«Ընդդիմությունը երեկվանից էլ ավելի թեժ և համախմբված լծվել է Ալիևյան Սահմանադրության նախագծի մերժմանն ու հանրային քննարկումների օրակարգի ձևավորմանը։ Այսօրվա իմ եթերը նույնպես նվիրված է լինելու երեկ հրապարակված Սահմանադրության նախագծին և առկա խնդիրներին։ Կփորձեմ խոսել նոր թեմաների ու խնդիրների մասին, բերել պատմական, փիլիսոփայական և քաղաքական օրինակներ, իսկ վերջում մի փոքրիկ, այսպես ասած, սենսացիոն բացահայտում անել և լուծումներ առաջարկել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով արդեն իսկ հրապարակված նոր Սահմանադրության նախագծին:
Վերջինս արձանագրեց՝ ընդդիմությունը՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական, այս փուլում միասնական կերպով մերժում է Նիկոլ Փաշինյանի առաջարկած Սահմանադրության նախագիծը, մերժում է անգամ այն քննարկել։
ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ ԴԱՐՁՆԵԼ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՏԵՔՍՏԸ
Այստեղ ուզում եմ մի քանի շեշտադրում անել։
Առաջին՝ միանշանակ է, որ բացարձակապես կարիք չկա Սահմանադրության տեքստը կամ դրա այս կամ այն դրույթը հանրային քննարկման առարկա դարձնել: Դա նշանակում է նպաստել Փաշինյանի ցանկությանը՝ Սահմանադրության քննարկումները վերածել հանրային քաղաքական դիսկուրսի։
Ո՛չ, մենք չպետք է մտնենք բովանդակային քննարկումների մեջ։ Սա բնավ չի նշանակում, որ չպետք է ուսումնասիրենք տեքստը, գտնենք դրա թույլ տեղերը և բարձրաձայնենք առկա խնդիրները։ Բայց չպետք է դրանք դարձնենք օրակարգի հիմնական թեմա։
Չպետք է աշխատի այնպիսի բանաձևում, ըստ որի՝ Սահմանադրությունը պետք է մերժվի, որովհետև այսինչ հոդվածը վատն է, կամ այն պետք է մերժվի, որովհետև մյուս հոդվածն ավելի վատն է։
Նման բնորոշումներն ու բանաձևերը խնդրում եմ ընդդիմությանը, հասարակական և հանրային ընդդիմադիր գործիչներին չներկայացնել հանրությանը և չդարձնել քննարկման առարկա։
Սահմանադրության նախագիծն առհասարակ մերժվում է, որովհետև այն հակահայկական է։
Սկզբից՝ նախագծի առաջին էջից, երբ չկա համապատասխան հղում մեր Անկախության հռչակագրին, արդեն իսկ պարզ է դառնում դրա էությունը։ Թեպետ դա չի նշանակում, որ հռչակագիրը չպետք է կարդալ։ Պետք է կարդալ, համեմատական վերլուծություններ անել, բայց չդարձնել դա մերժման հիմնական պատճառը։
Մենք չենք մերժում Սահմանադրությունը, որովհետև դատարանների թեման վատն է կամ այս կամ այն հոդվածը ճիշտ չի գրված։ Այս Սահմանադրությունը մերժվելու է, որովհետև այն հակահայկական է՝ առաջին իսկ էջից։
Մնացած բոլոր հարցերը, այո՛, կարևոր քաղաքական և համեմատական վերլուծությունների առարկա են, բայց ոչ Սահմանադրությունը մերժելու հիմնական պատճառը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
ՉՀԱՎԱՏԱ՛Լ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԽՈՍՏՄԱՆԸ
ՀՀԿ փոխնախագահը խնդրեց նաև չքննարկել Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, թե «եկեք այս հարցը դնենք հանրաքվեի, և եթե այն չանցնի, ես կհեռանամ, իսկ եթե անցնի, 2031 թվականի կամ հաջորդ ընտրություններին այլևս վարչապետի թեկնածություն չեմ առաջադրի»։
«Ցավոք, մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ այդ խայծը կուլ են տվել և սկսել են անտեղի զուգահեռներ անցկացնել Սերժ Սարգսյանի՝ 2014 թ. հայտարարության հետ։ Այդ մասին արդեն խոսել են, բայց հիշեցնեմ սկզբունքային ամենամեծ տարբերությունը. 2014 թ. Սերժ Սարգսյանը ձեզ որևէ գործարք չի առաջարկել՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի»,- ասաց Արմեն Աշոտյանը:
ՄԵՐԺՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ՝ ԱԺ ՊԱՏԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ
Խնդրում եմ քննարկել բացառապես այն փաստը, որ այս Սահմանադրությունը պետք է մերժվի։ Չմտնել բովանդակության մեջ, չկուլ տալ Նիկոլ Փաշինյանի խայծը՝ նրա առաջադրվելու կամ չառաջադրվելու վերաբերյալ խոստումները, և կենտրոնանալ այն կարևոր հանգամանքի վրա, որ Սահմանադրության այս նախագիծը Ազգային ժողովից այն կողմ չպետք է անցնի։
«Այսինքն՝ այն պետք է մնա Ազգային ժողովի պատերի ներսում մերժված փաստաթուղթ։
Ինչո՞ւ։ Որովհետև խորհրդարանը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, ձևավորվել է քվեարկության և ընտրությունների միջոցով։ Համաժողովրդական կամարտահայտության արդյունքում ընդդիմությունը ստացել է այն ձայները, որոնք բավարար են հենց Ազգային ժողովի պատերի ներսում այս գործընթացը վիժեցնելու և արգելափակելու համար։
Սահմանադրական հանրաքվեի խնդիրը, եթե բժշկական լեզվով արտահայտվեմ, պետք է ենթարկվի կարանտինի։ Այսինքն՝ այն պետք է փակվի Ազգային ժողովում, և այդ վարակը չպետք է դուրս գա հանրապետություն։ Մենք չպետք է թույլ տանք, որ սա դառնա հանրաքվեի թեմա։ Գործընթացը, սկսվելով Ազգային ժողովում, պետք է հենց այնտեղ էլ մերժվի»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Նրա խոսքով՝ այս նախագիծը պետք է կանգնեցվի Ազգային ժողովի պատերի ներսում և այնտեղ ենթարկվի քաղաքական կարանտինի։ Ազգային ժողովում այս թեման պետք է փակվի, հայտարարվի քաղաքական կարանտին, և այս վարակը չպետք է դուրս գա Հայաստանի Հանրապետության տարածք։ Սա ամենակարևոր գերակայությունն է, որը ընդդիմությունը պետք է որդեգրի իր համար՝ քաղաքական կարանտին Ազգային ժողովում՝ այս թեման փակելու նպատակով։
Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ԵՎ Ո՞ՐՆ Է ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ
Տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանն իրականում մեզ որևէ նոր կամ օրիգինալ բան չի առաջարկում։ Մարդկության պատմության մեջ այսպիսի երկընտրանքներ շատ են եղել։
Ո՞րն է այդ երկընտրանքը։ Նիկոլ Փաշինյանի առաջարկած աշխարհայացքի հիմքում հետևյալ բանաձևն է՝ զիջել ազատությունը հանուն անվտանգության, դառնալ ստրուկ՝ հանգիստ ապրելու փոխարեն։ Այսինքն՝ նա մեզ առաջարկում է հին աշխարհից հայտնի բանաձևը՝ հանձնվեք, որ խաղաղ ապրեք։ Զիջեք ձեր ազատությունները, որպեսզի անվտանգ լինեք։ Հրաժարվեք ինքնությունից, որպեսզի ապրեք՝ կուշտ փորով և ապահով։
Այս բանաձևը գալիս է Հին աշխարհից։ Հին Հռոմում և Հին Հունաստանում բազմաթիվ դեպքեր կան, երբ պատմիչները նկարագրել են, թե ինչպես են զավթիչները պաշարում այս կամ այն ամրոցը, գրավում երկիրը և բնակիչներին առաջարկում հանձնվել, որպեսզի չկոտորվեն։ Հանձնվե՛ք, որ չկոտորվեք։
Անտիկ բառապաշարով ձևակերպելու դեպքում՝ մոտավորապես այսպիսին է նաև այն երկընտրանքը, որը Նիկոլ Փաշինյանն այսօր մեզ է հրամցնում։ Այսինքն՝ այստեղ որևէ նորություն չկա։
