Ոստիկանությունն իրավասու չէ արգելել հավաքի անցկացումը կամ հավաքի կազմակերպման սահմանափակումներ կիրառել։ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով այդպիսի լիազորությունը վերապահված է բացառապես որպես լիազոր մարմին հանդես եկող համայնքի ղեկավարին։ Հետևաբար, հավաքի մասնակիցների հետ հաղորդակցվելիս, հավաքի սպասարկման վերաբերյալ փաստաթղթեր կազմելիս պետք է խուսափել այդպիսի ձևակերպումներ օգտագործելուց։ Միաժամանակ, կարևոր է նշել, որ ոստիկանության գվարդիայի՝ հավաքների սպասարկման գործառույթն առավելապես վերաբերում է հանրային տարածքում անցկացվող հավաքներին։
Վերջերս Եվրոպայի խորհրդի փորձագետ, հայտնի փաստաբան Առնոլդ Վարդանյանը հեղինակել է «Հավաքների Սպասարկումը Ոստիկանության Գվարդիայի Կողմից» ուղեցույցը՝ հիմնված ինչպես հավաքների սպասարկման առաջադեմ չափանիշների, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, այդ թվում՝ Հայաստանի դեմ, կայացված վճիռներում արձանագրված մոտեցումների վրա։
Ըստ առաջաբանի՝ ձեռնարկը միտված է վերափոխելու ոստիկանության գվարդիայի ծառայողների վերաբերմունքը հավաքների ազատության իրավունքի նկատմամբ։ Այն օգնում է հասկանալ, որ հավաքները հնարավոր վտանգ ներկայացնող միջոցառումներ չեն, այլ մարդկանց խաղաղ և ազատ կամարտահայտման հարթակ են։ Ուստի, կարևոր է, որ ոստիկանության գվարդիայի ծառայողների մոտ ձևավորվի հստակ գիտակցում, որ իրենց հիմնական դերը նման հարթակները հարգելն ու պաշտպանելն է։ Ձեռնարկը հստակեցնում է ոստիկանության գվարդիայի դերը՝ որպես հավաքների սպասարկման հանրային ծառայություններ մատուցող կառույցի։
«Ուղեցույցը նաև հիմնված է հավաքների սպասարկման չափանիշների վերաբերյալ մի քանի հարյուր ոստիկանության գվարդիայի ծառայողների վերապատրաստումների ընթացքում իմ կողմից հավաքագրված հարցադրումների վրա։ Ուղեցույցը միտված է հավաքների սպասարկման վերաբերյալ հնարավոր կարծրատիպերը կոտրելուն, ընկալումները վերափոխելուն՝ ցույց տալով, որ հավաքները հնարավոր վտանգ ներկայացնող միջոցառումներ չեն, այլ մարդկանց խաղաղ և ազատ կամարտահայտման հարթակ», -տեղեկացնում է Ա.Վարդանյանը։
Ձեռնարկը պատասխանում է մի շարք հարցերի՝ հավաքների ինչպիսի՞ տեսակներ կան, ովքե՞ր իրավունք ունեն մասնակցել հավաքներին, արդյո՞ք բոլոր հավաքներն ունեն կամ պետք է ունենան կազմակերպիչներ, արդյո՞ք հավաքի անցկացումը կարող է խախտել հասարակական կյանքը, ի՞նչ է հավաքի հարկադրաբար դադարեցումը կամ ցրումը…
Շատ կարևոր է իմանալ, որ հավաքը չի կարող ոստիկանության կողմից դադարեցվել կամ ցրվել միայն այն պատճառով, որ հավաքի անցկացման մասին լիազոր մարմինը չի իրազեկվել։ Ձեռնարկի հեղինակը նշում է. «Պետք է նկատի ունենալ, որ հավաքի անցկացման մասին լիազոր մարմնին իրազեկումը հավաքի անցկացման համար թույլտվություն ստանալու ընթացակարգ չէ։ Իրազեկումը պետական իրավասու մարմիններին հավաքի անցկացման մասին ընդամենը տեղյակ պահելու մասին է, որպեսզի ոստիկանությունը հնարավորություն ունենա նախապատրաստվել հավաքի անցկացմանն աջակցություն ցույց տալու համար։ Այսինքն՝ իրազեկումը կազմակերպչական ընթացակարգի բաղկացուցիչ մաս է, այլ ոչ թե հավաքի անցկացումն արտոնելու նախապայման։ Հետևաբար, միայն այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչները կամ հավաքի մասնակիցները լիազոր մարմնին չեն իրազեկել հավաքի անցկացման մասին, չի կարող լինել «կանաչ լույս» հավաքն անօրինական դիտարկելու և պահանջելու համար, որ հավաքը դադարեցվի։ Ինչպես արդեն նշվել է, անօրինական հավաքն օգտվում է խաղաղ հավաքի համար սահմանված բոլոր երաշխիքներից և պետք է վայելի ոստիկանության լիարժեք աջակցությունը»։
