Նոր սահմանադրության նախագծի հրապարակման հաջորդ օրվանից իշխանական եւ իշխանամերձ շրջանակները լուրեր են տարածում, թե ՔՊ-ին հաջողվել է հանրաքվեի նախագծի համար պակասող 6 ձայնը ստանալ խորհրդարանական ընդդիմությունից: Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ դա անել։ Զրուցել ենք ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:
- Իշխանությունը լուրեր է տարածում, թե ընդդիմությունը 6 ձայն է տալու իրենց, որպեսզի նոր սահմանադրությունը դնեն հանրաքվեի: Ի՞նչ եք կարծում` այդ լուրերն իրականությանը համապատասխանո՞ւմ են:
- Անկեղծ ասած` չեմ հավատում եւ չեմ էլ ուզում հավատալ: Ես ընդդիմությանը ձայն տված քաղաքացի եմ, նրանց չեմ լիազորել, չեմ ասել` կգնաք, Նիկոլի համար ինչ-որ բան կանեք: Չեմ հավատում, չեմ էլ ուզում հավատալ:
- Բայց նախադրյալներ, հիմքեր տեսնո՞ւմ եք, որ նման լուրեր են տարածում:
- Ամեն ինչ կանի Նիկոլը` առնելով, գործարքով, շանտաժով: Սա Նիկոլի Հայաստանն է, Նիկոլի թիվն է: Բայց ընդդիմությունն էլ նրա համար է ընդդիմություն, որ դիմակայի այդ ամենին: Եթե դա էլ չի կարողանալու, էլ ի՞նչ ընդդիմություն: Կստացվի, որ մարդկանց հավատը, հույսը սպանում են, հուսախաբ են անում: Ես այդ մանդատը նրանց չեմ տվել, որ գնան խորհրդարան, ինչ-որ մի պահի Նիկոլն իրենց վախեցնի, իրենք էլ Նիկոլի ուզածն անեն: Որեւէ ընդդիմադիր` այդ երկու խմբակցությունից, չունի ընտրողին խաբելու իրավունք: Չեմ ուզում հավատալ, որ նման բան կարող է լինել: Թեպետ երկու ընդդիմադիր լիդերները` Կարապետյանը եւ Քոչարյանը բանտում են, բայց ես հույս ունեմ, որ նրանք այնպիսի ցուցակ են կազմել, այնպիսի գիտակից մարդկանց են այդ ցուցակներում ներառել եւ խորհրդարան տարել, որ նրանք երբեք Նիկոլի դուդուկի տակ չեն պարի: Շատ ամոթ կլինի, եթե նման բան լինի: Ընդդիմություն ընտրողներն իրենց մանդատ չեն տվել, որ Նիկոլի հանձնարարականները կատարեն: Աստված չանի, եթե նման բան անեն, էս ժողովրդի վերջին հույսը կոչնչացնեն: Ժողովուրդն իրենց հետ հույսեր է կապել: Հարյուր հազարավոր մարդիկ իրենց քվե են տվել: Եթե հիմա Նիկոլի դուդուկի տակ պարեն, կնշանակի, որ մեր քվեն ոչնչացնում են:
- Հանրապետականին հարող որոշ շրջանակներ ժամանակ առաջ պնդում էին, որ իմպիչմենտն իրատեսական է, որ կարող են ՔՊ-ից 19 ձայն վերցնել եւ Փաշինյանին անվստահություն հայտնել, իսկ հիմա, իրար հերթ չտալով, հակառակն են գրում, որ ընդդիմությունը 6 ձայն տալու է ՔՊ-ին: Այդ դեպքում ինչպե՞ս էին իմպիչմենտ հայտնելու:
- Համեմատությունը տեղին չէր: Ժամանակին, երբ առաջ եկավ իմպիչմենտի գաղափարը, տեսլական կար, որ գուցե ՔՊ-ի ներսում կան մարդիկ, ովքեր հայրենասեր են, հայասեր են եւ գնահատում են պետությունը, պետականությունը, գիտակցում են, որ Փաշինյանը կործանում է երկիրը, եւ կարող են կանգնել ճշտի ու արդարության կողմը: Այն, որ ընդդիմությունից կարող են գտնվել մարդիկ, ովքեր ալիեւյան սահմանադրության կողմը կանցնեն, դա իմպիչմենտի հետ համեմատելու բան չէ: Այսինքն` նրանք կո՞ղմ կարող են լինել, որ հայկական պետություն չլինի, կո՞ղմ կարող են լինել, որ ցեղասպանությունն ուրացվի, կո՞ղմ կլինեն, որ հանվի Անկախության հռչակագիրը, եւ Արցախի փրկության հարցը ոչնչանա....
- Հարցն այն է, որ եթե մի ժամանակ վստահ էին, որ իմպիչմենտում իշխանությունից մարդիկ են անցնելու ընդդիմության կողմը, հիմա կասկածում են, որ ընդդիմությունն է անցնելու Փաշինյանի կողմը:
- Աստված չանի, որ նման բան լինի: Եթե ժամանակին լսեին մեզ եւ իմպիչմենտի գաղափարն առաջ քաշեին, այսօր նման իրավիճակում չէինք հայտնվի: Եթե ժամանակին իմպիչմենտը գլուխ գար, եւ այն ստորագրությունները, որոնք տրվեցին ուշացումներով եւ անհասկանալի ձեւերով, արվեին նորմալ, այսօր այս վիճակում չէինք լինի: Համեմատությունը տեղին չէ այն իմաստով, որ երբ մենք ասում էինք` իմպիչմենտ, հույս ունեինք, որ ՔՊ-ում կգտնվի մի քանի մարդ, որոնք կգան մեր կողմ` հանուն Հայաստանի: Հիմա, եթե Նիկոլը 6 հոգի վերցնի ընդդիմությունից, նրանք գնալու են Ալիեւի իշխանության կողմը, Հայաստանի թրքացման կողմը: Ընդդիմությունը պետք է հասկանա, որ այն ժամանակ դանդաղել է, բայց հիմա գոնե չպետք է սխալներ անի: Ես` որպես ընտրող, իրենց թույլ չեմ տվել ալիեւյան սահմանադրությանը կողմ քվեարկել: Այն 100 հազարավոր մարդիկ, ովքեր իրենց ընտրել են, վստահաբար, ինձ նման են մտածում: Հույս ունեմ, որ այս անգամ խելոք կգտնվեն: Խելոքներն այլոց սխալների վրա են սովորում, բայց գոնե նրանք պետք է իրենց սխալների վրա սովորեն: Ճակատագրական իրավիճակ է: Ընդդիմությունը պիտի այնպիսի ցուցակներ կազմած լիներ, որ անգամ կես մարդու չկասկածեր: Ես իմ ձայնը հետ կվերցնեմ, եթե հանկարծ Նիկոլի հետ գործարքի գնան: Գիտեմ, որ դա հնարավոր չէ տեխնիկապես, բայց ես դա կանեմ: Հերիք չեղան Նիկոլի ստերը մեզ, հիմա էլ պիտի ընդդիմությո՞ւնը մեզ խաբի: Երկիրը ձեռքից գնում է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test