Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նատալյա Ասմարյանը՝ Օպերային թատրոնի անլսելի ձայնը mediamax.am mediamax.am

time
Նատալյա Ասմարյանը՝ Օպերային թատրոնի անլսելի ձայնը

Նատալյա Ասմարյանը բեմում է բոլոր իտալական օպերաների ժամանակ։ Միշտ սեւ հագած, կլավիրը ձեռքին, փոքրիկ լապտերով նա մեկ վարագույրի մոտ է, մեկ՝ կուլիսների, երբեմն էլ՝ ծաղկամանի հետեւում թաքնված։ Հանդիսատեսի համար Նատալյան աննկատ է, բայց երգիչները նրա ձայնը լսում են միշտ։Նատալյա Ասմարյանը 43 տարի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հուշարարն է. մասնագիտություն, որը Հայաստանում արդեն չկա՝ բացառությամբ Սունդուկյանի անվան թատրոնի։

Նատալյայի ամբողջ կյանքն օպերային թատրոնի հետ է կապված։ «Կուլիսներում եմ մեծացել»,- ասում է։ Հայրն ու մայրը թատրոնի դաշնակահարներն էին, նրանց հետ հաճախ էր աշխատանքի գնում։ Ծնողների մասնագիտությունը շարունակելով՝ ինքն էլ դաշնակահար դարձավ, բայց մանկության երազանքը երգելն էր։«6 տարեկանից բեմում եմ՝ երգում ու նվագում էի։ Իրոք, շատ լավ, զրնգուն ձայն ունեի։ Այն ժամանակ «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կար, կիրակիները դպրոցականների համար համերգներ էին լինում, ես մենակատարն էի։ Բայց գալիս է մի ժամանակ, որ պետք է ձայնիդ պահպանությամբ զբաղվես։ Այնքան շատ էի երգել, որ ձայնս քիչ-քիչ «նստել» էր, վերեւի նոտաները չէի կարողանում երգել։Բայց երազանքս, միեւնույն է, կատարվեց. ընդունվեցի օպերայի եւ բալետի թատրոնի երգչախումբ, 8 տարի երգեցի բոլոր օպերաներում, բեմում կանգնեցի այն ռեժիսորների ու մենակատարների հետ, որոնց մանկուց տեսել էի»։Նախկինում եվրոպական օպերաները երգում էին ռուսերեն (միայն «Տրուբադուր»-ը՝ հայերեն)։ Թատրոնում երկու հուշարար կար՝ թոշակի անցած 2 երգիչ. մեկը հայերեն, մյուսը՝ ռուսերեն օպերաների ժամանակ էր հուշում։ Հետո կարգը փոխվեց. բոլոր օպերաները պետք է բնօրինակ լեզվով կատարվեին։ Նատալյան ասում է, որ թատրոնի մեծերն արդեն տարիքով էին, իտալերեն տեքստերը հիշելը դժվար էր։ Հուշարարի կարիք առաջացավ, որը կաշխատեր իտալական օպերաների ժամանակ։ Նատալյան իր օգնությունն առաջարկեց։«Ես գիտեի՝ այնքան ուժեղ ձայն չունեմ, որ երկար մնամ երգչախմբում։ Փնտրում էի՝ ինչով զբաղվել, ու հենց օպերայում էի փնտրում։ Հուշարարի հաստիքը շանս էր։ Մոտեցա խմբավարին, ասացի, որ ուզում եմ փորձել։ Իտալերենով առաջին ներկայացումը Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ»-ն էր։ Առաջին փորձին եկա, բոլորն ինձ գիտեին, շատ ուրախացան՝ Օ՜, Թաթոսի աղջիկը, ինչ լավ է»։ Երկար փորձերից հետո եկավ ներկայացման օրը։ Նատալյայի համար սա քննություն էր. բարեհաջող ավարտի դեպքում փորձնակի երկու տարվա աշխատանքը կավարտեր ու կդառնար հիմնական աշխատող։ «Պատահում է՝ մեկը խաղում է մեծ դեր, բայց շատ չես հուշում։ Պատահում է՝ մի քանի նախադասություն է, բայց այնքան է հուզվում, որ մոռանում է՝ երբ, ինչ պիտի երգի։ Այս ներկայացման ժամանակ էլ ծառան պետք է մտներ բեմ ու երկու նախադասություն ասեր՝ ձեզ մոտ եկել է արքայազն Յամադորին, որը շատ հարուստ է, ունի կալվածքներ, եւ ցանկանում է առաջարկություն անել։ Բեմում Չիո-Չիո-Սանն է, նվագախումբը նվագում է, ծառան դուրս է գալիս ու ոչինչ չի ասում։ Ես գոռում եմ բառերը։ Նվագախմբի փողայինները թակում են իմ խցիկի պատը՝ «Նատաշա, ձայնդ լսվում է»։ Յամադորին այդպես էլ եկավ, գնաց, իսկ ծառան ոչինչ չերգեց։Ընդմիջմանն իջնում եմ աստիճաններով, դիմացից գալիս է դիրիժորը՝ Յուրի Դավթյանը։ Մեղավոր դեմքով նայում եմ նրան՝ «Ես ասացի, գոռացի»։ Ասաց՝ «Ես քեզ լսեցի»։ Դա առաջին ու վերջին դեպքն էր, որ ես էնպես գոռացի, որ նույնիսկ դիրիժորն ու փողայինները լսեցին ձայնս»։ Նատալյան ասում է, որ այլ թատրոնների ամենաարհեստավարժ հուշարարն անգամ չի կարող աշխատել օպերայում, եթե երաժշտական կրթություն չունի, օպերաները չգիտի։ Դաշնակահարի մասնագիտությունն իրեն շատ է օգնել։«Գոհար Գասպարյանն ինձ համար շատ սիրելի էր ոչ միայն որպես երգչուհի, այլեւ՝ ուսուցիչ։ Երբ նոր էի սկսում աշխատանքս, ասաց՝ լսիր խորհուրդներս, քեզ պետք կգան․ գիտե՞ս քանի հուշարար եմ պատրաստել։ Ու իսկապես, նա ինձ համար շատ կարեւոր մարդ ու ուսուցիչ դարձավ»։Նախկինում հուշարարի համար խցիկ կար՝ բեմի տակ, կենտրոնում, նվագախմբի փոսի մեջ։ «Ոնց որ գնացքում լինեի. փոքրիկ աստիճանով բարձրանում էի երկրորդ հարկ, նստում նստարանին, տախտակը դնում էի ծնկներիս։ Շատ անհարմար էր՝ տեսնում էի միայն երգիչների ոտքերը, բայց կարեւորն իրենք ինձ լսում էին»։Հետո խցիկը հանվեց։ Հիմա կախված ներկայացումից ու ձեւավորումից՝ Նատալյան բեմի տարբեր հատվածներում է «տեղավորվում»։ Ասում է՝ հուշարարի ներկայությունն ավելի շատ հոգեբանական աջակցություն է. երգիչը գիտի՝ եթե դադար տա, մոռանա, կա մեկը, որը կհուշի իր խոսքը։«Պետք է ճիշտ պահին՝ դադարների ընթացքում, մի տակտ շուտ հուշել՝«գցել» բառը, որ երգիչը չշփոթվի։ Մինչեւ ներկայացումը բեմ դուրս կգա, երեք ամիս մեծ փորձասենյակում պատրաստվում ենք։ Ես մասնակցում եմ փորձերին, տեսնում եմ՝ ով է պատրաստ, ով օգնության կարիք ունի, ով շփոթվեց, ու ինձ մոտ նշում եմ այդ հատվածները։ Պատահում է, որ մոտենում են ինձ՝ «Նատաշա ջան, հուզվում եմ, ամբողջ տեքստից ոչինչ չեմ հիշում»։ Դա հոգեբանական պահ է. բարձրանում ես բեմ, «սպիտակ էջ», ոչինչ չես հիշում։Ով 10 տարի երգում է, պարզ է, այդքան կարիքը չունի հուշելու, բայց, միեւնույն է, կարող է մոտենալ, ասել՝ վայ, Նատա ջան, դու ի՞նչ է, ինձ լրիվ մոռացե՞լ ես, ինչո՞ւ չես հուշում։ Ասում եմ՝ դե դու գիտես, ասում է՝ գիտեմ, բայց, օրինակ, երկրորդ տունը չէի կրկնել։ Լինում է՝ զուգերգ է, բայց մեկը չերգեց։ Ես նրա