ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում վստահեցրել է, որ խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին։ Վարչապետը կրկին խորհրդարանական ընդդիմությանը բնութագրել է որպես Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին կանգնած «վերջին խոչընդոտ»։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի վարչապետի վստահությունը։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները հրապարակայնորեն մերժել են հանրաքվեին աջակցելու առաջարկը։ Ի՞նչ է փոխվել քաղաքական հաշվարկներում։ Ի՞նչ տեղեկությունների կամ պայմանավորվածությունների վրա է հիմնված վարչապետի համոզվածությունը։
Իշխանությունը տևական ժամանակ խորհրդարանական ընդդիմության քաղաքական վարքագիծը բացատրում է արտաքին ուժային կենտրոնների ազդեցությամբ՝ կասկածի տակ դնելով այդ ուժերի քաղաքական ինքնուրույնությունը։ Այժմ Փաշինյանն ակնկալում է նրանց դիրքորոշման արմատական փոփոխություն։ Արդյո՞ք իշխանությունն արտաքին կենտրոնների քաղաքական հաշվարկների փոփոխություն է ակնկալում։ Կա՞ն այդ ակնկալիքը հիմնավորող աշխարհաքաղաքական զարգացումներ։ Կամ իշխանությունն ունի՞ ընդդիմության մերժումը հաղթահարելու ներքաղաքական ծրագիր։
Հարցը սկզբունքային նշանակություն ունի հատկապես վարչապետի՝ ընդդիմությանը ներկայացրած քաղաքական առաջարկից հետո։ Փաշինյանն իր քաղաքական ապագան պայմանավորել է հանրաքվեի արդյունքներով՝ ընդդիմությանը հնարավորություն տալով սահմանադրական գործընթացը վերածել նաև իշխանության նկատմամբ հանրային վստահության քվեարկության։ Ընդդիմության հրապարակային մերժումից հետո իշխանության հաջորդ քայլը շարունակում է մնալ անհայտ։
Ուժի մե՞ջ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը։ Դիտարկվո՞ւմ է ընտրությունների միջոցով սահմանադրական մեծամասնություն ձևավորելու և գործընթացը շարունակելու սցենարը։
Փաշինյանի քաղաքական հաշվարկներում սահմանադրական հանրաքվեն խաղաղության գործընթացի վճռորոշ հանգրվանն է։ Հետևաբար, իշխանությունը պետք է ունենա նաև խորհրդարանական փակուղու հաղթահարման քաղաքական ծրագիր։ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական հնարավորությունների պատուհանը հավերժ բաց չի մնալու։ Միջազգային ուժերի հարաբերակցության և տարածաշրջանային առաջնահերթությունների փոփոխությունը կարող է էապես վերափոխել խաղաղության հաստատման ներկայիս նախադրյալները։
Եթե Փաշինյանի գնահատմամբ խաղաղության ճանապարհին մնացել է ընդամենը մեկ խոչընդոտ, հասարակության համար կարևոր է իմանալ այդ խոչընդոտը հաղթահարելու իշխանության քաղաքական ծրագիրը։ Վեց պատգամավորի որոշմանը սպասելը որքանո՞վ է տեղավորվում Հայաստանի ռազմավարական հաշվարկների և խաղաղության գործընթացի ժամանակային տրամաբանության մեջ։
Վարչապետի վստահությունը քաղաքական լուրջ հայտարարություն է, որի հիմքերը դեռևս բացահայտված չեն։ Հայաստանի հասարակությունն իրավունք ունի պատկերացում կազմելու խաղաղության գործընթացի առանցքային հանգրվանի և դրա հանգուցալուծման համար իշխանության նախատեսած քայլերի մասին։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test