Օգոստոսի 11-ին Ազգային ժողովում Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ եթե նոր Սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագրին հղումը, Հայաստանի Հանրապետությունը կվերանա, և երկրում կհաստատվի ադրբեջանական իշխանություն։ Այս հայտարարությունը ստուգելու համար արժե սկսել երկու ամսաթվից։
Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի լիիրավ անդամ դարձավ 1992 թվականի մարտի 2-ին։ Այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Անվտանգության խորհրդի հանձնարարականի հիման վրա ընդունեց Հայաստանին կազմակերպության անդամ դարձնելու մասին 46/227 բանաձևը։ Իսկ Հայաստանի առաջին Սահմանադրությունն ընդունվեց հանրաքվեով միայն 1995 թվականի հուլիսի 5-ին՝ ավելի քան երեք տարի անց, այսինքն՝ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ էր արդեն այն ժամանակ, երբ անգամ Սահմանադրություն չուներ։ Ղազարյանի՝ պետականության գոյության համար անփոխարինելի համարվող հղումը Սահմանադրության նախաբանում հայտնվեց ավելի քան երեք տարի անց։
Հենվելով միջազգային իրավունքի կանոնների և պետությունների փորձի վրա՝ ստորև ցույց տանք, թե ինչու Ղազարյանի պնդումն իրականության հետ աղերս չունի։
Հռչակագրի դերը Հայաստանի պատմության մեջ
1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը Հայաստանի անկախացման հիմնադիր փաստաթուղթն է։ Դրա 12-րդ կետը՝ Հռչակագիրը, հիմք է համարում Սահմանադրության մշակման, դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և պետական մարմինների գործունեության համար։ Ղազարյանի փաստարկի մեջ բացակայում է վճռորոշ քայլը։ Հռչակագրի 12-րդ կետից նա անցնում է այն եզրակացությանը, թե նախաբանի հղումը հանելու պահին Հայաստանի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալուց։ Այդ հետևությունն անելու համար անհրաժեշտ է ցույց տալ միջազգային իրավունքի այն կանոնը, որով գործող պետությունների գոյությունը կախված է իրենց Սահմանադրություններում հիմնադիր փաստաթղթի հիշատակումից։ Ղազարյանը որևէ այդպիսի կանոն չի մատնանշում։ Հայաստանի անդամակցության մասին ՄԱԿ-ի բանաձևն էլ որևէ սահմանադրական ձևակերպում պահպանելու պայման չի սահմանում։ ՄԱԿ-ի կանոնադրությունն անդամակցության, անդամության իրավունքների կասեցման և կազմակերպությունից հեռացման համար ունի առանձին կանոններ։ Նախաբանի փոփոխությունն այդ ընթացակարգերից որևէ մեկն ինքնին չի գործարկում։
Ինչ փոխեց Ֆրանսիայի նոր Սահմանադրությունը
1958 թվականի գարնանը Ալժիրի պատերազմի խորացող ճգնաժամը Ֆրանսիայում արագացրեց սահմանադրական փոփոխությունները։ Շառլ դը Գոլը վերադարձավ իշխանության։ Սեպտեմբերի 28-ին նախագիծը հավանության արժանացավ հանրաքվեով, հոկտեմբերի 4-ին Սահմանադրությունը պաշտոնապես հռչակվեց, իսկ հաջորդ օրը հրապարակվեց։ Չորրորդ հանրապետությանը հաջորդեց Հինգերորդ հանրապետությունը (Ve République)։ Փոխվեց, թե ինչպես են ձևավորվում ու գործում իշխանության կենտրոնները և ինչ միջոցներով են ազդում միմյանց վրա։ Այդ հանրաքվեից հետո Ֆրանսիան ՄԱԿ ընդունվելու նոր հայտ չներկայացրեց և պահպանեց Անվտանգության խորհրդի մշտական անդամի իր տեղը։ ՄԱԿ-ի պաշտոնական ցուցակում Ֆրանսիայի անդամակցության ամսաթիվը շարունակում է մնալ 1945 թվականի հոկտեմբերի 24-ը։ «Չորրորդ» և «Հինգերորդ» անվանումները տարբեր սահմանադրական կարգեր են նշում։ Միջազգային հարաբերությունների կողմը նույն Ֆրանսիան էր, հետևաբար ամբողջ Սահմանադրության փոխարինումն անգամ ինքնին չի փոխում, թե որ պետությունն է կրում միջազգային իրավունքներն ու պարտավորությունները։
Ի՞նչ են ցույց տալիս միջազգային նախադեպերը