Նորությունն այն է, թե ինչով է տարբերվում այսօրվա երկընտրանքը։ Տարբերությունն այն է, որ պատմության մեջ նման առաջարկները միշտ արվել են զավթիչների կողմից։ Նրանք եկել են և բնակիչներին ասել՝ հանձնվեք, որպեսզի լավ ապրեք, որպեսզի ձեզ ձեռք չտան։
Իսկ հիմա այս երկընտրանքը մեր երկրում քարոզում է հենց երկրի ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձը։ Եվ սա է պատմության զավեշտն ու հեգնանքը. հայերին այս բանաձևը՝ հանձնվելու և ինքնությունից հրաժարվելու բանաձևը, առաջարկում է հենց հայը՝ ավելին՝ Հայաստանի ղեկավարը։
Սա է մեծագույն խնդիրը։ Որովհետև պատմական առումով այսպիսի իրավիճակների լուծման օրինակները շատ քիչ են։ Դրսի դեմ պայքարելու լուծումները շատ են, իսկ ներսի դեմ պայքարելու միակ լուծումը իշխանափոխությունն է։
Եվ այսպես, ի՞նչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը, կամ ի՞նչ է մեզ հուշում պատմական փորձը այս երկընտրանքի վերաբերյալ։ Ասում են՝ հանձնվեք և հանգիստ կապրեք։ Հանգստություն՝ ստրկության դիմաց։
Եվ սա չափազանցություն չէ։ Սա մոտավորապես նույնն է, ինչ եթե ես ձեզ հիմա հորդորեմ վերացնել ձեր ծննդյան վկայականն ու անձնագիրը։ Վերացրեք ձեր անձնագիրը և մոռացեք ձեր անունն ու ազգանունը։
Հասկանալի է, չէ՞, որ նման իրավիճակում, եթե որևէ մեկը բացի փոշոտ դարակը, հանի իր անձնագիրն ու ոչնչացնի այն, այլևս երբեք իր անունն ու ազգանունը չներկայացնի որպես սեփական ինքնություն, նրա ամբողջ կյանքը, բոլոր փաստաթղթերը՝ տան վկայականից մինչև դիպլոմ, ատեստատից մինչև մյուս փաստաթղթերը, դառնում են առ ոչինչ։
Դուք դառնում եք մի մարդ, ինչպիսին երբեմն տեսնում ենք ֆիլմերում. վթարից հետո ամնեզիա է ունենում, կորցնում հիշողությունը և չի կարողանում հիշել, թե ով է ինքը։ Նույն մոդելն է առաջարկում Նիկոլ Փաշինյանը։ Նա առաջարկում է մեզ ենթարկվել աշխարհաքաղաքական վթարի և մոռանալ, թե ով ենք եղել։
Հիմա, եթե ձեր կյանքի օրինակով պատկերացնեք, կուզենայի՞ք այդպես ապրել։ Կուզենայի՞ք մոռանալ ձեր ամբողջ անցյալը, ենթարկվել այդ վթարին, կորցնել հիշողությունը, այլևս ոչինչ չհիշել ձեր մասին։ Լավագույն դեպքում՝ շարժվել, խոսել, ուտել, իսկ վատագույն դեպքում՝ ընկնել կոմայի մեջ և այլևս գոյություն չունենալ որպես ինքնություն ունեցող անձնավորություն։ Իհարկե, չեք համաձայնի։
Եվ այս երկընտրանքի մեջ սա շատ կարևոր հանգամանք է, որպեսզի հասկանանք, թե ինչու է նման առաջարկը մերժելի։ Որովհետև եթե նույն բանն առաջարկեն մեզ անել մեր սեփական կյանքում, մենք, կներեք, այդ մարդուն շատ հեռու կուղարկենք։
Եթե որևէ մեկը գա, ձեր դուռը ծեծի և ասի՝ անձնագիրդ վառիր, գլուխդ տուր պատին ու մոռացիր՝ դու ով ես, առնվազն նրան դուրս կհրեք և դուռը կփակեք քթի առաջ։ Եվ որևէ լուրջ դեմքով քննարկում չեք ծավալի, թե նա ինչ է ուզում անել կամ ինչ է ձեզ առաջարկում։
ԴԻՄԱԴՐԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱՆՁՆՎԵԼ
Այս երկընտրանքի մեջ որտե՞ղ է խաբկանքը։
Այն ժողովուրդները, որոնք պատմության ընթացքում կուլ են տվել այդ խայծը, այսինքն՝ ասել են՝ լավ, եթե մեզ նման բան են առաջարկում, եկեք հանձնվենք, որպեսզի լավ ապրենք, 99,9 տոկոս դեպքերում կամ ոչնչացվել են, կամ արյունահեղությունը շարունակվել է ավելի մեծ թափով, կամ ընդհանրապես վերացել են պատմության երեսից։
Վերջին երկու օրերին ես հաճախ եմ բերում Կարթագենի օրինակը։ Հռոմեացիները երկու պատերազմ հաղթեցին, եկան և ասացին՝ ձեր քաղաքի ընդդիմադիրներին հանձնեք մեզ, ձեր առևտուրը սահմանափակեք։ Վերջում արդեն ասացին՝ լքեք ձեր քաղաքը և հեռացեք։
Այդ խայծը կուլ տված կարթագենցիները վերջում հասկացան, որ հռոմեացիները պարզապես զինաթափել են իրենց և չարաշահում են խաղաղ ապրելու իրենց ցանկությունը։ Ստիպված եղան երրորդ պատերազմը տալ, բայց արդեն ուշ էր, որովհետև թանկարժեք ժամանակը կորցրել էին, բանակը կազմաքանդել էին, առաջնորդներին բանտարկել (շատ նմանություններ կան այսօրվա իրավիճակի հետ- Ա.Ա.)։
Այսինքն՝ այս խայծը կուլ տված ժողովուրդները վերացել են քարտեզի երեսից։ Իսկ այն ժողովուրդները, որոնք պայքարել են, ունեցել են վերապրելու հնարավորություն։
Հետևաբար, եթե մեզ առաջարկվում է այս երկընտրանքը՝ զիջեք ազատությունը և ստացեք անվտանգություն, զիջեք ինքնությունը և ստացեք հանգստություն, ապա պետք է հասկանանք, որ զիջելու դեպքում 99,9 տոկոս հավանականությամբ վերանում ենք, իսկ չզիջելու դեպքում ունենում ենք պայքարելու և այս ճգնաժամը հաղթահարելու իրական հնարավորություն։
Մյուս խնդիրն այն է, որ, ինչպես արդեն ասացի, իրավիճակի յուրահատկությունն այն է, որ այս երկընտրանքի առաջ մեզ կանգնեցրել է ոչ թե օտարը, ոչ թե այլ ժողովուրդ, այլ մեր սեփական երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը։
Եվ այստեղ առաջանում է շատ կարևոր հետևություն։ Եթե մենք կուլ տանք այդ խայծը, ժողովուրդ ջան, Հայաստանում ոչ թե խաղաղություն և հանգստություն կհաստատվեն, այլ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամբողջությամբ կարմատավորվի ավտորիտար ռեժիմ, որը շատ արագ կարող է վերածվել տոտալիտար՝ ամբողջատիրական համակարգի, ավտորիտարիզմից դեպի տոտալիտարիզմ։ Եվ այս վտանգի մասին են խոսում նաև սահմանադրական նոր նախագծի մի քանի դրույթներ։
Այսինքն՝ մյուս հետևությունն այն է, որ հանձնվելու դեպքում խաղաղություն միևնույն է չի լինելու, հանգստություն նույնպես չի լինելու։ Ավելին՝ ազատությունները նախ և առաջ տրորվելու են Հայաստանի ներսում՝ Հայաստանի ղեկավարության կողմից։ Սա երկրի ավտորիտարացման ամենամեծ վտանգներից մեկն է։
Տեսե՛ք, ի՞նչ է մեզ առաջարկում Նիկոլ Փաշինյանը։ Կրկին օրինակ բերեմ։ Անձնագրի օրինակը հասկացաք։ Հիմա մեկ այլ օրինակ բերեմ։
Նիկոլ Փաշինյանը մոտավորապես ասում է հետևյալը. ժողովուրդ, ես մի գյուտ եմ արել։ Եթե մարդու օրգանիզմը չի դիմադրում բակտերիային կամ վիրուսին, ապա նա չի հիվանդանա։ Կրկնեմ՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկած քաղաքական մոդելը հետևյալն է՝ մի՛ դիմադրեք վտանգին։
Եթե այս տրամաբանությունը տեղափոխենք մարդու առողջության դաշտ, ապա դա նույնն է, ինչ ես՝ որպես բժշկական կրթություն ունեցող և այն գերազանցությամբ ավարտած բժիշկ, ձեզ ասեմ՝ ժողովուրդ ջան, երբ հիվանդանում եք, մի՛ դիմադրեք, մի՛ բուժվեք, դեղ մի՛ խմեք։ Հենց սկսեք դիմադրել, վիրուսը կամ բակտերիան ձեզ կկործանի, իսկ եթե չդիմադրեք, չի կործանի։
Հիմա առնվազն 90 տոկոս դեպքերում ինձ այսպես կնայեք և կասեք՝ այս ի՞նչ է խոսում, սա ի՞նչ բժիշկ է։
