Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ուշացած արդարադատության վտանգները 1in.am 1in.am

time
Ուշացած արդարադատության վտանգները

Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշումը քաղաքական բռնության և արդարադատության հարաբերակցության սկզբունքային հարց է առաջադրում։ 2018 թվականի ապրիլին խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունն իրավական վերջնական գնահատականի է արժանանում ութ տարի անց՝ Մասիսի համայնքային ընտրությունների նախաշեմին։

Վճռաբեկ դատարանն առանձնահատուկ նշանակություն է տվել հանցագործության պահին Համբարձումյանի զբաղեցրած պաշտոնին։ Քաղաքացիների սահմանադրական իրավունքները պաշտպանելու պարտավորություն ունեցող համայնքապետի մասնակցությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությանը մեծացնում է արարքի հանրային վտանգավորությունը։ Հանրային իշխանությամբ օժտված անձի նման վարքագիծը խաթարում է իշխանության իրավական հիմքերը։

2018 թվականի հեղափոխության պատմական ձեռքբերումը իշխանության խաղաղ ու անարյուն անցման նախադեպն էր։ Քաղաքացիների զանգվածային մասնակցությունը քաղաքական պայքարի նոր մշակույթ էր ձևավորում Հայաստանում։ Խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունն այդ օրերին վտանգում էր երկրի ժողովրդավարական անցումը՝ ստեղծելով ներքին բախումների նախադրյալներ։ Համբարձումյանի արարքի հանրային վտանգավորությունը պետք է դիտարկել նաև այս պատմական իրողության լույսի ներքո։

Ժողովրդավարական անցումների հաջողությունը մեծապես պայմանավորված է անցյալի քաղաքական բռնություններին տրված իրավական գնահատականով։ Անաչառ արդարադատությունը հասարակական հաշտության և քաղաքական մրցակցության խաղաղ մշակույթի ձևավորման հիմնարար նախադրյալն է։ Քաղաքական բռնության անպատժելիությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ ուժի գործադրումը պահպանելով որպես քաղաքական պայքարի միջոց։

Ինչո՞ւ Հայաստանի արդարադատության համակարգից ութ տարի պահանջվեց այս գործին վերջնական իրավական գնահատական տալու համար։ Ինչո՞ւ քրեական պատասխանատվության հարցը հասավ ընտրական գործընթացի ամենազգայուն փուլին։

Ութ տարի ձգվող դատական գործընթացի հետևանքով քաղաքական բռնության հարցն այսօր հայտնվել է ընտրական պայքարի ստվերում։ Թեկնածուի ընտրական ճակատագրի շուրջ բանավեճը կարող է հանրային ուշադրությունից դուրս մղել խաղաղ ցուցարարների ոտնահարված իրավունքները։ Այդպիսով, ուշացած արդարադատությունը վտանգում է նաև հասարակության արժեքային ընկալումները՝ քաղաքական բռնության նկատմամբ վերաբերմունքը ստորադասելով ընթացիկ ընտրական շահերին։

Արդարադատության ձգձգումը փոխում է դատական որոշումների հանրային ընկալումը։ Տարիներ անց կայացված նույնիսկ իրավաչափ դատավճիռը հասարակությունը կարող է մեկնաբանել ընթացիկ քաղաքական շահերի համատեքստում։ Այդպես դատական համակարգն իր անարդյունավետությամբ քաղաքականացնում է քրեական պատասխանատվության հարցը՝ վտանգելով սեփական անկախության նկատմամբ հանրային վստահությունը։

Ժողովրդավարության ամրությունը մեծապես պայմանավորված է քաղաքական բռնության նկատմամբ հասարակության սկզբունքային վերաբերմունքով։ Քաղաքացու սահմանադրական իրավունքների պաշտպանությունը պետք է լինի քաղաքական ուժերի համար ընդհանուր և անշրջանցելի սկզբունք։

Ուշացած արդարադատությունը վտանգում է այդ սկզբունքը՝ քաղաքական բռնության համար պատասխանատվության հարցը դարձնելով ընթացիկ հակամարտությունների առարկա։ Այդպես հասարակությունը կարող է աստիճանաբար կորցնել քաղաքական բռնությունը դատապարտելու ընդհանրական չափանիշը՝ յուրաքանչյուր դեպք գնահատելով կուսակցական շահերի տեսանկյունից։

Ազատ ընտրությունների հիմքում ընկած է քաղաքացու՝ առանց վախի և բռնության քաղաքական կամք արտահայտելու իրավունքը։ Հետևաբար, խաղաղ ցուցարարների իրավունքների ժամանակին և անաչառ պաշտպանությունը նաև հետագա ընտրությունների ազատության ու ժողովրդավարական համակարգի կենսունակության երաշխիքն է։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test