Մեծն Հրանտ Մաթևոսյանը 1992 թվականին գրում էր. «Հայաստանի Հանրապետություն ասված եզակի մոնումենտը հայոց մեր երկար դարերի մեջ իմ ու քո աշխատանքային կամքի վրա է հավաքվելու»։
Մաթևոսյանի այս միտքն այսօր նաև աշխարհաքաղաքական խոր իմաստ ունի։ Հայաստանի պատմական ժառանգության քաղաքական արժեքը ժամանակակից հանրապետության հզորացմանը հաղորդած ուժն է։ Տնտեսապես մրցունակ, ռազմականապես կայացած և քաղաքականապես ինքնուրույն Հայաստանի Հանրապետությունն է ունակ վերափոխելու Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը։ Հենց այս հեռանկարի լույսի ներքո արժե դիտարկել Բաքվի հակառևանշիստական քարոզչությունը։
Պատմական Հայաստանը հայ ժողովրդի պատմական հիշողության, մշակութային ինքնության և ազգային ճակատագրի անբաժանելի մասն է։ Ադրբեջանի տարածաշրջանային հավակնություններին համարժեք հակակշիռ կարող է դառնալ իրական Հայաստանը՝ իր տնտեսական, ռազմական, տեխնոլոգիական և դիվանագիտական ներուժով։
Բաքվում հայկական ռևանշիզմի շուրջ ծավալվող քարոզչության ռազմավարական ենթատեքստը տարածաշրջանում ուժերի ներկայիս հարաբերակցությունը պահպանելու ձգտումն է։ Հայաստանի հզորացման ցանկացած հեռանկար որպես ռևանշիզմի դրսևորում ներկայացնելը կարող է ծառայել Հայաստանի զարգացման քաղաքական և հոգեբանական կաշկանդմանը, իսկ ադրբեջանական հասարակության մեջ՝ ծայրահեղ ազգայնականության վերարտադրությանը։
Ադրբեջանի ռազմական հաջողությունները մեծապես պայմանավորված էին նավթային եկամուտներով, միջազգային էներգետիկ կապերով և երկար տարիների ռազմաքաղաքական ներդրումներով։ Առաջիկա տասնամյակներում տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը կարող է էապես վերափոխվել։ Գիտելիքի տնտեսությունը, տեխնոլոգիական արդյունաբերությունը, միջազգային հաղորդակցությունները և կապիտալի շարժը զարգացման նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար։
Եվրոպական տնտեսական տարածքին աստիճանաբար ինտեգրվող, միջազգային կապիտալ ներգրավող, պաշտպանական արդյունաբերություն զարգացնող և տարածաշրջանային հաղորդակցության հանգույց դարձող Հայաստանը կարող է ձեռք բերել իր տարածքային չափերը զգալիորեն գերազանցող աշխարհաքաղաքական կշիռ։
Բաքվի քաղաքական վերնախավի համար հենց այդ հեռանկարը կարող է ռազմավարական մտահոգության առարկա լինել։
Հայկական ռևանշիզմի մասին անվերջ ահազանգերը ներքաղաքական նշանակություն ևս ունեն։ Հայկական սպառնալիքի գաղափարի մշտական շրջանառությունը սնուցում է ադրբեջանական ազգայնականությունը, ռազմականացման քաղաքականությանը հաղորդում հասարակական լեգիտիմություն և ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունը ստորադասում ազգային անվտանգության օրակարգին։ Այս տրամաբանությամբ հակամարտության հոգեբանական շարունակությունը կարող է դառնալ Ադրբեջանում գործող իշխանական համակարգի պահպանման կարևոր գործոն։
Խաղաղության ամրության իրական չափանիշը Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունն է՝ հարգելու միմյանց ինքնիշխան ընտրությունը, տնտեսական վերելքի և ազգային անվտանգության ամրապնդման իրավունքը։
Հայաստանի պատմական հիշողությունը մտավոր, մշակութային և քաղաքական հսկայական ներուժ է։ Իրական Հայաստանի կայացման պատմական առաքելությունն այդ ներուժը կենսունակ պետականության, տնտեսական զորության և միջազգային հեղինակության վերածելն է։
Հայ ժողովրդի պատմական մեծագույն նվաճումը կարող է դառնալ սեփական երկրի աշխարհաքաղաքական կշռի այնպիսի մեծացումը, որն այլևս թույլ չի տա ուրիշներին տնօրինել նրա ճակատագիրը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test