«Իր վախճանը մոտ է։ Պետք է եւս մի փոքր համբերությունդրսեւորենք, և մենք տեսնելու ենք այդ անփառունակ վախճանը։ Իսկ թե ի՞նչ է սպասում իր թիմակիցների այս թափառաշրջիկների խմբին՝ թող ժողովուրդը հետո որոշի»․ «Առավոտի» զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Պառլամենտական սերունդ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Մեխակ Մխիթարյանը:
-Տարիներ շարունակ քաղաքականության մեջ եք, եղել եք նաեւ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եթե համեմատենք Հայաստանի Գերագույն խորհուրդն այսօրվա Ազգային ժողովի հետ՝ որտեղի՞ց ուր ենք հասել։ Ի դեպ, Անկախության հռչակագիրը, որն այսօր քաղաքական կամ աշխարհաքաղաքական շահարկումների առարկա է դարձել՝ հենց ԳԽ-ն է ընդունել։
–Գերագույն խորհուրդը, թերևս, անկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ եղած ամենաինտելեկտուալ, սկզբունքային և որակյալ խորհրդարանն էր։
Գերագույն խորհրդի կազմը շատ յուրահատուկ էր։ Առաջին անգամ հայոց պատմության մեջ խորհրդարանում ներկայացված էին մեր երեք ավանդական կուսակցությունները՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը և Ռամկավար Ազատական կուսակցությունը։ Ես Հայաստանի խորհրդարանում Հնչակյան կուսակցության առաջին ներկայացուցիչն էի։ Ես առաջիններից էի, որ վայր էի դրել Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամատոմսը եւ այդ ժամանակ, նաև սփյուռքից եկած նախաձեռնությամբ, ինձ առաջարկեցին անդամակցել Հնչակյան կուսակցությանը։ Ես չմերժեցի, որպեսզի Հնչակյան կուսակցությունը նույնպես ներկայացված լինի Գերագույն խորհրդում։Սա շատ կարևոր հանգամանք է․ ավանդական սփյուռքի գերակշռող մեծամասնությունը կապված է եղել այս կամ այն ավանդական կուսակցության հետ։Այսինքն՝ անկախության հռչակագրի ստեղծմանը, քվեարկությանն ու ընդունմանը մասնակցություն է ունեցել նաև սփյուռքի զգալի հատվածը։ Կարող եմ վստահաբար ասել, որ անկախության հռչակագիրը ստեղծվել է համահայկական մտքի և կամքի արտահայտությամբ։
Փաստորեն, հարյուր հազարավոր մարդիկ են մասնակցել այդ փաստաթղթի ստեղծմանը։ Եվ հիմա եկել է մի խումբ, որը փորձում է չեղարկել հայ ժողովրդի հավաքական մտքի ու կամքի արտահայտությամբ ստեղծված փաստաթուղթը։ Ո՞վ է ձեզ այդ իրավունքը վերապահել։ Մի կողմ թողնենք անգամ այն հանգամանքը, որ դա կարող է լինել Ալիևի կամ Թուրքիայի թելադրանքով։ Վերցնենք միայն այն փաստը, որ փաստաթուղթը ստեղծվել է հայ ժողովրդի հավաքական կամքի արտահայտությամբ․ո՞վ եք դուք, որ փորձում եք այն չեղարկել։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ, իմ տպավորությամբ՝ նրա խոսքում այլևս չկար նախկին պաթոսը, որով դիմում էր քաղաքացիներին։ Իսկ ո՞ւր մնացին Հայաստանի Հանրապետության, սփյուռքի, Արցախի հպարտ քաղաքացիները։ Վերացա՞ն նրանք։ Հիմա մնացին միայն կեղծ «սիրելի քաղաքացինե՞րը»։ Այսօրվա իր պահվածքը ոչ ադեկվատ է, հիստերիկ։ Այն բառամթերքը, որ ինքը օգտագործում է, այդ թվում թիվ մեկ քաղաքական ամբիոնից, ի լուր ամբողջ աշխարհի, այդ պահվածքի մեջ ես տեսնում եմ ոչ միայն հոգեխանգարմունքի, այլ նաև հոգեվարքի դրսևորումներ։ Դա նշանակում է, որ իր վախճանը մոտ է։ Պետք է եւս մի փոքր համբերությունդրսեւորենք, և մենք տեսնելու ենք այդ անփառունակ վախճանը։ Իսկ թե ի՞նչ է սպասում իր թիմակիցների այս թափառաշրջիկների խմբին՝ թող ժողովուրդը հետո որոշի։
