Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մենք կյանք ենք ապրում ընդամենը մեկ անգամ, նույնիսկ եթե ապրում ենք պատերազմի մեջ գտնվող երկրում. ուկրաինացի գրող Հասկա Շիյան aravot.am aravot.am

time
Մենք կյանք ենք ապրում ընդամենը մեկ անգամ, նույնիսկ եթե ապրում ենք պատերազմի մեջ գտնվող երկրում. ուկրաինացի գրող Հասկա Շիյան

ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակներում լույս է տեսել «Կանայք զոհ չեն․ հետպատերազմ» խորագրով ծրագրի գրքերի շարքից վերջինը՝ Հասկա Շիյանի «Մեջքի հետևում» վեպը՝ Դինա Անանյանի թարգմանությամբ։

Aravot.am-ի զրուցակիցն է հեղինակը։

-«Մեջքի հետևում» ձեր վեպը լույս է տեսել 2019 թվականին: Գործողությունները ծավալվում են 2014-ին Արևելյան Ուկրաինայում սկսված պատերազմի ֆոնին։ Ի՞նչը դրդեց ձեզ գրել այն կանանց մասին, որոնց կյանքը փոխվում է մի պատերազմի պատճառով, որին իրենք անմիջականորեն չեն մասնակցում, բայց որն այնուամենայնիվ դառնում է նրանց առօրյան սահմանող իրականությունը։

-Ուկրաինացիների համար պատերազմը սկսվեց դեռևս 2014 թվականին, և դրա գիտակցումը մեծ ցնցում էր։ Թեև այն շատ ավելի տեղայնացված էր, քան 2022-ից հետո, այն, միևնույն է, ամենուր էր և իր ողջ այլանդակությամբ ի հայտ էր գալիս առաջին իսկ հանդիպումներից՝ այրիների, որբերի, տեղահանվածների ու վիրավորների հետ։ Միևնույն ժամանակ, քանի որ դա դեռ լայնածավալ պատերազմ չէր, իրավիճակից հեռու մնալու և այն ժխտելու հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ էին։

Նման համատեքստում «ներշնչանք» բառն օգտագործելը դժվար է, բայց եկեք դա անվանենք բացասական ներշնչանք։ Այն փաստը, որ մեր նուրբ ու հարմարավետ աշխարհը սկսեց փլուզվել, դրդեց ինձ գրել այս պատմությունը։

-Ձեր գլխավոր հերոսուհին՝ Մարտան, ավանդական իմաստով հերոսուհի չէ։ Երբ նրա ընկերոջը զորակոչում են բանակ, նա ստիպված է պայքարել ոչ միայն նրա բացակայության և պատերազմի անորոշության, այլև հասարակության այն ակնկալիքների դեմ, թե ինչպես պետք է իրեն պահի իր կարգավիճակում հայտնված կինը։ Ինչո՞ւ էր ձեզ համար կարևոր պատկերել պատերազմի փորձառության այս պակաս տեսանելի և, թերևս, ոչ այնքան հարմարավետ կողմը։

-Դրական, անթերի կերպարներն ինձ երբեք չեն հետաքրքրել՝ ո՛չ որպես ընթերցողի, ո՛չ որպես գրողի։ Մարդն իր էությամբ բարդ է, և յուրաքանչյուրիս ներսում թաքնված դևեր կան․ հենց դա է ինձ հետաքրքրում ու գրավում։ Չէ՞ որ, անկախ մեզ պարտադրված բոլոր նորմերից, մենք հակասական ու խոցելի ենք։ Միևնույն մարդը կարող է կյանքի մի բնագավառում հիացմունքի արժանի ու հաջողակ լինել, իսկ մեկ այլ ոլորտում՝ լիովին ձախողվել։

Պատերազմի առաջին ցնցումն անխուսափելիորեն ստիպեց մարդկանց իրենց առջև դնել բոլոր այն անհարմար հարցերը, որոնք վերաբերում էին առաջնահերթություններին ու գայթակղություններին։ Խաղադրույքներն անչափ բարձր են․ խոսքը քո կյանքով ապրել-չապրելու մասին է։ Այս հարցերն այսօր էլ շատերն իրենց տալիս են ամեն օր։ Պարզապես այժմ մենք ավելի մեծ փորձ ունենք, ավելի շատ բան գիտենք և ավելի հիասթափված ենք, քան 2014 թվականին։

Պատերազմը դարձել է առօրյա կյանքի մի մաս, կարծես՝ սովորական երևույթ, թեև սա չափազանց տխուր իրողություն է։ Եվ այն ունի բազմաթիվ կողմեր, որոնց մասին խոսելը շատ անհարմար է։ Պատերազմի հարմարավետ փորձառություն գոյություն չունի։

