Երևանի վարչական շրջաններում կադրային վերադասավորումները շարունակվում են։
Radar Armenia-ի տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում կնշանակվի էկոնոմիկայի նախկին փոխնախարար, Շենգավիթի նախկին թաղապետ Տիգրան Գաբրիելյանը։ Այսպիսով, վերջինս կրկին հայտնվում է քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում՝ հերթական պաշտոնափոխությունից հետո։
Իսկ ո՞վ է Տիգրան Գաբրիելյանը, ինչ ճանապարհ է անցել մինչև պետական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնելը, ինչո՞վ է հայտնի և ի՞նչ աղմկահարույց պատմություններ են կապվում նրա անվան հետ։
Տիգրան Գաբրիելյանը ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 12-ին։ Մասնագիտությամբ անասնաբույժ է, ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, այնուհետև շարունակել ուսումը ասպիրանտուրայում։ Ունի անասնաբուժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Մինչև պետական համակարգում պաշտոններ զբաղեցնելը՝ Գաբրիելյանն աշխատել է տարբեր կազմակերպություններում։ 2003-2004 թվականներին եղել է «Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկայի արտադրամասի ղեկավար, 2004-2005 թվականներին աշխատել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի մարքեթինգային աջակցության ծրագրում, իսկ 2009-2018 թվականներին ղեկավարել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի անասնաբուժության և անասնաբուծության բաժինը։
2018 թվականին նա մտել է պետական կառավարման համակարգ՝ նշանակվելով գյուղատնտեսության նախարարի տեղակալ։ 2019 թվականի հունիսին արդեն տեղափոխվել է էկոնոմիկայի նախարարություն՝ զբաղեցնելով նախարարի տեղակալի պաշտոնը։
Գաբրիելյանի պաշտոնավարման պատմության ամենահետաքրքիր դրվագներից մեկն էլ նրա՝ էկոնոմիկայի նախարարությունից հեռանալն է։
2022 թվականի հունիսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։ Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. նույն օրը մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։
Սիմիդյանի կադրը՝ իշխանական համակարգում․
Գաբրիելյանի անունը մամուլում կապվել է նաև շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի կադրային թիմի հետ։
Նա 2022-2025 թվականներին զբաղեցրել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2025 թվականի օգոստոսին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր նրա ունեցվածքին և պետական համակարգում անցած ճանապարհին՝ նա համարվում է Հակոբ Սիմիդյանի «կադրերից» մեկը։
2025 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։
Սակայն նրա պաշտոնավարման ընթացքում Շենգավիթի շուրջ մի քանի աղմկահարույց պատմություններ են հայտնվել մամուլում։
2026 թվականի փետրվարին NEWS.am-ը հրապարակում էր արել Շենգավիթի թիվ 143 մանկապարտեզի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանի վերանշանակման մասին։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Դանիելյանի անվան հետ կապվող պատմության շրջանակում քննվում էր քրեական վարույթ՝ երեխաների սննդի յուրացման, կաշառքի և աշխատավարձերի յուրացման դրվագներով։
Աղմուկն առաջացել էր այն բանից հետո, երբ Գաբրիելյանի՝ փետրվարի 19-ի կարգադրությամբ Դանիելյանը վերանշանակվել էր նախկին աշխատանքում։
Մյուս աղմկահարույց պատմությունը կապված է եղել Շենգավիթի աշխատակցուհի Աիդա Մխիթարյանի հետ։
2026 թվականի մարտին հրապարակվեց տեսանյութ, որտեղ, ըստ հաղորդումների, վարչական շրջանի կոմունալ բաժնի պետն ու աշխատակիցները հայհոյում և բռնություն էին գործադրում կնոջ նկատմամբ։
Տիգրան Գաբրիելյանը լրատվամիջոցների հետ զրույցներում մեկնաբանել էր միջադեպը՝ ներկայացնելով իր վարկածը։ Նա պնդել էր, որ կինը նախկինում աշխատանքից ազատվել էր, իսկ միջադեպի ընթացքում ինքն է սադրել աշխատակիցներին։
Մասնավորապես, Գաբրիելյանի խոսքերով՝ աշխատակիցը, «լինելով տղամարդ», չի կարողացել իրեն զսպել։
Այս հայտարարությունը ևս քննադատության առիթ դարձավ, քանի որ վարչական շրջանի ղեկավարի խոսքում բռնության միջադեպի պատասխանատվության հարցը փաստացի տեղափոխվում էր տուժած կնոջ վարքագծի վրա։
Իսկ ինչո՞ւ հեռացավ Շենգավիթից․
2026 թվականի հուլիսի 10-ից Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։
Հատկանշական է նաև, որ 2026 թվականի փետրվարին Գաբրիելյանը հայտնել էր, որ ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում։
Այսպիսով, ստացվում է, որ Տիգրան Գաբրիելյանը պետական համակարգում արդեն անցել է մի քանի պաշտոնների ճանապարհ՝ գյուղատնտեսության նախարարությունից մինչև էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարություններ, այնուհետև՝ Երևանի երկու վարչական շրջաններ։
Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված նրա հերթական տեղափոխությունը։ Արդյոք Ավինյանը Մալաթիա-Սեբաստիայի համար նոր կադր է ընտրել, թե՞ պարզապես իշխանական թիմի ներսում շարունակվում է արդեն ծանոթ կադրային ռոտացիան։
Սոնա Գրիգորյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test