Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վիրաբույժի և հիվանդի միջև՝ 6000 կմ հեռավորություն․ պրոֆեսոր Միխայիլ Մոսոյանը համագումարի պատմության մեջ առաջին անգամ Ուհանից վիրահատել է Երևանում գտնվող հիվանդին aravot.am aravot.am

time
Վիրաբույժի և հիվանդի միջև՝ 6000 կմ հեռավորություն․ պրոֆեսոր Միխայիլ Մոսոյանը համագումարի պատմության մեջ առաջին անգամ Ուհանից վիրահատել է Երևանում գտնվող հիվանդին

Ամիսներ առաջ մեզ հետ զրույցում Սանկտ Պետերբուրգի Վ. Ա. Ալմազովի անվան Ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ռոբոտացված վիրաբուժության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Միխայիլ (Մկրտիչ) Մոսոյանը վիրաբույժի աշխատանքը համեմատում էր օդաչուի աշխատանքի հետ՝ նշելով, որ ինչպես օդաչուն, այնպես էլ վիրաբույժն ամեն անգամ աշխատում է առանց սխալվելու իրավունքի։ Սակայն եթե օդաչուին նվազագույնը 13 ժամ է հարկավոր օդանավով Ուհանից Երևան հասնելու համար, վիրաբույժն առանց տեղաշարժվելու՝ հենց Ուհանից կարող է վիրահատել Երևանում գտնվող հիվանդին, և այս միտքն արդեն ամենևին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ։

Նոյեմբերի 19-22-ը Չինաստանի Ուհան քաղաքում տեղի ունեցավ Չինաստանի ուրոլոգիական ասոցիացիայի (CUA 2026) 33-րդ ամենամյա համագումարը, որը համաշխարհային ուրոլոգիայի խոշորագույն իրադարձություններից է։ Համագումարին այս տարի մասնակցում էր ավելի քան 6000 պատվիրակ՝ աշխարհի բոլոր մայրցամաքներից։

2026 թ․-ի ուրոլոգիական այս մեծամասշտաբ միջոցառումն իրավամբ շրջադարձային էր, քանի որ համագումարի պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է կենդանի վիրաբուժության հատուկ նիստ՝ միջազգային հեռավար վիրաբուժության ձևաչափով։

Ուհան քաղաքից վիրաբույժները ռոբոտային վիրահատություններ են կատարել Չինաստանում, Հայաստանում, Իսպանիայում և Հունաստանում գտնվող հիվանդների նկատմամբ։ Վիրաբույժները գործել են համագումարի տարածքում հատուկ կահավորված սենյակից, իսկ բոլոր միջամտությունները ուղիղ հեռարձակվել են համագումարի գլխավոր դահլիճում, և մասնակիցներն ուղիղ եթերում հնարավորություն են ունեցել հետևելու վիրահատությունների ընթացքին, լսելու չինացի մասնագետների մեկնաբանությունները։

Ընդհանուր առմամբ իրականացվել է հեռավար կառավարմամբ ռոբոտի օգնությամբ չորս վիրահատություն։ Դրանց մասնակցելու համար հրավիրվել էին ռոբոտային վիրաբուժության աշխարհի առաջատար մասնագետները, այդ թվում՝ պրոֆեսոր Միխայիլ (Մկրտիչ) Մոսոյանը, որը Ռուսաստանում ռոբոտային վիրաբուժության դպրոցի հիմնադիրներից մեկն է, Ռոբոտային ուրոլոգիայի եվրոպական ընկերության (ERUS) նախագահ, պրոֆեսոր Ալբերտո Բրեդան (Իսպանիա), պրոֆեսոր Էվանգելոս Լյացիկոսը (Հունաստան) և պրոֆեսոր Ջիյու Լյուն (Չինաստան)։

Ուհան քաղաքից կառավարելով ռոբոտային վիրաբուժական համակարգը՝ Միխայիլ Մոսոյանը վիրահատել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող հիվանդին։ Վիրաբույժի և հիվանդի միջև հեռավորությունը գերազանցել է 6000 կիլոմետրը։

Այս դեպքը նիստի ծրագրում ամենաբարդն էր տեխնիկական առումով՝ պայմանավորված շագանակագեղձի մեծ ծավալով, փոքր և նեղ կոնքով, ինչպես նաև հիվանդի՝ ուղեկցող սիրտ-անոթային համակարգի լուրջ հիվանդությամբ։ Ռոբոտի օգնությամբ կատարված արմատական նյարդապահպան պրոստատէկտոմիան հաջողությամբ է ավարտվել։ Ինչպես նշում են չինացի փորձագետները, պրոֆեսոր Մոսոյանն այս հեռավար վիրահատությունն իրականացրել է եզակի տեխնիկական լուծումներով, ինչը հատկապես կարևոր էր նման բարդ կլինիկական դեպքի պարագայում։ Ներկայումս հիվանդն իրեն լավ է զգում։

Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրահատարանում վիրաբույժին աջակցել են Եվգենի Գիլևը և Ակոպ Սարգսյանը, ինչպես նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնի թիմը՝ կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Արմեն Ավոյանի գլխավորությամբ։

Արմեն Ավոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մոտ 2 շաբաթ «Աստղիկում» չինացի մասնագետների օգնությամբ պատրաստվել են այս վիրահատությանը, լուծել տեխնիկական բոլոր խնդիրներն ու կապի հուսալիության հարցը։ «Ամենակարևորը հիվանդի անվտանգությունն է․ տեղում մենք պատրաստ էինք ռոբոտով շարունակելու վիրահատությունը, եթե հանկարծ կապն ընդհատվեր, բայց, փառք Աստծո, կապը մինչև վերջ պահպանվեց, ոչ մի տեխնիկական խափանում չեղավ, և վիրահատությունը շատ հարթ ընթացավ։ Այս համագումարին, որին մասնակցում էին աշխարհի լավագույն ուրոլոգները, այդ թվում և ռոբոտային վիրաբուժության առաջամարտիկներից համարվող պրոֆեսոր Միխայիլ Մոսոյանը, Հայաստանի ներգրավվածությունը համարում ենք մեծ նվաճում մեր երկրի, մեր ազգի համար»։

Բժշկագիտության պատմության մեջ այս շրջադարձային իրադարձությանը հայ բժշկի և իր միջոցով նաև Հայաստանի մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է պրոֆեսոր Մոսոյանի հետևյալ միտքը՝ «Ռոբոտային վիրաբուժությունը առաջին հերթին դեմոկրատիա բերեց վիրաբուժության մեջ»․ կարծում ենք, հենց այդ դեմոկրատիան է, որ իրապես տաղանդավոր մարդուն հնարավորություն է տալիս 6000 կիլոմետր անդին 6000 մասնագետի հետ կիսվել բժշկության մեջ իր գաղտնիքներով․ հատկապես, երբ տաղանդավոր մարդը համոզված է․ «Որքան շատ եմ կիսվում, այնքան շատ է տրվում ինձ վերևից, ու գեներացվում են նոր գաղափարներ․․․»։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test