Զրուցել ենք երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի հետ։
- Չարչրկված թեմա է, այնուհանդերձ, այսօր մեր մտավորականներից քչերն են խոսում մեր ազգին եւ պետությանը սպառնացող գոյաբանական խնդիրների, աղետների, փորձությունների մասին, որոնք բերել եւ բերում են այս իշխանությունները։ Խոսողների ձայնն այնքան էլ լսելի չէ, շատերն էլ լռում են։ Ո՞րն է պատճառը, չէ՞ որ բոլոր ժամանակներում հենց մտավորականներն են աչքի ընկել ազատ ու ըմբոստ կեցվածքով։
- Նախ՝ մտավորականի նշաձողն ինձ համար ուրիշ հարթության մեջ է, առավել եւս՝ եթե խոսքն իմ մասին է։ Ամեն դեպքում, չեմ կարող այնքան համեստանալ, որ ինձ չհամարեմ այս երկրի համար ցավացողներից մեկը, որը մասնագիտությամբ երգահան է։ Ինչ վերաբերում է մյուսների մասնակցությանը հակաթուրքական ընդվզումներին, պիտի ասեմ, որ, ի ուրախություն ինձ, ոչ միայն մենակ չեմ, այլեւ շատ-շատերն են միակարծիք, եւ բավականին մեծ կազմով ենք, երբ հավաքվում ենք որեւէ խնդրի շուրջ քննարկման։ Իսկ թե ինչի համար բոլորով չենք, չեմ կարող հաշվել, թե որ տոկոսը, համենայնդեպս՝ ոչ մեծամասնությունը։ Արդեն իմ մտածելակերպի շրջանակներից դուրս են, միգուցե վախից կամ ուղղակի անտարբերությունից, որ ավելի վատ է, քան հակառակ կողմի սկզբունք ունենալը, թեպետ հակառակ կողմը եւ սկզբունքն իրար հետ կապ չունեցող բաներ են։ Ամեն դեպքում հուսանք՝ որեւէ օր անտարբերներն էլ կզգան անվտանգային խնդիրը եւ կմիանան, միայն թե տա Աստված՝ ուշ չլինի... Հնարավոր չէ թվարկել մեր համախոհների անուն-ազգանունները, որոնք իսկապես քիչ չեն...
- Տպավորություն է նաեւ, թե ստեղծագործական միությունները եւս զգուշավոր լռություն են պահպանում, կաշկանդված են բարձրաձայնել մեզանում կատարվող անարդարությունների, քաղաքական եւ այլ հալածանքների մասին՝ նույնիսկ այն դեպքում, երբ պետությունը սպառնում է խլել նրանց պատկանող շենքերը։ Մարգինալության այս ձեւը մտահոգիչ չէ՞։
- Միությունների մասով ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ միակ եւ վերջին միության անդամը, որ եղել եմ, Երկրապահն էր, էն էլ անդամագրվել եմ Վազգեն Սարգսյանի ժամանակ, իսկ 2018-ից հետո էդ շենքում չեմ եղել։ Իսկ ինչ վերաբերում է ստեղծագործական միություններին։ Չգիտեմ, չէի ուզենա այդպես լիներ, բայց, հավանաբար, ինչ-ինչ բաներ չկորցնելու վախից...։
- Փաստորեն, ընդդիմադիր գործիչների նախաձեռնած հակաիշխանական տարատեսակ շարժումները հաջողությամբ չեն պսակվում։ Դրա պատճառներից մեկը գործող ռեժիմի կողմից գործադրվող ճնշումներն են, կամայական կալանավորումները, հետապնդումները, մյուս կողմից՝ ներընդդիմադիր տարաձայնությունները։ Հարցիս մեջ գուցե քաղաքական ռոմանտիզմ նկատեք, բայց․․․ գուցե մտավորականների համախմբումն ու նրանց կողմից առաջնորդվող պայքա՞րը կարողանա ի վերջո կերտել այս իշխանություններից ազատագրվելու հրաշքը։ Այն մտավորականության կողմից, որը, թերեւս, ամենաքիչն է հիասթափեցրել հասարակությանը։
- Քանի որ ընդդիմադիր ուժերի մեջ ունեմ շատ ընկերներ, բոլոր հնարավոր հանդիպումների ժամանակ բառացիորեն խնդրում եմ ավելի սերտ ու համախմբված լինել, մինչ թշնամական ուժի վերջնական տապալումը, հետո արդեն իրենք գիտեն, թե ով ում հետ ինչ խնդիր կունենա, բայց մինչ սպասվող հաղթանակը իրար վրա ցեխ շպրտելը բառացիորեն հակառակորդի դիրքերն ամրապնդելն է նշանակում։ Ամեն դեպքում, շատ հնարավոր է, որ եւս մեկ անգամ հանդիպում կազմակերպենք ընդդիմադիր բոլոր ուժերի հետ եւ բոլորիս անունից, որպես երկրի համար մտահոգ արվեստագետների խումբ, ուղղակի խնդրենք համախմբումը պահել անցնցում, մինչեւ հաղթանակ...
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test