– Ժողովուրդն իրենց քվե է տվել, իրենք գործում են այդ մանդատի շրջանակում․ սա է իշխանության պատասխանը։
– Եթե ժողովրդին դիտարկենք որպես ամբողջություն, ապա իշխանությունը ստացել է ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 25 տոկոսի ձայնը։ Այդ 700 հազար ձայնը կազմում է ընտրողների ընդհանուր թվի մոտ 25 տոկոսը։ Եվ այդ 25 տոկոսը ձեզ իրավունք է վերապահո՞ւմ չեղարկել հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ, համայն հայության կամքով ստեղծված փաստաթուղթը։
Դուք հանդես եք գալիս հայ ժողովրդի անունից, բայց ներկայացնում եք ընդամենը ընտրողների մի հատվածին։ Ի՞նչ իրավունք ունեք անտեսելու մնացած 75 տոկոսին և հայտարարելու, թե ամբողջ հայ ժողովրդի անունից եք գործում։
– Իսկ այդ 75 տոկոսը որտե՞ղ է։ Մի մասը խորհրդարանում ներկայացված է ընդդիմության տեսքով, սակայն այդ ամբողջ զանգվածը քաղաքական դաշտում տեսանելի չէ։
– Նախ՝ այդ 75 տոկոսի մեջ պետք է ներառենք նաև այն մոտ 500 հազար քաղաքացիներին, որոնք այս ընտրություններին ձայն չեն տվել ընդդիմությանը։
Երկրորդ՝ հակված չեմ կարծելու, որ ընտրություններին չմասնակցած կամ քաղաքական գործընթացներից հեռու մնացած բոլոր մարդիկ գործող իշխանության համակիրներն են։ Դրանք մարդիկ են, որոնք հիասթափված են, հուսահատված, հոգնել են ստեղծված իրավիճակից և չեզոք դիրք են գրավել։ Բայց այդ չեզոքությունը չի նշանակում, որ նրանք իշխանության կողմնակիցն են։ Շատերը չեն ընդունում իշխանության քաղաքականությունը և չեն հաշտվում այն իրողության հետ, որ այսօր իրենք են ղեկավարում երկիրը և մեզ ներկայացնում այսպիսի պահանջներ։
Մենք այսքան զոհեր ենք տվել, կորցրել ենք Արցախը․․․ 30-35 տարի մեր ժողովուրդը զրկանքներ է կրել հանուն Արցախի։ Մեր սերունդը գիտակցաբար է գնացել այդ զրկանքներին՝ մտածելով, որ ունենալու ենք լավ ապագա, հայրենիք, պետականություն։Ես այսօր համարում եմ, որ իմ կյանքի 35 տարիներն ապարդյուն եմ անցկացրել։ Մենք ունեցել ենք հսկայական հնարավորություններ՝ նորմալ ապրելու, բայց գնացել ենք այդ զրկանքներին։ Եվ միայն մենք չենք կրել դրանք. մեր ժողովրդին ենք դատապարտել այդ դժվարություններին։ Հիշեք անլույս, անջուր տարիները, պատերազմական իրավիճակները, ցուրտ ձմեռները, երբ մարդիկ անտանելի պայմաններում էին ապրում։Եվ հիմա այս մարդիկ եկել ու իրենց վերագրում են իրավունքներ, որոնք, իմ համոզմամբ, բացարձակապես չունեն։ Ո՞վքեր են նրանք, ի՞նչ կենսագրություն, ի՞նչ կրթություն, ի՞նչ դաստիարակություն ունեն, ի՞նչ ներդրում են ունեցել մեր պետության ստեղծման գործում։ Նրանք իրավունք ունե՞ն համայն հայության կամքի արտահայտությունը միանգամից զրոյացնելու։ Ես դա չեմ ընդունում։
