Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բաքվի սահմանադրական ծուղակը 1in.am 1in.am

time
Բաքվի սահմանադրական ծուղակը

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեի շուրջ քաղաքական թնջուկը կարելի էր կանխել խաղաղության պայմանագրում տարածքային փոխադարձ պահանջների հարցի վերջնական կարգավորմամբ։ Միջպետական հարաբերությունների այս հիմնարար խնդիրը իրավական և քաղաքական համարժեքություն է պահանջում։ Երևանը հայտարարել է նոր Սահմանադրություն ընդունելու մտադրության մասին, Բաքուն համարժեք քայլի պատրաստակամություն չի հայտնել։

Մինչդեռ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի երկրորդ հոդվածն արդեն ամրագրում է տարածքային փոխադարձ պահանջների բացակայությունը և ապագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորությունը։ Հարցի իրավական լուծումը գտնված է։ Ալիևը շարունակում է այն պահել քաղաքական օրակարգում։

Ստեղծված անհավասարությունը կարող է տապալել նույնիսկ Հայաստանի համար կատարյալ սահմանադրական նախագիծը։ Հայ հասարակության մի զգալի հատվածի համար հանրաքվեն աստիճանաբար վերածվում է ազգային արժանապատվության հարցի։ Բաքուն իր ամեն մի հայտարարությամբ սնուցում է այդ ընկալումը։

Հայաստանի նոր Սահմանադրության ընդունմամբ անկեղծորեն շահագրգռված Ալիևը քաղաքական խոհեմություն կդրսևորեր և առնվազն հրապարակային լռություն կպահպաներ։ Ադրբեջանի նախագահը բավականաչափ ճանաչում է Հայաստանի հասարակության տրամադրությունները՝ իր հայտարարությունների հետևանքները կանխատեսելու համար։ Հետևաբար լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ հանրաքվեի տապալումը նույնպես Բաքվի ռազմավարական հաշվարկի մաս է։

2004 թվականին Կիպրոսի հունական համայնքի կողմից Կոֆի Անանի խաղաղության ծրագրի մերժումը տասնամյակներով երկարաձգեց կղզու բաժանումը։ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի մերժումը Բաքվին կարող է տալ խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու և գործընթացի ձախողման պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդելու դիվանագիտական լծակ։

Հանրաքվեի տապալումը Ալիևին կարող է քաղաքական պատրվակ տալ՝ խաղաղության պայմանագրի ստորագրումն անորոշ ժամանակով հետաձգելու, նոր պահանջներ առաջադրելու և խաղաղության ձախողման պատասխանատվությունը Հայաստանի հասարակության վրա բարդելու համար։

Այս հաշվարկով էլ թերևս բացատրվում է Բաքվի համառ միջամտությունը Հայաստանի սահմանադրական օրակարգին։

Այս քաղաքական հաշվարկն ունի նաև աշխարհատնտեսական խորքային շարժառիթներ։ Հակամարտության վերջնական կարգավորումը կվերաձևի Հարավային Կովկասի քաղաքական և տնտեսական աշխարհագրությունը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների գործարկումը, միջազգային ներդրումները, նոր շուկաների հասանելիությունն ու անվտանգության գործընկերությունների ընդլայնումը կամրապնդեն Հայաստանի ինքնիշխանությունն ու մրցունակությունը։ Այդ զարգացումները կարող են աստիճանաբար չեզոքացնել Հայաստանի մեկուսացումից Բաքվի ստացած ռազմավարական առավելությունները և նվազեցնել Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում։

Չկարգավորված հակամարտությունը քաղաքական ազդեցության վերարտադրման հսկայական ռեսուրս է։ Բաքվում և Մոսկվայում դա գերազանց գիտակցում են։

Երևանը պարտավոր է նոր Սահմանադրության հիմքում դնել Հայաստանի երկարաժամկետ շահերը՝ բացառելով օրվա քաղաքական նպատակահարմարության թելադրանքը։ Անկախության տարիներին Հայաստանի մայր օրենքը բազմիցս ստորադասվել է օրվա իշխանության քաղաքական շահերին։ Նոր մայր օրենքի անհրաժեշտությունը պետք է բխի երկրի երկարաժամկետ զարգացման հրամայականից, ինստիտուտների ամրապնդման և քաղաքացու իրավունքների պաշտպանության պահանջից։ Հենց այդ հիմքով էլ պետք է ձևավորվի հասարակական վստահությունը սահմանադրական բարեփոխումների նկատմամբ։

Հայաստանի քաղաքական ուժերը պարտավոր են գիտակցել սահմանադրական գործընթացի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Հանրաքվեի տապալումը կարող է Բաքվին երկարաժամկետ դիվանագիտական նախաձեռնություն ապահովել՝ խաղաղության հեռանկարը ստորադասելով անվերջ նորացվող պահանջներին և ռազմական ճնշման սպառնալիքին։

Հարավային Կովկասի վերջին երեք տասնամյակների պատմությունը վկայում է, որ չկարգավորված հակամարտությունները ժամանակի ընթացքում նոր պատերազմների քաղաքական և ռազմական նախադրյալներ են ստեղծում։ Հայաստանի ռազմավարական խնդիրը խաղաղության գործընթացն այդ փակ շրջանից դուրս բերելն է՝ պահպանելով սահմանադրական ինքնիշխանությունը, քաղաքական նախաձեռնությունն ու սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test