Օրերս Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերը զգուշացրեց՝ Թեհրանը թույլ չի տա, որ տարածաշրջանային այլընտրանքային ուղիները շրջանցեն իր աշխարհքաղաքական շահերը, այդ համատեքստում անդրադառնալով նաև TRIPP նախագծին:
«Կեղծ ուղիները չեն կարող փոխարինել «իրական միջանցքները»՝ լինի դա Իրանի հարավում կամ հյուսիսում, լինի Հորմուզի նեղուցի հարավային ուղին կամ TRIPP-ը («Զանգեզուրի միջանցքը»)»,- IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պնդել էր Մոխբերն X-ում արած գրառման մեջ:
Նա ընդգծել էր, որ Իրանի աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում կարմիր գիծ են, և հավելել, որ Թեհրանը թույլ չի տա դրանք շրջանցել։ Նա հորդորել էր դասեր քաղել Հորմուզի նեղուցի իրավիճակից։
Հարկ է նշել՝ Մոհամմադ Մոխբերն Իրանի իշխանական համակարգում շարքային պաշտոնյա չէ․ նա համարվում է գերագույն առաջնորդի մերձավոր շրջապատի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ երկար տարիների պետական և տնտեսական կառավարման փորձով։ 2007-2021 թվականներին նա ղեկավարել է «Սեթադ» տնտեսական կառույցը, որը գործում է գերագույն առաջնորդի անմիջական վերահսկողության ներքո և ունի ազդեցություն Իրանի տնտեսության տարբեր ոլորտներում։ 2021 թվականին նշանակվել է առաջին փոխնախագահ, իսկ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո՝ 2024 թվականին, շուրջ երկու ամիս զբաղեցրել Իրանի նախագահի պաշտոնակատարի պաշտոնը։
Ներկայումս, լինելով գերագույն առաջնորդի ավագ խորհրդական, Մոխբերն իշխանական վերնախավի առանցքային շրջանակում է։ Թեև նա Իրանի ռազմաքաղաքական որոշումների գլխավոր կենտրոնը չէ,այդ հարցերում վճռորոշ դեր ունեն գերագույն առաջնորդն ու անվտանգության համակարգի ուժային կառույցները, նրա հայտարարությունները դժվար է դիտարկել որպես անձնական կարծիք կամ շարքային պաշտոնյայի դիրքորոշում։ Հետևաբար, TRIPP-ը Հորմուզի նեղուցի հետ նույն համատեքստում հիշատակելու հանգամանքը չափազանց կարևոր քաղաքական նշանակություն ունի։
168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ TRIPP-ի վերաբերյալ Մոհամմադ Մոխբերի հայտարարությունը դժվար է դիտարկել մեկուսացված՝ որպես տարածաշրջանային հաղորդակցությունների կամ սահմանների փոփոխության մասին հերթական իրանական զգուշացում, Թեհրանի արձագանքը պետք է դիտարկել Հարավային Կովկասում ազդեցության վերաբաշխման, Ռուսաստանի դիրքերի փոփոխության և Արևմուտքի դիրքերի ամրապնդման համատեքստում։
Նրա խոսքով, Իրանի տեսանկյունից, ԹՐԻՓՓ-ի նշանակությունը շատ ավելի լայն է, հաշվի առնելով ամերիկյան ներկայության ընդլայնումն իր հյուսիսային հարևանությամբ։
Ըստ նրա՝ Թեհրանը, որը Միացյալ Նահանգների հետ խորքային քաղաքական, անվտանգային և տնտեսական հակադրության մեջ է, Հարավային Կովկասում ամերիկյան դերակատարության ամրապնդումը չի դիտարկում բացառապես տնտեսական տրամաբանությամբ, այստեղ ճանապարհը կարող է դառնալ ազդեցության գործիք, իսկ տարանցիկ ենթակառուցվածքը՝ աշխարհաքաղաքական ներկայության ձևավորման մեխանիզմ։
«Ռուսաստանի ազդեցության նվազումը Հարավային Կովկասում Թեհրանի համար պարզապես Մոսկվայի քաղաքական դիրքերի փոփոխություն չէ։ Թեև Իրանը և Ռուսաստանը բոլոր հարցերում նույն մոտեցումները չունեն, տարածաշրջանում ռուսական ներկայությունը երկար ժամանակ եղել է այն գործոններից մեկը, որը սահմանափակել է արևմտյան ազդեցության ընդլայնման հնարավորությունները։