-Վեպի հետաքրքիր կողմերից մեկն այն է, որ նման իրավիճակներում հայտնված կանայք պարտադիր չէ, որ համերաշխություն դրսևորեն միմյանց հանդեպ։ Երբեմն նրանք մրցակցում են, դատում կամ պարզապես չեն հասկանում միմյանց։ Սա գիտակցվա՞ծ ընտրություն էր։ Ձեզ հետաքրքրո՞ւմ էր մարտահրավեր նետել կանանց համերաշխության ռոմանտիկացված պատկերացմանը։

-Իրական կյանքում ամեն ինչ հենց այդպես էլ տեղի է ունենում։ Ես երբեք գրականությունը, ինչպես նաև արվեստի մյուս տեսակները, չեմ ընկալել որպես բարոյական կողմնացույց կամ քարոզչությանը, գաղափարախոսությանը կամ ռոմանտիկ պատրանքներին ծառայող գործիք։ Ընդհակառակը՝ արվեստն ինձ հետաքրքիր է, երբ այն հրահրում է, բացահայտում և առերեսում։

Մենք սովորաբար մարդկանց հավանում կամ չենք հավանում՝ առաջնորդվելով զգացմունքներով։ Մեր առօրյա շփումներում մրցակցությունն ու անհանդուրժողականությունը շատ են՝ դեռ մանկապարտեզից սկսած։ Իհարկե, դրանց կողքին կա, կամ պետք է լինի, նաև սեր, աջակցություն և փոխըմբռնում։ Բայց դրանք սովորաբար հեշտությամբ չեն տրվում։

Մարտայի դեպքում նա իրեն համեմատում է նաև այլ կանանց օրինակների ու կերպարների հետ, այլ ոչ թե հենց իրենց՝ կանանց։ Եվ երբ լիովին անկեղծ է ինքն իր հետ, պարզապես ընդունում է. «Սա այն կյանքը չէ, որով ես կուզենայի ապրել»։

-Մարտայի՝ բանակում կամավորագրվելու որոշումը հատկապես ուշագրավ է։ Արդյոք դա սեփական կյանքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու, զուգընկերոջ փորձառությունը հասկանալու փո՞րձ է, թե՞ հասարակության կողմից իրեն վերապահված դերից փախչելու միջոց։

-Վեպը, ինչպես և հերոսուհի Մարտան, լի է կասկածներով։ Մարտան ուզում է լավ աղջիկ լինել։ Ուզում է սիրել ու աջակցել ընկերոջը։ Բայց չի կարողանում հաղթահարել այդ ամենը․ նրա համար պարզապես չափազանց ծանր է։

Հնարավոր է՝ պատճառն այն է, որ մանկության տարիներին նա բավարար սեր ու ապագայի հանդեպ վստահություն չի ստացել, ուստի չունի այն ամուր հիմքը, որի վրա կարող էր հենվել։ Հենց այդ պատճառով էլ նրան այդքան հեշտությամբ նյարդայնացնում ու զզվանք են պատճառում իր շուրջը եղած անհարմարությունն ու տգեղությունը՝ թե՛ տարածքներում, թե՛ միջավայրում, զինվորական ճամբարում կամ Ձմեռ պապի նվերները բաժանելիս։

Եվ հետո նա սկսում է ինքն իրեն հարցեր տալ․ արդյոք այս տղամարդն ինձ դեռ գրավո՞ւմ է։ Արդյոք ես ինձ ոգևորված ու ներգրավվա՞ծ եմ զգում, երբ կամավորության կարգով օգնում եմ բանակի մատակարարմանը։

-Մեր դիտարկմամբ՝ ձեր վեպը մի անհարմար հարց է բարձրացնում․ կարո՞ղ է արդյոք մարդը պահպանել անձնական երջանկության, ազատության և նույնիսկ եսասիրության իր իրավունքը, երբ իր երկիրը պատերազմի մեջ է։ Կարծո՞ւմ եք, որ գրականությունը պետք է թույլ տա իր հերոսներին լինել բարոյապես անկատար, նույնիսկ երբ անդրադառնում է նման լուրջ պատմական հանգամանքների։

-Այո՛, ինչպես արդեն նշեցի, կարծում եմ՝ գրականությունը հենց դա էլ պետք է անի․ բացահայտի մարդկային անհարմար ու անկատար կողմերը և առաջադրի հարցեր, որոնց պատասխանները միանշանակ չեն։

Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, որքան էլ Մարտան փորձում է կառչել երջանկությունից, նրան դա չի հաջողվում։ Նա ազատ է, իրեն թույլ է տալիս եսասեր լինել, բայց վեպի ընթացքում երջանիկ չէ։ Գուցե երբեմն ուրախության առանձին պահեր է ունենում, բայց ոչ ավելին։