Նույն բանն է Նիկոլ Փաշինյանն առաջարկում քաղաքականության մեջ։ Նա ձեզ առաջարկում է նույն մոդելը՝ մի՛ դիմադրեք վտանգին, սպառնալիքին, վարակին, քաղցկեղին, մի՛ դիմադրեք, և ողջ կմնաք։
Դուք ձեր սեփական օրգանիզմի դեպքում, երբ մրսածություն եք ունենում, երբևէ որոշո՞ւմ եք չդիմադրել։ Որոշո՞ւմ եք դեղ չխմել, տաք չհագնվել, տաք թեյ չխմել՝ առնվազն մալինայով կամ կիտրոնով։
Ո՛չ, իհարկե։
Այսինքն՝ այս մոդելը, եթե նորից կիրառենք մարդու նկատմամբ, անձնագրի օրինակից անցնենք վիրուսի օրինակին, ստանում ենք հետևյալ աբսուրդը՝ մի՛ դիմադրիր, ողջ կմնաս։
Աբսուրդ է։ Ինչպե՞ս կարող ես ողջ մնալ, եթե չես դիմադրելու։ Ինչպե՞ս կարող ես վերապրել, եթե չես փորձելու բուժել օրգանիզմում առաջացած հիվանդությունը, չես փորձելու պայքարել սպառնալիքի և վարակի դեմ։
Կենսաբանական, մարդկային մակարդակից մինչև պատմական մակարդակ՝ այս մոդելն ինքնին զավեշտալի է։
Եվ սա ևս մեկ վառ օրինակ է այն բանի, թե որքան պրիմիտիվ խայծ են փորձում մեզ հրամցնել։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ
Շատ է քննարկվում նաև այն փաստը, որ Արարատ լեռան մասին հիշատակում չկա, քանի որ Սահմանադրության նախագծում առհասարակ բացակայում է զինանշանի նկարագրությունը։
Ես ձեզ ավելին ասեմ։ Ժողովուրդ ջան, ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Դուք մի՛ զարմացեք և մի՛ հեգնեք այն փաստը, որ նա պլաստմասսայից պատրաստված ինչ-որ դեղին կտոր ներկայացնում է որպես Հայաստանի խորհրդանիշ, ամրացնում իր պիջակի լանջին և այդպես ներկայանում թե՛ միջազգային, թե՛ ներքին լսարանին։
Նա ստեղծում է նոր պետական խորհրդանիշ։ Այն, որ հրաժարվում է մեր ունեցած տարբեր խորհրդանիշներից, պարզ է։ Բայց նա զուգահեռաբար ստեղծում է նաև նոր պետական խորհրդանիշ։ Այդ քարտեզը, հավատացնում եմ ձեզ, նա առաջ է մղելու որպես նոր պետական խորհրդանիշ։ Չեմ ասում՝ ազգային, որովհետև դրա մեջ որևէ ազգային բան չկա։
Եվ հիմա տեսեք։ Կան պետություններ, որոնց պետական խորհրդանիշը ոչ թե որևէ ավանդական պատկեր է՝ հավերժության նշան, արծիվ, ընձառյուծ, միաեղջյուր և այլն, այլ իրենց տարածքի քարտեզը։
Որո՞նք են այդ պետությունները։ Դրանք այն պետություններն են, որոնք ներսում ունեն ինքնության հաստատման խնդիր։ Այն պետություններն են, որոնք չեն ցանկանում որևէ ազգային խորհրդանիշ դարձնել պետական խորհրդանիշ, որպեսզի երկրի ներսում խնդիրներ չառաջացնեն։
Երկու օրինակ բերեմ։
Առաջինը Կիպրոսն է։ Կիպրոսի դրոշի վրա պատկերված է Կիպրոսի քարտեզը։ Կիպրոսը հին պատմություն ունեցող ժողովուրդ է, ունի բազմաթիվ ազգային խորհրդանիշներ։ Այդ դեպքում ինչո՞ւ է պետական դրոշի վրա քարտեզը։
Որովհետև, երբ ստեղծվում էր այդ պետական խորհրդանիշը, Կիպրոսում կային թուրքական և հունական համայնքներ։ Որպեսզի պետական խորհրդանիշը չնպաստեր ներքին պառակտմանը, չընտրվեց հունական կամ թուրքական ինքնություն արտահայտող որևէ խորհրդանիշ։ Փոխարենը ընտրվեց աշխարհագրական պատկեր, որը որևէ հունական կամ թուրքական ինքնություն չէր ներկայացնում։ Պարզապես աշխարհագրություն էր։ Եվ ընտրեցին քարտեզը։
Երկրորդ օրինակը Կոսովոն է։ Կոսովոն բազմաշերտ, բարդ էթնիկ կազմով և պատմությամբ քաղաքական միավոր է։ Որպեսզի չպառակտեն կոսովյան հասարակությունը, դրոշի վրա պատկերեցին Կոսովոյի քարտեզը։ Ոչ թե ալբանական երկգլուխ արծիվը, ոչ թե սերբական ազգային խորհրդանիշները, այլ քարտեզը։
Այսինքն՝ քարտեզն առաջ են մղում որպես պետական խորհրդանիշ այն պետությունները, որոնք վախենում են ներքին պառակտումից։
Իսկ մենք ինչի՞ց ենք վախենում։ Մենք ավելի քան 95 տոկոսով մոնոէթնիկ ժողովուրդ ենք։ Հայաստանում ապրող մյուս ժողովուրդները հայ ժողովրդի հետ հաշտ ու համերաշխ են և Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ։
Մեր եղբայրները՝ եզդիները, քրդերը, ասորիները, ռուսները, հույները, հրեաները և Հայաստանում ապրող մյուս ազգությունների ներկայացուցիչները, հայերի հետ ապրում են հաշտ ու համերաշխ և մեր պետության լիարժեք քաղաքացիներն են։
Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը փորձում այսպես առաջ մղել, այսպես ասած, քարտեզը՝ որպես ունիվերսալ խորհրդանիշ։ Ո՞ւմ համար է դա արվում։ Ումի՞ց ենք վախենում։ Ո՞վ է գալու Հայաստան ապրելու, որ հանկարծ որևէ խնդիր առաջանա հայկական խորհրդանիշները պետական խորհրդանիշներում օգտագործելու պատճառով։
Պատասխանը թողնում եմ ձեզ։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ պարզ է և ջրի երեսին։
Ե՞ՐԲ ԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԻՐԵՆՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՑ
Հաջորդ հարցը։ Ես ուսումնասիրեցի, թե պատմության ընթացքում եղե՞լ են արդյոք դեպքեր, երբ որևէ պետություն կամ ժողովուրդ հրաժարվել է իր Անկախության հռչակագրից՝ իր հիմնադիր փաստաթղթից։
Ասեմ ձեզ՝ նման դեպքեր եղել են։ Պետությունները հրաժարվել են իրենց անկախության հռչակագրերից տարբեր հանգամանքներում։
Առաջին դեպքն այն է, երբ տվյալ պետական միավորը դադարում է գոյություն ունենալ։
Պատմության մեջ անկախության փաստաթղթից կամ հռչակագրից հրաժարվելու օրինակները, որպես կանոն, վերաբերում են այն իրավիճակներին, երբ տվյալ պետական կազմավորումը լուծարվում է։
Այդպիսին էր, օրինակ, 19-րդ դարի կեսերին ստեղծված Տեխասի Հանրապետության դեպքը։ Տեխասը, առանձնանալով Մեքսիկայից, ստեղծեց առանձին հանրապետություն, այնուհետև որոշեց միանալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։
Մեկ այլ օրինակ է Կատալոնիան։ 2017 թվականին Կատալոնիայի խորհրդարանն ընդունեց անկախության հռչակագիր։ Եվրոպական երկրները և միջազգային հանրությունը չճանաչեցին այդ անկախությունը, և կատալոնացիները ստիպված եղան հրաժարվել իրենց անկախության հռչակագրից։
Այսինքն՝ անկախության հռչակագրից հրաժարվելու ամենատարածված դեպքերից առաջինն այն է, երբ տվյալ պետությունը կամ պետական կազմավորումը դադարում է գոյություն ունենալ։
Հայաստանի Հանրապետությունը կարող է հենց այս ճանապարհով գնալ։ Պատմական օրինակներով՝ Անկախության հռչակագրից հրաժարումը կարող է նշանակել նաև պետության գոյության դադարեցում։
Կա նաև երկրորդ խումբ դեպքեր։ Դրանք այն իրավիճակներն են, երբ երկու առանձին ժողովուրդներ ունենում են իրենց անկախության հռչակագրերը, այնուհետև որոշում են միավորվել, ստեղծել ընդհանուր պետություն և չեղարկել իրենց նախկին անկախության հռչակագրերը։
Ո՞րն է այդ օրինակը։
