Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գառնիի տաճարի խորհուրդը aravot.am aravot.am

time
Գառնիի տաճարի խորհուրդը

Հայտնի է, որ Տրդատ Ա-ն Գառնիում կառուցել է հրաշակերտ տաճար, սակայն, չգիտես ինչու, հարց չի առաջանում, թե ինչո՞ւ: Իբր ինքնին հասկանալի է եւ ամենեւին բացատրության կարիք չունի: Սակայն կարծում եմ, որ այդ տաճարի կառուցումը պատահական չէր եւ ունի խորհրդանշական իմաստ: Եթե չմոռանանք, որ Տրդատն ի սկզբանե դաստիարակվել է որպես ապագա քրմապետ, այսինքն՝ ստացել է իր ժամանակի լավագույն կրթությունը, ինչն էլ իր հերթին նպաստել է նման գաղափարի: Գառնիի տաճարը, որն արտաքուստ կառուցված է հունա-հռոմեական ոճով, միաժամանակ համապատասխանում է հայկական ճարտարապետության եւ արվեստի ավանդույթներին, այն դարձնելով յուրատեսակ հուշարձան։ Հայաստանում այդ շրջանում հեթանոսական տաճարների պակաս չի եղել, հետեւաբար նոր տաճարի կառուցումը չի եղել պարզապես հերթական տաճարներից մեկը, այլ ունեցել է մի կարեւոր առանձնահատկություն՝ այն իր ամեն ինչով տարբերվել է ե՛ւ պարթեւականից, ե՛ւ հռոմեականից, այսինքն՝ եղել է զուտ հայկական իր բնույթով, խորհրդանշել է հայկական մշակույթի ինքնատիպությունը եւ արտահայտել է նաեւ հայկականի ինքնուրույնությունը: Այդ մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, երբ բոլոր հեթանոսական տաճարներն ավերվեցին եւ դրանց տեղում կառուցվեցին քրիստոնեական եկեղեցիներ, նույնը չեղավ Գառնիի տաճարի պարագայում:

Ծանոթանալով Տրդատ Ա-ի ողջ գործունեությանը, դժվար չէ համոզվել, որ նա՝ 1) հմուտ ռազմական գործիչ էր, ինչի վկայությունն է Հռանդեայի ճակատամարտում նրա հրամանատարությամբ հռոմեական զորավար Պետոսի բանակի ջախջախիչ պարտությունը, ինչպես նաեւ նրա հետագա ռազմական հաղթանակները Կովկասից ներթափանցած քոչվորական ցեղերի դեմ: Նրա ռազմական գործիչ լինելու մասին է վկայում նաեւ այն փաստը, որ չնայած հայտնի զորավար Կորբուլոնը Հայաստան էր եկել մեծ բանակով, սակայն գերադասում էր ոչ թե պատերազմել, այլ սկսել բանակցություններ:

2) Հմուտ դիվանագետ էր, ինչի վկայությունն են նրա բանակցությունները ինչպես Պետոսի, այնպես էլ հռոմեական զորավար եւ դիվանագետ Կորբուլոնի հետ, որոնց հիման վրա կնքվեց Հռանդեայի համաձայնագիրը: Ընդ որում, Տրդատ Ա-ի պահանջով բանակցությունների վայր է դառնում հենց Հռանդեան, որտեղ հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն էր կրել: Նման պարագայում բանակցությունների տեղի ընտրությունն արդեն նախանշում է նաեւ բանակցությունների հետագա ընթացքը: Նրա դիվանագիտական հմտությունները դրսեւորվեցին նաեւ Հռոմի կայսր Ներոնի հետ բանակցությունների արդյունքում, որի շնորհիվ Հայաստանը եւ Հռոմեական կայսրությունը դարձան դաշնակից եւ բարեկամ պետություններ եւ Հայաստանը կարողացավ շուրջ 50 տարի խաղաղության պայմաններում բարգավաճել: Վերջապես Տրդատ Ա-ի վարած դիվանագիտական մեծ աշխատանքի արդյունքում ռազմաճակատում տարած հաղթանակը վերածվում է հաշտության համաձայնագրի:

