Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սևրի առասպելը, Թիֆլիսի դասը 1in.am 1in.am

time
Սևրի առասպելը, Թիֆլիսի դասը

1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվեցին Հայաստանի հետագա ճակատագրի համար առանցքային նշանակություն ունեցող երկու փաստաթղթեր՝ Սևրի պայմանագիրը և Թիֆլիսի զինադադարի համաձայնագիրը։ Հայկական քաղաքական հիշողության մեջ Սևրը դարձավ պատմական արդարության վերականգնման խորհրդանիշ՝ ստվերում թողնելով նույն օրը Թիֆլիսում Խորհրդային Ռուսաստանի պարտադրած համաձայնագիրը։ Հենց այդ համաձայնագրով ամրագրված ռազմական իրողություններն էլ մեծապես կանխորոշեցին Հարավային Կովկասի հետագա քաղաքական աշխարհագրությունը և Հայաստանի տարածքային կորուստները։

Ադրբեջանի խորհրդայնացումից հետո բոլշևիկյան Ռուսաստանը ռազմական ուժով միջամտեց հայ-ադրբեջանական տարածքային վեճերին։ Թիֆլիսի համաձայնագրով Հայաստանին պարտադրվեց Ղարաբաղը, Նախիջևանն ու Զանգեզուրը ճանաչել որպես վիճելի տարածքներ և ընդունել դրանց ժամանակավոր զբաղեցումը ռուսական զորքերի կողմից։ Տարածքների վերջնական պատկանելության հարցը մնաց բաց, սակայն դրանց ճակատագիրը տնօրինելու վճռորոշ լծակն անցավ Մոսկվային։ Այդպիսով Ռուսաստանը տարածաշրջանային տարածքային հակամարտությունները վերածեց Հարավային Կովկասում իր իշխանության հաստատման գործիքի։

1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերն ու Կովկասյան բյուրոյի որոշումը քաղաքական և իրավական ամրագրում տվեցին տարածաշրջանում ռուս-թուրքական ուժային վերադասավորման արդյունքներին։ Նախիջևանն անցավ Ադրբեջանի հովանավորության ներքո, իսկ Լեռնային Ղարաբաղը թողնվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Հայաստանի կենսական տարածքային շահերը ստորադասվեցին Մոսկվայի և Անկարայի աշխարհաքաղաքական հաշվարկներին։

Զանգեզուրը Հայաստանի կազմում պահպանվեց մեծապես հայկական զինված դիմադրության շնորհիվ։ Յոթ տասնամյակ անց խորհրդային կայսրության փլուզումը վերակենդանացրեց բոլշևիկյան տարածքային որոշումներով սրված հակամարտությունները՝ դրանց ծանր ժառանգությունը փոխանցելով նորանկախ հանրապետություններին։

Մոսկվայի կայսերական քաղաքականության ժառանգությունը դարձավ նորանկախ հանրապետությունների միջև հակամարտությունների և տարածաշրջանային անկայունության առանցքային գործոններից մեկը։

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ներկայիս տարածքային հավակնությունների պատմական ակունքները պետք է փնտրել նաև 1920–1921 թվականների ռուսական քաղաքականության մեջ։ Հենց բոլշևիկյան Մոսկվան ռազմական և քաղաքական ուժ հաղորդեց ադրբեջանական տարածքային հավակնություններին՝ ձևավորելով դրանց հետագա վերարտադրության նախադրյալները։

Հայ ժողովրդի գիտակցության մեջ, սակայն, շատ ավելի կենսունակ է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ի իրավարար վճռի հիշողությունը։ Շրջանառվում է նույնիսկ այն տեսակետը, ըստ որի՝ վճիռն ամերիկյան գործող օրենսդրության անբաժանելի մասն է։

Վիլսոնի իրավարար վճռից ավելի քան մեկ դար անց հիմնովին փոխվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական կշիռը։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, միջազգային էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցությունների կարևոր հանգույց, Սևծովյան և մերձավորարևելյան անվտանգության համակարգերի ազդեցիկ դերակատար։ Վաշինգտոնի քաղաքականության հիմքում այսօր այս ռազմավարական իրողություններն են։ Հայաստանի արտաքին քաղաքական հաշվարկները ևս պահանջում են ժամանակակից ուժային հարաբերակցության խորքային ըմբռնում։

Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղման շուրջ բանավեճը պահանջում է պատմական հիշողության, սահմանադրական իրավունքի և միջազգային պարտավորությունների տարանջատում։ Սահմանադրական յուրաքանչյուր ձևակերպման քաղաքական նշանակությունը պետք է գնահատել Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և միջազգային իրավասուբյեկտության տեսանկյունից։ Պատմական ժառանգության իրավական ու քաղաքական իմաստների նույնացումը խաթարում է այս հիմնարար հարցի շուրջ առարկայական քննարկումը։

Հայաստանի քաղաքական ինքնուրույնության կարևոր նախադրյալներից մեկը սեփական պատմության ամբողջական իմացությունն է։ Հարյուրամյա փաստաթղթերի քաղաքական նշանակությունը գնահատելու համար անհրաժեշտ է հասկանալ դրանց իրավական ուժը, պատմական հանգամանքները և իրագործման համար անհրաժեշտ ուժային հարաբերակցությունը։ Այդ գիտակցումն է պատմական հիշողությունը վերածում ռազմավարական մտածողության։

Պատմական հիշողության ընտրողականությունը խաթարում է ներկայի քաղաքական իրողությունները ճիշտ գնահատելու ունակությունը։ Անցյալի անտեսված էջերում հաճախ պետք է փնտրել այսօրվա սպառնալիքների ակունքները։ Սեփական պատմությունն ամբողջությամբ ճանաչող ժողովուրդն է ի զորու գիտակցելու իր ինքնիշխանության իրական արժեքը և պատասխանատվություն ստանձնելու իր ապագայի համար։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test