Եվ իրենց անհեթեթ, տաֆտոլոգիկ գաղափարը՝ «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։ Եթե անդրադառնանք այդ երեք «գլուխներին», ապա նախ՝ Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն չունի։ Նա երբեք կուսակցական չի եղել և այսօր էլ որևէ կուսակցություն չի ղեկավարում։ Նրան «եռագլուխ կուսակցության» ղեկավար ներկայացնելն անհեթեթություն է։ Եթե նկատի ունեն Դաշնակցությանը՝ որպես նրա քաղաքական հենարան, ապա դա նույնպես ճիշտ չէ։ Դաշնակցությունն ինքնուրույն կուսակցություն է՝ իր ղեկավարությամբ, և այն չի կարելի նույնացնել Քոչարյանի համախոհների հետ։Երկրորդը՝ Գագիկ Ծառուկյանն է։ Ինչո՞վ է նրա կուսակցությունը պատերազմի կուսակցություն։ Այդ մարդը, բացի բարեգործությունից, այս երկրում ի՞նչ է արել։ Պատերազմի ժամանակ նա աջակցել է Արցախին, հայ ժողովրդին, արցախահայությանը։ Նրան պատերազմի կուսակցության պարագլուխ ներկայացնելը նույնպես անհեթեթություն է։Եվ, առավել ևս, Սամվել Կարապետյանը։ Նա առաջին պատերազմից սկսած՝ Արցախի վերականգնման տարբեր փուլերում, մինչև վերջին պահը, միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարել։ Պատերազմի հետ նրա կապը միայն այն է, որ պատերազմից հետո իր անձնական միջոցներով ապահովել է վերականգնման աշխատանքների զգալի մասը։
Իսկ այդ եռագլուխում ի՞նչ դերակատարում է հատկացնում Սերժ Սարգսյանին։ Նա այդ երեք գլուխներից որի՞ ածանցյալն է,ինքը ո՞ր գլուխն է ներկայացնում այդ եռագլխում։
– Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ իր կառավարության կատարած ներդրումները, այդ թվում՝ առողջապահության և սոցիալական ոլորտներում, տասնյակ անգամ գերազանցում են Սամվել Կարապետյանի բարեգործությունները եւ եզրակացրել, որ Հայաստանի ամենամեծ բարեգործն ինքն է։
– Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր կատարած ներդրումներն է համարում պետական բյուջեի միջոցներով իրականացված ծախսերը։ Կարծես թե այդ գումարներն անձամբ ինքն է բերել ու ներդրել։ Բայց բյուջեի միջոցները նրա անձնական միջոցները չեն։ Դրանք մեր ժողովրդի վճարած հարկերով ձևավորված գումարներն են։Բարեգործությունն այն է, երբ մարդն իր անձնական միջոցներից ինչ-որ մաս տրամադրում է ժողովրդին։ Պետական բյուջեի միջոցներով կատարված ներդրումները բարեգործություն չեն։ Դրանք հանրային միջոցներ են։Եվ երբ դու համեմատում ես պետական բյուջեից կատարված ծախսերը Սամվել Կարապետյանի անձնական բարեգործությունների հետ՝ հայտարարելով, թե դրանք տասնապատիկ ավելի են, դա անհեթեթություն է։ Նման հայտարարությունները ժողովրդի չիմացության վրա ազդելու, մանիպուլացնելու փորձեր են։ Այս մարդիկ բարեգործներին ու ներդրողներին այսօր դարձրել են թշնամիներ, մինչդեռ նրանք այս երկրի թշնամիները չեն եղել։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Շարունակությունը՝ վաղվա համարում
«Առավոտ» օրաթերթ 27.11.2026
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test