Ի դեպ, հիշվել է 2024 թ. մայիս-հունիս ամիսներին Հայաստանում ընդդիմության հավաքները, որի ընթացքում ոստիկանության կողմից առանց տարբերակման քսանից ավելի հատուկ միջոցներ են կիրառվել, այդ թվում՝ ապակողմնորոշող լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով վիրավորվել են մոտ 100 ցուցարարներ, ոստիկաններ և լրագրողներ։ Նշվածը ցուցարարների նկատմամբ որպես անհամաչափ ուժի կիրառում է բնութագրվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից։ Ըստ հեղինակի՝ ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ հարկադրանքի միջոցների և մասնավորապես ուժային միջոցների կիրառումը պետք է լինի բացառություն, որպես վերջին միջոց, կիրառվի այդ մասին նախազգուշացնելուց հետո, միմիայն թիրախավորված ձևով՝ կոնկրետ ագրեսիվ, բռնի կամ սադրիչ վարքագիծ դրսևորող անձանց նկատմամբ, համաչափ ձևով, և անհապաղ դադարեցվի՝ համապատասխան ռիսկերի չեզոքացումից անմիջապես հետո։
Ձեռնարկի հեղինակն անդրադարձել է «հարկադրանք չպարունակող հնարավոր բոլոր միջոցների» կիրառմանը՝ լարվածությունը թուլացնելու համար. «Օրինակ՝ վերադասի հրամանով փողոցի երկայնքով երթևեկությունն արգելափակած անձանց անկանոն ձերբակալումը, ընդհուպ այդ ճանապարհով անցնող և աշխատանքի գնացող անձանց, ինչպես տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի հավաքների շրջանակներում, չի կարող արդարացվել որևէ պատճառաբանությամբ։ Նույն սկզբունքով անօրինական է համարվելու այն անձի ձերբակալումը, ում ազատությունից զրկելուց անմիջապես հետո ոստիկանության գվարդիայի ծառայողը չներկայացնի իրեն ազատությունից զրկելու հստակ պատճառները և չպարզաբանի իր իրավունքները։ Նշվածն անձին անմիջականորեն ձերբակալող ոստիկանության կոնկրետ ծառայողի ուղղակի պարտականությունն է, այն չի կարող փոխանցվել ոստիկանության այլ աշխատակիցների կամ փոխարինվել «կգնաս բաժին՝ կիմանաս» ձևակերպմամբ»։
Անդրադարձ կա հավաքի ընթացքում ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից կայացվող որոշումների և հավաքների սպասարկման պլանների փաստաթղթավորվան մասին։ «Գվարդիայի ծառայողները պետք է մշտապես փաստաթղթավորեն հավաքների ընթացքում իրենց կողմից կայացվող որոշումները, ինչը թույլ կտա նաև պաշտպանելու իրենց օրինական որոշումները կողմնակի զրպարտությունից։ Փաստաթղթավորումը նաև հնարավորություն է ընձեռելու հավաքից հետո «քաղված դասերի» հիման վրա իրականացնել անհրաժեշտ վերանայումներ և զարգացնել հանրությանը մատուցվող հավաքների սպասարկման ծառայությունների որակը»,-նված էր ուղեցույցում։
Ձեռնարկը օգտակար է ինչպես ոստիկանության գվարդիայի ծառայողների, այնպես էլ հավաքների ազատության իրավունքն իրացնողների համար։
Ուղեցույցն անցել է ազգային և միջազգային գրախոսություն՝ գրախոսներ՝ Հրայր Ղուկասյանի և Ջերեմի Մաքբրայդի կողմից։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ 26.11.2026
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test