Նիկոլ Փաշինյանը հերթական դարակազմիկ սուտն է հորինել՝ ՔՊ իշխանության տարիներին պետության վրա դրած ահռելի պարտքի բեռն արդարացնելու համար։ Հանդես գալով խորհրդարանում 2027թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ եզափակիչ ելույթով, հայտարարեց, թե Երկրորդ նախագահի իշխանության տարիներին պետական պարտքն ավելացել է՝ 6.6, իսկ Երրորդ նախագահի իշխանության տարիներին՝ 5.8 անգամով։
«Մեզ մեղադրում են, որ 2018 թվականից Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։ Մեղադրում են 2 խմբակցություններ, որոնց իշխանությունների օրոք՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Հայաստանի պետական պարտքն աճել է 6.6 անգամ և 5.8 անգամ։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք պետական պարտքը, ներառյալ՝ արտաքին պարտքը, աճել է 6.6 անգամ։ Սերժ Սարգսյանի օրոք պետական պարտքն աճել է 5.8 անգամ։ Եվ այն պայմաններում, երբ իրենց կառավարման օրոք Քովիդի համավարակ, օրինակ՝ չի եղել, երբ երկրում տնտեսությունն ուղղակի կանգնի։
Մեր օրոք պետական պարտքն ավելացել է ոչ թե 2, այլ 1.7 անգամ։ Ընդ որում՝ ավելացել է նաև այն պատճառով, որ, ի տարբերություն իրենց, մենք Հյուսիս-Հարավը կառուցում ենք։
Այդ պարտքերի մի մասն իրենք են ստորագրել։ Մենք պետական պարտքի աճն անգամներով՝ 3-3.5 անգամով նվազեցրել ենք։ Եվ այսօր մեր պետական պարտքի մի զգալի մասը ձևակերպվել է նրա արդյունքում, որ մենք իրենց վերցրած թանկ եվրոբոնդերը հետ ենք գնել և ձեռք ենք բերել ավելի էժան պարտք»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հերթական անգամ ապացուցելով, որ պարտրաստ է ցանկացած կեղծիք հնչեցնել՝ նախկիններին մեղադրելու ու իր արածներն արդարացնելու համար։
Այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը Երկրորդ և Երրորդ նախագահների իշխանության շրջանում պետական պարտքի աճի վերաբերյալ, բացարձակ սուտ է։ 1998թ. սկզբին, երբ նախագահի պաշտոնը ստանձնեց Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի պետական պարտքը կազմում էր 768 մլն դոլար։ 2007թ. վերջին կամ 2008թ. սկզբին, երբ ավարտվում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության երկրորդ հնգամյա ժամկետը, Հայաստանի պետական պարտքը կազմում էր 1 մլրդ 697 մլն դոլար։
Երկրորդ նախագահի պաշտոնավորման 10 տարիներին Հայաստանի պետական պարտքն աճել է ոչ թե 6.6 անգամ, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, այլ 768 միլիոնից դարձել է 1 մլրդ 697 միլիոն։ Այսինքն՝ ավելացել է ընդամենը 929 միլիոնով։ Ավելի քիչ, քան Նիկոլ Փաշինյանն ավելացրել է պետական պարտքը 1 տարվա ընթացքում։ Երբ ՔՊ-ն եկավ իշխանության, Հայաստանի պետական պարտքը 6.7 մլրդ դոլար էր։
Այսօր այն անցնում է 15.3 միլիարդից։ Ութ ու կես տարում ավելացրել է 8.6 մլրդ դոլարով։ Այն դեպքում, երբ Երկրորդ նախագահի իշխանության 10 տարիներին պետական պարտքն ավելացել է ընդամենը 929 մլն դոլարով։ Գրեթե 10 անգամ քիչ, քան Նիկոլ Փաշինյանի իշխանության 8.5 տարիներին։
Այսպիսին են պարտքի ավելացման պաշտոնական տվյալները։ Ու դրանք վկայում են, որ բացարձակ կեղծիք է Երկրորդ նախագահի օրոք պարտքի 6.6 անգամ աճի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարությունը։
