Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Հռիփսիմե Շամամյանի գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։ Aravot.am-ի հետ զրույցում հեղինակը նշեց, որ սա Նկարիչների միությունում իր երկրորդ անհատական ցուցահանդեսն է։ Ցուցադրության մեջ հիմնականում ընդգրկված են 2026 թվականին ստեղծված նոր աշխատանքներ, ինչպես նաեւ շուրջ 25 տարվա վաղեմության մի քանի գործեր։
«Անընդհատ ստեղծագործական պրպտումների մեջ եմ։ Չի լինում, որ գրիչը մի կողմ դնեմ ու չաշխատեմ։ Գրիչը շեշտեցի, որովհետեւ հիմնականում գրաֆիկայի վրա եմ կենտրոնացած։ Աշխատանքներս լայներով են արված, նկարում եմ առանց ռետին օգտագործելու։ Նկարում եմ այն, ինչ կա մտքումս, ինչ հասունացել է իմ ներսում, եւ անմիջապես հանձնում թղթին։ Աշխատում եմ տեսողական հիշողությամբ՝ նշելով կոմպոզիցիոն կարեւորագույն կետերը, հիմնականում մեկ գծով։
Իմ աշխատանքի ընթացքն այսպիսին է․ նախ մեկ գծով արված էսքիզն է, որի միջոցով կարողանում եմ տալ նկարի բնույթը։ Երբեմն զգում եմ, որ այլեւս որեւէ շտրիխ ավելացնելու կարիք չկա, բայց եթե տեսնում եմ, որ աշխատանքը դեռ ավարտուն չէ եւ ասելիք ունի, շարունակում եմ այն լրացնել շտրիխների միջոցով։ Մի խոսքով՝ գրաֆիկան իմ տարերքն է։ Շատ եմ ուսումնասիրել մեծ գրաֆիստներին, հատկապես՝ Դյուրերին։ Նրա գործերն իմ ենթագիտակցության մեջ են։ Իսկ նկարչությունն իմ կենսակերպն է»,- նշեց մեր զրուցակիցը։
Հռիփսիմե Շամամյանը մասնագիտությամբ երաժիշտ է, սակայն նկարչությունը, նրա խոսքով, իրեն հոգեհարազատ է․ արվեստի այդ ճյուղում է նա տեսնում ինքն իրեն, այնտեղ է ամփոփված նրա կենսափիլիսոփայությունը։
Նկարչուհին ասում է, որ կարող է ոգեշնչվել ամեն ինչից՝ բնության երեւույթներից, մարդկային խոսքից, հարաբերություններից։ «Չկա մի բան, որի մեջ ես չտեսնեմ մի կորիզ, որտեղից հնարավոր չլինի մի գեղեցիկ բան հյուսել։ Ես անընդհատ տալիս ու առնում եմ, խորհում, եւ այդ ամենի ընթացքում էլ ստեղծվում են իմ աշխատանքները։Հետաքրքրվում եմ նաեւ փիլիսոփայությամբ։ Օրինակ, Նիցշեի աֆորիզմների հիման վրա մի քանի աշխատանք ունեմ։ Ցուցահանդեսում ներկայացված գրաֆիկական աշխատանքներից մեկը ստեղծվել է Նիցշեի՝ «Երբ երկար ես նայում անդունդին, անդունդն էլ սկսում է քեզ նայել…» արտահայտության ազդեցությամբ։ Նրա մյուս հայտնի միտքը՝ «Պետք է քաոս կրել ներսում՝ պարող աստղ ծնելու համար», նույնպես գրաֆիկական աշխատանքի է վերածվել։ Համոզված եմ, որ ցանկացած քաոսից կարելի է տիեզերական մի բան արարել։ Ստեղծագործող մարդիկ այդպիսին են․ անսովոր իրավիճակներն են նրանց մղում արվեստի գործեր ստեղծելու»,- պատմեց նկարչուհին։
Հռիփսիմե Շամամյանն ասում է, որ իր կյանքում եղել է նաեւ ստեղծագործական ժամանակավոր դադար․ զբաղվածությունը մեծ էր, աշխատանքին եւ ընտանիքին շատ ժամանակ էր հատկացնում։ Սակայն այժմ կարողանում է բավարար ժամանակ հատկացնել նաեւ իր սիրելի զբաղմունքին, որն իր համար յուրօրինակ թերապիա է եւ էներգիայի աղբյուր։ Նկարչուհին սիրում է ստեղծագործել հատկապես դասական երաժշտության ներքո։ Ինքն էլ դաշնամուր է նվագում՝ նախընտրելով Շոպենի, Բախի, Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները։ Նրա խոսքով՝ դասական երաժշտությունն ու նկարչությունը փոխկապակցված են, եւ հատկապես ջութակի կոնցերտներն են ներշնչանքի աղբյուր դառնում։