Աֆրիկայի ապագաղութացումից հետո այնտեղ ստեղծվեցին բազմաթիվ պետություններ։ Դրանցից մեկը Տանգանիկան էր։ Տանգանիկան և Զանզիբարը երկու առանձին պետություններ էին։ Զանզիբարը կղզի է, իսկ Տանգանիկան գտնվում է մայրցամաքային Աֆրիկայում։
Երկու պետություններն էլ ունեին իրենց անկախության հռչակագրերն ու սահմանադրական փաստաթղթերը։ Հետո մի գեղեցիկ օր Տանգանիկան որոշեց միավորվել Զանզիբարի հետ, և ստեղծվեց Տանզանիան։
Հետևաբար, որպեսզի միավորումը տեղի ունենար, երկու կողմերն էլ՝ և՛ Տանգանիկան, և՛ Զանզիբարը, հրաժարվեցին իրենց նախկին անկախ պետական կարգավիճակից և ստեղծեցին ընդհանուր պետություն։
Հիմա հարց եմ տալիս. երբ Հայաստանի Հանրապետությանը ստիպում են հրաժարվել Անկախության հռչակագրից, ի՞նչ է տեղի ունենում։ Լուծարվո՞ւմ է Հայաստանի Հանրապետությունը, թե՞ գնում է Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ ընդհանուր պետություն ստեղծելու ճանապարհով։ Կարո՞ղ եք բացատրել։
Ի դեպ, միավորման հետ կապված ևս մեկ օրինակ կա։ Անցյալ դարի 50-ականների վերջին Սիրիայի Արաբական Հանրապետությունը միավորվեց Եգիպտոսի հետ, և ստեղծվեց Միացյալ Արաբական Հանրապետությունը։
Երկու պետություններն էլ՝ Եգիպտոսն ու Սիրիան, հրաժարվեցին իրենց նախկին պետական կարգավիճակից և հիմնադիր փաստաթղթերից՝ միավորվելու նպատակով։ Միավորվեցին, շուրջ տասը տարի միասին ապրեցին, տեսան, որ չի ստացվում, և հետո կրկին ամեն մեկն իր ճանապարհով գնաց։
Այսինքն՝ օրինակս ցույց է տալիս, որ անկախության հիմնադիր փաստաթղթից հրաժարվելը պատմության մեջ տեղի է ունեցել հիմնականում երկու դեպքում՝ պետության լուծարման կամ մեկ այլ պետության հետ միավորման ժամանակ։ Առաջին խմբի օրինակներն արդեն բերեցի։
Հիմա հետևությունները թողնում եմ ձեզ։
Ի դեպ, Անկախության հռչակագրից հրաժարվելը Սահմանադրության մեջ նշանակում է, և այստեղ ընդդիմադիր որոշ գործընկերներ ճիշտ են, որ Անկախության հռչակագիրը դադարում է լինել իրավական փաստաթուղթ և դառնում զուտ պատմական փաստաթուղթ։
Այն այլևս նույն իրավական արժեքը չի ունենում։ Մեծ հարգանքով՝ դա մոտավորապես նույնն է, ինչ Էրեբունու հիմնադրման սեպագիր արձանագրությունը։ Այն պատմական մեծ արժեք ունի, բայց իրավական փաստաթուղթ չէ։
Անկախության հռչակագիրն էլ, եթե դուրս է գալիս Սահմանադրության իրավական համակարգից, ստանում է զուտ պատմական փաստաթղթի կարգավիճակ։ Այն այլևս իրավական ուժ ունեցող փաստաթուղթ չի լինում։ Հասկացա՞ք։
Այսպիսով, մենք քննարկեցինք Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրից հրաժարվելու պատմական օրինակները։
Հիմա եկեք քննարկենք մեկ այլ խումբ օրինակներ, որոնք նույնպես Հայաստանի համար կարևոր և այս գործընթացին վերաբերելի են։
ԱՐՏԱՔԻՆ ՊԱՀԱՆՋՈՎ ՓՈԽՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մյուս խումբ օրինակները վերաբերում են այն դեպքերին, երբ պետությունները արտաքին պահանջով փոխում են իրենց Սահմանադրությունը։
Ակնհայտ է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները տարբեր ձևերով փաստացի խոստովանել են, որ Սահմանադրության նախագիծը կապված է Ադրբեջանի պահանջների հետ՝ թե՛ հրապարակումից առաջ, թե՛ դրանից հետո։
Այսինքն՝ խոսքը, ըստ էության, Ալիևյան Սահմանադրության մասին է։
Հիմա քննարկենք օրինակներ համաշխարհային պատմությունից, այդ թվում՝ նորագույն պատմությունից։ Ե՞րբ են Սահմանադրությունները փոխվել արտաքին պահանջով, և ի՞նչ հետևանքներ են դրանք ունեցել։
ԼԵՀԱԿԱՆ ՔԵՅՍ
Եկեք սկսենք Լեհաստանից։ Սա շատ կարևոր օրինակ է։
15-րդ, 16-րդ և 17-րդ դարերում Լեհաստանը, Լիտվայի հետ միավորված, հզոր պետական կազմավորում էր։ Դրա կազմում էին նաև ներկայիս ուկրաինական և բելառուսական տարածքները։ Հատկապես 17-րդ դարում այն մեծ տերություն էր, սակայն հետագայում սկսեց թուլանալ։
Ի դեպ, լեհերն առաջին ժողովուրդներից են, որոնք ունեցել են Սահմանադրություն։ Սա պետք է առանձնապես արձանագրել. պատմության մեջ առաջին գրավոր սահմանադրություններից մեկը լեհականն է։
Այսպիսով, լեհերն ունեին Սահմանադրություն և հզոր պետություն։
18-րդ դարում հարևան գերտերությունները՝ Ռուսաստանը, Պրուսիան և Ավստրիան, սկսեցին միջամտել Լեհաստանի ներքին գործերին և պարտադրել փոփոխություններ։ Պարզունակացնում եմ, որպեսզի մեր որոշ «վայ գիտնականները» չկառչեն ձևակերպումներից. այդ ժամանակ Լեհաստանը կոչվում էր Ռեչ Պոսպոլիտա։
Ռուսաստանը, Պրուսիան և Ավստրիան տարբեր ձևերով ճնշում էին գործադրում լեհերի վրա՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը։
Լեհերը մի քանի անգամ, մտածելով, որ եթե փոխեն Սահմանադրությունը, Ռուսաստանը չի հարձակվի, եթե փոխեն՝ Պրուսիան չի հարձակվի, եթե փոխեն՝ Ավստրիան չի հարձակվի, գնացին այդ ճանապարհով։
Եվ, օ՜, հրաշք։ Ի՞նչ եղավ վերջում։
Լեհաստանը բաժանվեց այդ երեք գերտերությունների միջև։
Այսինքն՝ արտաքին պետություններն այնքան թուլացրին Լեհաստանը՝ պարտադրելով Սահմանադրության և օրենքների փոփոխություններ, իսկ լեհերն էլ հլու-հնազանդ կատարեցին այդ պահանջները, որ վերջում դա ավարտվեց անկախ Լեհաստանի և լեհական պետականության գոյության դադարեցմամբ։
1790-ական թվականներին տեղի ունեցան Լեհաստանի երեք բաժանումները, որոնք պատմության մեջ հայտնի են որպես Լեհաստանի բաժանումներ։
Ինչո՞ւ։ Որովհետև լեհերը թուլացան, որովհետև կուլ տվեցին այն խայծը, թե՝ փոխենք Սահմանադրությունը, որ հանգիստ ապրենք, խաղաղության դիմաց զիջենք մեր ինքնությունն ու ազատությունները։
Եվ դա ավարտվեց երկրի մասնատմամբ։
Լեհաստանի պետականության գոյության դադարեցումը տևեց շատ երկար՝ մինչև 20-րդ դարը։ Նապոլեոնի ժամանակաշրջանի որոշ դրվագներ առանձին թեմա են, բայց անկախ Լեհաստանի վերականգնումը տեղի ունեցավ միայն 1918 թվականին։
Այսպիսին էր այն լեհերի ճակատագիրը, որոնք կուլ տվեցին երեք գերտերությունների առաջարկած խայծը և փոխեցին իրենց պետական համակարգը՝ հանուն իբր խաղաղության։
Մինչ այդ նշեմ, որ Լեհաստանի և նախորդ օրինակները բացասական օրինակներ էին՝ այնպիսի դեպքեր, որոնք այդ ժողովուրդների համար վատ ավարտ ունեցան։
Մյունխենի օրինակի մասին շատ է խոսվում՝ ազատության, իրավակարգի և անվտանգության դիմաց զիջումների թեմայով։ Բայց Մյունխենի օրինակը չեմ ուզում բերել։ Ուզում եմ խոսել հաջորդ օրինակի՝ Տիբեթի մասին։
ՏԻԲԵԹԻ ՔԵՅՍ
1950-ականների սկզբին Տիբեթը անկախ պետություն էր։ Երբ չինական բանակը սկսեց իր արշավը Տիբեթի դեմ, տիբեթցիներին առաջարկեցին հետևյալը. դուք կպահպանեք ձեր ներքին ինքնավարությունը, ձեր ներքին կանոնները, հոգևոր և մշակութային կյանքը։ Ներսում կունենաք ինքնակառավարում, միայն թե հրաժարվեք ինքնիշխանությունից, զիջեք արտաքին ինքնիշխանությունը։ Արտաքին քաղաքականություն չեք ունենա, անվտանգությամբ ինքնուրույն չեք զբաղվի, բայց ներքին ինքնակառավարումը կպահպանեք։