Միջազգային իրավունքի աղբյուրների, դատական ու արբիտրաժային պրակտիկայի և պետությունների վարքագծի լայն ուսումնասիրությամբ չի հայտնաբերվել գեթ մեկ փաստագրված դեպք, երբ արդեն գոյություն ունեցող պետության պետականությունը պաշտոնապես վիճարկվել է հենց այն հիմքով, որ նրա Սահմանադրությունից հանվել է հիմնադիր հռչակագրին հղումը։ Ուսումնասիրված դատական և արբիտրաժային որոշումներից որևէ մեկը ևս նման փոփոխությունը չի դիտարկել որպես պետության գոյության դադարման իրավական հիմք։ Կիրառելի նյութն ավելի շատ վերաբերում է նրան, թե իրականում ինչ փաստերի են նայում միջազգային մարմինները։
1933 թվականի Մոնտեվիդեոյի կոնվենցիան պետականության չորս դասական հատկանիշ է թվարկում՝ մշտական բնակչություն, որոշակի տարածք, կառավարություն և այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն։ Երրորդ հոդվածն ավելացնում է, որ պետության քաղաքական գոյությունն անկախ է մյուս երկրների կողմից դրա ճանաչումից։ Սա տարածաշրջանային պայմանագիր է, որի կողմը Հայաստանը չէ, բայց այդ ձևակերպումները լավ ցույց են տալիս, թե միջազգային իրավունքում ինչ հարցեր են տալիս պետականությունը գնահատելիս։ Սահմանադրության նախաբանից հղում հանելով՝ Հայաստանը չի կորցնում իր բնակչությունը, տարածքը, կառավարությունը կամ արտաքին հարաբերություններ վարելու կարողությունը։ Եվ որևէ հարևան երկրի դիրքորոշումն ինքնին չի վերացնում արդեն գոյություն ունեցող պետությունը։
1917 թվականին Կոստա Ռիկայի պատերազմի նախարար Ֆեդերիկո Թինոկոն ռազմական հեղաշրջմամբ գահընկեց արեց նախագահ Ալֆրեդո Գոնսալես Ֆլորեսին, ինքն անցավ իշխանության գլուխ և շուրջ երկուսուկես տարի կառավարեց երկիրը։ 1919-ին Թինոկոն հրաժարական տվեց ու հեռացավ երկրից, իսկ նրան հաջորդած իշխանությունները անվավեր հայտարարեցին նրա օրոք կատարված մի շարք գործարքներ։ Դրանցից տուժած երկու ընկերությունների՝ Կանադայի թագավորական բանկի և Aguilar-Amory-ի պահանջները Կոստա Ռիկայի դեմ ներկայացրեց Մեծ Բրիտանիան։ Երկու պետությունները հատուկ համաձայնագրով վեճը հանձնեցին մեկ արբիտրի՝ ԱՄՆ նախկին նախագահ և այդ ժամանակ ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ուիլյամ Հովարդ Թաֆթին։ Գործարքների վավերականությունը քննելուց առաջ Թաֆթը պետք է պատասխաներ մի հարցի՝ Թինոկոյի իշխանությունն այդ տարիներին Կոստա Ռիկայի կառավարությո՞ւնն էր։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան հրաժարվել էին այն ճանաչելուց։ Ի հեճուկս այդ տերությունների դիրքորոշման՝ Թաֆթը 1923 թվականի վճռում հաստատեց, որ Թինոկոյի իշխանությունը Կոստա Ռիկայի փաստացի կառավարությունն էր։ Նրա համար վճռորոշ էր այն, թե ով էր իրականում կառավարում երկիրը։ Եթե մի քանի խոշոր տերությունների չճանաչումն անգամ բավարար չէր կառավարության փաստացի գոյությունը հերքելու համար, ապա առավել ևս որևէ օտար պետության դիրքորոշումն ինքնին չի կարող վերացնել արդեն գոյություն ունեցող Հայաստանը։
Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է։ Այն համաշխարհային ընդգրկում և ընդհանուր իրավասություն ունի, այսինքն՝ նրա գործերը սահմանափակված չեն որևէ տարածաշրջանով կամ իրավունքի մեկ ճյուղով։ ՄԱԿ-ի կանոնադրության 96-րդ հոդվածով Գլխավոր ասամբլեան կամ Անվտանգության խորհուրդը կարող են դատարանից խորհրդատվական կարծիք խնդրել իրավական հարցի վերաբերյալ։ Կոսովոյի դեպքում նախաձեռնությունը Սերբիայինն էր։ Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը նախագիծը ներկայացրեց Գլխավոր ասամբլեային, որն այն ընդունեց 2008 թվականի հոկտեմբերի 8-ին և պաշտոնապես դիմեց դատարան։
