ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյան
sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն հաստատելու կեղծ քողի տակ հանրությանն է հրամցնում իր ավտորիտար կառավարումն արդեն սահմանադրական մակարդակով ամրապնդող մի տեքստ, որը պարզապես հավերժացնելու է նրա միապետական իշխանությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Սահմանադրության նոր նախագծին ծանոթանալուց հետո։
Նա նշել է, որ կասկածից վեր է այն, որ որ շրջանառության մեջ դրված ՀՀ նոր Սահմանադրության նախագծում իշխանությունները բավարարելու են Ադրբեջանից և Թուրքիայից ամենօրյա ռեժիմով պահանջները՝ Անկախության հռչակագրի, պետական սիմվոլների, Ցեղասպանության ճանաչումից նահանջի վերաբերյալ։
«Ալիևյան անունը իրավամբ ստացած սահմանադրությունն այդպիսին է ոչ միայն իր հակահայկականությամբ, այլև դրանով հաստատվող ադրբեջանական կառավարման մոդելով։ Այդ տեքստը որքան որ հեռու է հայկական լինելուց, նույնքան, և գուցե ավելին, հեռու է ժողովրդավարությունից։ Սա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ»,–գրել է նա։
Քոչարյանը վստահ է, որ պարտադրանքով ընդունված նման սահմանադրության պարագայում վնասվում է ոչ միայն ազգային արժանապատվությունը, այլև որպես պետություն Հայաստանը կորցնում է վերականգնվելու և կայանալու որևէ հնարավորություն։
«Հայաստանը կվերածվի տարածաշրջանի ամենախեղճ, վախվորած, ազգային նկարագիրը կորցրած, աղքատ և բոլորին պարտք տարածքի՝ իր վախկոտ բռնապետով։ Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ»,–նշել է նա։
ՀՀ երկրորդ նախագահը շեշտել է, որ նույնիսկ եթե մի հրաշքով իշխանությունները որոշեն վերականգնել Անկախության հռչակագրին հղումը, նման սահմանադրության ընդունումը բացարձակ անընդունելի է։
Հիշեցնենք` նոր Սահմանադրության
նախագիծը հրապարակվեց նոյեմբերի 23-ին։ Ի տարբերություն գործող հիմնական օրենքի` նախաբանում հղում չկա Հայաստանի անկախության մասին հռչակագրին, որում խոսվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի ձգտման մասին:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերին առաջարկել էր «պարզ գործարք» կնքել: Փաշինյանի խոսքով` դրա համար բավական է, որ ընդդիմությունը համաձայնի նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը։ Հակառակ դեպքում վարչապետը սպառնացել էր «գործի գցել» արտահերթ ընտրությունների «բուլդոզերը», որի արդյունքում, նրա խոսքով, ներկայիս երկու ընդդիմադիր ուժերից ոչ մեկը չի անցնի խորհրդարան։