Տիբեթցիները համաձայնեցին։ Դարձան Չինաստանի մաս, մտան Չինաստանի կազմի մեջ։ Եվ մի քանի տարի անց, երբ Չինաստանը տեսավ, որ Տիբեթում դիմադրություն չկա, ամբողջությամբ չեղարկեց նախապես տրված խոստումները, որոնք ամրագրված էին պայմանագրով։
Այսինքն՝ Տիբեթը դադարեց դիմադրել, դադարեց պայքարել սեփական ինքնության և իրավունքների համար։ Չինացիները դա տեսան և շատ արագ կլանեցին Տիբեթը։
Զուգահեռները հասկանո՞ւմ եք։
Եղել են նաև դրական օրինակներ։ Այսինքն՝ եղե՞լ են դեպքեր, երբ արտաքին պահանջով որևէ պետություն փոխել է իր Սահմանադրությունը և դրանից հետո լավ ապրել։ Այո՛, եղել են։ Բայց հանկարծ այստեղ չխաբվեք։ Ես ձեզ ամբողջ պատմությունը կպատմեմ՝ ազնվորեն և ամբողջությամբ, և դուք կհասկանաք, թե որն է այսօրվա Հայաստանի հետ տարբերությունը։
Այդպիսի օրինակ է Ֆինլանդիան։
ՖԻՆԼԱՆԴԱԿԱՆ ՔԵՅՍ
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆինլանդիայի հարաբերությունները Խորհրդային Միության հետ բավական բարդ էին։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմն էլ տեղի էր ունեցել խորհրդա-ֆիննական պատերազմը։ Ֆինլանդիայից տարածքներ էին վերցվել, կար մշտական լարվածություն երկու երկրների միջև։
Ֆինները որոշեցին Արևմուտքի և Խորհրդային Միության միջև եղած հակամարտության մեջտեղից դուրս գալ, չդառնալ աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ։ Ֆիքսե՛ք այս բառը։
Ֆինլանդիայի օրինակի առաջին կարևոր հանգամանքն այն է, որ ֆինները որոշեցին դադարել լինել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ Խորհրդային Միության և Արևմուտքի միջև։ Ասացին՝ մենք մեր ճանապարհով կգնանք։
Եվ արեցին հետևյալը։ Խորհրդային Միությանը տվեցին հստակ երաշխիքներ, որ չեն դառնալու Արևմուտքի ռազմաքաղաքական դաշինքների մաս, չեն անդամակցելու ՆԱՏՕ-ին և չեն գործելու Խորհրդային Միության դեմ։ Դրա դիմաց Խորհրդային Միությունից ստացան անվտանգության երաշխիքներ, և տնտեսական հարաբերությունները բացվեցին։
Իմ և ինձնից մեծ տարիքի մարդիկ կհիշեն, որ 80-ականներին Խորհրդային Միությունում, այդ թվում՝ Հայաստանում, կային ֆիննական երշիկ, ֆիննական կոնֆետներ և տարբեր այլ ապրանքներ։ Դրանք համարվում էին ամենաբարձր որակի ապրանքներ։ Ինչո՞ւ։ Որովհետև խորհրդային շուկայում գերմանական, ֆրանսիական կամ անգլիական ապրանքների փոխարեն ֆիննական արտադրանքն էր հասանելի։
Ինչո՞ւ էր այդպես։ Որովհետև դեռևս 1950-ականներից Խորհրդային Միությունն ու Ֆինլանդիան որոշակի պայմանավորվածությունների էին եկել. դու իմ դեմ չես աշխատում, ես քեզ չեմ սպառնում, ավելին՝ տնտեսական հարաբերություններ եմ զարգացնում քեզ հետ։
Սա առաջին տարբերությունն է։ Ֆինլանդիան որոշեց այդ քայլով դուրս գալ աշխարհաքաղաքական բախումից, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, հակառակը, Հայաստանը բացառապես աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի վերածելն է։
Երկրորդը։ Ֆինները Խորհրդային Միությանը այնպիսի ուժեղ հարված էին հասցրել, ուժերի անհամաչափության պայմաններում այնպիսի պայքար էին մղել 1939-1940 թվականների պատերազմի ընթացքում, որ խորհրդային բանակին շատ մեծ վնասներ էին պատճառել։
Խորհրդային Միությունը չէր ցանկանում նոր պատերազմ Ֆինլանդիայի հետ։ Ֆինները կազմակերպված, հայրենասեր, իրենց հայրենիքի համար պայքարող ժողովուրդ էին։ Քաղաքական տարաձայնությունները մի կողմ էին դրել և շատ լավ կռվել։
Խորհրդային բանակը մեծ կորուստներ էր կրել, և ԽՍՀՄ-ը հասկացել էր, որ Ֆինլանդիայի հետ ավելի լավ է պայմանավորվել, քան նոր պատերազմ սկսել։ Մեծ Խորհրդային Միությունը փոքր Ֆինլանդիային այդպես էլ չկարողացավ համոզիչ կերպով հաղթել։
Տեսնո՞ւմ եք, որ Հայաստանի ներկայիս իրավիճակի հետ այս օրինակը որևէ աղերս չունի։
Մենք պարտվել ենք, դարձել ենք պարտության և Նիկոլ Փաշինյանի իշխանության գերին։ Ադրբեջանը մեզ հետ խոսում է ուժի դիրքերից և փորձում է պարտադրել իր մոտեցումները։ Ոչ թե այն պատճառով, որ տեսնում է՝ պատերազմն իրեն էլ է վնասելու, և ավելի լավ է Հայաստանի հետ պայմանավորվել, ինչպես Խորհրդային Միությունն էր փորձում անել Ֆինլանդիայի դեպքում։
Եվ վերջինը։ Ֆինլանդիան գնաց այդ ճանապարհով, որովհետև ստացավ նաև երաշխիքներ։ Իրական երաշխիքներ։
Հետևաբար, ֆիննական օրինակը՝ այն դեպքը, երբ արտաքին պահանջների պայմաններում պետությունը փոխեց իր քաղաքական և սահմանադրական մոտեցումները, և դա աշխատեց, Հայաստանի հետ որևէ կապ չունի։
Կրկնեմ՝ ֆինները, ի տարբերություն ներկայիս Հայաստանի, այդ քայլով դուրս եկան աշխարհաքաղաքական բախումից, իսկ մենք մտնում ենք այդ բախման մեջ։
Երկրորդ՝ ֆիններն այնպիսի պայքար էին մղել Խորհրդային Միության դեմ, որ ԽՍՀՄ-ն ինքը չէր ցանկանում նոր պատերազմ սկսել նրանց հետ։ Սա նույնպես էական տարբերություն է այսօրվա Հայաստանի իրավիճակից։
Երրորդ՝ ֆինները ստացան միջազգային և անվտանգության լուրջ երաշխիքներ։
Եվ դա աշխատեց։ Աշխատեց մինչև վերջերս, երբ աշխարհաքաղաքական իրավիճակն արդեն փոխվեց, և ֆինները մտան ՆԱՏՕ։ Բայց դա արդեն առանձին թեմա է։
Եվս մեկ լավ՝ այսպես ասած, դրական օրինակ կա։
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՔԵՅՍԵՐ
Գերմանիան և Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փոխեցին իրենց Սահմանադրությունները՝ արտաքին պահանջով։
Բայց այս օրինակը մեզ հետ որևէ աղերս չունի։ Ավելին, ինքս եմ նյարդայնանում, երբ ընդդիմադիր գործընկերներս սկսում են Ֆաշիստական Գերմանիայի կամ իմպերիալիստական Ճապոնիայի օրինակները տարածել Հայաստանի վրա։
Ինչո՞ւ։ Շատ պարզ։
Առաջին՝ և՛ Գերմանիան, և՛ Ճապոնիան այդ տարիներին չարիքի և չար քաղաքականության մարմնավորում էին։ Եվ՛ նացիստական Գերմանիան, և՛ իմպերիալիստական Ճապոնիան մարդկության դեմ ոճիրներ գործած, միլիոնավոր մարդկանց սպանած, ռազմական հանցագործություններ կատարած ագրեսոր պետություններ էին։
Սրանք որևէ աղերս չունեն մեր Երրորդ Հանրապետության հետ։ Հայաստանի Հանրապետությունը երբեք ագրեսոր չի եղել, երբեք ռազմական հանցագործությունների մասնակից կամ դրանք պետական մակարդակով հովանավորող չի եղել։ Մենք երբեք որևէ առիթ չենք տվել, որպեսզի մեզ նույնականացնեն նացիստական Գերմանիայի կամ իմպերիալիստական Ճապոնիայի հետ։