Ուշագրավ է նաեւ Տրդատ Ա-ի քաղաքակրթական գործունեությունը: Դժվար չէ համոզվել, որ Տրդատ Ա-ն որդեգրեց Տիգրան Մեծի եւ նրա հետեւորդ Արտավազդ Բ-ի քաղաքակրթական քաղաքականությունը, ինչը երեւակվում է արդեն 9 ամիս տրամադրելով Հռոմ այցելությանը, Ներոն կայսրից կատակերգու (միմոս) խնդրելով, իսկ հետագայում Գառնիի տաճարը կառուցելով: Այս ամենն ակնհայտ է դարձնում, որ Տրդատը լուրջ ուշադրություն է դարձրել Հայաստանում հելլենիստական մշակույթի զարգացմանը։ Այս հանգամանքը կարեւորվում է մի քանի առումով նախ՝ այդ ժամանակաշրջանում հելլենիստական մշակույթը տարածաշրջանում առավել զարգացածն էր եւ կարող էր նպաստել հայկական քաղաքակրթության ու մշակույթի առաջընթացին, երկրորդ, շեշտելու համար հայկականի ինքնատիպությունը եւ տարբերությունը թե՛ հռոմեականից, թե՛ պարթեւականից: Վերջապես, չափազանց կարեւոր է, որ այս ամենը Տրդատ Ա-ն ծառայեցնում էր Հայաստանը ինքնուրույն քաղաքական գործոն դարձնելուն:

Այս ամենն, ընդհանուր առմամբ, նշանակում է, որ հանձին Տրդատ Ա-ի մենք ունենք խոշորագույն պետական եւ քաղաքական մի գործիչ, որն ամեն ինչ արեց Հայաստանն արժանավոր կերպով ներկայացնելու եւ պայմաններ ստեղծելով նրա հետագա արժանապատիվ զարգացման համար:

Հիշեցնեմ, որ 62թ. հայկական զորքերը ռազմական գործողություններ սկսեցին հռոմեացիների դեմ և փայլուն հաղթանակի հասան Պետոսի բանակի նկատմամբ: Դա կատարվեց Հռանդեա (Եռանդ) կոչվող վայրում: Հռոմեական բանակի անպարտելի համարվող զինվորները ստիպված եղան անցնել «լծի» տակով՝ թշնամուն հանձնելով իրենց զենքերը: Անարգանքի «լուծը» երեք նիզակից էր կազմված, որի տակով կռացած ստիպված էին անցնել հռոմեացի գոռոզ զինվորները: Հռոմեացի զինվորները վաղուց ի վեր այդպիսի անարգանքի չէին ենթարկվել: Հռոմի պարտությունն ակնհայտ էր: Պետոսի զորաբանակները լքեցին Հայաստանը և արագորեն տեղափոխվեցին կայսրության տարածք: Ներոնը ցանկանում էր, որ Տրդատն անձամբ գա Հռոմ և իր ձեռքից ստանա թագը: Նա այդ ճանապարհով կամենում էր ինչ-որ չափով վերականգնել կայսրության խարխլված հեղինակությունն Արևելքում: Ավելին՝ այդ քայլով Հռոմն ուզում էր ցույց տալ, որ ոչ թե իր կրած պարտության պատճառով, այլ կայսեր մեծահոգության շնորհիվ է Տրդատն ստանում Հայոց գահը: Հայոց ավագանին կայսեր առաջարկն իրավացիորեն դիտելով որպես իրենց հաղթանակ, համաձայնեցին Ներոնի առաջարկին: Տրդատը 65թ. 3000-անոց թիկնախմբով, որի մեջ էին նրա ընտանիքը և բազմաթիվ ազնվականներ, ճանապարհ ընկավ Հռոմ: Նա կայսրին հանդիպեց Նեապոլիսում: Հայոց թագավորի պատվին կազմակերպվեցին զանազան հանդեսներ, կրկեսային ներկայացումներ ու գազանամարտեր: 66թ. Տրդատը Հռոմի ֆորումում թագադրվեց: Կայսրը հռոմեացիների կողմից ավերված Արտաշատը և մյուս ավերածությունները վերականգնելու համար զգալի գումար նվիրեց և արհեստավորներ տրամադրեց Տրդատին:

Այսպիսով, պարզ է դառնում, որ Գառնիում տաճարը կառուցվում է ոչ թե որպես կրոնական սովորական կառույց, այլ ուներ բոլորովին այլ նշանակություն. ԳԱՌՆԻԻ ՏԱՃԱՐԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ Է ԵՎ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ Է ՀՌՈՄԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ, ԸՆԴ ՈՐՈՒՄ՝ ԱՅՆ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՊԱՐՏՎՈՂԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՆՐԱ ՇԻՆԱՐԱՐ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ:

Մի նկատառում եւս. Գառնիի հաղթանակի հուշարձանի հարևանությամբ գտնվող խճանկարի հունարեն գրության՝ «աշխատեցինք ոչինչ չստանալով» վերաբերյալ: Ակնհայտ է, որ գրության հեղինակները հռոմեացի վարպետներն էին, որոնց աշխատանքի համար վճարում էր Հռոմը, այլ ոչ թե Հայաստանը և այդ գրությամբ ուզում էին ասել, որ իբր նվիրում են:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարում. Գառնիի տաճարը. հաղթանակի հուշարձան՝ ի նշանավորումն Հռանդեայի ճակատամարտում տարած հաղթանակի և ի փառս Հայոց Արքայի

«Առավոտ» օրաթերթ 26.11.2026

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test