք, որի հետ անհամատեղելի է։
– Շատ հետաքրքիր է լինում ուդի, կիթառի, դուդուկի, ջութակի հետ։ Կապ ունի, թե ինչ ստեղծագործություն ես նվագում, համենայն դեպս, չի եղել երաժշտական գործիք, որի հետ անհամատեղելի է եղել։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test