Ուստի 1945 թվականից հետո այդ պետությունների բռնած ճանապարհի առանձնահատկությունները մեզ համար համադրելի չեն։ Ավելին՝ վտանգավոր են։ Որովհետև երբ սկսում ենք խոսել Ճապոնիայի և Գերմանիայի օրինակների մասին, ակամայից, որոշ դեպքերում՝ նույնիսկ կամավոր, ընդունում ենք, թե մենք էլ եղել ենք այդպիսի «չար Հայաստանը», «նացիստական կամ իմպերիալիստական Հայաստանը»։ Իսկ դա ինքնին մեծագույն վնաս է հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։
Բայց նույնիսկ եթե այդ օրինակը դիտարկենք, տեսնենք՝ ի՞նչ ստացան Գերմանիան և Ճապոնիան։
Այո՛, նրանք 1945 թվականից հետո արտաքին պահանջով փոխեցին իրենց Սահմանադրությունները։ Բայց ինչի՞ դիմաց։ Նրանք ստացան երկաթբետոնյա անվտանգության երաշխիքներ Միացյալ Նահանգներից։ Եվ՛ Գերմանիան, և՛ Ճապոնիան իրենց պացիֆիստական Սահմանադրությունների դիմաց ստացան անվտանգության իրական երաշխիքներ։
Իսկ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկից ստացե՞լ է երկաթբետոնյա, կամ նույնիսկ ստվարաթղթե անվտանգության երաշխիքներ։ Ո՛չ, ոչ մեկից։
Այս գործընթացի հետևում անվտանգության որևէ երաշխիք չկա, որևէ միջազգային երաշխիք չկա։
Բայց կան նաև այլ օրինակներ։ Հաջորդը, շատ կարևոր օրինակը, Իռլանդիան է։
ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ՔԵՅՍ
Գիտեք, Իռլանդիան այն պետությունն է, որը գտնվում է համանուն կղզում, որի մի մասը՝ այսպես կոչված Հյուսիսային Իռլանդիան, պատկանում է Միացյալ Թագավորությանը։
Իռլանդիան իր Սահմանադրության մեջ ամրագրել էր, որ Իռլանդիայի Հանրապետությունը հավակնում է ամբողջ Իռլանդիա կղզու տարածքին, այդ թվում՝ Հյուսիսային Իռլանդիային, որն իրեն չէր պատկանում։ Լոնդոնում դա ընկալվում էր որպես տարածքային հավակնություն Մեծ Բրիտանիայի նկատմամբ։
Հասկանալի է, չէ՞։ Իռլանդիան ամբողջ կղզին չէր վերահսկում, բայց Սահմանադրությամբ ամրագրել էր իր հավակնությունը ամբողջ տարածքի նկատմամբ։
1990-ականների վերջին մեկնարկեց մի գործընթաց, որն ավարտվեց 1998 թվականին համապատասխան համաձայնագրի ստորագրմամբ։ Դրա շրջանակում Իռլանդիան պարտավորվեց հրաժարվել այդ ձևակերպումից։
Բայց ինչի՞ դիմաց։
Իռլանդիան դրա դիմաց ստացավ իրավունք՝ մասնակցելու իրեն չպատկանող Հյուսիսային Իռլանդիայի հարցերի կարգավորմանը։
Ավելին՝ բրիտանացիները, որպես իրենց կողմից արված զիջում, համաձայնեցին, որ Հյուսիսային Իռլանդիայում կարող է հանրաքվե անցկացվել, և այն կարող է դուրս գալ Միացյալ Թագավորության կազմից։
Այսինքն՝ այստեղ գործ ունենք փոխզիջման հետ։
Տեսե՛ք՝ Իռլանդիան արտաքին պահանջով փոխեց Սահմանադրությունը, հրաժարվեց Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ իր տարածքային հավակնություններից, իսկ Լոնդոնը համաձայնեց, որ Հյուսիսային Իռլանդիայի ապագա կարգավիճակը կարող է որոշվել հանրաքվեով։
Երկու կողմն էլ՝ և՛ Իռլանդիան, և՛ Մեծ Բրիտանիան, գնացին սկզբունքային փոխզիջումների։
Իսկ հիմա համեմատենք մեր իրավիճակի հետ։ Այսօրվա Հայաստանի դեպքում ցույց տվեք Ադրբեջանի կողմից արված թեկուզ մեկ փոխզիջում, առավել ևս՝ Սահմանադրության մակարդակով։
Օրինակ՝ եթե մեզ ասեին՝ դուք այսպես արեք, իսկ Ադրբեջանն էլ պարտավորվեր հրաժարվել իր Անկախության հռչակագրից և Սահմանադրությունից հանել Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իր իրական տարածքային հավակնությունները, այդ դեպքում, իհարկե, մտածելու բան կլիներ։ Դա արդեն փոխզիջման մասին խոսակցություն կլիներ։
Բայց հիմա նման բան չկա։
Իհարկե, Մեծ Բրիտանիան Ադրբեջան չէ։ Մենք էլ, ցավոք, Իռլանդիա չենք՝ այդ իմաստով, պայքարելու պատրաստակամության, ազգային ինքնագիտակցության և հետևողականության առումով։
Ինչևէ, իռլանդական օրինակը ցույց է տալիս, որ արտաքին պահանջով Սահմանադրության փոփոխությունը կարող է հանգեցնել որոշակի զիջումների, բայց դա տեղի է ունեցել փոխադարձ պայմանավորվածությունների և փոխզիջումների պայմաններում։
Իռլանդիան իր Սահմանադրության մեջ որոշակի զիջում արեց, իսկ Մեծ Բրիտանիան, որը, գիտեք, չունի մեկ միասնական գրավոր Սահմանադրություն, իր սահմանադրական ակտերով և օրենքներով ամրագրեց, որ Հյուսիսային Իռլանդիան կարող է առանձնանալ Միացյալ Թագավորությունից, եթե դրա օգտին հանրաքվե անցկացվի։
ՀՅՈՒՍԻՍՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ ՔԵՅՍ
Մյուս օրինակը Հյուսիսային Մակեդոնիան է։
Իմ տարիքի և ինձնից բարձր տարիքի մարդիկ կհիշեն, որ Հարավսլավիայի կազմում կար Մակեդոնիա, ոչ թե Հյուսիսային Մակեդոնիա։ Երբ Հարավսլավիան տրոհվեց, մակեդոնացիները հայտարարեցին սեփական պետություն ստեղծելու մասին՝ հղում անելով 1944-1945 թվականների փաստաթղթերին և իրենց անվանելով մակեդոնացիներ։
Մակեդոնացիները ցանկանում էին դառնալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, բայց այստեղ լուրջ խոչընդոտ կար։ Այդ կառույցների անդամ Հունաստանը հայտարարում էր՝ Մակեդոնիան իմն է։ Դուք ընդհանրապես ի՞նչ գործ ունեք Մակեդոնիա անվան և մակեդոնական պատմական ժառանգության, Ալեքսանդր Մակեդոնացու հետ։ Դուք սլավոններ եք, իսկ մակեդոնական պատմական ժառանգությունը հույներինն է։
Չեմ մտնում այդ բանավեճի մեջ։ Առանձին թեմա է, ցանկության դեպքում կարող եք ուսումնասիրել։
Ինչևէ, Հյուսիսային Մակեդոնիան, տեսնելով, որ որևէ կերպ չի կարողանում հաղթահարել Հունաստանի վետոն՝ ՆԱՏՕ և Եվրամիություն մտնելու համար, ստիպված գնաց զիջման։ Հրաժարվեց իր նախկին անվանումից և դրա հետ կապված ինքնության խորհրդանշական բաղադրիչներից։
Մակեդոնիան դարձավ Հյուսիսային Մակեդոնիա։ 2018թ. ստորագրվեց Հունաստանի հետ համապատասխան համաձայնագիրը, և դրա դիմաց Հունաստանը հանեց իր վետոն։ Արդյունքում՝ Հյուսիսային Մակեդոնիան 2020թ. դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։
Այսինքն՝ այո՛, այսօրվա Հյուսիսային Մակեդոնիան արտաքին պահանջով փոխեց Սահմանադրությունը, փոխեց նույնիսկ իր երկրի անունը, բայց դրա դիմաց ստացավ անվտանգության երաշխիք՝ անդամակցեց ՆԱՏՕ-ին։
Ես չեմ ասում՝ լա՞վ արեցին, թե՞ վատ արեցին, արժե՞ր անվտանգության երաշխիքի դիմաց փոխել երկրի ինքնության այդ բաղադրիչը։ Դա մակեդոնացիների որոշումն էր, իրենց ընտրությունը։
Բայց փաստն այն է, որ նրանք փոխեցին նույնիսկ իրենց երկրի անունը և դրա դիմաց ստացան անվտանգության երաշխիք։
Իսկ Հայաստանի Հանրապետության պարագայում մեզ ստիպում են փոխել Սահմանադրությունը՝ առանց որևէ անվտանգության երաշխիք տալու։
Սա ևս մեկ օրինակ է, որն առաջին հայացքից կարող է նման թվալ, բայց իրական հիմքերն ու ելքերը բոլորովին տարբեր են, ժողովուրդ։
Եվ այստեղ պատմությունը չի ավարտվում։