Սա նաև այն հարցն է, որն այսօր շատ ուկրաինացիներ իրենց տալիս են ամեն օր։ Երբ ապրում ես կյանքիդ մշտական վտանգի պայմաններում, ականատես ես լինում վշտի ու ավերածությունների, այլևս վստահ չես՝ իրավունք ունե՞ս վայելելու առօրյա հաճույքները կամ պարզապես զվարճանալու։ Մյուս կողմից՝ մենք կյանք ենք ապրում ընդամենը մեկ անգամ, նույնիսկ եթե ապրում ենք պատերազմի մեջ գտնվող երկրում։

-Ձեր գրական ոճին բնորոշ է հեգնանքի, հումորի և հուզական լարվածության յուրահատուկ համադրությունը։ Արդյոք հումորը գիտակցված միջոց էր՝ դիմակայելու պատերազմը բացառապես ողբերգության և տառապանքի միջոցով ներկայացնելու միտմանը։ Օգնո՞ւմ է արդյոք հեգնանքը տեսնել այն իրողությունները, որոնք ավելի լուրջ ու հանդիսավոր պատումը կարող էր թաքցնել։

-Հեգնանքը պարզապես օգնում է… Անկեղծ ասած՝ գրելու ընթացքում ինձ համար գրեթե ոչինչ գիտակցված ու նախապես ծրագրված չէ։ Ես իմ հերոսների հետ անցնում եմ հույզերի ողջ վայրիվերումների միջով։ Նրանք տխրում են ու ծիծաղում, հիասթափվում ու ցինիկ դառնում։ Այդ բոլոր հույզերը մեր դիմակայելու մեխանիզմներն են։

Պատերազմը մշտապես ողբերգական ֆոն է, բայց դուք պետք է տեսնեք ուկրաինական հումորը, մեմերն ու սև հումորի կատակները։ Մեր ազգային բանաստեղծուհի Լեսյա Ուկրաինկայի հայտնի մի խոսք կա՝ «Որպեսզի չլամ, ծիծաղում էի»։ Եվ սա հենց մեր կյանքի պատմությունն է։

-Ի՞նչ է ձեզ համար վեպի՝ հայերեն թարգմանվելը։ Կարծո՞ւմ եք, որ ուկրաինացի և հայ ընթերցողների միջև կան որոշակի մշակութային, պատմական կամ հուզական ընդհանրություններ, որոնք այս հանդիպումը կարող են նշանակալից դարձնել։

-Հայաստանը, Լիտվայի հետ միասին, երկրորդ երկիրն է, որտեղ լույս է տեսնում իմ վեպը, և որը Ուկրաինայի հետ կիսում է խորհրդային Ռուսաստանի օկուպացիայի փորձառությունը։ Սա, անշուշտ, յուրահատուկ դիտանկյուն և փոխըմբռնման հնարավորություն է ստեղծում։

Այնքան շատ բաներ կան, որոնք բացատրելու կարիք պարզապես չկա, որովհետև դուք էլ եք դրանք ապրել, ինչպես և մենք։

-Երբ գիրքը տեղափոխվում է մեկ այլ լեզվական միջավայր, այն անխուսափելիորեն ձեռք է բերում նոր մշակութային համատեքստ։ Կարծո՞ւմ եք, որ վեպի առանցքային հարցադրումները՝ կանանց, հարաբերությունների, հայրենասիրության և ազատության մասին, մնում են համընդհանուր, թե՞ յուրաքանչյուր հասարակության մեջ նոր իմաստներ են ստանում։

-Օ՜, իհարկե՛։ Եվ սա չափազանց հետաքրքիր է դիտարկել։

Նույնիսկ նախկին Արևելյան և Արևմտյան Գերմանիայում ընթերցողները ուշադրություն էին դարձնում տարբեր մանրամասների։ Թարգմանությունների վրա աշխատելու ընթացքում թարգմանիչները տարբեր հարցեր են բարձրացնում՝ նշելով, թե հատկապես ինչն է անհրաժեշտ բացատրել կամ մեկնաբանել իրենց ընթերցողների համար։

Այն, ինչը կարող է հուզել կամ հետաքրքրել ընթերցողին մի երկրում, մեկ այլ երկրում կարող է շատ ավելի քիչ կարևոր լինել։

Ինձ իսկապես հետաքրքիր է՝ հայ ընթերցողներն ամենից շատ ինչի՞ վրա ուշադրություն կդարձնեն։

Զրույցը Սամվել Դանիելյանի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test