Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Աշխարհագրությունը և ինքնիշխանության իրավունքը 1in.am 1in.am

time
Աշխարհագրությունը և ինքնիշխանության իրավունքը

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ռուս սահմանապահների հեռանալը և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վերանայումը ծանր հետևանքներ կունենան Հայաստանի համար։ Նրա դատողությունների հիմքում Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված ռուսական ռազմական ներկայության անժամկետ անհրաժեշտության գաղափարն է։ Այս տրամաբանությամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարևանությունը կանխորոշում է Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության սահմանները, իսկ սեփական սահմանների պաշտպանությունն ինքնուրույն ստանձնելու ձգտումը դիտարկվում է որպես Ռուսաստանից քաղաքական հեռացման քայլ։

Զատուլինն անտեսում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ճգնաժամի բուն պատճառները։ 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժումը և 2023 թվականին Արցախի հայաթափումը հիմնովին փոխեցին Հայաստանում ռուսական անվտանգության երաշխիքների ընկալումը։ Դաշնակցային պարտավորությունների և դրանց գործնական արդյունքների միջև առաջացած խզումն էլ Հայաստանին մղեց անվտանգության նոր համակարգի որոնման։

Հայաստանի աշխարհագրական դիրքը մնացել է անփոփոխ, սակայն հիմնովին վերափոխվել է նրա աշխարհաքաղաքական միջավայրը։ Տարածաշրջանում ուժերի նոր հարաբերակցությունը, Ռուսաստանի ռազմավարական առաջնահերթությունների փոփոխությունը և միջազգային նոր շահերի ձևավորումը Հայաստանի առջև դնում են անվտանգության քաղաքականությունը վերաիմաստավորելու անհրաժեշտություն։

Փոքր պետությունների ինքնիշխանությունն ամրապնդվում է միջազգային գործընկերության ընդլայնմամբ և փոխադարձ շահերի ձևավորմամբ։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումն ու հաղորդակցությունների վերականգնումը Հայաստանի աշխարհագրական դիրքը ռազմավարական առավելության վերածելու հեռանկար են ստեղծում։ TRIPP-ի նշանակությունը Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո միջազգային երկարաժամկետ տնտեսական շահերի ձևավորումն է։ Հայաստանի կայունությունն ու անվտանգությունն այդպիսով կարող են ձեռք բերել ավելի լայն միջազգային նշանակություն։

Զատուլինի անդրադարձը ԵԱՏՄ-ին բացահայտում է հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական և քաղաքական բաղադրիչների սերտ առնչությունը։ Տասնամյակների ընթացքում ձևավորված տնտեսական կապերը Մոսկվային Հայաստանի քաղաքական որոշումների վրա ազդելու զգալի լծակներ են տալիս։ Հայաստանի եվրոպական հեռանկարի իրագործումը պահանջում է տնտեսության կառուցվածքային վերափոխում, նոր շուկաների նվաճում և էներգետիկ աղբյուրների բազմազանեցում։ Արտաքին քաղաքական ընտրության ազատությունը մեծապես որոշվում է երկրի տնտեսական ինքնուրույնությամբ։

Հայաստանի աշխարհագրական դիրքը երկար ժամանակ թելադրել է նրա անվտանգության քաղաքականությունն ու արտաքին հարաբերությունների բնույթը։ Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կարող է արմատապես փոխել այդ իրողությունը՝ ընդլայնելով Հայաստանի տնտեսական և քաղաքական ընտրության շրջանակը։ Այդ հեռանկարի իրագործումը կախված է Հայաստանի ներքին ուժից, պաշտպանունակությունից և աշխարհաքաղաքական փոփոխությունները սեփական զարգացմանը ծառայեցնելու կարողությունից։

Աշխարհագրությունը թելադրում է անվտանգության մարտահրավերները։ Ինքնիշխանության իմաստը դրանց սեփական քաղաքական կամքով և կարողություններով պատասխանելու իրավունքն է։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test