mediamax.am
Երեւանի կենդանաբանական այգու բնակիչ Սեւուկ ուղտը դեռ հեռվից նկատում է խնամող Անդրանիկ Վարժապետյանին ու կերպարանափոխվում մեր աչքի առաջ։ Հանդարտ, չափերով մեծ կենդանին զարմանալի թեթեւությամբ թռչկոտելով մոտենում է դռանը, որտեղից ազատավանդակ է մտնելու Անդրանիկը։
«Այսպես ամեն օր։ Դիմավորում է ինձ ու անհամբեր սպասում, որ համով մի բան տամ։ Ես էլ արդեն գիտեմ բնավորությունն ու գրպանումս միշտ խնձորներ եմ պահում», - ժպտում է Անդրանիկը, մինչ Սեւուկն ախորժակով ուտում է խնձորները մեկը մյուսի հետեւից։ Անդրանիկը կենդանաբանական այգում աշխատում է 2018 թվականից։ Խնամել է տարբեր կենդանիների, իսկ վերջին չորս տարին նրա անբաժան ընկերը Սեւուկն է։ «Յուրաքանչյուր կենդանի իր լեզուն ունի։ Երբ փորձում ես լսել նրան, ինքն էլ քեզ է հասկանում, ու իրար հետ ընկերավարի շփվում եք», - ասում է Անդրանիկն ու կիսվում իր ու Սեւուկի պատմությամբ։ Այցելուից՝ խնամողԿենդանիների հանդեպ սերն ու հետաքրքրությունը Անդրանիկին մի օր բերել են կենդանաբանական այգի՝ որպես այցելու։ Հենց այդ այցի ընթացքում էլ որոշել է՝ ուզում է աշխատել այստեղ։ «Ամեն մարդ չի կարող կենդանիների հետ աշխատել, պետք է սիրել նրանց, որ աշխատանքը ծանր չթվա։ Ես կենդանիներից կյանք եմ ստանում ու ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Մտածում եմ՝ ավելի լավ է կենդանիների հետ աշխատես, քան՝ մարդկանց», - ծիծաղում է Անդրանիկը։ Նրա օրը սկսվում է Սեւուկի ազատավանդակի մաքրությամբ, հետո առաջին, երկրորդ կերակրում ու, իհարկե, «համովիկներ»՝ խնձորների ու գազարների տեսքով։ Աշխատանքային պարտականություններին զուգահեռ, սակայն, պարտադիր ժամանակ է գտնում նաեւ շփման համար.«Զգում եմ, որ սպասում է ինձ։ Հենց հեռվից նկատում է, պայծառանում է, սկսում պտտվել ազատավանդակում մինչեւ հասնեմ իրեն։ Նույնն էլ ինձ մոտ է։ Երբեմն ինչ-որ մտքերով կամ անտրամադիր սկսում եմ շփվել կենդանու հետ ու չեմ էլ զգում՝ ինչպես է տրամադրությունս լրիվ փոխվում»։ Օրվա վերջում Անդրանիկն իր պատմություններով կիսվում է նաեւ տանը։ Նրա որդիները՝ 16 եւ 14 տարեկան, Սեւուկի մասին գիտեն գրեթե ամեն ինչ ու շատ են սիրում նրան։ «Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նրանց կենդանասեր մեծացնել։ Ընդ որում, ոչ միայն կենդանասեր են, այլեւ՝ արվեստագետ։ Նկարում են ու քանդակով զբաղվում», - կիսվում է Անդրանիկը։ «Չի սիրում աղմուկ ու բարձր ձայներ, փոխարենը՝ շատ ֆոտոգենիկ է»Սեւուկը 16 տարեկան է, ծնվել է Երեւանի կենդանաբանական այգում։ Նրա կյանքի առաջին շրջանը հեշտ չի եղել. Անդրանիկին պատմել են, որ ծնվելուց հետո ուղտն ունեցել է առողջական խնդիրներ, հյուծված է եղել, բայց այգու անասնաբույժներին հաջողվել է փրկել նրան ու խնամքով ոտքի կանգնեցնել։«Հիմա մեր Սեւուկը լրիվ առողջ է։ Ի դեպ, անունը ես եմ ընտրել, որովհետեւ վզի հատվածում սեւ մազեր ունի, ինքն էլ շատ սիրել է այն: Նույնիսկ, եթե այցելուներն են Սեւուկ կանչում, միանգամից նայում է ձայնի ուղղությամբ»։ Ուղտերի կյանքի միջին տեւողությունը մոտ 35-40 տարի է, այնպես որ Սեւուկն այս հաշվարկով երիտասարդ է։ «Ամուսնանալու համար լրիվ պատրաստ, մնում է հարսնացու գտնել», - ծիծաղում է:Սեւուկի բնավորության մասին պատմելիս առաջին հերթին ասում է՝ «շատ բարի է»: «Չի սիրում աղմուկ ու բարձր ձայներ: Նույնիսկ տոնական օրերին, երբ այգում երաժշտություն է հնչում, թաքնվում, մտնում է իր ձմեռանոցը։ Փոխարենը սիրում է լուսանկարվել ու շատ ֆոտոգենիկ է», - ժպտում է Անդրանիկն ու ավելացնում.