Հայկական երկաթուղու կառավարման հարցով հայ-ռուսական աշխատանքային խումբն անցկացրել է երկրորդ հանդիպումը։ Նոյեմբերի 17-ի երևանյան բանակցություններին մասնակցած Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարն ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալն այս անգամ բացակայել են։ Ռուսական կողմը ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։ Ռուսական պատվիրակության կազմի փոփոխությունը թույլ է տալիս ենթադրել, որ Մոսկվան հայկական երկաթուղու կոնցեսիայի շուրջ հետագա բանակցությունները պայմանավորում է դեկտեմբերի 3-ին նախատեսված Փաշինյան–Պուտին հանդիպման արդյունքներով։
Հայկական երկաթուղու շուրջ բանակցությունները պայմանավորված են տարածաշրջանի տնտեսական և աշխարհաքաղաքական փոփոխություններով։ 2008 թվականին, երբ Հայաստանը երկաթուղու կառավարումը 30 տարով հանձնեց ռուսական ընկերությանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացակայությունը սահմանափակում էր դրա տնտեսական ներուժը։ Մոսկվան այդ գործարքով ամրապնդեց իր դիրքերը Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքներում։ Տասնութ տարի անց տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարը սկզբունքորեն փոխում է կոնցեսիայի տնտեսական արժեքն ու քաղաքական նշանակությունը՝ օրակարգ բերելով դրա պայմանների վերանայման հարցը։
Երասխ–Նախիջևան և Գյումրի–Կարս երկաթուղային հաղորդակցությունների վերականգնումը, Մեղրիով անցնող TRIPP ենթակառուցվածքի կառուցումը սկզբունքորեն փոխում են հայկական երկաթուղու տնտեսական նշանակությունը։ Հայաստանը միջազգային բեռնափոխադրումների համակարգում տարանցիկ դեր ստանձնելու հեռանկար ունի։ Հետևաբար, առանցքային է դառնում այդ ենթակառուցվածքների կառավարման, եկամուտների տնօրինման և զարգացման ուղղությունները որոշելու իրավունքը։
Ռուսական ընկերությունից նոր ներդրումներ ակնկալելուց առաջ անհրաժեշտ է գնահատել գործող կոնցեսիայի արդյունքները։ Անկախ և հրապարակային աուդիտը պետք է պարզի ներդրումային պարտավորությունների կատարման ծավալը, երկաթուղու տեխնիկական վիճակը, ընկերության ֆինանսական գործունեության արդյունավետությունը, գնումների և փոխկապակցված ընկերությունների հետ գործարքների հիմնավորվածությունը։ Հայաստանի համար առանցքային հարցը տասնութ տարվա կոնցեսիոն կառավարման տնտեսական արդյունքն է՝ որքանով են կատարված ներդրումները նպաստել բեռնափոխադրումների զարգացմանը, ծախսերի նվազեցմանն ու երկրի մրցունակության բարձրացմանը։ Հենց այդ գնահատականը պետք է դրվի Մոսկվայի հետ հետագա բանակցությունների հիմքում։
Ռուսական երկաթուղային համակարգի նկատմամբ միջազգային պատժամիջոցները հայկական երկաթուղու զարգացման համար լրացուցիչ ռիսկեր են ստեղծում՝ միջազգային ֆինանսավորումից ու տեխնոլոգիական արդիականացումից մինչև խոշոր բեռնափոխադրողների ներգրավում։ Ամերիկյան մասնակցությամբ իրականացվող TRIPP նախագծի գործարկմամբ հատկապես կարևորվում է Հայաստանի երկաթուղային ամբողջ ցանցի անխափան ինտեգրումը միջազգային տրանսպորտային համակարգին։ Գործող կոնցեսիայի վերանայման առանցքային հիմնավորումներից մեկը հենց այս հանգամանքն է՝ ռուսական օպերատորի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չպետք է սահմանափակեն Հայաստանի միջազգային տնտեսական համագործակցության հեռանկարները։
Մոսկվայի հետ բանակցություններին Երևանը պետք է ներկայանա կոնցեսիոն պայմանագրի վերանայման իրավական և տնտեսական հիմնավորումներով՝ նախապես ուսումնասիրելով նաև կառավարման իրավունքի փոխանցման և միջազգային մրցույթով նոր օպերատոր ներգրավելու տարբերակները։ Կենսունակ այլընտրանքի առկայությունն էապես կամրապնդի Հայաստանի բանակցային դիրքերը։
Մոսկվայի շահագրգռվածությունը հայկական երկաթուղու կառավարման իրավունքի պահպանման հարցում պայմանավորված է Հարավային Կովկասում իր ազդեցության հետագա հեռանկարով։ Տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումը ռուսական կոնցեսիային կարող է հաղորդել աշխարհաքաղաքական նոր նշանակություն՝ Մոսկվային լծակներ տրամադրելով նաև Հայաստանի մասնակցությամբ ձևավորվող միջազգային տարանցիկ ուղիների նկատմամբ։
Հայաստանի ռազմավարական խնդիրը սեփական տրանսպորտային քաղաքականությունն ինքնուրույն մշակելու և իրականացնելու կարողությունն է։ Տարածաշրջանային ապաշրջափակումը պատմական հնարավորություն է՝ հաղթահարելու տասնամյակների տնտեսական մեկուսացումը, ընդլայնելու երկրի ինքնիշխանությունը և վերարժևորելու Հայաստանի աշխարհագրական դիրքը։ Հենց այս նպատակներին պետք է ծառայի նաև հայկական երկաթուղու կառավարման հետագա մոդելը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test