Հյուսիսային Մակեդոնիան մտավ ՆԱՏՕ, բայց Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին նոր խոչընդոտների հանդիպեց։ Ինչո՞ւ։ Որովհետև բուլղարացիները տեսան, որ մակեդոնացիներին կարելի է ճնշել։ Հույների դեպքում դա ստացվեց, մակեդոնացիները զիջեցին նույնիսկ իրենց երկրի անունը։
Հիմա Բուլղարիան է տարիներ շարունակ ճնշում գործադրում Մակեդոնիայի վրա՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը և ամրագրել, որ բուլղարացիներն էլ են Հյուսիսային Մակեդոնիայի սահմանադրական ժողովուրդ։
Այսինքն՝ պահանջում են սահմանադրական մակարդակով ճանաչել բուլղարացիների տեղն ու կարգավիճակը Մակեդոնիայի պետական համակարգում։
Այդտեղ իրականում վեճը սերբերի, բուլղարացիների, հույների և մակեդոնացիների պատմական ինքնության ու ժառանգության շուրջ է։ Չեմ մտնում այդ թեմայի մեջ, ցանկության դեպքում կարող եք ուսումնասիրել։
Ասածս հետևյալն է. հույները ճնշեցին, մակեդոնացիները նահանջեցին և մտան ՆԱՏՕ։ Հիմա բուլղարացիներն են ճնշում, որպեսզի Մակեդոնիան զիջումների գնա նաև Եվրամիություն մտնելու ճանապարհին։
Հասկանո՞ւմ եք։ Երբ մեկ անգամ թույլ ես տալիս թուլություն, կողքիդ բոլոր հարևանները, ովքեր քո նկատմամբ թեկուզ մի փոքրիկ կաթնատամ ունեն, չեմ ասում՝ ատամ կամ ժանիք, այդ կաթնատամն էլ են օգտագործելու։
Եվ այս վտանգը՝ դոմինոյի էֆեկտը, սպառնալու է նաև Հայաստանի Հանրապետությանը, եթե մենք նախադեպ ստեղծենք՝ Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխելով։
Վստահեցնում եմ ձեզ՝ պատմությունն ու քաղաքականությունը հենց այդպիսի օրինակներ ունեն։
Եվ այսպես, սրանք այն օրինակներն էին, որոնք ուզում էի ձեզ ներկայացնել։
Մենք քննարկեցինք Անկախության հռչակագրից հրաժարվելու պատմական օրինակները, դրանց տարբերություններն ու Հայաստանի համար հնարավոր վտանգները։ Քննարկեցինք նաև արտաքին պահանջով Սահմանադրություն փոխելու օրինակները, դրանց հետևանքներն ու Հայաստանի հետ զուգահեռները։
ԽՈՍՏԱՑՎԱԾ ՓՈՔՐԻԿ ՍԵՆՍԱՑԻԱՆ
Հիմա գալիս եմ իմ խոստացած փոքրիկ սենսացիային։
Տեսե՛ք։ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի շուրթերով իբր հայտնել է Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին։ Ավելին՝ Ազգային ժողովն ընդունել է ոչ մի բանի մասին մի փաստաթուղթ, որն այդ անդամակցության մասին է, բայց ըստ էության ոչինչ չի երաշխավորում։
Նիկոլ Փաշինյանը մոտ տասը օր առաջ Բրյուսելում, Եվրանյուզի գագաթնաժողովի շրջանակներում կարծես թե հայտարարեց, որ 2027-2028 թվականներին Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնի։ Մեկ այլ առիթով էլ ասաց, որ 20 տարի անց Հայաստանը պատկերացնում է Եվրամիության անդամ։
Սա ֆիքսե՛ք, սա կարևոր հանգամանք է։
Հրապարակվեց Սահմանադրության նախագիծը, և դրա մեջ չկա Եվրամիությանն անդամակցելու մասին որևէ հոդված։
Բայց ինչո՞ւ չկա։
Բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են անդամակցել Եվրամիությանը, հատկապես հետխորհրդային տարածքում՝ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, իրենց Սահմանադրություններում ամրագրել են եվրոպական ինտեգրման կամ Եվրամիությանն անդամակցելու նպատակը։
Ինչո՞ւ Հայաստանը, որը, իբր, նույնպես ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, դա չի գրել։
Որովհետև նույնիսկ Նիկոլ Փաշինյանը շատ լավ պատկերացնում է, որ Հայաստանն այս պահին Եվրամիությանն անդամակցելու տեսանելի հեռանկար չունի։ Հենց այդ պատճառով էլ նախագծում նման դրույթ չի ներառել։
Բայց կա նաև երկրորդ պատճառը, և այստեղ շատ կարևոր հանգամանք կա։ Խնդրում եմ՝ ուշադիր եղեք։
Գիտեք, Ռուսաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանից պահանջում է Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։ Նիկոլ Փաշինյանը կարող էր այստեղ բավականին խորամանկ քայլ անել՝ ներողություն բառիս համար։
Նա կարող էր Սահմանադրության նախագծում ներառել Եվրամիությանն անդամակցելու մասին հոդված և երկու հարցը մեկտեղել՝ առաջարկելով հանրաքվե անցկացնել և՛ նոր Սահմանադրության, և՛ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի վերաբերյալ։
Այդպիսով նա կարող էր նախագծի գրավչությունն է՛լ ավելի բարձրացնել հասարակության այն հատվածների համար, որոնք կողմնակից են եվրոպական ինտեգրմանը։ Մարդիկ կտեսնեին՝ այս նոր Սահմանադրությամբ մենք նաև Եվրոպա ենք գնում, և գուցե նույնիսկ չխորանային նախագծի մյուս դրույթների մեջ։
Միաժամանակ Մոսկվայում կարող էր Վլադիմիր Վլադիմիրովիչին ասել. «Դուք հանրաքվե էիք պահանջում, ահա, ես Սահմանադրության մեջ ներառել եմ Եվրամիությանն անդամակցելու դրույթը։ Հիմա դուք էլ մեր ընդդիմադիր գործընկերների հետ, որոնց հետ շփվում եք, աջակցեք, որպեսզի այդ հանրաքվեն անցկացվի»։
Այսինքն՝ մեկ հանրաքվեով և՛ նոր Սահմանադրության հարցը կդներ, և՛ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը։
Բայց նույնիսկ այս հնարավորությունն ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը դա չարեց։
Շատ պարզ պատճառով։ Նա եվրոպական ինտեգրման գործընթացը եվրոպացիների հետ օգտագործում է իր իշխանության երկարաձգման համար։ Եվ շատ լավ հասկանում է, որ նույնիսկ այս գայթակղիչ տարբերակը կարող էր միաժամանակ բարձրացնել Սահմանադրության նախագծի գրավչությունը և Մոսկվայում իրեն հնարավորություն տալ զեկուցելու, որ կատարել է հանրաքվե անցկացնելու պահանջը։
Բայց չարեց։ Չի գրել։ Սա արդեն փաստ է։
Հաջորդը։
Այս նոր Սահմանադրության մեջ, ժողովուրդ ջան, ուշադի՛ր, կան այնպիսի դրույթներ, որոնք վերաբերում են դատաիրավական համակարգին, իրավական հարաբերություններին, դատավորների վեթինգին, օրենքի հետադարձ ուժին, քաղաքացիությունից զրկելուն։
Չեմ ուզում հիմա մտնել մանրամասների մեջ։ Ձեզ ասում եմ հիմնական սկզբունքը։
Նախագծում ներառված են այնպիսի դրույթներ, որոնք ընդունվելու դեպքում կարող են լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին։
Ասեմ՝ ինչու։
Եվրամիությունն ունի անդամակցության չափորոշիչներ՝ Կոպենհագենյան չափանիշները։ Դրանք բաժանվում են երեք հիմնական խմբի՝ քաղաքական, տնտեսական և իրավական։
Անդամակցության գործընթացում երկրները պետք է համապատասխանեն այդ չափանիշներին։ Գործընթացը ներառում է 35 բանակցային ուղղություններ, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ։ Երկիրը պետք է իր օրենսդրությունը, տնտեսությունը և քաղաքական համակարգը համապատասխանեցնի Եվրամիության չափանիշներին, որպեսզի կարողանա առաջ շարժվել անդամակցության գործընթացում։
