Նոյեմբերի 19-ին Շենժենում Թրամփի, Պուտինի և Սիի հանդիպման արդյունքում ընդունվեց ամփոփիչ փաստաթուղթ, որի ճշգրիտ անվանումն է՝ «ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի պետությունների ղեկավարների հանուն խաղաղության հռչակագիրը»։ Միանգամից ասենք` չնայած վերամբարձ վերնագրին, սա քաղաքական մտադրությունների մասին հայտարարություն է` բաղկացած 4 առանցքային կետից.
ՄԱԿ-ի բարեփոխում Կողմերը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, հայտարարել են ՄԱԿ-ի բարեփոխման հանձնառության մասին, որպեսզի այն ավելի արդյունավետ արձագանքի գլոբալ մարտահրավերներին և համապատասխանի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման իր հիմնական առաքելությանը։
ՄԱԿ-ի ինստիտուտների արդիականացման վաղուց հասունացած խնդիրը մատուցված է խիստ վերացական և անորոշ, քանի որ երեք առաջնորդները չեն ցանկացել հստակեցնել, թե ինչի մասին է խոսքը` ԱԽ կազմի ընդլայնմա՞ն, քվեարկության կանոնների փոփոխությա՞ն, թե՞ կառավարչական բարեփոխումների։
Էներգետիկա և նավթամթերք
Բարձր կողմերը հաստատել են հանուն բոլոր երկրների բարօրության նավթամթերքի արտադրությունն ու մատակարարումները մեծացնելու իրենց մտադրությունը և կայուն էներգետիկ հոսքերի կարևորությունը։ Հանրահայտ էր, որ այս եռյակը մտնում է նավթ վերամշակող երկրների էլիտայի մեջ։ Կողմերին հաջողվել էր սոսկ արձանագրել համաշխարհային տնտեսության զգայունությունը վառելիքի գների և մատակարարումների խափանումների նկատմամբ, և չկա կոնկրետ ոչինչ։
Պաշտոնատար անձանց անձեռնմխելիությունը և ՄՔԴ-ն
Այս կետում տրվել են հստակ բովանդակային լուծումներ։ Կողմերը (որոնք Հռոմի ստատուտի մասնակից չեն) ընդգծել են պետական ինքնիշխանության և պետական պաշտոնատար անձանց անձեռնմխելիությունը հարգելու սկզբունքների գերակայությունը, ինչպես նաև շեշտել, որ Միջազգային քրեական դատարանն ու նման մարմինները չպետք է չարաշահեն իրենց իրավասությունը։
Միջուկային ռիսկեր և չտարածում
Կողմերը վերահաստատել են հանրահայտ դրույթը` միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սանձազերծվի, ինչպես նաև պայմանավորվել են երկխոսություն վարել միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածումը կանխելու շուրջ։ Անշուշտ, հուսադրող է խոշորագույն միջուկային տերությունների միջև ռազմավարական կայունության ուղղակի քննարկման խողովակի վերականգնումը։ Սակայն դա չի նշանակում սպառազինությունների սահմանափակման նոր պայմանագրի շուրջ լիարժեք բանակցությունների մեկնարկ։
Թեև հանդիպման ընթացքում շոշափվել են սուր ճգնաժամերը (իրավիճակն Ուկրաինայի շուրջ, Կորեական թերակղզում, Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իրանում), սակայն հռչակագրում դրանք բացակայում են։
Առաջընթաց պետք է համարել բուն հանդիպման փաստը. բանակցությունների սեղանի շուրջ մեկ ձևաչափով հավաքվել են ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ՉԺՀ-ի առաջնորդները։ Միջուկային տերությունների միջև պահպանվող խոր հակասությունների պայմաններում ուղղակի շփումների վերսկսումը նվազեցնում է պատահական էսկալացիայի հավանականությունը։
Մասնավորապես, ԱՄՆ-ի և ՌԴ-ի համար սա ռազմավարական կայունության քննարկման հարթակ էր, իսկ ՉԺՀ-ն ամրագրեց առանցքային գլոբալ բանակցությունների կազմակերպչի և մասնակցի իր կենտրոնական դերը։
Այդպիսով, հռչակագրում չեն ներայացված լուծումներ, ճանապարհային քարտեզներ, ժամկետներ կամ ստուգման մեխանիզմներ։
Փաստաթուղթը շրջանցում է անվտանգության ամենացավոտ հանգույցները։ Դրանց շուրջ կողմերի դիրքորոշումները մնում են կոշտ և փոխբացառող։
Չինաստանը պահպանում է մանևրելու տարածք՝ չստանձնելով միջուկային ներուժի ավելացման կոշտ սահմանափակումներ։
Շենժենի հռչակագիրը խորհրդանշական կարևոր ազդակ է ուժի երեք կենտրոնների միջև երկխոսության պատրաստակամության մասին։ Սակայն արձանագրված ու աներևույթ համաձայնությունները հեշտությամբ կարող են մնալ թղթի վրա, եթե կողմերի գործնական շահերը չհամընկնեն։
ԳԱԳԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test