Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին Մոսկվայում նախատեսվող Փաշինյան–Պուտին բանակցությունների առանցքային հարցերից կլինեն Հայաստանի եվրոպական կողմնորոշումը և Գյումրիում ռուսական ռազմաբազայի հետագա ներկայությունը։ Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին տնտեսական ինտեգրման անհամատեղելիությունը՝ միաժամանակ ռուսական ռազմաբազան բնութագրելով որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության կարևոր բաղադրիչ։
Պեսկովի հայտարարությունը պատմական ուշագրավ զուգահեռ ունի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի մոսկովյան բանակցությունների հետ, որոնք շրջադարձային դարձան Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Եվրամիության հետ շուրջ չորս տարվա բանակցություններից հետո Երևանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից և հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին։
Այդ շրջադարձը բացահայտեց Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքական ընտրության վրա ռուսական անվտանգության գործոնի ունեցած ազդեցության խորությունը։ Հայաստանի անվտանգության համակարգում Ռուսաստանի ունեցած առանցքային դերակատարությունն այդ պահին պայմանավորեց նաև երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը։
2013 թվականի աշխարհաքաղաքական ընտրության հիմքում Հայաստանի անվտանգության վերաբերյալ պատկերացումներն էին։ Հաջորդ տասնամյակի իրադարձությունները հիմնովին փոխեցին այդ պատկերացումները։ Հայաստանի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիան, Արցախի հայաթափումը և դաշնակցային պարտավորությունների կատարման շուրջ ճգնաժամը հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համակարգի վերանայման անհրաժեշտություն առաջացրին։ Հայաստանի եվրոպական ձգտումներն այդ փոփոխությունների քաղաքական հետևանքներից են։
Եվրամիությանն ու ԵԱՏՄ-ին միաժամանակ լիիրավ անդամակցությունն անհամատեղելի է երկու միությունների մաքսային և առևտրային կարգավորումների պատճառով։ Եվրոպական ինտեգրումը, սակայն, երկարատև գործընթաց է, որը պահանջում է տնտեսական կառուցվածքի, օրենսդրության և կառավարման համակարգի խորքային վերափոխում։ Հայաստանի առջև այսօր այդ անցման նախադրյալները ձևավորելու խնդիրն է։ Գործընթացի հաջորդականությունն ու ժամկետները որոշելու իրավունքը պատկանում է Հայաստանին։
Հայաստանի շուրջ ձևավորվող նոր տնտեսական աշխարհագրությունն անմիջականորեն առնչվում է Ռուսաստանի տարածաշրջանային շահերին։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, հաղորդակցությունների վերականգնումը, TRIPP-ի գործարկումն ու արևմտյան կապիտալի ներգրավումը նոր տնտեսական կապեր են ձևավորում Հարավային Կովկասում։ Այս գործընթացները կարող են ընդլայնել Հայաստանի տնտեսական ինքնուրույնությունը և աստիճանաբար վերափոխել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության պատմական հիմքերը։
Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայության հիմնավորումները ձևավորվել են տարածաշրջանային բոլորովին այլ իրողությունների ժամանակաշրջանում։ Հայաստանի անվտանգության միջավայրի փոփոխությունը նոր բովանդակություն է հաղորդում ռազմաբազայի ապագայի շուրջ քննարկումներին։ Առանցքային հարցը ռուսական ռազմական ներկայության համապատասխանությունն է Հայաստանի երկարաժամկետ անվտանգության շահերին, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարին և երկրի պաշտպանական նոր ռազմավարությանը։
Դեկտեմբերի 3-ի բանակցությունները հայ-ռուսական հարաբերությունների նոր բովանդակության շուրջ երկխոսության կարևոր հանգրվան են։ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերափոխումներն առաջացրել են նաև Երևանի և Մոսկվայի հարաբերությունների հիմքում ընկած սկզբունքների վերանայման անհրաժեշտություն։
Հայ-ռուսական հարաբերությունների ապագան մեծապես կախված է պատմականորեն ձևավորված հարաբերությունների համակարգն ինքնիշխանության, իրավահավասարության և փոխադարձ շահերի վրա հիմնված գործընկերության վերածելու երկու կողմերի պատրաստակամությունից։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test