Բոլոր այն երկրները, որոնք այսօր հերթի մեջ են և երկար տարիներ չեն կարողանում դառնալ Եվրամիության անդամ՝ Բալկանյան երկրները, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և մյուսները, բախվում են տարբեր խնդիրների։ Նրանց անդամակցության գործընթացը կախված է նաև այդ 35 ուղղություններով բանակցությունների ավարտից և եվրոպական չափանիշներին համապատասխանելուց։
Հասկացա՞ք, սա անդամակցության համար շատ կարևոր հանգամանք է։
Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Սահմանադրության մեջ չի գրել, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, այլև նախագծում ներառել է այնպիսի դրույթներ, որոնք, իմ գնահատմամբ, կարող են հակասել եվրոպական չափանիշներին։
Խոսքը դատաիրավական համակարգի, դատավորների ձևավորման, օրենքի հետադարձ ուժի, քաղաքացիության և այլ հարցերի մասին է։
Այս նորամուծությունները կարող են լուրջ խոչընդոտներ ստեղծել մեր եվրոպական հեռանկարի համար։
Հիմա ես չեմ, դուք եք, մտածե՛ք։
Եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել, մյուս կողմից՝ Սահմանադրության նախագծում ներառում է դրույթներ, որոնք չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին և կարող են խոչընդոտել անդամակցության գործընթացին, ապա ինչպե՞ս հասկանալ այս ամենը։
Հասկացա՞ք։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, կներեք, մոլորեցնում է և՛ ձեզ, որովհետև եվրոպական հեռանկարով է փորձում գրավել հասարակությանը, և՛ եվրոպացիներին։
Չնայած եվրոպացիներին մոլորեցնելու մասին այնքան էլ ճիշտ չէ ասել, որովհետև եվրոպացիները շատ լավ գիտեն, որ Հայաստանի անդամակցության տեսանելի հեռանկար այս պահին չկա։ Առնվազն մեկ սերնդի կյանքի տևողության կտրվածքով նման հեռանկարը տեսանելի չէ։
Այսպիսով, հասկանո՞ւմ ենք, որ այս նախագիծը ոչ միայն, իմ գնահատմամբ, Ալիևյան է, ոչ միայն հակահայկական է, այլև հակաեվրոպական է։
Այս Սահմանադրության նախագծի ընդունման պարագայում Հայաստանի Հանրապետությունը կարող է լուրջ խոչընդոտների առաջ կանգնել Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։
Եվ սա Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, գիտի։ Իսկ եթե չգիտի, ապա իր արտաքին գործերի նախարարը, արդարադատության նախարարը և մյուս պատասխանատուները պետք է նրան տեղեկացրած լինեն։
Եթե չեն ասել, որ այսպիսի դրույթներ ներառելու դեպքում Եվրամիության չափանիշներին համապատասխանելու հարցում լուրջ խնդիրներ ենք ունենալու, ապա դա արդեն իրենց ներքին խնդիրն է։
Փաստը մնում է փաստ. այսօրվա Սահմանադրության նախագծում ներառված են ձևակերպումներ, որոնք կարող են լրջորեն խոչընդոտել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացին։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
Լուծումները պարզ են։ Հեծանիվ հորինելու կարիք չկա։ Այս իրավիճակում, թեպետ արդեն ասացի, որ մեր իրավիճակն ունիկալ է, որովհետև դրսից ոչ ոք չի պահանջել զիջել ազատությունը և ինքնությունը հանուն խաղաղության։ Մենք առաջին դեպքն ենք, երբ երկրի ղեկավարը սեփական երկրից պահանջում է զիջել ինքնությունն ու ազատությունը՝ հանուն, այսպես ասած, խաղաղության կամ անվտանգության։ Մինչդեռ արդեն խոսեցինք, որ այդ ամենը պատրանք է․ նա դա անում է հանուն իր կառավարման, այն էլ՝ ավտորիտար կառավարման։
Լուծումները պարզ են։
Գործիք համար մեկ։ Ցանկացած նման փոփոխություն պետք է լինի հայելային։ Ինչպես ձեզ արդեն բերեցի Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի օրինակը, դա պետք է լինի հայելային։ Ինչ անում է մի կողմը, նույնը պետք է անի մյուս կողմը։ Այսինքն՝ եթե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, ապա նույնը պետք է անի նաև Ադրբեջանը։ Սա աքսիոմ է։ Իհարկե, թե ինչպես պետք է դա արվի, քննարկման առարկա է։ Ժողովուրդը կհամաձայնի, թե չի համաձայնի, բայց գոնե առաջին քայլը պետք է լինի հայելային։
Երկրորդը՝ երաշխիքներն են։ Որպեսզի նման գործընթացներն արդյունավետ լինեն, պետք է լինեն երաշխիքներ։
Ես ձեզ բերեցի բոլոր հաջողված օրինակները՝ Իռլանդիա, Ֆինլանդիա։ Մոռացա նաև պատմել Գերմանիայի օրինակը 90-ականներից, որը նույնպես փոխեց Սահմանադրությունը ԳԴՀ-ի հետ միավորվելուց հետո, երբ ստեղծվեց Միացյալ Գերմանիան։ Սահմանադրությունը փոխվեց՝ ունենալով չորս երաշխավոր՝ Խորհրդային Միությունը, Ամերիկան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Գերմանիան փոխեց իր Սահմանադրությունը՝ ունենալով չորս միջազգային երաշխավոր։
Այսինքն՝ մյուս կարևոր խնդիրը երաշխիքներն են, ոչ թե պարզապես վկաները, ինչպես Թրամփի, այսպես կոչված, TRIPP-ի հետ կապված դեպքն է, երբ կողքից նայում են, իսկ նախագահն էլ մի տեսաուղերձ է ուղարկում։
Մեզ անհրաժեշտ են իրական միջազգային երաշխիքներ, ինչպես Մակեդոնիային ընդունեցին ՆԱՏՕ, ինչպես Ֆինլանդիային երաշխիքներ տվեցին, ինչպես Գերմանիային երաշխիքներ տվեցին։
Երրորդը՝ ամենակարևորը։ Հասարակությունները պետք է կարողանան հաղթահարել նման ճգնաժամերը հանրային համերաշխության մթնոլորտում, ոչ թե պառակտման պայմաններում։
Որպեսզի այս կամ այն ժողովուրդը, պետությունը կամ հասարակությունը կարողանա հաղթահարել արտաքին մարտահրավերները, այն պետք է լինի համախմբված, ներառական և համերաշխ։
Իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք, նրա հետևողական քաղաքականության պատճառով, մեր հասարակությունն աստիճանաբար պառակտվում է։ Մենք դառնում ենք պառակտված քաղաքակրթություն։ Դեռ երեք-չորս տարի առաջ, Նուբարաշենի բանտում, ձեզ համար հոդված էի գրել այն մասին, որ մենք ամենավտանգավոր ճանապարհին ենք՝ դառնում ենք պառակտված քաղաքակրթություն։
Եվ մեզ պառակտում են ու շարունակում պառակտել։ Սա նաև մեզ զրկում է դիմադրելու հնարավորությունից։
Այսինքն՝ դիմադրության ներքին ռեսուրսը հանրային համերաշխությունն է, մոբիլիզացիան, փոխադարձ կարեկցանքն ու համերաշխությունը։
Այս դեպքում մենք մեծ շանսեր ունենք հաղթահարելու այս մարտահրավերը։
Այսպիսով՝ մեր առաջ երեք կարևոր լուծում կա.
1. Հայելային քայլեր, որոնք պետք է արվեն հակամարտությունների հանգուցալուծման ժամանակ։
2. Միջազգային իրական երաշխիքներ։
3. Հասարակական համերաշխություն և ներքին համախմբում։
Կարող եք օգտագործել այս տեղեկատվությունը, փոխանցել մեր հանրային և ընդդիմադիր քաղաքական գործիչներին։ Նրանց մի մասը կարծում է, որ ամեն ինչ գիտի։ Հուսով եմ՝ այս ամենից գոնե մի բան կարողացա օգտակար դարձնել նաև մեր առաջատար, այսպես ասած, տիտղոսային ընդդիմադիր գործիչների համար՝ զինելով նրանց նոր փաստարկներով։
Մանրամասները՝ տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test