Նոյեմբերի 25-ին ԱՄՆ Դելավեր նահանգում գրանցված TDC US Inc. կորպորացիան դառնալու է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» 74 տոկոսի բաժնետերը։ Հաջորդ օրը Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց հայ-ամերիկյան բաժնետիրական համաձայնագրին։ Մեղրիում երկաթուղու շինարարության նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ ձևավորվում է նախագծի կառավարման, սեփականության և ֆինանսավորման իրավական համակարգը։ TRIPP-ն աստիճանաբար ստանում է Հայաստանում ամերիկյան երկարաժամկետ տնտեսական ներկայության ինստիտուցիոնալ հիմքեր։
TRIPP-ի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նաև ամերիկյան բաժնետիրոջ կարգավիճակով։ TDC US Inc.-ի հիմնադիրը ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան է՝ DFC-ն, որի միջոցով Վաշինգտոնը տնտեսական ներդրումները ծառայեցնում է արտաքին քաղաքականության երկարաժամկետ նպատակներին։ Այս կառույցի ներգրավմամբ Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքները ներառվում են Միացյալ Նահանգների միջազգային ներդրումային քաղաքականության համակարգում՝ հայ-ամերիկյան հարաբերություններին հաղորդելով տնտեսական և աշխարհաքաղաքական նոր բովանդակություն։
DFC-ի հրապարակած փաստաթուղթը բացահայտում է TRIPP-ի ֆինանսավորման կարևոր առանձնահատկությունը։ Ընկերության հիմնադրման փուլում ամերիկյան ֆինանսական կառույցը ներդրումային պարտավորություն չի ստանձնում։ Յուրաքանչյուր ենթածրագրի ֆինանսավորումը քննարկվելու է առանձին՝ ըստ տնտեսական հիմնավորվածության և ներդրումային գրավչության։ Ընդ որում, առանձին ենթածրագրերում DFC-ի ուղղակի և անուղղակի բաժնեմասնակցությունը չի գերազանցելու 40 տոկոսը։ Այս մոդելով ամերիկյան կողմը ստանձնում է միջազգային կապիտալի ներգրավման և ներդրումային ռիսկերի բաշխման դեր։ Նախագծի ֆինանսական հաջողությունը մեծապես կախված է լինելու Հայաստանի ենթակառուցվածքների նկատմամբ միջազգային ներդրողների հետաքրքրությունից։
Երկաթուղու, ավտոճանապարհների, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների զարգացման համար ստեղծվելու են առանձին ընկերություններ՝ սեփականության, ֆինանսավորման և շահագործման տարբեր կառուցվածքներով։ Հայաստանի տնտեսական մասնակցության բովանդակությունը որոշվելու է յուրաքանչյուր ենթածրագրի համար կնքվող համաձայնագրերով։ Դրանցից են մեծապես կախված Հայաստանի մասնաբաժինը ստեղծվող տնտեսական արժեքում, ներդրումային ռիսկերի բաշխումն ու եկամուտների երկարաժամկետ աղբյուրների ձևավորումը։
Մայր ընկերությունում Հայաստանի 26 տոկոս բաժնեմասն ուղեկցվելու է ռազմավարական նշանակության հարցերի 16 խմբի վերաբերյալ պարտադիր համաձայնության իրավունքով։ Դրանք ներառում են ներդրողների ընտրությունը, սեփականության կառուցվածքի փոփոխությունը, կոնցեսիոն պայմանագրերի դրույթները, ֆինանսական քաղաքականությունն ու գործադիր մարմնի ձևավորումը։ Կոնցեսիոն իրավունքների տրամադրումը մնում է Հայաստանի կառավարության բացառիկ իրավասությունը։
TRIPP-ի շուրջ ձևավորվում է նաև ֆինանսական նոր ենթակառուցվածք։ Դելավերում հունվարի 26-ին գրանցված Անդրկասպյան ձեռնարկատիրական ֆոնդը՝ TRIPP+, լիազորված է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 201 միլիոն դոլարի ներդրումներ կատարել։ Ֆոնդի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը Հայաստանում արդեն ունի տնտեսական նշանակալի շահեր․ կիպրոսյան ընկերությունների միջոցով նրան անուղղակիորեն պատկանում է «Վիվա Արմենիայի» բաժնետոմսերի 20 տոկոսը։ Այս հանգամանքը կարևոր նշանակություն է հաղորդում ներդրումային որոշումների հրապարակայնությանը, մրցակցային հավասարությանն ու շահերի բախման կանխարգելմանը։ TDC US Inc.-ի և Անդրկասպյան ձեռնարկատիրական ֆոնդի միջև ֆինանսական կամ պայմանագրային կապերի մասին առայժմ հրապարակված տեղեկություններ չկան։ Երկու կառույցների գործունեությունը դիտարկելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների շուրջ ձևավորվող ներդրումային շահերի, կապիտալի շարժի և սեփականության ապագա կառուցվածքի ուսումնասիրման կարևորությամբ։
Համաշխարհային բանկի՝ DFC-ի փաստաթղթում վկայակոչված գնահատմամբ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումը կարող է Հայաստանի արտաքին առևտրի տարեկան տրանսպորտային ծախսերը նվազեցնել շուրջ 100 միլիոն դոլարով։ Հայաստանի տնտեսության համար առավել հեռանկարային է նոր հաղորդակցությունների շուրջ արտադրական, էներգետիկ, տեխնոլոգիական և լոգիստիկ կենտրոնների ձևավորումը։ Արտաքին շուկաների հասանելիության ընդլայնումը կարող է փոխել Հայաստանում ներդրումների աշխարհագրությունն ու տնտեսության ճյուղային կառուցվածքը։
TRIPP-ի տնտեսական արդյունավետության գլխավոր չափանիշներն են լինելու Հայաստանում ստեղծվող հավելյալ արժեքը, արտահանման աճը և բարձր վարձատրվող աշխատատեղերի ավելացումը։ Հայաստանի աշխարհագրական դիրքը տնտեսական մրցակցային առավելության վերածելու համար անհրաժեշտ է ենթակառուցվածքների զարգացումը համադրել արդյունաբերական և ներդրումային երկարաժամկետ քաղաքականության հետ։ Այդ ռազմավարությամբ Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը միջազգային արտադրական և առևտրային շղթաներում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test