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության եւ Հայաստանի ոսկերիչների միության անդամ, ճանաչված դիզայներ, ոսկերիչ եւ նկարչուհի Իզաբելլա Ռիմի հետ նրա ծանոթությանը։ Այդ ծանոթության առիթը Ռուդիկ Շամամյանի գիրք-ալբոմն է եղել։ Ռիմը, տեղեկանալով, որ Հռիփսիմե Շամամյանը Ռուդիկ Շամամյանի դուստրն է, հետաքրքրվել էր նրա աշխատանքներով եւ տպավորվել դրանցով։ Որոշ ժամանակ անց Հռիփսիմե Շամամյանը դարձել է Ռուսաստանի ստեղծագործական միության անդամ։ Մեր զրուցակցի խոսքով՝ դա իր աշխատանքների առաջին մասնագիտական գնահատականն էր։
Խոսելով որպես նկարիչ՝ իր կայացման մասին՝ Հռիփսիմե Շամամյանը առանձնացրեց Արկադի Պետրոսյանի, Էդուարդ Սեդրակյանի եւ այլոց դերը եւ աջակցությունը՝ նշելով, որ նրանց արժեքավոր մասնագիտական խորհուրդներն իր հետ են մինչ օրս։ Սեդրակյանի մասնակցությունն առկա է նաեւ այս ցուցահանդեսի կազմակերպման եւ ցուցադրության ձեւավորման աշխատանքներում։ Մեր զրուցակիցը իր երախտագիտությունը հայտնեց նաեւ ART PR ընկերության հիմնադիր-տնօրեն Գայանե Դավթյանին։
Հռիփսիմե Շամամյանի խոսքով՝ ընտանիքը գնահատում է իր արվեստը եւ ոգեւորում իրեն, իսկ թոռնիկները նույնպես հետաքրքրված են նկարչությամբ։ Նկարչուհին այս ցուցահանդեսը համարում է եւս մեկ քայլ իր ստեղծագործական ճանապարհին եւ, ինչպես ինքն է ասում, լի է եռանդով ու նոր ծրագրեր իրականացնելու ցանկությամբ։
Հայաստանի նկարիչների միության նորընտիր նախագահ Լեւոն Աբրահամյանը ցուցահանդեսի բացմանը նշեց, որ սա միության հարկի ներքո կազմակերպվող Հռիփսիմե Շամամյանի երկրորդ ցուցահանդեսն է, ինչը վկայում է, որ արվեստագետը սիրում է կերպարվեստը եւ խորապես կապված է արվեստի հետ։
Էդուարդ Սեդրակյանն էլ ընդգծեց, որ օրը խորհրդանշական է, քանի որ Լեւոն Աբրահամյանը, որպես Հայաստանի նկարիչների միության նախագահ, հենց այս ցուցահանդեսն է բացում իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ։ Անդրադառնալով Հռիփսիմե Շամամյանի ստեղծագործություններին՝ Սեդրակյանն ընդգծեց, որ, թեեւ նկարչուհին մասնագիտական բուհ չի ավարտել, այնուամենայնիվ, հրաշալի աշխատանքներ է ստեղծել՝ շնորհիվ պրոֆեսիոնալ նկարիչների մոտ ստացած գիտելիքների։ «Ինձ շատ է զարմացնում, որ մարդը, լինելով դաշնակահար եւ ունենալով նկարչության հետ անմիջական կապ չունեցող աշխատանք, կարողանում է այդքան ժամանակ հատկացնել արվեստին ու նման գործեր ստեղծել»,- ասաց նա։
Հավելենք, որ Հռիփսիմե Շամամյանը ծնվել է 1965 թվականին։ 1982 թվականին ավարտել է Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1982-1986 թվականներին սովորել եւ ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի երաժշտական ֆակուլտետի դաշնամուրային բաժինը։ Նրա նախորդ ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում բացվել էր 2025 թվականին։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test