«Շատ է սիրում նաեւ լավ մարդկանց։ Կենդանիները միանգամից զգում են իրենց հանդեպ եղած վերաբերմունքը։ Եթե նրանց սիրով ես մոտենում, իրենք էլ քեզ նույն կերպ են պատասխանում»։ «Առաջին ձյան ժամանակ շա՜տ ուշադիր նայում է շուրջը»Անդրանիկը պատմում է, որ գարնանից սկսած Սեւուկի մազածածկույթը սկսում է թափվել, իսկ աշնանն ու ձմռանը նորից խտանում է՝ պատրաստվելով ցուրտ սեզոնին։ Անդրանիկը հատուկ սանրում է նրան՝ օգնելով այս բնական գործընթացին.«Ամռանը մեր սիրուն տղան լրիվ ճաղատանում է, իսկ աշնանը նոր, փարթամ մազածածկույթ է ձեւավորվում։ Հաճախ մարդիկ ամռանը տեսնում են նրան ու ասում՝ «վա՜յ, ինչ անխնամ է»։ Բայց պետք է իմանան՝ սա լրիվ բնական գործընթաց է»։ Հարցնում եմ՝ իսկ ինչպե՞ս է ուղտն իրեն զգում ձմռանը.
«Բավականին լավ, չնայած՝ ուղտերը տաք եղանակին սովոր կենդանիներ են, բայց Սեւուկն այստեղ է ծնվել։ Անձրեւին, ձյանը մտնում է իր ձմեռանոց, իսկ տարվա առաջին ձյան ժամանակ դուրս է գալիս, շա՜տ ուշադիր նայում շուրջը, հետո արդեն սովորականի նման շարունակում առօրյան»։ «Կենդանիները երեխաների նման են. ամեն ինչ զգում են ու հասկանում»Անդրանիկին հարցնում եմ ուղտերի հետ կապված ամենատարածված ասոցիացիայի մասին՝ թքո՞ւմ է.«Չէ՛, միայն երբ նրան հատուկ նյարդայնացնեն, իսկ մարդիկ երբեմն դա անում են»: Առհասարակ Սեւուկի հետ կապված պատմություններում Անդրանիկն առանձնահատուկ ընդգծում է կենդանիների հանդեպ ճիշտ վերաբերմունքի կարեւորությունը։ Երբեմն այգու այցելուները, այդ թվում՝ դպրոցական երեխաները, միտումնավոր սադրում են կենդանիներին.«Փորձում ենք հետեւել դրան, բայց կարծում եմ, որ երեխաներին ի սկզբանե պետք է սովորեցնել սիրել ու հարգանքով վերաբերվել կենդանիներին։ Այստեղ մեծ դեր ունեն թե՛ ծնողները, թե՛ ուսուցիչները: Իհարկե, շատ են գալիս նաեւ հրաշալի բալիկներ, որոնք կերակրում, շոյում են Սեւուկին, նա էլ ի պատասխան մեծ ջերմություն է փոխանցում»:Անդրանիկը նշում է՝ իր շրջապատում բոլորը կենդանասեր են, իսկ կենդանիներին վնասող մարդու հետ ընկերություն նույնիսկ պատկերացնել չի կարող.«Այդ մարդը կդառնա իմ «աչքի գրողը»։ Կենդանիները երեխաների նման են։ Ամեն ինչ զգում են ու հասկանում, պարզապես բառերով ասել չեն կարողանում»։«Երբ կենդանին արձագանքում է ձայնիս, դա ինձ համար աշխարհ արժի»Անդրանիկը չի թաքցնում՝ Սեւուկի հետ շփումը նրա համար ոչ միայն աշխատանք է, այլեւ՝ ամեն օրվա փոքրիկ ուրախություն։ «Հաճախ մոռանում ես առօրյա բոլոր խնդիրներդ, երբ ձայն ես տալիս կենդանուն ու նա ուրախ-ուրախ արձագանքում է, վազում քեզ ընդառաջ։ Սա մի ամբողջ աշխարհ արժի։ Մարդկանց ուզում եմ ասել, որ գնահատեն այս վստահությունը, սիրեն ու պաշտպանեն կենդանիներին՝ փոխարենը ստանալով ամենաանկեղծ սերը»։ Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test