2010-ին դատարանը եզրակացրեց, որ Կոսովոյի անկախության հռչակագրի ընդունումը չի խախտել միջազգային իրավունքը։ Այն բացատրեց նաև, որ իրեն չէին հարցրել՝ Կոսովոն ձեռք է բերե՞լ պետականություն, կամ ի՞նչ իրավական հետևանքներ ունի մյուս երկրների կողմից նրա ճանաչումը։ Հայաստանի դեպքում խոսքն արդեն կայացած պետության մասին է, ուստի Կոսովոյի կարծիքն ուղիղ պատասխան չի տալիս մեր սահմանադրական հարցին։ Բայց դատարանի կատարած տարբերակումը վճռորոշ է նաև այստեղ։ Եթե անկախության հռչակագիր ընդունելու իրավաչափությունն ինքնին չի պատասխանում նոր պետության գոյության հարցին, ապա այդ փաստաթղթին հղումը հետագայում հանելուց առավել ևս չի հետևում արդեն գոյություն ունեցող պետության վերացումը։ Ղազարյանի եզրահանգման համար անհրաժեշտ միջազգային իրավական կանոնը բացակայում է։
Հայաստանն արդեն միջազգային հարաբերությունների կողմ է
Հայաստանի պետականությունը որևէ հարևան երկրի որոշումից կախված չէ։ ՄԱԿ-ի կանոնադրությամբ Հայաստանը նույն ինքնիշխան հավասարությունն ունի, ինչ կազմակերպության մյուս անդամները։ Ադրբեջանը դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությամբ հաստատել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը։ 2025 թվականին հրապարակված նախաստորագրված խաղաղության համաձայնագրի առաջին հոդվածում այդ դիրքորոշումն արտահայտվել է նաև քաղաքական անկախության և միջազգային սահմանների անխախտելիության հստակ հիշատակմամբ, ուստի արդեն ճանաչված պետության սահմանադրական փոփոխությունն ինքնին ճանաչումը հետ կանչելու հիմք չի տալիս։ Այս սկզբունքը Մոնտեվիդեոյի կոնվենցիայից զատ՝ ամրագրել է նաև Միջազգային իրավունքի ինստիտուտը 1936 թվականի Բրյուսելի բանաձևի 3-րդ հոդվածում։ Ըստ այդ հոդվածի՝ պետության de jure ճանաչումն անշրջելի է, և դրա հետևանքները դադարում են միայն այն դեպքում, երբ վերջնականապես վերանում է ճանաչման պահին հաստատված պետականության էական տարրերից մեկը։ Ինստիտուտի բանաձևը՝ որպես միջազգային իրավագետների հավաքական դոկտրինալ դիրքորոշում, Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 38-րդ հոդվածի իմաստով կարող է ծառայել որպես իրավունքի նորմերի որոշման օժանդակ միջոց։ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելն ինքնին պետականության որևէ էական տարրի վերացում չի նշանակում։
Եզրակացություն
Նիկոլ Փաշինյանի պաշտպանած մոտեցումը՝ նոր Սահմանադրությունն ընդունել առանց Անկախության հռչակագրին հղման, միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի է։ Վարչապետի դիրքորոշման քաղաքական ուժն այն է, որ սահմանադրական ընտրությունը թողնում է Հայաստանի քաղաքացիներին։ Էդգար Ղազարյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, թե Անկախության հռչակագրին հղումը հանելու օրը Հայաստանի Հանրապետությունը կվերանա, և երկրում կհաստատվի ադրբեջանական իշխանություն։ Այդ սցենարի համար նա չի մատնանշում միջազգային իրավունքի որևէ նորմ, չի բերում գեթ մեկ համադրելի նախադեպ և չի բացատրում, թե սահմանադրական նախաբանի խմբագրումն ինչպես է Ադրբեջանին փոխանցելու Հայաստանի տարածքի նկատմամբ իշխանությունը։ Ղազարյանի պնդումը փլվում է հենց Հայաստանի անկախության ժամանակագրության վրա։ ՄԱԿ-ը Հայաստանին անդամ է ընդունել որպես պետություն ավելի քան երեք տարի առաջ, քան ընդունվել է երկրի առաջին Սահմանադրությունը։ Ուրեմն ի՞նչ իրավական հիմքով պիտի այսօր պետության գոյությունը կախված լինի մի հղումից, որն անգամ գոյություն չուներ, երբ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ։ Այդ հարցին Ղազարյանի ելույթում պատասխան չկա։
Նոր Սահմանադրության բովանդակությունը որոշելու իրավունքը Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է․․․։
Ալբերտ Հայրապետյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test