Նույնը նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պարագայում է։ Ճիշտ է, Երրորդ նախագահի իշխանության տարիներին պետական պարտքը սկսել է ավելի արագ աճել, բայց աճը չի եղել այնպիսին, ինչպիսին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։
Եթե 2008թ. սկզբին պետական պարտքը 1.7 միլիարդ էր, ապա 2018թ. կամ մինչև Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության բռնազավթումը՝ հասել էր 6.7 մլրդ դոլարի։
Սերժ Սարգսյանի իշխանության 10 տարիներին պետական պարտքն ավելացել է գրեթե 5 մլրդ դոլարով, որից շուրջ 1.4 միլիարդը՝ 2009թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները Հայաստանի տնտեսության մեջ մեղմելու նպատակով։
Տասը տարում Երրորդ նախագահի կողմից ղեկավարած իշխանությունը ներգրավվել է 5 մլրդ դոլարի պարտք, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ 8.5 տարում հասցրել է ներգրավել շուրջ 8.6 մլրդ դոլարի պարտք՝ 3.6 միլիարդով ավելի, քան Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին։
Նիկոլ Փաշինյանը 8.5 տարում 6.754 միլիարդից պետական պարտքը հասցրել է 15.330 միլիարդի։
Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է՝ մեր օրոք պետական պարտքն ավելացել է ոչ թե 2, այլ 1.7 անգամ։ Ինչ թվաբանությամբ է դա ստացել, երևի միայն ինքը գիտի։ Երբ 6.7 միլիարդը դառնում է 15.3 միլիարդ, դա նշանակում է, որ ավելանում է ոչ թե 1.7, այլ շուրջ 2.3 անգամով։
Նույն թվաբանությամբ էլ հավանաբար հաշվել է նախկին նախագահների օրոք ներգրավված պարտքերի աճերը։ Չնայած այս պարագայում կարևորը ոչ այնքան պարտքի աճն է, որքան անվանական ավելացումը։
Պատկերացրեք, եթե հաջորդ 10 տարիներին Հայաստանի պետական պարտքը 15 միլիարդով ավելանա, պիտի ասենք՝ պարտքը կրկնապատկվել է։ Բայց այդ կրկնապատկված պարտքի տակ 15 միլիարդի նոր պարտքի բեռն է լինելու։ Նույնը նախորդ 8.5 տարիներին է վերաբերում։ Փաստն այն է, որ ՔՊ իշխանության տարիներին Հայաստանի պետական պարտքը 6.7 միլիարդից հասել է 15.3 մլրդ դոլարի։ Ամեն տարի առնվազն 1 միլիարդով ավել պարտք են դրել պետության վրա։
Ոչ միայն պարտքն են ավելացրել, այլև պարտքի գինը։ Մինչև այս մարդկանց իշխանության գալը կառավարության պարտքի գինը տարեկան 4.9 տոկոս էր։ Վերջին տարիներին այն էապես աճել է և հասել տարեկան 7.3 տոկոսի։ Թանկացել է 2.4 տոկոսային կետով, ինչը տասնյակ-միլիարդավոր դրամներ է արժենում պետական բյուջեի վրա։ Ու այդքանից հետո, Նիկոլ Փաշինյանը խոսում է նախկին իշխանությունների ներգրավված թանկ պարտքերն էժանով փոխարինելու մասին։
Թե դա ինչքանո՞վ կապ ունի իրականության հետ, ցույց է տալիս պարտքի միջին տոկոսադրույքը, ինչը 8.5 տարում ավելի քան 50 տոկոսով թանկացել է։ Եվ դրա պատճառով կառավարության պարտքի բեռը, միայն տոկոսների սպասարկման գծով, արդեն հաջորդ տարի կհասնի պետական բյուջեի եկամուտների 11.6 տոկոսին, իսկ ՀՆԱ՝ 3.1 տոկոսին։ Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում վատագույնն է։
Տարեկան 1-1.1 մլրդ դոլար ենք վճարում կառավարության պարտքի միայն տոկոսները փակելու համար։ Նախկինների ժամանակ այն անգամներով ավելի քիչ էր, ավելի քիչ էր նաև բյուջեի եկամուտների նկատմամբ։ Ու դա նշանակում է, որ տեղի է ունեցել պարտքի ոչ միայն ահռելի աճ, այլև սպասարկման բեռի ավելացում, ցուցանիշների վատթարացում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test