խոսքն ասում եմ, էլի չի երգում։ Էդպես «պինգպոնգ» ենք խաղում մինչեւ ընկնում են հունի մեջ։ Հետո մոտենում, ասում է՝ զգացի՞ր, որ այսօր փրկեցիր ինձ։ Ասում եմ՝ ո՞նց չզգացի, ես էլ սառեցի այդ պահին։Պատահում է, որ դիրիժորն է ասում՝ Նատաշա՛, գոռա․երգիչն այնքան անվստահ է, ավելի լավ է քո ձայնը լսվի, բայց ինքը երգի»։ 43 տարում հետաքրքիր ու հիշարժան պահեր շատ են եղել, բայց մեկը Նատալյան հակապես չի մոռանում։ Տիգրան Լեւոնյանը բեմադրում էր Լեոնկավալոյի «Պայացները»։ Առաջնախաղից մեկ շաբաթ առաջ փորձի ժամանակ Լեւոնյանն անսպասելի որոշեց Նատալյային բեմ բարձրացնել։«Օպերան շրջիկ դերասանների կյանքի մասին է՝ շրջում են քաղաքից քաղաք, նրանց հետ է նաեւ հուշարարը։ Եվ հանկարծ Տիգրան Լեւոնիչն իմպրովիզացիա արեց եւ ինձ բեմ բարձրացրեց՝ որպես հուշարարի դերակատար։ Առաջին գործողության ժամանակ նստում էի հուշարարի խցում, երկրորդին՝ փոխում շորերս ու դուրս գալիս բեմ։ Եվ երբ եկավ բեմի վրա հուշելու պահը, հարցնում եմ՝ Տիգրան Լեւոնիչ, իսկապես հուշե՞մ։ Ասաց՝ իհարկե, դու դերասան ես։ Որոշ ժամանակ հետո հարցրի նրան, թե ինչպես ներկայացումից ընդամենը մի շաբաթ առաջ, երբ երկու փորձ էր մնացել, ռիսկ արեց ինձ բեմ բարձրացնել։ Ասաց՝ դու թատրոնի մարդ ես, թատրոնի երեխա, ամբողջ կյանքդ թատրոնում ես։ Ու այդպես 5 տարի խաղացի Լեւոնյանի բեմադրած «Պայացներ»-ում»։Հիվանդ, թե առողջ, վատ տրամադրությամբ կամ դժվար օրերին, միեւնույն է, Նատալյան ոչ մի ներկայացում բաց չի թողնում։ Միշտ պատրաստ է. «Ես չեմ հուզվում, իմ մասնագիտությունն է, ես պիտի հանգիստ լինեմ»։ Ոգեւորությամբ պատմում է իր մասին նկարահանված երկու ֆիլմերի, Նարեկացի արվեստի միությունում իր աշխատանքային գործունեության 40-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական երեկոյի մասին։Նատալյան թատերագետ է, արվեստին առնչվող հոդվածներ է գրում։ Թատրոնի ու կինոյի ինստիտուտում է դասավանդել, երաժշտական քոլեջում։ Ասում է՝ իրեն ապրեցնում, ուժ է տալիս գեղեցիկը՝ լինի օպերայում, կերպարվեստում, թե առօրյայում։ Այն օրը կակտուսն էր ծաղկել, ամբողջ հեռախոսն այդ ծաղկի նկարներն էր, որ ուղարկում էր բոլոր ծանոթներին։ Կամ Ռիժիկ անունով կատուն, որի շարժուձեւը՝ քնած, կանգնած, զբոսնելիս՝ Նատալյայի համար կատարելություն է։ Չնայած 43 տարի Օպերայի ու բալետի թատրոնում է՝ աննկարագրելի ոգեւորությամբ է խոսում աշխատանքի մասին։ Երջանիկ է, որ կյանքը թատրոնի հետ է կապել։«Թատրոնում շատ հետաքրքիր է, չես ձանձրանում։ 1983 թվականից աշխատում եմ այստեղ, բայց երբեք նույն բանը չի կրկնվել։ Ամեն անգամ ուրիշ դերասան է խաղում, փոխվում են երգիչները, փոխվում է դիրիժորը, փոխվում է ամեն ինչ, եւ ոչ մի ներկայացում չի կրկնվում, միշտ նորություն է։ Այդ է թատրոնը»։Լուսինե ՂարիբյանԼուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test