Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Համայնքները ծրագրեր են առաջարկելու՝ մենք ֆինանսավորելու ենք hraparak.am hraparak.am

time
Համայնքները ծրագրեր են առաջարկելու՝ մենք ֆինանսավորելու ենք

Հարցազրույց «Լիդիան Արմենիայի» Սոցիալական բաժնի ղեկավար Լուսինե Հակոբյանի հետ։

- Համաձայնագրով «Լիդիան Արմենիան» պարտավորվել է տարեկան 7-9 միլիոն դոլար հատկացնել համայնքների զարգացմանը։ Ինչպե՞ս է որոշվել այդ գումարի չափը, արդյո՞ք այն կախված է լինելու հանքավայրի արտադրական ծավալներից կամ եկամուտներից։

- 2026 օգոստոսի 31-ին Լիդիան Արմենիայի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ջերմուկ, Վայք ու Սիսիան խոշորացված համայնքների միջև կնքված Համայնքային զարգացման համաձայնագրով ստանձնած գումարի չափը տևական բանակցությունների և պայմանավորվածության արդյունք է և կախված է երկու հիմնական գործոններից․

Ըստ համաձայնագրի, Լիդիան Արմենիան իրավունք ունի նաև կրճատել կամ կասեցնել վճարումները մի քանի դեպքում։ Օրինակ, եթե հանքարդյունաբերական աշխատանքները տևական ժամանակով կրճատվեն կամ կասեցվեն, եթե ոսկու գինը կտրուկ և զգալիորեն նվազի, կամ եթե լիցենզիան կամ անհրաժեշտ թույլտվությունները չպահպանվեն։

- Ո՞վ եւ ինչպե՞ս է որոշելու, թե որ ծրագրերն են ֆինանսավորվելու։ Արդյո՞ք համայնքներն իրենք են ներկայացնելու իրենց առաջնահերթությունները, թե՞ հիմնադրամն է մշակելու զարգացման ծրագրերն ու առաջարկելու դրանք համայնքներին։

- Ծրագրերը հիմնված են լինելու համայնքային առաջնահերթությունների վրա, մշակվելու են համայնքներում և հիմնադրամին են ներկայացվելու համայնքների կողմից՝ ըստ Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի (ԱՀԶՀ) կողմից մշակված և ԱՀԶՀ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ընթացակարգերի։ Համայնքային զարգացմանն ուղղվող տարեկան ներդրումը բաշխվում է երկզամբյուղ մոդելով։ Ներդրման 70%-ն ուղղվում է Ջերմուկ, Վայք և Սիսիան խոշորացված համայնքներին՝ Համաձայնագրով սահմանված բանաձևով, որը հաշվի է առնում ազդակիր Ջերմուկ, Կեչուտ, Գնդեվազ, Սարավան և Գորայք բնակավայրերի բնակչության թիվը, հանքի կողմից օգտագործվող հողատարածքների մակերեսը և բնակավայրերի հեռավորությունը հանքի ենթակառուցվածքներից։ Յուրաքանչյուր ազդակիր բնակավայրին երաշխավորված է իր խոշորացված համայնքի ֆինանսավորման առնվազն 20%-ը։ Մնացած 30%-ը մրցակցային հիմունքներով տրամադրվում է այն ծրագրերին, որոնք կարող են երկարաժամկետ և չափելի արդյունքներ ապահովել առավել մեծ թվով բնակիչների համար։ Այս համակարգով մենք ձգտում ենք ոչ միայն արձագանքել համայնքների ընթացիկ կարիքներին, այլև նպաստել նրանց ինքնուրույն և երկարաժամկետ զարգացմանը։

Որոշում կայացնողը Հոգաբարձուների խորհուրդն է․ այն ընտրում է ֆինանսավորվող ծրագրերը: Խորհուրդն է սահմանում ծրագրային առաջարկների մանրամասն պահանջները, գնահատման չափորոշիչները և միավորների հաշվարկման մեթոդաբանությունը։ Այդ պահանջները պարտադիր ներառում են համայնքային խորհրդակցություններ և ավագանու հետ քննարկումներ։ Բոլոր առաջարկները գնահատվում են Խորհրդի կողմից, իսկ ֆինանսավորման որոշումները պետք է լինեն փաստաթղթավորված և հիմնավորված։

- Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ինչպե՞ս է ապահովվելու համայնքների շահերի ներկայացվածությունը։ Որքանո՞վ են համայնքները մասնակցելու որոշումների կայացմանը, նրանք կարո՞ղ են մերժել ընկերության կամ հիմնադրամի առաջարկած ծրագիրը։

- Կրկնվեմ․ ո՛չ ընկերությունը, ո՛չ հիմնադրամը ծրագրեր չեն առաջարկելու։ Այդ իրավունքը բացառապես համայնքներինն է։ Համայնքները ներկայացված են հիմնադրամի բարձրագույն մարմնում՝ հոգաբարձուների խորհրդում, ի դեմս խոշորացված Ջերմուկ, Վայք, Սիսիան համայնքների մեկական ներկայացուցչի։ Եվ, ինչպես արդեն նշեցի, նախատեսված է համայնքների ակտիվ ներգրավման պահանջ՝ առաջնահերթությունների որոշման և ծրագրերի նախագծման փուլում։

- Ինչպե՞ս է ապահովվելու հիմնադրամի ֆինանսական գործունեության թափանցիկությունը։ Արդյո՞ք հանրությանը հասանելի են լինելու տարեկան բյուջեն, ֆինանսավորվող ծրագրերի ցանկը, ծախսերի հաշվետվությունները եւ ծրագրերի արդյունավետության գնահատականները։ Նախատեսվո՞ւմ է անկախ աուդիտ։