Ներկայումս, երբ Երևանը ևս փորձում է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ակտիվացնում արևմտյան գործընկերների հետ երկխոսությունը, Թեհրանը սա ևս դիտարկում է սեփական ռազմավարական միջավայրի փոփոխության տեսանկյունից։ Իրանի համար Հայաստանի հետ սահմանը ոչ միայն տնտեսական հաղորդակցության հնարավորություն է, այլև դեպի հյուսիս հասանելիության, տարածաշրջանային հավասարակշռության և արտաքին քաղաքական մանևրի կարևոր բաղադրիչ։
Հետևաբար, Ռուսաստանի դիրքերի թուլացման և Արևմուտքի ներգրավվածության աճի համադրությունն Իրանում մտահոգություն է առաջացնում, որ Հարավային Կովկասում ձևավորվող նոր հարաբերակցությունը ոչ միայն փոխում է Մոսկվայի դիրքերը, այլև աստիճանաբար սահմանափակում Թեհրանի ազդեցության հնարավորությունները։
Իրանում հաշվի են առնում Երևանի քաղաքականությունը։ Երևանը մի կողմից՝ փորձում է ընդլայնել հարաբերությունները Միացյալ Նահանգների և ԵՄ-ի հետ, մյուս կողմից՝ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ձևավորված ճգնաժամը վերածվում է քաղաքական օրակարգի մշտական բաղադրիչի։ Իրանը, որը Հայաստանի հետ հարաբերություններում բազմիցս ընդգծել է սահմանների վերաբերյալ իր մոտեցումները, արևմտյան ուղղությամբ Հայաստանի շարժումը դիտարկում է ոչ միայն՝ որպես Երևանի ինքնուրույն քաղաքական ընտրություն, այլև՝ որպես Հարավային Կովկասում ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության մաս։
Հենց այդ պատճառով էլ TRIPP-ի շուրջ իրանական արձագանքն ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ։ Թեհրանին, ըստ էության, անհանգստացնում է ոչ միայն այն, թե ինչ ճանապարհ է կառուցվելու, այլև այն, թե այդ ճանապարհի գործարկման արդյունքում տարածաշրջանում ինչ քաղաքական ներկայություն է ամրապնդվելու, ում ազդեցությունն է ընդլայնվելու և ինչպիսի նոր կախվածություններ են ձևավորվելու։
Ուստի «կեղծ ուղիներն» «իրական միջանցքներին» հակադրող ձևակերպումը հետաքրքիր է։ Այն կարելի է դիտարկել՝ որպես ուղերձ, որ Թեհրանը չի պատրաստվում տարածաշրջանային նոր նախագծերի շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական վերադասավորումները ընդունել որպես արդեն կայացած փաստ և իր շահերի հաշվին հարմարվել դրանց։ Հորմուզի նեղուցի հիշատակումը ևս պատահական չէ․ Իրանը փորձում է ընդգծել, որ աշխարհագրական դիրքն ու ռազմավարական նշանակություն ունեցող հաղորդակցությունների նկատմամբ իր ազդեցությունը քաղաքական լծակներ են, որոնց հաշվարկից տարածաշրջանային ցանկացած նախաձեռնություն չի կարող դուրս մնալ»,- պարզաբանեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Նրա գնահատմամբ, TRIPP-ի գործարկման փուլում այս հայտարարությունը քաղաքական ազդակ է Հայաստանին, ԱՄՆ-ին և տարածաշրջանային մյուս դերակատարներին, որ Իրանի շահերի անտեսման դեպքում Հարավային Կովկասում նոր հաղորդակցային ճարտարապետությունը կարող է բախվել ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական դիմադրության։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test