Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». 2016-ի դեպքերի մասնակիցների մի մասը դեռ սպասում է դատավճիռներին hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». 2016-ի դեպքերի մասնակիցների մի մասը դեռ սպասում է դատավճիռներին

2016-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 9 առանցքային ան­դամներ 2022 թ. մայիսից կրկին հայտնվեցին անազատության մեջ, այս անգամ՝ արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նրանք 2018-ի իշխանափոխությունից հետո ազատ էին արձակվել, չնայած զինված հարձակման արդյունքում երեք ոստիկան էր սպանվել, պատանդներ էին վերցվել եւ այլն։ Երկար դատաքննությունից հետո առաջին ատյանի դատարանը 2021-ի փետրվարին հրապարակեց դատավճիռը (դատավոր` Մեսրոպ Մակյան), որն ուժի մեջ մտավ հաջորդ տարվա մայիսին։ Անցել է ավելի քան 4 տարի։ Գործը բաժանվել է 3 մասի՝ ոմանց դատավճիռներն ուժի մեջ են մտել, մյուսների նկատմամբ դատաքննությունը շարունակվում է։ Խմբի անդամների մի մասը դատապարտվել է 6, 7 տարուց մինչեւ 25 տարվա ազատազրկման։ Նրանց մի մասի դեպքում արդեն լրացել է պայմանական վաղաժամկետ ազատման համար անհրաժեշտ ժամկետը։

Զրուցել ենք փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ։ «Իմ պաշտպանյալներն են Վարուժան Ավետիսյանը, Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանները։ Վերջինս ազատության մեջ է։ Հասել ենք պայմանական վաղաժամկետ ազատման դիմելու շեմին։ Վարուժանը դիմել է, թե ոչ՝ տեղեկություն չունեմ։ Բայց, օրինակ, Էդվարդ Գրիգորյանը դիմել է, սակայն նրա դիմումին դեռ պատասխան չկա։ Դիմել է հոկտեմբերի վերջին։ Դիմելուց հետո որեւէ տեղեկություն չի ստացել՝ երեկ եմ խոսել նրա հետ։ Քրեակատարողական հիմնարկում պետք է հանձնաժողովի նիստ գումարվի։ Բացի այդ, այժմ եզրակացություն պետք է ներկայացնի նաեւ Պրոբացիայի ծառայությունը։ Նա դիմել է ՔԿՀ-ին, նախ պետք է վերջինս դրական եզրակացություն տա, որից հետո միայն հնարավոր կլինի դիմել դատարան»,– նշեց փաստաբանը։

Ազգային ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին անազատության մեջ են Արեգը, Էդվարդը, Սեդրակը, Մխիթարը, Վարուժանը, Սմբատը, Պավլիկը, Արմենը եւ Գագիկը։ «Մյուսների վերաբերյալ ազատազրկման որոշումներ դեռ չկան, բայց հնարավոր է, որ լինեն։ Բանտում գտնվողները մեզնից ավելի լավ են զգում իրենց, որովհետեւ նրանց հասնող տեղեկատվության հոսքն ավելի սահմանափակ է»,- ասաց Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի որոշմամբ, 2 ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի եւ Արթուր Վանոյանի մահվան մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման։ Ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահվան մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն արդարացվել ու ազատ էր արձակվել դատարանի դահլիճից, սակայն մեղավոր էր ճանաչել մյուս արարքներում․ որպես վերջնական պատիժ՝ սահմանվել էր 4 տարի 11 ամիս ազատազրկումը: «Սասնա ծռեր»-ի խմբի մյուս անդամները` Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Մխիթարյանը, Գագիկ Եղիազարյանն ու Արեգ Կյուրեղյանը, դատապարտվել էին 7 տարվա ազատազրկման, Էդուարդ Գրիգորյանը՝ 6, Սեդրակ Նազարյանը՝ 8։ Մահվան հիմքով դադարեցվել է Արայիկ Խանդոյանի նկատմամբ հետապնդումը։ Դատավճիռը պաշտպանական կողմը բողոքարկել էր վերաքննիչ դատարան, որն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը, միայն որոշում էր կայացրել Բիլյանի մասով․ առաջին ատյանի որոշումը բեկանել` փոփոխել էր, նրան մեղավոր էր ճանաչել սպանության մեջ եւ 25 տարի ժամկետով դատապարտել ազատազրկման: Բիլյանն այժմ կալանավայրում է:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խումբը բաղկացած էր 32 անձից։ 9-ի վերաբերյալ դատավճիռ կա, մյուսների գործը երկու տարբեր դատավորի վարույթում է, եւ տարիներ շարունակ քննություններն առաջ չեն գնում` չկա վերջնական դատական ակտ։ Հիշեցնենք նաեւ, որ խմբավորման անդամները մեղադրվում են ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ զավթելու մեջ, որի ընթացքում նաեւ մարդիկ են մահացել։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test