«Եռաբլուրը մեր հպարտության վայրն է, ոչ թե վախի։ Եռաբլուրում ննջող ցանկացա տղամարդ մեծ հպարտությամբ ու ակնածանքով է գնացել երկիրը պաշտպանելու։ Ու Եռաբլուրի ընդլայնմամբ վախեցնել հայ ժողովրդին անիմաստ է, սրբապղծություն է։ Մենք էլ ասում ենք՝ մենք միշտ պատրաստ ենք գնալ մեր երկիրը պաշտպանելու, չենք վախենում Եռաբլուրում հայտնվելուց, դա հպարտության առիթ է, ոչ թե ամոթի կամ վախի»,- «Առավոտ»-ին ասաց «Մարտական եղբայրության» անդամ Մասիս Շիրոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Մենք ասում ենք՝ առհասարակ մեզ պետք չէ պատերազմով վախեցնել, եթե հարկ կա կռվելու, մենք ցույց ենք տվել, որ առաջինն ենք գնում երկիրը պաշտպանելու։ Հարկ եղած դեպքում պետության ներսում պետք է մոբիլիզացիա տեղի ունենա, և, այո, մարդիկ պետք է գնան երկիրը պաշտպանելու։ Երբ որ հարց են տալիս՝ ու՞մ երեխեքին հաշվին, բոլորի։ Բա ու՞մ երեխեքին են հաշվին եք դուք պատկերացնում՝ ֆրանսիացիների կամ ռուսների երեխեքի հաշվի՞ն ենք պատկերացնում, որ մենք պիտի անկախ երկիր ունենանք։ Անկախությունը պայքար է։ Մենք բացառում ենք, չենք ցանկանում, որ մեր հետ ուժի լեզվով խոսեն, եթե ուժի լեզվով են խոսում, մենք ուժին ուժով ենք պատրաստ դիմադրելու։ Ու դրա համար ասում ենք, որ Հայաստանում պետք է տեղի ունենա ազգային հեղափոխություն։ Թող այդ ժամանակ Ալիևը հասկանա՝ ում հետ գործ ունի, ինքը պատրա՞ստ է հայկական երկաթե բռունցքին դիմադրել, թե՞ չէ»,- հավելեց Մասիս Շիրոյանը:
Նա նշեց, որ սա նոյեմբերի 9-ից բխող օրակարգ է, այսօր տեղի ունեցողը դրանից բխող քայլեր են։ «Նոյեմբերի 9-ին ստորագրել են կապիտուլյացիոն փաստաթուղթը, և մենք այն եզակի քաղաքական ուժերից ենք, որն ասել է՝ պետք է դրանից հրաժարվել։ Ու հիմա էլ ենք պնդում, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից պետք է դուրս գալ։ Իմիջիայլոց, ասեմ, որ մենք նաև դեմ ենք օգոստոսի 8-ի նախաստորագրված «խաղաղության պայմանագրին» և ԹՐԻՓՓ-ին։ Հերթականությունն ասեմ՝ ինչ է տեղի ունեցել։ Քանի որ մերոնք ստորագրել են կապիտուլյացիոն փաստաթուղթ, դրան հաջորդել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիա, հետագայում 2022 թվականի հոկտեմբերին Փաշինյանի կողմից տեղի է ունեցել Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, որից հետո Ադրբեջանն արդեն լրիվ իրավունք է իրեն վերապահել, որպեսզի հարձակվի Արցախի վրա։ Այսինքն՝ Ադրբեջանը 9 ամիս Արցախը շրջափակման մեջ է պահել, 2023 թվականին հարձակվել հայաթափել է, դրանից հետո ուլտիմատումներով փորձել է ստանալ Կիրանցի և Ոսկեպարի մոտ տարածքները։ Եվ ինքն ասել է՝ «խաղաղության համար Հայաստանի Հանրապետությունը պետք է կատարի մի շարք պահանջներ», որի մեջ մտել է նաև Սահմանադրության փոփոխությունը»,- նշեց նա։
«Մեր վերլուծական խումբը 2024 թվականի փետրվարից սկսած բազմաթիվ անգամներ ասել է, որ սպասվում է սահմանադրական հանրաքվեի նախագիծ, ու դա պետք է կասեցնել։ Հիմա Ազգային ժողովում գտնվող քաղաքական ուժերը դուրս են եկել, փորձում են ասել՝ մենք «ոչ»-ի ճամբարն ենք։ Փաշինյանը, որ ասում է սահմանադրական հանրաքվե, դա նույնն է, ոնց որ ինչ-որ արտախորհրդարանական ուժ ասի նույնը։ Ինքը սահմանադրական մեծամասնություն չունի, որպեսզի հանրաքվեի դնի այդ նախագիծը։» Պառլամենտական ընդդիմությունը, երբ մտել է այդ օրակարգի մեջ, սկսում է բարձրաձայնել ու ասելը՝ ես «ոչ»-ն եմ, սա արդեն նշանակում է ինչ-որ ձևով օժանդակել է Փաշինյանի գործունեությանը, որովհետև առանց իրենց 6 պատգամավորի այդ հանրաքվեն տեղի չունենա։ Առանց իրենց տեղի չունենա նաև ԹՐԻՓՓ-ի հաստատումը, ինչին մենք նույնպես դեմ ենք, որովհետև դա «Զանգեզուրի միջանցք» է, և մենք համարում ենք դա անընդունելի»,- հավելեց Շիրոյանը։
Նրա խոսքով՝ Անկախության հռչակագրից հրաժարվելը ոչ այլ ինչ է, քան Հայաստանը վերադարձնել Խորհրդային միության Հայաստանի կարգավիճակ։
«Իրենք ասում են՝ միակ «իրական Հայաստանը» դա Խորհրդային Հայաստանն է, Արցախյան շարժումը համարում են փակված։ Այսինքն՝ 1988-ից սկսած ինչ տեղի է ունեցել, իրենք համարում են փակված, 1990-ին Անկախության հռչակագիրը հանում են, մենք հետ ենք ընկնում 1987 թիվ։ Իսկ Սահմանադրության այս տեքստն իր բովանդակությամբ շատ նման է 1922 թվի Սահմանադրության տեքստին։ Հիմա սա իր էությամբ Խորհրդային Հայաստանի մոդելն է»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test