Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ի՞նչ հարցեր է Պուտինը դնելու Փաշինյանի առջև դեկտեմբերի 3-ին 168.am 168.am

time
Ի՞նչ հարցեր է Պուտինը դնելու Փաշինյանի առջև դեկտեմբերի 3-ին

Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Ռուսաստանի Դաշնություն գտնվում է ռուսական մեդիաքաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում: Ռուս պաշտոնյաները տարբեր մակարդակներում անընդհատ քննարկում են սպասվելիք առանցքային այցը, դրա հնարավոր օրակարգն ու ակնկալիքները, հաշվի առնելով հանգամանքը, թե հայ-ռուսական հարաբերությունների համար ինչ բարդ ժամանակահատվածում է այցը տեղի ունենում:

Փաշինյան-Պուտին սպասվելիք բանակցությունները հերթական անգամ մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նախանշել է, որ Փաշինյան-Պուտին հանդիպմանը կքննարկվեն անվտանգության հարցերը, ինչպես նաև կլինի անդրադարձ Հայաստանում ՌԴ ռազմաբազայի թեմային։ «Անշուշտ, կանդրադառնան նաև մեր բազայի հարցին։ Այդ բազան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է»,- նշել է

Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ռուսական կողմին հետաքրքիր կլինի լսել այդ հարցի վերաբերյալ Երևանի տեսակետը։ Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունների օրակարգում նշված է նաև Ռուսաստանի և Եվրամիության միջև Հայաստանի «կողմնորոշման» ընտրության հարցը։

«Եվրամիությանն ուղղված կողմնորոշումը և միևնույն ժամանակ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացը շարունակելու ցանկությունը միմյանց հետ համատեղելի չեն»,- Պեսկովի խոսքն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն:

ՌԴ նախագահի խոսնակը նաև հստակեցրել է՝ տնտեսական առումով երկու աթոռի վրա նստելու ցանկությունն ինչ-որ պահի կա՛մ պետք է հաստատվի, կա՛մ պետք է հերքվի՝ որոշակի ընտրություն կատարելու միջոցով, որովհետև Հայաստանի դեպի Եվրոպական միություն կողմնորոշումն ու միաժամանակ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացը շարունակելու ցանկությունը միմյանց հետ չեն համատեղվում։

Դմիտրի Պեսկովի հայտարարություններն ուշագրավ են ոչ այնքան քննարկվելիք թեմաների թվարկմամբ, որքան դրանց շեշտադրմամբ, քանի որ հայ-ռուսական հարաբերություններում առանցքային թեմաները չափազանց շատ են, սակայն հենց այս թեմաների շեշտադրումն արդեն իսկ հետաքրքրական է։ Մոսկվան, ըստ էության, Երևանի հետ առաջիկա բանակցությունների օրակարգում առաջնային է համարում այն հարցերը, որոնց շուրջ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները վերջին տարիներին առավելապես հեռացել են միմյանցից։

Հատկապես խոսուն է ռազմաբազայի մասին Պեսկովի ձևակերպումը, թե այն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման կարևոր տարր է, և ռուսական կողմին հետաքրքիր կլինի լսել այդ հարցի վերաբերյալ Երևանի տեսակետը։

ՌԴ նախագահի խոսնակը բավական ուղիղ է խոսել նաև Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության մասին՝ այն ներկայացնելով բանակցությունների օրակարգի հիմնական հարցերից մեկը։ Պեսկովի խոսքով՝ Մոսկվայի համար խնդիրը ոչ միայն այն է, թե Հայաստանի իշխանությունները դեպի ո՞ր ուղղությունն են շարժվում, այլև՝ արդյոք ե՞րբ և ի՞նչ ձևով են պատրաստ այդ ընտրությունը կատարել։ Ռուսաստանի դիրքորոշումը վաղուց հայտնի է՝ ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացը և ԵԱՏՄ անդամակցությունը չեն կարող համատեղվել։ Սակայն այս հայտարարությունը հնչում է մի ժամանակահատվածում, երբ Երևանի քաղաքական ուղերձները ևս ավելի հստակ են դարձել։

Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցը Մոսկվան բանակցությունների օրակարգ է բերում ոչ միայն այն պատճառով, որ Երևանը հայտարարել է եվրոպական ինտեգրման հավակնությունների մասին։ Ռուսաստանի համար խնդիրը նաև այդ գործընթացի հնարավոր ազդեցությունն է իր հետ ձևավորված տնտեսական, քաղաքական և անվտանգության համակարգերի վրա։

Պեսկովի՝ «երկու աթոռի վրա նստելու» հնարավորության մասին խոսքը ցույց է տալիս, որ Կրեմլն այլևս չի ցանկանում Երևանի՝ տարբեր ինտեգրացիոն ուղղություններում միաժամանակ առաջ շարժվելու քաղաքականությունը դիտարկել որպես երկարաժամկետ լուծում։

