«Կիսում եմ փաստաբանների մտահոգությունը։ Դավիթը իմ ընկերն է, մենք մշտապես կապի մեջ ենք։ Դավիթն անմեղ է, այդ հարցում որևէ առնչություն… Տեսանյութերը կան, սա քաղաքական հետապնդում է»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, կհրապարակի պաշտպանության և դատախազության բողոքների վերաբերյալ որոշումը Մասիսի նախկին քաղաքապետ, առաջիկա ընտրություններում «Կառուցող» դաշինքի ցուցակը գլխավորող Դավիթ Համբարձումյանի գործով։ Վճռաբեկ դատարանի նման արագ արձագանքը փաստաբանների համար տարակուսելի է, քանի որ գործը 86 հատոր է, և այդ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր դրան ծանոթանալ։ Ուստի պաշտպանական կողմը ահազանգում է, որ այս որոշումը կարող է քաղաքական որոշման արդյունք լինել՝ առաջիկա ընտրություններին Դավիթ Համբարձումյանի մասնակցությունը չեզոքացնելու համար։
Էդուարդ Շարմազանովն ասաց՝ ինքն էլ նման մտահոգություններ ունի, բայց այլ տեսակետ չհայտնեց՝ հորդորելով սպասել, մինչև որոշումը հրապարակվի։
Նիկոլ Փաշինյանը երեկ ճեպազրույցի ժամանակ պնդել էր, որ Դավիթ Համբարձումյանը 2018 թվականի հեղափոխության օրերին իբր բռնություն է կիրառել ցուցարարների նկատմամբ։
«Նիկոլ Փաշինյանը ոչ դատախազ է, ոչ դատավոր, ոչ քննիչ։ Փաստաբանները նյութերը դատարանում հրապարակել են, տեսել ենք, որ Դավիթ Համբարձումյանն առհասարակ ծեծկռտուքին չի մասնակցել»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Եթե չենք ուզում Եռաբլուրը մեծանա, Հայաստանն էլ փոքրանա, պետք է Նիկոլը հեռանա»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած սպառնալիքին, որ եթե նոր Սահմանադրությունը չընդունվի, Եռաբլուրը կմեծանա։ Շարմազանովը նկատում է՝ Եռաբլուրը մեծացնողները Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են։
Նիկոլ Փաշինյանին ճանապարհելու մեկ ճանապարհ գիտի ընդդիմադիր գործիչը՝ համախմբված խոսել, պայքարել, չկոտրվել, ռեպրեսիաներից չվախենալ, գաղափարից չհրաժարվել, քանի որ սա հայրենիքի համար պայքար է։ Փողոցային պայքարի, ընդդիմության անելիքների մասին հարցերին էլ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ ներընդդիմադիր քննարկումները ճիշտ չէ հանրային դաշտ բերել, ՀՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցում են ընդդիմության միավորված հարթակի քննարկումներին, վերջնական որոշումները կհրապարակվեն։
Իսկ Սահմանադրության հրապարակված նախագծի բովանդակությանը վերաբերող հարցերին Էդուարդ Շարմազանովը չպատասխանեց՝ ասելով, որ հիմա առաջնային խնդիրը ոչ թե սահմանադրական բարեփոխումներն են, այլ Հայաստանի ադրբեջանացումը թույլ չտալը․ «Նիկոլ Փաշինյանի ցանկությունն էլ է, որ բոլորս մտնենք բովանդակային քննարկումների մեջ։ Այս մարդը մեզնից գողանում է Անկախության հռչակագիրը, պետության բովանդակությունը, մենք մտնում ենք՝ այս օրենքը ոնց է, այն օրենքը ոնց է։ Աստծով՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը երբ որ չի լինի, բոլոր առողջ ուժերով նստեք՝ քննարկեք՝ պառլամենտական երկիր լինի, պառլամենտական չլինի, դատավորների իրավունքները ինչպես կլինեն, նախագահական կլինի, կիսանախագահական կլինի, ընդդիմությանը ինչ վերահսկիչ մեխանիզմներ կտանք։ Բայց այսօր մեր թիվ մեկ խնդիրը՝ թույլ չտալ Հայաստանի Հանրապետության բովանդակության վերացումը»։
Տեսանյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test