Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գծի կառուցումն այնքան ձգեցին, մինչև մի քանի հարյուր միլիոն եվրոյով թանկացավ 168.am 168.am

time
Գծի կառուցումն այնքան ձգեցին, մինչև մի քանի հարյուր միլիոն եվրոյով թանկացավ

Հաճախ զարմանում ես, թե ինչպե՞ս եղավ, որ ՔՊ-ականների իշխանությունը կարճ ժամանակում հասցրեց այսքան մեծ պարտքեր դնել պետության վրա։ Դրա համար տարբեր պատճառներ են եղել, բայց պատճառներից մեկն էլ այն է, որ երբեմն այնքան են ձգձգել վարկերով նախատեսված ծրագրերը, որ ստիպված են եղել շատ ավելի մեծ գումարների պարտքեր վերցնել, որպեսզի կարողանան դրանք իրականացնել։

Վկա՝ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը։

Այս ծրագրի մեկնարկը տրվել է տարիներ առաջ, դեռ նախկին իշխանությունների կողմից։ Էլեկտրահաղորդման գծի ու ենթակառուցվածքների հիմնման նպատակով 2014-2015թթ. ստորագրվել էին վարկային համաձայնագրերը Գերմանական զարգացման վարկերի բանկի՝ KFW-ի հետ։ Ծրագրի իրականացման արժեքը գնահատվում էր 326.9 մլն եվրո։

Նախկին իշխանությունների ժամանակ, դեռևս 2016-2017թթ. ծրագիրը մտել էր իրականացման գործնական փուլ։ Հայտարարվել էր միջազգային մրցույթ, ընտրվել էր խորհրդատվական ընկերություն։ Միջազգային մրցույթ էր հայտարարվել նաև ծրագրի իրականացման կապալառու կազմակերպություն ընտրելու համար։ Ամփոփման փուլում էին մրցույթի արդյունքները, երբ ՔՊ-ն եկավ իշխանության ու սառեցրեց ամբողջ գործընթացը։

Տարիներ շարունակ ծրագիրն այդպես էլ սառեցված մնաց, չնայած առաջին երկու փուլերի համար նախատեսված ֆինանսական միջոցների ստացման վերաբերյալ ստորագրված համաձայնագրերին։

Ծրագրի առաջին 2 փուլերի իրականացման աշխատանքները գնահատվել էին 188.2 մլն եվրո։ Անհրաժեշտ գումարի հարցը գրեթե ամբողջությամբ լուծված էր։

Երեք վարկային համաձայնագիր էր ստորագրվել Գերմանական զարգացման բանկի հետ։ Այդ համաձայնագրերի շրջանակներում բանկը համաձայնել էր հատկացնել 168 մլն եվրո։ 10 մլն եվրոյի վարկային համաձայնագիր էլ ստորագրվել էր Եվրոպական Ներդրումային Բանկի հետ։

Կար պայմանավորվածություն, որ ևս 10 մլն եվրոյի դրամաշնորհ պիտի տրամադրեր Եվրամիության հանձնաժողովը։

Ընդհանուր 188 մլն եվրո, այնքան, ինչքան անհրաժեշտ էր Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի առաջին երկու փուլերի իրականացման համար։

Գումարները կային, բայց ՔՊ-ականների գալուց հետո ծրագիրը մտավ փակուղի։

Ութ տարի անց նոր որոշել են վերադառնալ դրան։ Արդյունքում այն հասցրել է կտրուկ թանկանալ։

Հիմա արդեն Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ոչ թե 326.9 միլիոն, ինչպես գնահատվում էր նախկին իշխանությունների ժամանակ, այլ 542.7 մլն եվրո։

Նույն ծրագիրն իրականացնելու համար, հիմա արդեն ՔՊ-ականների իշխանությունն անհամեմատ ավելի մեծ պարտքերի տակ կդնի պետությանը։

Ծրագրի ձգձգումը պետության վրա կնստի հավելյալ 215.8 մլն եվրո, զուտ այն պատճառով, որ իշխանությունները, տարբեր պատճառաբանություններով, ձախողեցին դրա իրականացման ժամանակացույցն ու պետությանը դրեցին բավական մեծ ֆինանսական գին վճարելու փաստի առաջ։

Եվ ո՞վ պիտի պատասխան տա սրա համար։ Ինչպես միշտ, պատասխանատուներ չկան։

Ութ տարում ծրագիրը հասցրեց թանկանալ 66 տոկոսով՝ 326.9 միլիոնից հասնելով 542.7 մլն եվրոյի։ Դեռ չհաշված, թե այդ ընթացքում ինչքան տույժ-տուգանքներ վճարեցին՝ վարկերի չմասհանված գումարների դիմաց։

«2027թ. կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը»,- այս մասին օրերս խորհրդարանում 2027թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։

Այդ նպատակով հաջորդ տարվա բյուջեով նախատեսված է 69,8 միլիարդ դրամ, որը համարժեք է գրեթե 190 մլն եվրոյի։ Գումարը կտա ոչ թե պետությունը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարած կրկնապատկված ու եռապատկված հարկային եկամուտներից, այլ կլինի վարկային միջոցների հաշվին, նույն Գերմանական զարգացման բանկի հետ ավելի քան 10 տարի առաջ ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում։

Սա մեկ օրինակ է, որը ցույց է տալիս, թե իշխանություններն ինչպիսի մեծ վնաս են պատճառել պետությանը՝ իրենց անկարողության ու ծրագրի իրականացումը ձգձգելու հետևանքով։ Նույն ծրագիրն իրականացնելու համար՝ հիմա ստիպված ենք շատ ավելի մեծ գին վճարել։

Դեռ չենք խոսում ծրագիրը հետ գցելու ոչ ֆինանսական կորուստների մասին, որոնք նույնիսկ ավելի կարևոր են, քան ֆինանսական վնասները։ Դրանով Հայաստանը ոչ միայն պիտի միանար տարածաշրջանի երկրների էներգետիկ համակարգերին, այլև հնարավորություն էր ստանում դառնալ էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր։ Բայց դրա համար անհրաժեշտ էր կառուցել ու շահագործել նաև Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գիծը, որն էլ մինչև հիմա ավարտին հասցված չէ, չնայած շինարարության մեկնարկն էլի նախկիններն էին տվել։

Ինչպես Իրան-Հայաստան, այնպես էլ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերը վաղուց արդեն կառուցված ու գործարկված պիտի լինեին։ Բայց ինչպես տեսնում ենք, մեկը կառուցման մեկնարկից 9 տարի հետո էլ դեռ շարունակում է կառուցվել, իսկ մյուսի կառուցման մեկնարկը պատրաստվում են միայն հաջորդ տարի տալ։ Դեռ հարց է, դա էլ կկարողանա՞ն անել, թե՞ էլի կհետաձգեն։

Ու մինչ այս հանգուցային նշանակության ծրագրերը հետաձգվում են, իշխանությունները պատրաստվում են շուտափույթ Հայաստանի էներգետիկ համակարգը միացնել ադրբեջանականին։ Վաղն էլ կասեն՝ Հայաստանում արտադրվող հոսանքը թանկ է ու նախընտրելի է մեր արտադրող կայանները կանգնեցնել, իսկ ներքին պահանջարկը լրացնել ադրբեջանական էլեկտրաէներգիայի հաշվին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test