Ի՞նչ հարցեր է Պուտինը դնելու Փաշինյանի առջև դեկտեմբերի 3-ին

Ռազմաբազայի թեման այս օրակարգում առանձնացնելը ևս պատահական չէ։ Պեսկովը ոչ միայն հաստատել է, որ այն քննարկվելու է, այլև նախապես ձևակերպել է ռուսական կողմի գնահատականը՝ ռազմաբազան համարելով տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման կարևոր տարր։ Սա արդեն բանակցություններին ընդառաջ հնչող քաղաքական դիրքորոշում է, որով Մոսկվան ընդգծում է ռուսական ռազմական ներկայության նշանակությունը՝ այն դիտարկելով անվտանգության ավելի լայն համակարգի շրջանակում։

Միաժամանակ, Երևանի տեսակետը լսելու ցանկության մասին հայտարարությունը կարող է նշանակել, որ ռուսական կողմը ցանկանում է պարզել՝ Հայաստանի իշխանություններն ինչ պատկերացում ունեն այդ ներկայության ապագայի մասին հատկապես այն պայմաններում, երբ Երևանը վերանայում է Ռուսաստանի հետ անվտանգության համագործակցության բաղադրիչները։ Հատկանշական է, որ ռազմաբազայի թեման նախկինում ևս բարձրացվել է հենց ռուսական կողմից՝ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումից հետո։

Պուտինը սեպտեմբերին հայտարարել էր, որ եթե Հայաստանն անհրաժեշտ չհամարի ռուսական ռազմաբազայի ներկայությունը, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել, իսկ Փաշինյանը պատասխանել էր, որ հայկական կողմը նման հարց չի բարձրացրել, բայց եթե ՌԴ-ն ցանկանա բազան դուրս բերել, ՀՀ-ն չի առարկի:

Ռազմաբազայի հարցը դժվար է դիտարկել ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակից անկախ։ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին, իսկ ՀԱՊԿ-ը վերջերս ՀՀ-ին զրկեց ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Թեև Հայաստանը դեռևս իրավական առումով կազմակերպությունից դուրս չի եկել, քաղաքական հարաբերությունների նախկին բնույթն ակնհայտորեն փոխվել է։

Այս պայմաններում ռուսական ռազմաբազայի թեմայի կրկին օրակարգ բերելը կարող է դիտարկվել նաև որպես Մոսկվայի փորձ՝ քննարկման առարկա դարձնելու Հայաստանի անվտանգության համակարգի վերափոխման ընթացքը։ Ռուսաստանի համար ռազմաբազան պարզապես ռազմական օբյեկտ չէ, այլ Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների կարևոր բաղադրիչ, և դրա ապագայի շուրջ Երևանի դիրքորոշումը կարող է որոշակի պատկերացում տալ նաև անվտանգության ոլորտում Հայաստանի քաղաքականության հետագա ուղղության մասին։

Մոսկվայի այս շեշտադրումները հնչում են նաև այն ֆոնին, երբ Երևանը հետևողականորեն խոսում է անվտանգության ոլորտում այլընտրանքների ձևավորման անհրաժեշտության մասին, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում փորձում է պահպանել երկխոսությունը: Փաշինյանը նախքան Մոսկվա մեկնելը ևս հայտարարել է, որ Հայաստանը նպատակ չունի վնասելու Ռուսաստանի հետ հարաբերություններին, սակայն եվրոպական ուղղությամբ քաղաքականությունը չի պատրաստվում դադարեցնել։

Հայաստանի իշխանությունների համար, ըստ էության, խնդիրն այն է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը չվերածվի նոր հակամարտության, մինչդեռ Մոսկվայի հրապարակային հայտարարություններից դատելով՝ ռուսական կողմը ցանկանում է հենց այդ վերանայման սահմաններն ու հնարավոր հետևանքները դարձնել բանակցությունների առարկա։

Դեկտեմբերի 3-ի հանդիպմանն ընդառաջ Կրեմլի հայտարարությունները, այսպիսով, կարելի է դիտարկել ոչ միայն որպես բանակցությունների օրակարգի ներկայացում, այլև որպես քաղաքական ազդակ Երևանին։ Մոսկվան ընդգծում է, որ երկկողմ հարաբերությունները շարունակում են մնալ բազմաբնույթ՝ չնայած առկա դժվարություններին, սակայն այդ հարաբերությունների ռազմավարական հիմքերի շուրջ քննարկումներից խուսափելու մտադրություն չունի։

Եթե Հայաստանի իշխանությունների համար առաջնային է պահպանել Ռուսաստանի հետ տնտեսական և քաղաքական կապերը՝ միաժամանակ խորացնելով հարաբերությունները Եվրոպական միության հետ, ապա Կրեմլի համար առանցքային է հասկանալ, թե այդ քաղաքականությունն ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ձևավորված անվտանգության և ինտեգրացիոն հարաբերությունների համար։

Կրեմլն ազդակ է հղում նաև, որ այս թեմաները փոխկապակցված են և առանցքային Կրեմլի համար: Ընդհանուր առմամբ, Կրեմլը ցույց է տալիս, որ այս բանակցություններում ակնկալում է Հայաստանից ստանալ ռազմավարական ընտրության մասին վերջնական պատասխան, որը կլուծի թե Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության, և թե ՀՀ-ում ռուսական ներկայության հարցը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test