- Պայմանագիրը նախատեսում է Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան ամենամյա ֆինանսական աուդիտ, որի արդյունքները պետք է ներկայացվեն Խորհրդին, ինչից հետո դրանք համապատասխան ֆինանսական հաշվետվությունների հետ միասին տրամադրվելու են համաձայնագրի բոլոր կողմերին և հրապարակվելու՝ օրենքով սահմանված կարգով: Նախատեսված է նաև կատարողականի անկախ ստուգում ընտրված համայնքային ծրագրերի համար՝ փաստացի արդյունքների ստուգման նպատակով:

- Որո՞նք են լինելու հիմնադրամի գործունեության առաջին տարվա առաջնահերթությունները։ Արդեն կա՞ն կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացումը նախատեսվում է սկսել առաջիկայում, ե՞րբ համայնքների բնակիչները կտեսնեն առաջին շոշափելի արդյունքները։

- Ինչպես նշեցի, առաջնահերթությունները սահմանում է համայնքը։ Առաջիկայում հիմնադրամի կողմից կամբողջականացվեն ծրագրերի ընդունման, իրականացման և վերահսկման ընթացակարգերը, իսկ առաջին արդյունքների մասին կկարողանանք խոսել ավելի ուշ՝ առաջին ծրագրերի ավարտից հետո։ Առաջին շոշափելի արդյունքները կախված կլինեն նաև առաջարկված ծրագրերի ծավալներից և տևողություններից։ Ըստ խորհրդում ընդգրկված համայնքների ներկայացուցիչների, համայնքներում արդեն ակտիվորեն քննարկվում են ծրագրային գաղափարներն ու առաջնահերթությունները։

- Ինչպե՞ս է հիմնադրամը գնահատելու իր ծրագրերի իրական ազդեցությունը համայնքների զարգացման վրա։ Խոսքը միայն ենթակառուցվածքների բարելավման եւ սոցիալական աջակցության մասի՞ն է, թե՞ նաեւ աշխատատեղերի ստեղծման, տեղական բիզնեսի զարգացման, կրթության եւ տնտեսական ինքնուրույնության խթանման։

- Նախատեսված է լայն գործիքակազմ՝ ազդեցության գնահատման համար․ արդյունքների ընդունման չափանիշներ, փուլային հավաստում, ավարտի հավաստագրում և հետավարտական մշտադիտարկում, ինչպես նաև արդյունավետության աուդիտ։ Սա զուգորդվելու է գործընկեր համայնքներում տարեկան սոցիալ-տնտեսական հարցմամբ, որը չափելու է համայնքներում բնակչության բարօրությունը։ Ծրագրերը ներառում են լայն շրջանակ՝ ենթակառուցվածքների բարելավում, բիզնեսի և գյուղատնտեսության զարգացման, կրթական և առողջապահական ծրագրեր, և այլն։

- Ամուլսարի հանքավայրի շահագործումը երկարաժամկետ գործընթաց է, սակայն հանքարդյունաբերական գործունեությունը հավերժ չէ։ Ի՞նչ մեխանիզմ է նախատեսված, որպեսզի հիմնադրամի գործունեությունը եւ համայնքների զարգացման ֆինանսավորումը կախված չլինեն միայն հանքի շահագործման ժամանակահատվածից։ Ի՞նչ երաշխիքներ ունեն համայնքները, որ հանքի փակվելուց հետո չեն հայտնվի ֆինանսական ու տնտեսական նոր կախվածության մեջ։

- Ինչպես ցանկացած այլ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում, մեծ նշանակություն է տրվելու ծրագրերի կայունությանն ու երկարաժամկետ ազդեցությանը՝ սկսած նախագծման և գնահատման փուլերից։ Հստակեցվելու են ստեղծված արդյունքների պահպանման պատասխանատուները և միջոցները՝ երկարաժամկետ կայունության համար։ Այս ծրագրերը կարող են նաև միտված լինել տեղական տարբեր խմբերի կարողությունների զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։ Այլ կերպ ասած, մենք տալիս ենք գործիքներ և ստեղծում հնարավորություններ, և ոչ թե տրամադրում ժամանակավոր օգնություն՝ «ձուկ մի՛ տուր, ձուկ որսալ սովորեցրու» սկզբունքով։

- Ի՞նչ երաշխիքներ կան, որ հիմնադրամը չի վերածվի համայնքներին ֆինանսական աջակցություն տրամադրող հերթական կառույցի, այլ իսկապես կդառնա համայնքների զարգացման գործիք։

- Համայնքներում զարգացման իրական արդյունքների հասնելու համար համաձայնագիրը սահմանում է բոլոր կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, ինչպես նաև վերահսկման բազմաշերտ մասնակցային մոդել տարբեր խմբերի կողմից՝ համայնք, հիմնադրամ, Խորհուրդ, տեխնիկական մասնագետներ, և այլն։ Ինչպես արդեն նշեցի, ծրագրային գաղափարներն առաջադրվում են համայնքների կողմից։ Կարծում եմ այս նախաձեռնությունը նաև լավ հնարավորություն է համայնքների համար՝ կարողությունների զարգացման և մասնակցության ակտիվացման, ինչպես նաև առանձին վերցված բնակավայրի ձայնը համայնքապետարաններում ավելի լսելի դարձնելու համար։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test